Սուրբ Ծննդյան քարանձավի լիիրավ պահապան Հայ եկեղեցին պահանջում է գործել բացառապես եռակողմ հիմունքներով
Եվրոպայում ամենախոշոր՝ կաթոլիկական լրատվական գործակալությունն (KNA) անդրադարձել է Բեթղեհեմում Սուրբ Ծննդյան քարանձավի վերականգնման շուրջ եկեղեցիների վեճին, մասնավորապես Հայոց պատրիարքարանի հնչեցրած քննադատությանը, որով մեղադրում է միակողմանիորեն գործելու, հայերին մարգինալացնելու մեջ: Հրապարակումը տեղ է գտել նաեւ գերմանական «Դոմռադիոյի» փետրվարի 20-ի լրահոսում: Ստորեւ ներկայացվող վերոնշյալ հոդվածի բովանդակային մասը հուշում է, որ քրիստոնեական մեծագույն սրբություններից մեկում՝ Սուրբ Ծննդյան քարանձավի վերանորոգման աշխատանքներում Հայոց եկեղեցու իրավունքների սահմանափակման փորձը մաս է կազմում Հայաստանում եւ աշխարհում Հայոց Եկեղեցու դեմ ծայր առած արշավին: Ճանաչենք մեր պատմությունը, տեր լինենք մեր իրավունքին, կուլ չգնանք խարդավանքին:
Հայոց պատրիարքարանը մեղադրում է Սուրբ Երկրի կաթոլիկ ֆրանցիսկյան կուստոդիային եւ Երուսաղեմի հույն ուղղափառ պատրիարքարանին միակողմանիորեն գործելու եւ հայերին ճնշելու, լուսանցք մղելու, մարգինալացնելու մեջ: Հունվարի վերջին երկու եկեղեցիները համատեղ հայտարարությամբ ազդարարեցին, որ Ծննդյան եկեղեցու ներսում գտնվող քարանձավը կվերականգնվի: Նշվեց, որ ներգրավված են նաեւ Հայոց պատրիարքարանը եւ Պաղեստինի ինքնավարությունը: Սակայն, ըստ հայկական կողմի, դա տեղի չի ունենում հավասար հիմունքներով: Ծննդյան քարանձավը վաղեմի համաձայնագրով կառավարվում է համատեղ՝ Հույն ուղղափառ եկեղեցու, Հայ առաքելական եկեղեցու եւ Հռոմի կաթոլիկ եկեղեցու մասնակցությամբ: Հիշյալ կարգավորումը երաշխավորում է հավասար իրավունքներ: Այնինչ վերջերս կաթոլիկ եւ ուղղափառ հռչակագրում Հայոց եկեղեցին հիշատակվում է միայն որպես «համագործակցող» գործընկեր, ոչ որպես ստորագրող: Ըստ Հայոց պատրիարքարանի, սա բացթողում չէ, այլ միտումնավոր քաղաքական ուղերձ: Սույնը հաստատում են նաեւ օրեր առաջ Ֆրանցիսկյան կուստոդիայի այցելության վերաբերյալ զեկույցում ներառված լուսանկարները եւ հայտարարությունները, որում հայ ներկայացուցիչները չկային: «Սուրբ վայրում, որտեղ պահպանվում է ստատուս քվոն, չի կարելի խոսել (երեքի) «համաձայնության» մասին եւ միաժամանակ գործել երկկողմանի», հայտարարել է Հայոց պատրիարքարանը: Հայերին տեքստերում հիշատակելը, իսկ գործնականում նրանց բացառելն անընդունելի է:
Երկարաժամկետ հեռանկարում կրկնակի բացառումը կարող է խաթարել հայերի իրավունքներն այս վայրում: Հետեւաբար, Հայ եկեղեցին պահանջում է՝ ապագայում հաղորդակցությունները, այցելությունները եւ ստուգումներն իրականացնել բացառապես եռակողմ հիմունքներով եւ՝ հայերը ներկայացվեն՝ որպես Ծննդյան քարանձավի լիիրավ պահապաններ:

KNA-ի վերոհիշյալ հոդվածից հետո, փետրվարի 25-ին, Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան քարայր է այցելել «տաճարի իրաւատէր Հայոց Սրբոց Յակոբեանց Զինուորեալ միաբանութիւնը, գլխաւորութեամբ Նորին Ամենապատուութիւն Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկեան Պատրիարք Սրբազան Հօր», ինչպես ծանուցում է համաեվրոպական «Օրեր»ի կայքը՝ «մօտէն հետեւելու վերականգնման աշխատանքներու ընթացքին»:
Բեթղեհեմի կենտրոնում գտնվող սուրբ Ծննդյան տաճարը, որը 2012 թվականի հունիսին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, քրիստոնեական աշխարհի ամենասուրբ վայրերից մեկն է: Այն լայնածավալ վերականգնման է ենթարկվել 2013 թվականից ի վեր: Նախատեսված է մինչեւ 2026 թվականի օգոստոս ավարտել վերականգնումը: Ծննդյան եկեղեցին 12,000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող վանքերի, քարանձավների եւ այլ եկեղեցիների համալիրի մաս է կազմում:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա





