Բաբայանների ընտանիքը Արցախից բռնի տեղահանվածներից մեկն է, դեռեւս 1988-ին Մինգեչաուր քաղաքից տեղահանվել էր Ստեփանակերտ: Նորից քարը քարին էին դրել, տուն կառուցել ու առաջ նայել: Ընտանիքի հայրը` Գուրգենը, մասնակցել էր Արցախյան առաջին, իսկ որդիները՝ 44-օրյա պատերազմին:
Պատմությունը կրկնվելու հատկություն ունի: «Ինը ամիս շարունակ լավատեսությամբ,չկորցնելու վախով ենք ապրել, հողի քաղցրությունը ե՛ւ հաց էր, ե՛ւ աղ,- արցունքների միջից պատմում է ընտանիքի մայրը` տիկին Նաիրան: -44-օրյա պատերազմի ժամանակ այսպիսի վիճակում չէինք, ինչպես հիմա»:
Տիկին Նաիրան շրջափակման օրերին երանի է տալիս,քանի որ դեռ այդ ժամանակ իրենց հողում էին: Լռությունն անդադար խախտում էր տիկին Նաիրան` տեսածն ու զգացածը վերաշարադրելով: Սեպտեմբերի 25-ին ընտանիքը լքել է Արցախը: «Երեք օրերը թվում էին անվերջանալի եւ մղձավանջային. Միայն մտածում էինք փրկվելու մասին,- պատմում է տիկին Նաիրան,- ճանապարհին, ամեն տեղ կանգնելիս հետ էինք նայում՝ չհավատալով, որ վերջին անգամ ենք նայում Արցախին, մեր հող ու ջրին: Բայց եղավ այն, ինչ եղավ…»:
Այժմ ընտանիքն իր 12 անդամներով ապրում է վարձով փոքրիկ բնակարանում: Իրենց հետ մի թանկ մասունք են բերել` հայրենի հողը: Տիկին Նաիրան ամեն առավոտ բոլորից գաղտնի համբուրում է հողը, որը նրան կարծես ապրելու ուժ եւ հավատ է ներշնչում: «Պարկի բերանը պինդ փակած եմ պահում, որ հանկարծ հողը չչորանա, չէ՞ որ այդ հողի մեջ մեր մայրերի արցունքներն են»,- ասում է նա: Բացատրում է, թե ինչու են բերել հողը: Նա սպասում է, որ պարզվի վառելիքի պայթյունից զոհվածների թիվը: Հենց այդ ժամանակ էլ կտնկի զոհերի թվով անթառամ ծաղիկներ: Այդ հողից թոռնիկները տարել էին դպրոց: Դպրոցում սովորող բոլոր արցախցի երեխաները հողը խառնել են Հայաստանի մայր հողի հետ եւ փոքրիկ ծառ տնկել: Այդ ծառը հետագայում խոր արմատներ կունենա իրենց հայրենիքում:
ՇՈՒՇԱՆ ՍԱՐԻԿՅԱՆ
ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի