Թեքեյան կենտրոնի դահլիճում հոկտեմբերի 21-ին կայացավ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ամենամյա միջազգային մրցանակաբաշխության ամփոփման արարողությունը եւ «Հայրենիքի եւ Սփյուռքի միջեւ» Ֆիլմի շնորհանդեսը, նվիրված մրցանակաբաշխության հիմնադիրներից Երվանդ Ազատյանին:
«Վահան Թեքեյան» միջազգային մրցանակաբաշխությունը «Թեքեյան» կենտրոնում ավանդաբար մեկնարկեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնության ուղերձով, որը փոխանցեց Գերշ. Տ. Անուշավան եպս. Ժամկոչյանը:
«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունն անց է կացվում 31-րդ անգամ՝ ուշադրության տակ պահելուվ գիտության, մշակույթի, արվեստի, հայագիտության ոլորտներում ի հայտ եկող ստեղծագործությունները:

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության այս տարվա մրցանակակիրներն են՝ Գրականություն անվանակարգում՝ Հերմինե Ավագյանը «Կապույտ տանիքներ» բանաստեղծությունների ժողովածուի համար: Դեկորատիվ-Կիրառական արվեստ անվանակարգում` «Արցախ Կարպետ ՍՊԸ»-ն` «Շուշիի Ծաղկեփունջ» գորգի համար: Կերպարվեստ անվանակարգում` Ստաս Նամինը «Սանահին» գեղանկարի համար: Հայագիտություն անվանակարգում` ավստրիացի գրող, հրապարակախոս Բիրգիտ Կոֆլեր-Բեթշարտը «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գրքի համար:
Ի դեպ, այս տարի սահմանվել է նաեւ «Բագրատ Նազարյան» մրցանակ: Այն տրվեց Արմեն Այվազյանին` «Հայոց զորքը Արցախում 1722-1735թթ.» աշխատության համար:
«Գրականություն» անվանակարգում հանձնաժողովը՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանի գլխավորությամբ, լավագույն ստեղծագործություն է ճանաչել արցախցի բանաստեղծուհի Հերմինե Ավագյանի «Կապույտ տանիքներ» ժողովածուն:

Հերմինեն Արցախից բռնագաղթած այն հազարավոր հայերից մեկն է, որը իր Հայրենիքի, իր ծննդավայրի հուշն ու կարոտը սրտում անթեղած է ապրում:
Հայոց ցեղասպանության հետեւանքները մինչեւ հիմա ենք կրում՝ արդարության, մեր Հայրենիքը մեզ վերադարձնելու պահանջով, նաեւ երբեմն-երբեմն արդարադատությունը սեփական ձեռքերով վերականգնելու հերոսապատումներով՝ «Նեմեսիս»:
Ավստրիացի Բիրգիտ Կոֆլեր-Բեթշարտը գրել է «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գիրքը. «Նեմեսիսը» եւ Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը՝ օտարազգի հեղինակի աչքերով:
Ավստրիացի գրողի «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» գիրքն արժանացավ «Վահան Թեքեյան» մրցանակի: Հեղինակը պատմեց իր հետազոտական աշխատանքի մասին՝ ինչու է հայկական թեման արժանացել իր ուշադրությանը:

«Իմ հայ ընկերներից շատերը «Նեմեսիսի» անդամների ժառանգներն են, որոնց շնորհիվ էլ հնարավոր դարձավ իմ գրքի հայերեն թարգմանությունը: Ես հայ չեմ, բայց ինձ հետաքրքրել է այս թեման, որովհետեւ դրա հիմքում կա իրավունքի խնդիր: Լեմկինն ասել է՝ ինչու մեկ հոգու սպանությունը համարվում է սպանություն, իսկ միլիոնավոր մարդկանց սպանությունը՝ ոչ: Սա հենց ցեղասպանությունն է, որը եթե չի պատժվում, առաջանում է անպատժելիություն, ու ցեղասպանությունները շարունակվում են»,-մրցանակն ստանալիս ասաց Բիրգիտ Կոֆլեր-Բեթշարտը :
«Վահան Թեքեյան» մրցանակ՝ արվեստի ոլորտի ներկայացուցիչներին:

Քաղաքական հայտնի գործիչ Անաստաս Միկոյանի թոռը՝ գրող, նշանավոր երաժիշտ, պրոդյուսեր Ստաս Նամինը նաեւ ստեղծագործում է կերպարվեստի ասպարեզում: Փոքր տարիքում հաճախ է եղել Հայաստանում, զմայլվել մեր բնությամբ ու պատմամշակութային կոթողներով: Սանահինն առանձնապես է տպավորել նրան: Ահա եւ ծնվել է «Սանահին» գեղանկարը, որը «Կերպարվեստ» անվանակարգում արժանացավ «Վահան Թեքեյան» մրցանակի: Իսկ «Դեկորատիվ-կիրառական արվեստ» անվանակարգում հանձնաժողովն ընտրել է «Արցախ կարպետ» ընկերության «Շուշիի ծաղկեփունջ» գորգը:
Այս տարի սահմանվել է «Բագրատ Նազարյան» մրցանակ: Հայագիտության ոլորտում հետազոտական, ժողովրդագրական ահռելի ուսումնասիրություն է կատարել քաղաքագիտության դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը: Նրա «Հայոց զորքը Արցախում 1722-1735 թվականներին» մենագրությունն աժանացավ «Բագրատ Նազարյան» մրցանակին:

Արմեն Այվազյանը ներկայացրեց իր գիրքը՝ ինչպես է 18-րդ դարի սկզբներին Արցախում ձեւավորվել հայոց բանակը:
Գիտության, մշակույթի, հայագիտության բնագավառները մշտապես պահելով ուշադրության կենտրոնում՝ թեքեյանցիները այսկերպ ամրացնում են Հայաստան-Սփյուռք կամուրջը՝ նաեւ կարեւորելով միջազգային կապերն ու համագործակցությունը: Այս սկզբունքով է ապրել եւ ստեղծագործել գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, մեծ թեքեյանցի երջանկահիշատակ Երվանդ Ազատյանը, որը նաեւ կանգնած է «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխության ակունքներում:
Դիանա Մարկոսյանի պատրաստած «Հայրենիքի եւ Սփյուռքի» միջեւ փաստավավերագրական ֆիլմը մրցանակաբաշխության ավարտին ցուցադրվեց՝ որպես հարգանքի տուրք ու գնահատանք Երվանդ Ազատյանի վառ հիշատակին:
 
			 
     
			





