Երբ ուժեղ ձիերին արգելվում է մտնել ձիարշավի դաշտ, ամեն մի ավանակ կարող է հասնել վերջնակետին…
Ուինսթոն Չերչիլ
Հայաստանի անկախության 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված Հռչակագրի դրույթներից ու նպատակներից, ինչպես նաեւ Կենտրոնից ձերբազատվելու եւ ազգի շահերից բխող քաղաքականություն վարելու անհրաժեշտությունից ելնելով՝ Հայոց խորհրդարանի որոշմամբ 1991 թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց անկախության հանրաքվե: 2 մլն 43 հազար մարդ (քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը) «այո» ասաց անկախությանը: Դրա հիման վրա 1991 թ. սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հոչակեց անկախ պետություն: Այսպիսով, 70-ամյա ընդմիջումից հետո վերականգնվեց Հայաստանի անկախությունը: Նույն թվականին նոր կազմավորված հետխորհրդային պետությունների շարքում Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, բայց դիվանագիտական հարաբերություններ չհաստատեց:
Ավելին, 1993 թ. մայիսին Թուրքիան Հայասատանին էմբարգո (բեռնարգելք, որեւէ բանի արտահանման ու ներմուծության արգելքի սահմանում) հայտատարարեց, փակեց ցամաքային սահմանը եւ հարաբերությունների կարգավորման համար երկու նախնական պայման դրեց՝ ա/ Հայաստանը պետք է հրաժարվի միջազգային հարթակներում Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման փաստը հետապնդելուց եւ բ/ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում պետք է միակողմանի զիջումների գնա: Այդ պահից սկսած ամեն ինչ փոխվեց: Երկրի առջեւ ծառացան դժվարագույն պայմաններ, պատերազմ, էներգակիրների չգոյություն, սննդի պակաս եւ այլն: Սակայն ԽՍՀՄ կրթական համակարգում մեծացած սերունդն այդ ամենին գիտակցական մոտեցում դրսեւորեց եւ փառավոր հաղթանակ տարավ: Հիմնական պատճառն այդ հաղթանակի աղբյուրներն էին, որոնց բաղկացուցիչ հիմնական բաղդրիչներն էին՝ հայրենասիրությունը, համեստաբար բարձր ինտելեկտուալ մակարդակը, յուրաքանչյուրի անձնական պատասխանատվության գիտակցումը, մարդասիրությունն ու միմյանց հանդուրժելը եւ միասնականությունը:
Հետո սակայն ամեն ինչ գահավիժեց: Փոխվեցին աշխարհընկալման չափորոշիչները, դոլարականաչի պաշտամունքն աղավաղեց մարդկային ու ավանդական բոլոր հիմնադրույթները, մարդկանց ներաշխարհ սկսեց ներարկվել մուրացիկի հոգեկերտվածքը: «Ես»-ը դարձավ վճռական ու գերիշխող: Այնինչ հայտնի իրողություն է, որ արվեստի, գրականության, ինչպես եւ քաղաքական դաշտում ունեցած դերակատարության, պատմական կտրվածքով իրադարձությունների գնահատման գործում սուբյեկտիվիզմը տեղ չունի: Երեկվա թաղային հեղինակությունները իշխանության կրողներն ու հենարանը դարձան: Նրանց սկսեցին ձոնել արհեստածին հիացական արտահայտություններ, որոնք ըստ էության ոչ մի բան են: Ժամանակը դրանք կսրբի-կտանի: Որովհետեւ ժամանակն է ամեն ինչի ամենաանողոք ու ճշմարտացի գնահատողը: Ժամանակն էր, որ իր արժանի տեղը դրեց Վան Գոգին: Ժամանակն է, որ իր արժանի տեղում դնի Մինասին: Ժամանակն է, որ փրփուրը, ծանոթությունը, մերօրյա՝ մեծաքանակ դոլարներով սարքվող հռչակը կցրի եւ տակը կթողնի միայն այն, ինչ կա. արժեքավորը: Կվերարժեւորվեն նույնիսկ գերեզմանները…
Հիշում եմ, խորհրդային տարիներին՝ ի տարբերություն մեր այսօրվա պետության, գրելով փող աշխատող մարդկանց տեղ էր տրվում: Վատ բան չէր, ընդհակառակը: Սակայն նրանց տեղը Պանթեոնը չէ: Եթե Պանթեոնը Կոմիտասի տեղն է, ապա վերջին շրջանի մեր արձակագիրներից միակ մարդը, որ Կոմիտասի կողքին կարող էր տեղ ունենալ՝ Հրանտ Մաթեւոսյանն էր: Մաթեւոսյանը լավ գրող է, տաղանդավոր գրչի մարդ: Բայց, կարծում եմ, էլի մեծ գրող չէր: Որովհետեւ մեծ գրողը Գյոթեն է, մեծ գրողը Դոստոեւսկին է, մեծ գրողը Մարկեսն է, Ֆոլկները, Քամյուն… Վիլյամ Սարոյանն էլ մեծ գրող չէր: Մերոնցից իրական մեծ էր Նարեկացին, Չարենցը, Թումանյանն ու Թեքեյանը: Բայց արի ու տես, որ մեծագույն եւ հանճարեղ բանաստեղծ, անգերազանցելի Չարենցի քայքայված ոսկորների տեղն անգամ մինչ օրս չգիտենք: Էլ ուր մնաց, որ Պանթեոնում ամփոփելու հնարավորություն ունենայինք. սա՛ ենք մենք: Իհարկե, հիմնականում միջակություններ ու շարքայիններ բուծող եւ Չարենց գլխատող Սովետը չթողեց, բայց վճռորոշը մեր գործոնն էր:
Անկախության արշալույսի հետ եկան նորերը: Սրանք հավանաբար լավ էին սերտել հատկապես ծաղկուն երկիրը ավերակ դարձնելու միջոցները (հետո պարզվեց, որ փորձառություն էլ ունեին): Սկսված բեզպրեդելի (ամենաթողության) շրջանում համատարած թալան իրականացվեց, զարգացած արդյունաբերությամբ Խորհրդային Հայաստանը մի այլ կարգի արագ գահավիժեց մինչեւ նախնադարյան ու ֆեոդալական կարգերի անդունդը: Վճռական խոսքի իրավունք ստացան գեղցու (չշփոթենք պատվարժան գյուղացու հետ, նկատի ունենք քաղքենուն ու չտեսին)՝ քաղաքաբնակ կիրթ, բարեկեցիկ ընտանիքների հանդեպ ադամական մեղքի պես ի ծնե նախանձ, չարություն, աբիժնիկություն ունեցողի բարդույթով ապրող տականքները, սրիկայության կատարելատիպերը: Նրանք՝ իբրեւ պապերից ժառանգած կալվածք՝ Երեւանը մեջ-մեջ արեցին, բաշխեցին բաժակի ու էգերի որսերի իրենց ընկերներին:
Հետո հաջորդեցին աբսուրդային «քովիդադիմակահանդեսի» մեր օրերը: Բոլորին հրահանգվեց դիմակներ կրել ու լինել բացառապես դնչակալներով: Երիտասարդությանն էլ պարտադրեցին կայֆավատի (խրախճանքների) թելադրանք, սովետի մտավորականությանն իբրեւ արժեք դիտարկող պետությունից սբրոդի (սրիկայախումբ) իշխանության երկրի վերածած Հայաստանի «ճարտարապետների» կայֆավատ (խրախճանք) : Այն ճարտարապետների, որոնք ոտքերը դնում են սեղանին, հեռուստացույցը միացնում եւ ցույց են տալիս, թե ոնց են իրենց հրահանգները կատարվում, ոնց է հայ ժողովուրդը դարձել չորեքթաթ դնչակալակիր ու ոնց է գլուխը կախ վարչախմբի փայտիկի տակ 5000 զոհերի հարազատների կողքին գունագեղ տոնակատարություն նշում: Ու կարողանում են էն կարգի մարդկանց ուղեղները լվանալ, որ երբեմն հենց զոհերի հարազատներն են ավելի հաճախ ծափահարում: Աստված իմ, էս ուր հասանք՝ դահիճը գա զոհի դագաղի վրա, ծնողը դեմը պառկի, կոշիկները համբուրի, ծափահարի՞: Չգիտեի, որ ցինիզմը կարող է նաեւ սահման չունենալ:
Սովորաբար ընդհատակից ավելի հեշտ է կառավարելը՝ ձեռքերն ավելի ազատ են լինում, իրական կառավարիչները միշտ էլ ընդհատակում են, չեն երեւում, նրանց չեն էլ ճանաչում: Նրանց ինչներին է պետք ճանաչվելը: Մեր օրերի՝ ոստիկանության այս աստիճան ուժեղացնելը, ուժայիններով իշխանություն պահելը, տարբեր միջոցներով, հատկապես ֆեյքերով մարդկանց վրա հարձակվել-ոչնչացնելը՝ այնքան էլ նորություն չեն: Անկախության առաջին տարիների հատուկ ձեռագիր է, որի միջով արդեն անցել ենք ու գիտենք՝ պատմությունն իսկապես կրկնվելու բնույթ ունի: Գիտենք նաեւ, որ 90-ականներին սեղանիկների ու պետության ունեցվածքի հաշվին խիստ գիրացած մեր օրերի բոլոր օլիգարխները եւս ազգակործան խեղափոխության պատուհաս- դերակատարներ են: Մի խոսքով, Հայաստանը բաց ափի երկիր է, բավական է մի հայացք, եւ ամեն ինչ պարզ կլինի՝ ի՞նչ, ո՞նց, ո՞րտեղից…
Էսօրվա ֆեյքերի ձեռագիրը դարձյալ 90-ականներից ժառանգած ձեռագիրն է՝ բոլոր միջոցներով փակել գիտության ու գիտնականի առաջընթացի ճանապարհները (կիսագրագետ զոմբիները հեշտ է կառավարել), հարձակվել հեղինակավոր մարդկանց վրա, պիտակավորել, էդ մարդու հետ կապ չունեցող ինչ ասես կպցնել ու հրճվել իրենց ստորության հաղթանակով: Նազարաձեւ իշխանության եկած, կյանքում միայն փողոցային կանայք տեսած, փողոցի դաստիարակություն ստացած ու ժամանակին իր թրքահոտով գյուղացի խեղճուկրակ Համբոյի ոտքերը համբուրողները հավակնեցին նաեւ հանդերձյալ աշխարհից ապականել ամեն ինչ ու սկսեցին հավակնել Պանթեոնում հուղարկավորվելու: Այնինչ, Պանթեոն կոչվածը սովորական հանրակացարան չէ, այլ արժեքների տեղ է: Կամքիցս անկախ ռուս գրող-երգիծաբան, իր հեղինակային աշխատանքների կատարող Միխայիլ Ժվանեցկուն հիշեցի, որն ասում էր. «Նախկինում աշխարհը ղեկավարում էին խելացիները: Դաժան էր: Խելացիները ստիպում էին հիմարներին սովորել: Հիմարների համար ծանր էր: Հիմա աշխարհը ղեկավարում են հիմարները: Դա ազնիվ է, որովհետեւ հիմարներն անհամեմատ շատ են: Հիմա խելացիները սովորում են խոսել այնպես, որ հիմարների համար հասկանալի լինի: Եթե հիմարը ինչ-որ բան չհասկացավ, դա խելացիի խնդիրն է: Նախկինում տառապում էին հիմարները: Հիմա տառապում են խելացիները: Տառապանքը սկսել է նվազել, քանի որ խելացիները քչանում ու քչանում են»:
Իսկապես հանճարեղ է ասված:
Հավանաբար բնույթով համեստ, բայց մեծ մտածող Սոս Սարգսյանը հենց այս վիճակը կանխատեսելով էր դիմում մարդկանց, որ թեեւ նրանք կարող են չհամաձայնել, բայց բարոյական շատ արժեքներ, որ ունեցել է մեր ժողովուրդը, խարխլել ենք: Քանդել ենք մի շատ կարեւոր կամուրջ: Ո՞ւմ է պետք այն հասարակությունը, որտեղ բոլորը գիտնականներ են: Բարձրագույն կրթությունը դեռեւս կիրթ մարդու խորհրդանիշ չէ, խնդիրն այն է, որ ապրելակերպով առողջ մարդ դաստիարակենք: Մեր նյութական պակասությունները գալիս են նրանից, որ մենք զրկեցինք մեզ արհեստավորից: Առանց նրա բան դուրս չի գա: Ո՞ւր են հնձվորը, հովիվը… Գնալով պակասում են: Կորցրել ենք շատ արհեստներ, հետն էլ բարոյական արժեքները, որից մարդ երբեմն պատանեկան հեղափոխական զգացումներ է ունենում: Իսկ հայտնի իրողություն է, որ ոչ մի ժողովուրդ, առավել եւս՝ Ազգային միավոր, չի կարող լինել «անկախ» եւ զատված իր իսկ սեփական պատմությունից, քանի որ՝ ազգը ոգեղեն կառույց է, իսկ ոգու բյուրեղացումը ամբողջացել եւ պարարտացել է՝ տիեզերական «կարգ ու կանոնի» գիտակցման շնորհիվ: Եվ եթե մարդկային հոգին ֆիզիկական «աշխարհիկ» գիտակցության արդյունքն է եւ անցողիկ, ապա Հայոց ազգային ոգին՝ տիեզերագիտակցության բյուրեղացման արդյունք է եւ անմահ է…
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պրոֆեսոր