Թե՛ անցյալի, թե՛ ներկայի նշանավոր օտարազգի գրողների այլեւայլ ստեղծագործություններում երբեմն հայտնվում են հայն ու հայկականը՝ մեզ պատճառելով զարմանք, հիացմունք, երբեմն՝ վրդովմունք: Օրինակներն անթիվ են, մի մասը՝ հայտնի, մի զգալի մասը՝ ոչ այնքան:
Այդ ոչ այնքան հայտնի ստեղծագործություններից առանձնացրել ենք տասը, որոնք ստորեւ ներկայացնում ենք ժամանակագրորեն, ըստ հեղինակների…
1. Օնորե դը Բալզակ (1799-1850)
Ֆրանսիացի նշանավոր գրողի «Կուրտիզանուհիների պերճանքն ու թշվառությունը» վեպի հերոսուհիներից երիտասարդ մարմնավաճառ Էսթերի մասին խոսելիս հեղինակը նշել է, որ նա «եկել է մարդկային ցեղի այս բնօրրանից՝ գեղեցկության հայրենիքից. նրա մայրը հրեա էր: Հրեաները, թեեւ շատ հաճախ են նսեմացել այլ ժողովուրդների հետ շփման ազդեցությունից, իրենց բազմաթիվ ցեղերի մեջ առաջարկում են երակներ, որտեղ պահպանված է ասիական գեղեցկությունների վեհ տեսակը: Երբ նրանք վանող տգեղ չեն, ներկայացնում են հայկական դեմքերի հոյակապ առանձնահատկությունները» (Honore ՛de Balzac, Splendeurs et mise՛res des courtisane, լditions Albin Michel, 1845, p. 133):
Հայերի եւ հատկապես հայ կանանց գեղեցկությունը բազմիցս դարձել է օտարերկրյա ճանապարհորդների, գրողների, նկարիչների հիացմունքի առարկան: Բալզակի վերոբերյալ տեքստում ուշագրավ է նաեւ եւս մեկ անգամ հրեա-հայ հանդիպադրումն ու հակադրումը, ինչը նույնպես բազմիցս արտահայտված է օտարազգի գրողների երկերում:
2. Վիկտոր Հյուգո (1802-1885)
1963-ին լույս տեսած Հայկ Գասպարյանի «Վիկտոր Հյուգոն հայ գրականության մեջ» աշխատության մեջ ներկայացված են ֆրանսիացի մեծ գրողի առնչությունները հայ ժողովրդի հետ: Սակայն այնտեղ նշված չէ, որ Հյուգոն իր «Աստված եւ սատանայի վերջը» վիպերգի առաջին՝ «Մարդկային ոգու համբարձումը խավարի մեջ» մասում վկայակոչել է Էջմիածինը:
Ֆրանսահայ Վարուժան Պչաքճյանը համացանցային մի գրառման մեջ մեջբերելով այդ հատվածը՝ նկատել է. «Հետաքրքրական է, որ Հյուգոն կյանքի վերջում իր առեղծվածային փորձառության մեջ արթնացնում է հայկական տաճարը: Էջմիածինը նրան երեւում է որպես խավարի անսահմանությունից բխող մարդկային ոգու լուսավոր կետերից մեկը»: Նա ենթադրել է, որ Հյուգոն Էջմիածնի Մայր տաճարի մասին հավանաբար տեղյակ է եղել նրա ճարտարապետական մոդելի հիման վրա նախագծված Ժերմինյի լը Պրեյի (Ֆրանսիա) եկեղեցու միջոցով: Սակայն նկատենք, որ 19-րդ դարում Ֆրանսիայում քիչ չէին Հայաստան կատարած ֆրանսիացի ուղեգիրների գրքերը, որոնցում կան Էջմիածնի վերաբերյալ վկայություններ եւ գծանկարներ:
Հյուգոյի՝ Էջմիածնի հիշատակության մասին մեզ տեղեկացրել է ֆրանսիական գրականության մասնագետ Թագուհի Բլբուլյանը, իսկ այդ հիշատակությունը պարունակող դրվագի ներքոբերյալ թարգմանությունը կատարել է Հենրիկ Բախչինյանը:
…Կապույտ հրեշտակների երթ՝ հեղուկ եթերում,
Եռոտանիներ, ուր բոցկլտում էին հոգիներ, Սկիլլա շան
վառվռուն աչքեր՝ ծովի վրա կալաբրիական,
Դոդոնա, Քորեբ, անտառներ թովիչ, ժայռեր՝ մռայլ քանդակ,
Էջմիածնի վանք` չորս զանգակատներով սպիտակ,
Բրետանի սեւ կրոմլեխներ, Իռլանդիայի կրուեշ գարշելի,
Պեստում, որտեղ փնջեր են կախված վարդենիների,
Տաճարներ Քամի որդիների, տաճարներ Սեթի որդիների,
ամեն ինչ դանդաղորեն լողում էր ու մարմրում:
3. Պրոսպեր Մերիմե (1803-1870)
Շարունակելով հայուհիների գեղեցկության թեման՝ նրանց գովաբանած գրողների մեջ հիշենք նաեւ ֆրանսիացի հռչակավոր գրող Պրոսպեր Մերիմեին: Նրա թերեւս ամենահայտնի՝ «Կրկնակի սխալ» նովելում Օսմանյան կայսրություն այցելած հերոսին հարց են տալիս, թե ինչպիսին է կանանց դրությունն Օսմանյան կայսրությունում, որին ի պատասխան նա ասում է. «Օ՜, դա ամենավատն է: Թուրք կանանց մասին չարժե խոսել: Ինչ վերաբերում է հույն եւ հայ կանանց, ապա ամենաշատը, որ կարելի է ասել հօգուտ նրանց, այն է, որ նրանք չափազանց գեղեցիկ են» (Prosper Merime՛e, La double Me՛prise (La Guzla). Calmann-Le՛vy, 1912, p. 91):
Մերիմեի նովելը գրվել է 1833-ին, երբ հայ կինն Օսմանյան կայսրությունում տակավին ապրում էր ընտանեկան մեկուսացման մեջ եւ մուտք չէր գործել հանրային կյանք: Մի քանի տասնամյակ անց արեւմտահայ կանանց մասին արդեն կգրեին, որ նրանք պաշտպանում են իրենց իրավունքները, հանդես են գալիս հանրային ելույթներով, ստեղծում են արվեստ եւ գրականություն…
4. Ստեֆան Ցվայգ (1881-1942)
Հրեական ծագումով գերմանացի այս ականավոր արձակագրի վերջին ստեղծագործությունը՝ «Երեկվա աշխարհը. եվրոպացու հուշերը», համաշխարհային հուշագրական գրականության ընտրագույն էջերից է: Այնտեղից գրողի խորազնին հայացքով հառնում են 20-րդ դարի սկզբի Եվրոպայի իրականությունը, Առաջին աշխարհամարտը, եվրոպական հրեաների, Գերմանիայում ցեղապաշտության ծագման եւ զարգացման պատմությունը:
Ցվայգը երկու անգամ նշել է, որ իր ստեղծագործությունները, ի թիվս տարբեր լեզուների, թարգմանաբար լույս են տեսել նաեւ հայերեն: «…ես, ում մտքերն ի սկզբանե կապված են եղել Եվրոպայի հետ, վերազգայինի հետ, ինձ իրոք երջանիկ եմ զգացել, երբ հայտնվել են նաեւ արտասահմանյան հրատարակիչներ՝ ֆրանսիացի, բուլղարացի, հայ, պորտուգալացի, արգենտինացի, նորվեգացի, լատիշ, ֆինն, չինացի» (Ստեֆան Ցվայգ, Երեկվա աշխարհը. եվրոպացու հուշեր, գերմաներենից թարգմանեց Ամալյա Ալեքսանյանը, Երեւան, 2022, էջ 313): «Հիսունամյակիս առթիվ որպես նվեր՝ Insel հրատարակչության տպագրած գիրքը՝ աշխարհի բոլոր լեզուներով լույս տեսած գրքերիս մատենագիտությունը, դրված էր սեղանիս. ոչ մի լեզու բաց թողած չէր՝ բուլղարերեն եւ ֆիններեն, պորտուգալերեն եւ հայերեն, չինարեն եւ մաարատխի» (նույն տեղում, էջ 345):
Ցվայգի ստեղծագործությունը հեղինակի կենդանության օրոք հայերեն թարգմանաբար լույս է տեսել մեկ անգամ՝ 1923-ին, Բեռլինում «Նոր մատենադարան» մատենաշարով (Ստեֆան Ցվայգ Միջազգային գրագէտներ : II : Ստեֆան Ցուայգ, Անդրէաս Լացկօ: Թարգմ. Ս. Արեւյան, Բերլին, 1923), ուստիեւ հեղինակը նկատի ունի հենց այս հրատարակությունը:
5. Հենրի Միլեր (1891-1980)
Ամերիկացի գրող Հենրի Միլերը նշանավոր է «Խեցգետնի արեւադարձը» վեպով (1934) Հայտնի է, որ այս վեպը երեսուն տարի շարունակ պոռնկագրության մեղադրանքով պաշտոնապես մերժված է եղել ինչպես գրողի հայրենիքում, այնպես էլ Մեծ Բրիտանիայում եւ Կանադայում: Իրականում վեպը ոչ թե պոռնկագրություն է (սեռական բաց տեսարանների նկարագրություններ գրեթե չկան), այլ առատորեն գործածված են բաց խոսքուզրույցը, հայհոյախոսությունը՝ միանգամայն հարիր վեպի անկեղծ ինքնախոստովանական ոգուն:
Ահա այս հռչակավոր վեպում հիշվում են երկու հայ, որոնցից մեկն ալարկոտ է եւ փնթի, իսկ մյուսը՝ խելապակաս: «Ճաշի ավարտին Սերժի կինը՝ մի ալարկոտ, փնթի հայուհի, փլվում է բազմոցին ու սկսում կոնֆետներ համտեսել: Հաստ մատներով խառնշտում է տուփը, կոնֆետը կծում՝ լցոնն ստուգելով, իսկ հետո գցում շներին» (Հենրի Միլեր, «Խեցգետնի արեւադարձը», Երեւան, «Անտարես», 2012, էջ 79, անգլերենից թարգմանեց Զավեն Բոյաջյանը): «Ժամը տասնմեկին մոտ գալիս է գետնանուշ ծախողը՝ մի խելապակաս հայ, որ նույնպես գոհ է կյանքում իրեն բաժին ընկած ճակատագրից» (նույն տեղում, էջ 153):
Խելապակասներ եւ փնթիներ ամեն ազգի մեջ կան, իսկ ռուս էմիգրանտ Սերժի կինը չի հավակնում հայուհու հավաքական կերպար լինել: Ի դեպ, տաս տարի առաջ, երբ այս մեջբերումը հրապարակեցի Դիմագրքում, մի հայուհի վրդովվեց՝ գրելով. «Հաստատ Հենրի Միլերը սխալւում է: Հայուհիները ալարկոտ ու փնթի չեն լինում… Ինչպէս ասում են՝ ՝40 տարուայ մանկավարժ եմ, բայց ալարկոտ հայուհի չեմ տեսել: Ինձ հանդիպած բոլոր հայուհիները բազմազբաղ ու յոգնաբեկ են… Այնպէս որ Միլերը պիտի 10 չափէր, մէկ գրէր»: Երբ պատասխանեցի, որ, ցավոք, հատկապես Ցեղասպանությունից հետո խեղճ հայ գաղթականների պատճառով եվրոպական գրականության մեջ եւ կինոյում ստեղծվել է «անլվա հայի» իմիջ, մի հայ տղամարդ իրավամբ նկատել տվեց. «Եվրոպական ազնվականությունը մինչև 18-րդ դար չի լողացել, ոջլոտ է եղել, Լուվրում զուգարաններ չեն եղել, շորի կտորների մեջ են արել ու դուրս շպրտել լուսամուտներից, պալատի պատերն արտաքինից ամբողջովին կղանքի մեջ կորած են եղել, իսկ մինչև հիմա սեղանի մոտ խնչում են, զուգարան գնալուց զանգվածաբար չեն լվացվում: Մեր տնանկ ու սնանկ գյուղացիներից վերցրած մի քանի օրինակներ բերանի ծամոն են սարքել, դրա՛նց տեսեք…»:(*)
6. Իսահակ Բաբել (1894-1940)
Ռուսագիր հրեա գրող Իսահակ Բաբելի «Իմ առաջին հոնորարը» պատմվածքի հերոսը՝ մի ռուս երիտասարդ, մարմնավաճառուհի Վերայի հետ իր անկեղծ զրույցում պատմում է, որ տասնհինգ տարեկանում եղել է «տղա, հայերի համար», որ Բաքվում «ինձ ծանոթացրին հայ Ստեփան Իվանիչի հետ: Դարձա նրա տղան ու չորս տարի միասին ապրեցինք: ….Վերան ոճիրներ էր սպասում հայից»: Այս պատմվածքի հայերեն թարգմանության մեջ «հայ» բառը փոխարինվել է տղամարդով ու մարդով. «տղա եմ, տղամարդկանց համար…. ինձ ծանոթացրին Ստեպան Իվանիչի հետ: Դարձա նրա տղան ու չորս տարի միասին ապրեցինք: ….Վերան ոճիրներ էր սպասում ինձ փչացրած մարդուց» (Իսահակ Բաբել, Հատընտիր, Երեւան, 2015, էջ 249-250, թարգմանիչ՝ Արմեն Հովհաննիսյան):
Այս մեջբերումը թերեւս դարձյալ կհարուցի մեր հայրենակիցներից շատերի վրդովմունքը: Սակայն ոչ միայն հրեաներն են գրել այս երեւույթի մասին. նրանից առաջ Րաֆֆին իր «Ակն ընդ ական» պատմվածքում անդրադարձել է Կովկասի հայ վաճառականության մեջ պատանեկամոլության (էֆեբոֆիլիա) դրսեւորումներին…
7. Մ. Ագեեւ-Մարկ Լեւի (1898-1973)
Ռուս գրող, լեզվաբան, գերմանագետ Մարկ Լազարեւիչ Լեւին (1898-1973), որը 1924-1942 թթ. բնակվել է Գերմանիայում եւ Թուրքիայում, 1924-ին թուրքական իշխանությունների հրամանով Ստամբուլից արտաքսվել է ԽՍՀՄ որպես խորհրդային քաղաքացի: Նա հաստատվել է Երեւանում, ամուսնացել հայուհի Ա. Մկրտումյանի հետ, գերմաներեն լեզու եւ գրականություն է դասավանդել Երեւանի Օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում եւ Երեւանի պետական համալսարանում, նաեւ աշխատել ՀՀ ԳԱ լեզվի ինստիտուտում: Իսկ մինչ այդ, 1934-ին, Փարիզի ռուսական մամուլում Մ. Ագեեւ ծածկանունով հրատարակել է իր միակ վեպը՝ «Վեպ կոկաինով» վերնագրով, որը լայն տարածում է գտել: Այն մոսկվացի մի գիմնազիստի պատմությունն է՝ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմից առաջ եւ հետո: Հերոսների մեջ հիշվում են սիրուն, գեր, ծույլ եւ հմայիչ հայ՝ Սավելի Կիյանջունցեւը (Գյանջունցեւ) եւ գլխավոր հերոսի համադասարանցի մի բարի հայ տղա՝ Տակաջիեւ ազգանվամբ, որը «դասարանում ամենաավագն ու բարձրահասակն էր: Այս հայը համընդհանուր սեր էր վայելում՝ ծաղրի առարկան իր վրայից հանելու եւ ստացած վատ գնահատականի վրա ամբողջովին փոխանցելու զարմանալի ունակության համար, ընդ որում, ի տարբերություն մյուսների, երբեք չէր բարկանում ուսուցչի վրա եւ ինքն էլ բոլորից շատ էր ուրախանում»:
8. Խորխե Լուիս Բորխես (1899-1986)
Արգենտինացի մեծահամբավ գրողն իր «Ինքնակենսագրական էսսեում» խոսելով մոր մասին, նշել է, որ Լեոնոր Ասեւեդո Սուարես դե Բորխեսը (1876-1975) հոր միջոցով սովորել է անգլերեն եւ ամուսնու մահից հետո «կենտրոնանալու նպատակով թարգմանեց Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգությունը»: Թարգմանությունը հրատարակիչ գտավ, եւ այդ աշխատանքի համար մայրս վաստակեց Բուենոս Այրեսի հայկական համայնքի գնահատականը» (Խորխե Լուիս Բորխես, Հավերժության պատմություն. Ինքնակենսագրություն, էսսեներ, դասախոսություններ, թարգմանիչ՝ Հասմիկ Ամիրաղյան, Երեւան, 2016, էջ 23-24): Հիրավի, ուշագրավ փաստ է, որ Սարոյանի նշանավոր վեպը թարգմանել է նրանից տարիքով մեծ արգենտինացի թարգմանչուհին, որը կատարել է նաեւ թարգմանություններ ֆրանսերենից, իսպաներեն հնչեցրել նաեւ Դ. Հ. Լորենսին եւ Ֆոլքներին: Հետաքրքրական կլինի, անշուշտ, գտնել, եթե արգենտինահայ մամուլում արտացոլվել է Բորխեսի վկայած հայ համայնքի գնահատականը…
9. Ֆազիլ Իսկանդեր (1929-2016)
Այս հիրավի մեծատաղանդ աբխազ գրողի «Չեգեմցի Սանդրոն» վեպի երկրորդ գրքում (1989) կա մի ուշագրավ հայ՝ Հակոբ-աղան: Նրա կերպարը կերտելիս Իսկանդերն աչքի առաջ է ունեցել հայերի՝ փառավոր պատմական անցյալով ապրելու սովորույթը, եւ թե ինչպես 20-րդ դարում էլ հայ մարդը տառապում է իր ազգի երբեմնի կայսրության կորստով: Ավելորդ չենք համարում այդ հատվածն ամբողջությամբ թարգմանաբար մեջբերել: Նկատենք, որ Հակոբ-աղան խոսում է սխալաշատ ռուսերենով եւ Տիգրանակերտի անունը տալիս է Տիգրանկերտ ձեւով:
Թարգմանությունը կատարել ենք մենք՝ օգտվելով վեպի էլեկտրոնային տարբերակից, աշխատել ենք պահպանել Իսկանդերի գրած՝ հայ հերոսի արտասանած բառերը.
«Քեմալը… լավ չէր ճանաչում Հակոբ-աղային: Ես ուզում էի, որ նա լսի Տիգրանակերտի մասին Հակոբ-աղայի փոքրիկ պատմվածքը, որն արդեն դասական է դարձել տեղական շրջանակներում:
-Հակո՛բ-աղա,- ասացի ես,- ես երկար եմ մտածել, թե ինչու Տիգրան Երկրորդը, կառուցելով մեծ քաղաք Տիգրանկերտը, թողեց, որ այն այրեն ու թալանեն հռոմեական բարբարոսները: Մի՞թե չէր կարող պաշտպանել այն:
Եվ մինչ ես հարցնում էի, Հակոբ-աղան տխուր գլխով արեց՝ ինձ հասկացնելով, որ նման հարց չի կարող չառաջանալ ոչ մի քիչ թե շատ խելամիտ գլխում:
-Օ՛, Տիգրանկերտ,- հառաչեց Հակոբ-աղան- լրիվ փոշի ու մոխիր… Արեւելքի ամենագեղեցիկ քաղաքն էր: Ու շատրվաններ կային՝ ծառերի չափ մեծ: Ու ծառեր կային, որոնց ճյուղերին նստած էր պարսկական թռչուն, որը կոչվում էր սիրամարգիկ: Ու էնտեղ փողոցներով շրջում էին եղջերուները, որոնք տեսնելով տղամարդկանց՝ աչքերն իջեցնում էին՝ իսկական հայ աղջիկների պես: Իսկ ինչի՞: Լրիվ փոշի ու մոխիր: Երեւի Տիգրանկերտն ավելի լավն էր, քան Հռոմն ու Բաբելոնը, բայց մենք հիմա չենք իմանում, քանի որ էն ժամանակ լուսանկարներ չկային: Սա եղել է մեր թվականությունից առաջ վաթսունինը թվին, ու եթե Խաչիկն էն ժամանակ ապրեր, գործազուրկ կամ բեռնակիր կլիներ… Բայց խոսքը Խաչիկի մասին է՞: Չէ՛, խոսքը Տիգրան Երկրորդի մասին է: Երբ էդ հռոմեացի գյոթֆերան Լուկուլլոսը շրջապատեց Տիգրանկերտը, Տիգրանը վերցրեց համարյա լրիվ զորքն ու հեռացավ քաղաքից: Տիգրան-ջան, ինչի՞:
Սա մեծ թագավորի մեծ սխալն էր: Տիգրանկերտն ամուր պարիսպներ ուներ, Տիգրանկերտը հիանալի ջուր ուներ, մի տեսակ սոուկ-սու, որ ոչ ոք չէր կարող մի թափով մի բաժակ խմել, իսկ Տիգրանկերտը երեք տարի ու երեք ամսվա սննդի պաշար ուներ: Ինչի՞ համար: Լրիվ փոշի ու մոխի՛ր:
Տիգրա՛ն-ջան, դու կարող էիր պաշտպանել մեծ քաղաքը, բայց նախ պետք էր բոլոր հույն գյոթֆերաններին քշեիր, որովհետեւ նրանք դավաճան դուրս եկան: Հույների ինչի՞ն էին պետք հայերը: Ու գիշերը նրանք սատանայի պես բացեցին դարպասները, ու հռոմեացի զինվորները վառեցին ամեն ինչ, ու քաղաքից մենակ փոշի ու մոխիր մնաց:
Իսկ մինչ նրանք շրջապատել էին քաղաքը, Տիգրանն ի՞նչ արեց: Անգամ ամոթ է ասել, թե ինչ արեց: Նա ուղարկեց մի ջոկատ, որը ներխուժեց քաղաք, բայց ի՞նչ տարավ: Հայ ժողովրդի՞ն: Չէ՛: Հայ կանանց ու երեխեքի՞ն: Հա՞: Չէ՛: Տարավ իր հարե՛մը, իր լիռփերին, ահա թե ինչ տարավ: Սա նույնիսկ ամոթալի է մեծ թագավորի համար:
Օ՛ Տիգրան, ինչո՞ւ շինեցիր Տիգրանկերտը, իսկ եթե շինեցիր, ինչի՞ թողեցիր, որ հռոմեացի գյոթֆերանները վառեն: Լրիվ փոշի ու մոխի՛ր:
Մինչ նա մեզ պատմում էր Տիգրանակերտի կործանման պատմությունը, նրան մոտեցավ մի հաճախորդ եւ ուզում էր սուրճ խնդրել, բայց Խաչիկը ձեռքի շարժումով կանգնեցրեց նրան, եւ նա, զարմացած լսելով, քարացավ Հակոբ-աղայի հետեւում:
-Հիմա հարցրո՛ւ,- ասաց նրան Խաչիկը, երբ Հակոբ-աղան լռեց՝ ողբալից նայելով վիթխարի հեռավորությանը, ուր մեծ Տիգրանակերտն էր խաղաղ ծաղկում՝ ծառերի պես մեծ շատրվաններով, աղջիկների պես ամաչկոտ եղջերուներով եւ քաղաքի ներսում, ինչպես տրոյական ձիու մեջ թաքնված հույներով»:
10. Օյգեն Ռուգե (ծն. 1954)
Ժամանակակից գերմանացի նշանավոր արձակագիր Օյգեն Ռուգեի՝ ԳԴՀ-ի տարիները ներկայացնող «Մարող լույսի ժամանակներում. մի ընտանիքի պատմություն» հայտնի վեպում հիշվում են հայկական իրողություններ: Գերմանաբնակ ռուս հերոսուհին Ծննդյան տոների սեղանի սագը լցոնում է կարագով բոված չորացրած մրգերով, շագանակով, նարնջով, որին ավելացնում է հայկական կոնյակ (տես Օյգեն Ռուգե, Մարող լույսի ժամանակներում. մի ընտանիքի պատմություն, Երեւան, 2022, էջ 211, թարգմանիչ՝ Մարիամ Գուրզադյան): Հայկական կոնյակը հիշվում է եւս երկու անգամ. «Միակ խմիչքը, որ վերջերս անհետացել էր վաճառասեղաններից, ինչը նույնպես տարօրինակ էր, հայկական կոնյակն էր» (անդ, էջ 306): «Եվ ո՞վ իմանա, մտածում էր Իրինան, մինչ ռադիոյում հերթական անգամ խոսում էին ադրբեջանական շրջան հանդիսացող Լեռնային Ղարաբաղից, որտեղ հայերը (որոնց Իրինան համարում էր մեծ մշակույթի կրող ազգ, եւ ոչ միայն իրենց արտակարգ կոնյակի համար) այս գիշեր քսան քաղաքացիական անձ էին սպանել» (անդ, էջ 303): Ցավալի է, որ արցախյան հակամարտության թռուցիկ հիշատակումը կապվում է դարձյալ թշնամական պրոպագանդայի ծուռ հայելու մեջ…
Ի դեպ, հայկական կոնյակի հիշատակություն մեզ հանդիպել է այլ վեպերում եւս (այլեւս չասած խորհրդային ֆիլմերի մասին), հատկապես՝ ռուս հեղինակների (Անատոլի Ռիբակովի «Արբատի զավակները», Լեոնիդ Վորոնովի «Ծովային աղջիկը»), իսկ երկու տարի առաջ լույս տեսած Ջեյմս Քիրբի Մարթինի եւ Ռոբերտ Բուրիսի «Վերապրող Դրեզդեն. վեպ կյանքի, մահվան և փրկագնման մասին» գործում հիշվում է, որ «Չերչիլը «Դվին» կոնյակ է խմում»…
Վերոբերյալ տաս մեջբերումներից կարող ենք եզրակացնել, որ համաշխարհային գրականության մեջ հայկականը ներկայանում է ինչպես դրական, այնպես էլ բացասական գույներով, այլեւայլ երեսակներով՝ կանանց գեղեցկությունից մինչեւ ընտիր կոնյակը… Դրականից չպիտի շատ ոգեւորվենք, իսկ բացասականից էլ՝ շատ վրդովվենք. կատարյալ ազգեր չեն լինում եւ «ես մարդ եմ ու ամենայն մարդկային ինձ խորթ չէ» խոսքը ճշմարիտ է նաեւ ազգերի համար…
*) Խմբագրության կողմից ավելացնենք, Լուվր թագավորական պալատում չի եղել նաեւ բաղնիք:
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ