Սերբահայ համայնքի կյանքում բազմաշերտ մշակույթի ներկայացման օր էր 2022 թ. դեկտեմբերի 12-ը, որ կայացավ Բելգրադի «Գալերիա 73» պատկերասրահում:
«Հեռավոր 1988 թ. դեկտեմբեր 12-ին, շտապելով մարդասիրական օգնություն հասցնել, սերբ օդաչուների առաքելությունը դժբախտ պատահարի պատճառով անավարտ մնաց հայկական հողում…», այսպես դիմեց հանդիսատեսին միջոցառման կազմակերպիչներից բելգրադաբնակ թարգմանչուհի, Սերբիայի գրողների միության անդամ Անուշ Բալայանը: Նա այդ օրն էր ընտրել շնորհանդես անցկացնելու համար՝ նշելով, որ թե՛ այս գրքի, թե՛ նախորդ եւ թե՛ հաջորդ բոլոր թարգմանությունները կատարում է ի սեր սերբ ազգի եւ հանուն հայ-սերբական մշակութային եւ բարեկամական կապերի:
Զոհված յոթ օդաչուների հիշատակի տուրքը մատուցվեց հոտնկայս եւ Ներսես Շնորհալու «Իմ ծաղիկ» շարականի հնչյունների ներքո: Այդ հոգեւոր երգը կատարեցին հայ եւ սերբ երաժիշտներ Անուշ Հովհաննիսյանը, Վեսնա Կրնետան եւ Զորան Ջուկիչը:
Հայ բանաստեղծ Արտաշես Արամի՝ զոհված սերբ օդաչուներին նվիրված «Ընդհատված թռիչք» բանաստեղծության սերբերեն տարբերակը (թարգմանությունը՝ Անուշ Բալայանի) կարդաց բանասեր Անա Բոյանովիչը:
Վերադառնալով հավաքույթի բուն նպատակին՝ Անուշ Բալայանը երախտիքի իր խոսքն ուղղեց վերջերս լույս տեսած հայ արձակի նշանավոր ներկայացուցիչ Մկրտիչ Սարգսյանի «Քաջ Նազար» գրքի սերբերեն թարգմանության գլխավոր խմբագիր, գրող դոկտոր Լուկա Յոկսիմովիչ Բարբաթին: Վերջինիս հայ հասարակությունը պետք է հիշի երեւանյան մի քանի միջոցառումներից: Նա «Ակցիա կույրերի համար» կազմակերպության նախագահն է, որը սիրով հանձն առավ «Քաջ Նազարի» սերբերեն տարբերակի լույսընծայման հետ կապված բոլոր պարտականությունները, քանի որ նրա կազմակերպությունն ունի նաեւ հրատարակչական գործունեություն: Գիրքը սերբերեն է թարգմանել Անուշ Բալայանը: Նրա թարգմանությամբ հայ ընթերցողին է հասել սերբ գրող Վեսելին Ջելետովիչի «Յոհանի սերբական սիրտը» վիպակը, Լուկա Յոկսիմովիչ Բարբաթի «Կրակագույն պատմվածքներ» պատմվածքների ժողովածուն, սերբ բանաստեղծներից թարգմանված եւ հայկական հանդեսներում տպագրված մի շարք բանաստեղծություններ:
Հայերենից թարգմանված եւ հրատարակված ծավալուն աշխատանք է Մկրտիչ Սարգսյանի «Քաջ Նազար» վեպը, որին նախորդել է Սարգսյանի «Հայերենի հերթական դասը» նովելի սերբերեն թարգմանությունը, որը լույս է տեսել դեռեւս 2016 թվականին աուդիո գիրք ձեւաչափով:
«Քաջ Նազարը» սերբերեն թարգմանվեց եւ հրատարակվեց շնորհիվ Հայաստանի կրթության, մշակույթի, գիտության եւ սպորտի նախարարության աջակցության: Գիրքը ներկայացվել է Սերբիայի տարբեր քաղաքների գրադարաններում եւ մշակութային կենտրոններում:
Բելգրադյան շնորհանդեսի ժամանակ հանդիսատեսին ներկայացվեցին տեսագրություն Մկրտիչ Սարգսյանի ընտանեկան արխիվից, որ ներկայացնում է գրողին երգելիս: Մի այլ տեսահոլովակ էլ էկրանին շարունակաբար ցուցադրում էր գրքի նկարազարդումները, որոնք կատարել էր թարգմանչուհի Անուշ Բալայանի դուստրը՝ Սոֆյա Վոյինովիչը:
Վեպի հերոսների՝ Նազարի ու նրա կնոջ՝ Նազանի երկխոսությունը ներկայացնող մի հատված կարդաց թատրոնի սիրված դերասանուհի Ելենա Պետրովիչը:
Այս հիշարժան միջոցառման մի կարեւոր մասը կազմեց հայ երգարվեստի գոհարներից մի քանիսի կատարումը, ընդ որում «Կռունկն» իր իսկ կիթառային նվագակցությամբ կատարեց Լուկա Յոկսիմովիչ Բարբաթը, իսկ «Չինար ես» կոթողը յուրովի կատարեց Անդրիանա Ֆիլիպովիչը, կրկին կիթառի նվագակցությամբ:
Իր նազանի պարով ներկայացավ նաեւ իննամյա Լենան՝ երգչուհի Անուշ Հովհաննիսյանի դստրիկը:
Ռադիոլրագրող Սվետլանա Մլադենովիչն իր ռադիոհաղորդման ժամանակ հրաշալի ընթերցեց հատվածներ «Քաջ Նազար» գրքից՝ դրանք համատեղելով Յոկսիմովիչ Բարբաթի լուսաբանումներն ու Նազարի կերպարի հոգեբանական վերլուծությամբ:
Շնորհանդեսն ավարտվեց Կոմիտասի «Կաքավիկ» երգի կրկներգի կատարմամբ, որին ձայնակցեցին գրեթե բոլոր ներկաները: Մեկժամյա սեղմ ծրագիրը հավաստիացրեց հայ-սերբական բարեկամության կարեւորությունը, մշակութային փոխկապակցվածությունը, եւ գեղագիտական բարձր հաճույք պատճառեց ներկաներին:
«Քաջ Նազար» վեպն ունի բոլոր հատկանիշները դառնալու սերբ ընթերցողի սեղանի գիրքը:
ԱՆՈՒՇ ԲԱԼԱՅԱՆ
Բելգրադ