Կարդում եմ մեր ԶԼՄ-ների հրապարակումների վենագրերը՝ «Դերասանուհի Մեգան Ֆոքսը թաց ու թափանցիկ զգեստով ցուցադրել է իր հետույքը». խեղճ սոված արցախցիք՝ ձեր հալ, մեր ԶԼՄ-ների հավես. կամ՝ «Եւ ահա՝ Դավիթ Տոնոյանին կթույլատրեն գնալ ԱԺ քննիչ հանձնաժողով». տո լավ, է՛, ուրեմն դատական գործի քննություն կա, բայց դատարանին ոչ ոք չի վստահում, ու հույսները քննիչ հանձնաժողովն է, հա՞: Կամ՝ «Աննա Հակոբյանի ազգականը պիցցայի առաքիչին բաժնի պետ է նշանակել». ջհանդամը, թե չի նշանակել, էս պահին ինձ միայն Արցախի թեման, Արցախում տեղի ունեցողն է հետաքրքրում, կուզեն թող բաժնի պետին առաքիչ դարձնեն, եւ՝ ընդհակառակը, ու այդպես շարունակ:
Անցնում եմ սոցիալական ցանցեր՝ միգուցե այնտեղ մի հուսատու խոսք, մի լույսի շող երեւա: Չկա: Ամենուր Արցախի ծայրահեղ վիճակի նկարագրություն է եւ ելքերի որոնման փնտրտուք, ելք է որոնում ամեն խոհարարուհի եւ տնտեսուհի: Հանրային կարծիքի դրսեւորման այդ տարածքում ընդհանուր մտայնությունն այս է՝ Արցախի պաշարումը նվաստատացուցիչ, անընդունելի, անպատկերացնելի բան է, ու հրատապ ելք պետք է գտնել վիճակից: Հիշեցնենք, որ վերջին բրյուսելյան բանակցություններից հետո եվրոպաշտոնյաներից Շառլ Միշելի, Տոյվո Կլաարի բարձրաձայնումներն առ այն, որ Արցախն, այնուամենայնիվ, նրանք տեսնում են արցախցիների իրավունքների եւ անվտանգության երաշխավորմամբ Ադրբեջանի կազմում, ու էլ միանշանակ չեն խոսում Լաչինի միջանցքի բացումից, նույնիսկ առաջարկում են Լաչինի ճանապարհի փոխարեն Աղդամի ճանապարհով (մի քանի անգամ երկար, Ադրբեջանով անցնող եւ պակաս հարմարավետ) երթեւեկելու տարբերակը՝ այս բոլորը բարկացրել է արցախցիներին, իսկ Արցախի նախագահն էլ, երեւի անճարությունից՝ նստացույց է սկսել Վերածննդի հրապարակում, միանալով այլ նստացույցավորների:
Արցախցիները, ի պատասխան Միշելի առաջարկի, որպես բողոքի նշան փակեցին Ասկերան -Աղդամ ճանապարհը բետոնե բլոկներով: Արցախում ծայրահեղ ծանր վիճակ է, մարդիկ գիշերները ժամերով կանգնում են հացի փռերի մոտ, որ գոնե հաց ունենան, խանութները դատարկ են, տրանսպորտը բոլորովին չի աշխատում՝ վառելիք չկա, եթե օդային հումանիտար միջանցք չբացվի՝ միջազգային համապատասխան օրենսդրության կիրառմամբ, ապա ամենավատթարը կարող է պատահել: Այս ֆոնին երեկ կառավարության նիստում հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած ԵՄ նախագահ-Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին վարչապետ Փաշինյանն ասաց, թե այն ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը հաղթահարելու առումով արդյունք չտվեց: Նաեւ՝ հիմա է միայն հավանաբար Փաշինյանի համար պարզ դարձել, համենայնդեպս՝ նա իր խոսքում դա նշեց, որ Բաքվի խորքային նպատակը քաղաքական է, այն է՝ ԼՂ-ում հայերի բնակվելն անհնարին դարձնել: Դրանից հետո խոսել միջազգային հանրության տրվելիք երաշխիքներից, Բաքվի ու Ստեփանակերտի երկխոսելու հնարավորությունից՝ սա չգիտենք անգամ ինչ էպիտետներով բնորոշել: Բայց համ էլ՝ ոչ մի կարդինալ բան չի առաջարկվում ընդհանրապես, չի խոսվում նաեւ այն մասին, թե ջանքեր պետք է գործադրվեն օդային հումանիտար միջանցք տրամադրելու ուղղությամբ: Իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման եւ դրա շուրջ հստակեցումների մասին խոսելը, ներկայումս Արցախում կատարվողի ֆոնին (մանավանդ՝ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ վերջին հանդիպմանը համաձայնություն չի հաջողվել ձեռքբերել), պարզապես կարելի է աբսուրդ համարել:
Արցախում տեղի ունեցողի հանգուցալուծման բովանդակությունը, նկատենք, հեռագնա անդրադարձներ է ունենալու հայկական ամեն ինչ վրա՝ Սփյուռքում էլ, Հայաստան պետությունում էլ, ու նախ եւ առաջ Հայաստան պետության, որպես այդպիսին, վարկն է արժենալու: Դա ցուցիչ է լինելու մեր իմունիտետի, մեր արժանապատվության աստիճանի, մեր ինքնապաշտպանական բնազդի գոյության-չգոյության, Հայաստանի իշխանության՝ քննությունից վերջանականապես կտրվել-չկտրվելու, տո հենց հայերիս՝ ազգ ու իրենից բան ներկայացնողի քննությունից կտրվել-չկտրվելու առումով: Սա ցավոտ ու աննախադեպ թեսթ է: Եթե Հայաստանի ղեկավարները Արցախի հարցի քաղաքական լուծումից ձեռք քաշելով՝ ուզում են որպես պետություն ու պետության ղեկավար ընկալելի լինել աշխարհի համար՝ ապա խորապես սխալվում են. ոչ մեկի համար ընկալելի չէ իր ազգակիցներին սովամահության եւ թշնամու երախն ուղարկող ղեկավարն ու նրա պետությունը: Այնպես որ՝ ուզեք, թե չուզեք, Արցախի հարցն է դառնալու այն ուղեգիրը, որը բարեհաջող, քաղաքական իրավունքների պնդմամբ լուծելու դեպքում է միայն թույլ տալու ղեկավարի ու պետության հայտ ներկայացնել հենց միջազգային հանրության մեջ: Զիջեցիք՝ գլխներիդ անընդհատ ընկույզ են կոտրելու, մեր պետության գլխին ով -ինչ ուզենա՝ անելու է, ամբողջ աշխարհում է հայը նվաստանալու, դա ոչ միայն Հայաստանի կամ Արցախի հայերին է վերաբերելու: Այն պահին, երբ գրվում էին այս տողերը, Հայաստանի հրավերով հրավիրված ԵԱՀԿ խորհրդի նիստում քննարկվում էր Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, ու մթնոլորտն այնտեղ թեժացրել է Ավստրիայում Ադրբեջանի դեսպանը, որը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ վիճակը համապարփակ ներկայացնելու ելույյթին քննադատությամբ է պատասխանել: Այսպիսի դեպքերում նաեւ պատրաստ եղեք դռներ շրխկացնելու:
Ասեմ, որ թեեւ ուշացած՝ ելք որոնում են բոլորը: Ուշացած, որովհետեւ 44-օրյա պատերազմ տեսած Հայաստանն ու Արցախը նախ պետք է անմիջապես լուծած լինեին երկու պետությունների պարենային անվտանգության հարցը: Էն որ պատրաստվում էիք Աղավնո ու Բերձոր հանձնել թշնամուն, պիտի այս ելքը կանխատեսած լինեիք, ու քանի ճանապարհը բաց էր՝ Արցախ մի քանի տարվա չփչացող սննդամթերք կրած լինեիք (խոսքը պաշտոնյաների կողմից սեփական ներքնահարկեր ու ձեղնահարկեր կրված ալյուր ու հնդկաձավարի մասին չէ), այլ 120 հազար մարդու պարենային անվտանգությունն ապահովելու: Պատերազմող պետությունը, որ միշտ ենթակա է պաշարման, նախ լուծում է երեք հարց՝ զենքի, պարենի եւ խմելու ջրի անկախ աղբյուրի: Լուծե՞լ եք, խիստ կասկածում եմ, եթե այո, ինչո՞ւ են թերսնված արցախցիները հավաքների ժամանակ ուշաթափվում: Եթե չեք լուծել՝ ապա Արցախի էլ, Հայաստանի դեպքում էլ՝ ո՞ւմ են պետք ձեր պես ղեկավարները: Եթե, իհարկե, այս բոլորը դիտավորյալ չի կազմակերպվում՝ հատուկ նպատակով, ասենք՝ ինտեգրում պարտադրելու: Իսկ վստա՞հ եք, որ մի տարի հետո Հայաստանը նույնպես պաշարման չի ենթակվելու:
Ելքերի որոնման տարօրինակ առաջարկների շատ հանդիպեցինք. դիմել՝ Ռուսաստանի կազմ մտնելու (խոսքն Արցախի մասին է), դիմել Իրանին, դիմել սրան, դիմել նրան: Հայաստանի կողմից հումանիտար օդային կամրջի առաջարկը եւս վարկանիշում էր: Հայաստանը մի հացբերողի չափ է՞լ չկա, հարցնում էին սոցիալական ցանցերում: Արցախցին չի ուզում ինտեգրվել Ադրբեջանին, հո խավիարախեղդ եղած Շառլ Միշելի կամ Տոյվո Կլաարի ասելով չի, եթե ռուս խաղաղապահները մի կողմ են քաշվել եւ ուղղաթիռով սոսկ սեփական սնունդն են ներկրում, ապա աշխարհին պետք հասկացնել, որ արցախցին էլ սովորական մարդ է, ինչպես մնացածը, ու եթե ոչ մի հնարավորություն չկա՝ ՄԱԿ-ն արտակարգ լիազորություններով սննդի հիմնադրամներ ունի, թող օդային ճանապարհով սնունդ հասցնեն, մինչեւ ինչ-որ լուծում: Ի դեպ՝ ՌԴ ԱԳՆ այն հայտարարությունից հետո, որտեղ ասվում էր, թե Հայաստանի ղեկվարն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ու դրանից հետո իրավիճակ է փոխվել, տարօրինակ բաներ են կատարվում, Ադրբեջանը հակադարձումներ է անում ՌԴ ԱԳՆ-ին, Թուրքիան խոսում է մեկուկես տարուց ռուս խաղաղապահների հեռանալուց, ՌԴ ԱԳՆ- ներկայացուցիչը մատնացույց է անում, որ Թուրքիան նոյեմբերի իննի համաձայնության մասնակից չէ, իսկ Հայաստանի ուղղությամբ էլ տակառ է գլորում իր վերջին ճեպազրույցում, թե ՀԱՊԿ առաքելության տեղակայություն Հայաստանում շատ խնդիրներ կլուծեր, ու այդ առումով՝ գնդակը Հայաստանի դաշտում է (սա որպես հակափաստարկ այն վերլուծաբաններին, որոնք կարծում են, թե Ռուսաստանը տարածաշրջանից հեռանում է): Այսինքն՝ տարածաշրջանային խառնաշփոթը խորանում է՝ հայերիս համար ոչ մի լավ բան չխոստանալով:
Բոլոր դեպքերում տեղի ունեցողը պատերազմից հետո մի նոր քննություն է բոլոր հայերիս համար, սրա հետ համաձայն է տեսակետ ունեցող ամեն հայ: Ոչ մի արդարացում չի լինի՝ եթե սննդի պակասից արցախցիների մահեր գրանցվեն: Միաժամանակ՝ նստացույցը քաղաքական բովանդակություն պետք է ունենա, ու ոչ թե հանգի սոսկ հումանիտար պահանջների:
Իհարկե, Հայաստանի եւ Արցախի շուրջ կատարվողն ընդհանուր, գլոբալ պրոցեսների մի դետալ է, ու այս իմաստով միանշանակ լուծումներ դժվար է գտնել, բայց դա չի արդարացնում Հայաստանի իշխանությանը, որն արցախցիների խնդիրները հասցեագրում է ում ասես, բայց ոչ իրեն, միայն, ինչպես ասում են, միջազգային ասպարեզում Արցախի ինֆորմացիոն հովանավորի դերը ստանձնելով, այն եւս՝ սխալ մոտեցումներից եւ անտեսելով Արցախի խնդրի պատմաիրավական համատեքստը:
Զարմանալին, սակայն, մի ուրիշ բան է, Հայաստանի նախկին առաջին դեմքերի քար լռությունը (խոսքը նրանց զորաշարժած ուժերի մասին չէ, այլ հենց իրենց): Մեկ անգամ չէ, որ մեր թերթում գրել ենք, որ նախկին ղեկավարներն ու արտգործնախարարները հարկ է որ Արցախի խնդրի հաջորդական քայլերի մասին սկզբունքային, համաձայնեցված փաթեթ հրապարակեն՝ դա հասցեագրելով ներկա իշխանությանը եւ պարտավորեցնելով շարժվել այդ քայլերի տրամաբանությամբ: Մեր այս առաջարկն այժմ այլ վերլուծաբաններ եւս առաջարկում են, ու էլի քար լռություն: Արցախի հարցը, ինչպես վերեւում նշեցինք, Հայաստան պետության վարկն է արժենալու, ու այս իմաստով լուռ սպասել, մինչեւ այդ վարկը չուլ դառնա՝ խոստովանեք, տարօրինակ է: Թե՞ նրանք մի ծրագրից են տեղյակ, որ գծվել է տարիներով ու հիմա իրականացվում է:
Մի հետաքրքրական դիտարկում եւս. շատերը նկատեցին, որ «Հայաքվեն» սկսվելուց հետո Արցախ մտնող հումանիտար միջանցքը ամբողջովին փակվեց, այդպիսով՝ «Հայաքվեի» ակտուալությունը երկրորդ պլան մղելով: Զուգադիպությո՞ւն է՝ չգիտենք: Այս պահին ամենաակտուալ թեման Արցախում սովն է:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ