Լեհական հանդեսի հայկական համարը
Լեհաստանում լույս է տեսել Վարշավայի համալսարանի «Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի թատերագիտություն» («Studia Teatralne Europy rodkowo-Wschodniej») եռալեզու գիտական հանդեսի (խմբագիր՝ Անդրեյ Մոսկվին) 2-րդ համարը: Համարի ուշադրության կենտրոնում այս անգամ հայ թատրոնն է. շապիկին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լուսանկարն է եւ «FOKUS: ARMENIA» գրությունը: 530 էջ ընդգրկող համարում հանդես են եկել 23 երկրի 34 հեղինակներ, սակայն եթե յուրաքանչյուր երկիր ներկայանում է մեկից երեք հոդվածով, ապա Հայաստանից առկա են տասից ավելի գիտական եւ ճանաչողական բնույթի հոդվածներ՝ անգլերեն եւ ռուսերեն, որոնք վերաբերում են ոչ միայն հայ թատրոնին, այլեւ կինոյին, բալետին, թատերագրությանը, շեքսպիրագիտությանը: Առանձին բաժնով ներկայացված են նաեւ հայաստանյան թատրոնների ցանկը, հայկական թատերական միջազգային փառատոները եւ Թատրոն-Դրամա կայքը: Հատորը պատկերազարդված է տասնյակ լուսանկարներով: Հանդեսի հայկական թողարկման պատասխանատուն է թատերագետ, գրող, արվեստագիտության թեկնածու Անուշ Ասլիբեկյանը:
Հայկական կողմի հոդվածներն են Արծվի Բախչինյանի «Հայ թատրոնի եւ կինոյի համառոտ պատմություն» եւ «Հայաստանի սերն առ Շեքսպիր», Նարինե Սարգսյանի «Խորհրդահայ ռեժիսուրայի ձեւավորումը (1920-ականներ)», Սառա Նալբանդյանի «Ազատությունից դեպի համակարգ. 20-րդ դարի առաջին կեսի հայկական ուղղությունը», Անուշ Ասլիբեկյանի «Կորուսյալ երկրի հիշողությունները Վիլյամ Սարոյանի հայկական թեմաներով դրամաներում», Նազենիկ Սարգսյանի «Շեքսպիրը հայ պարուսույցների ստեղծագործություններում», Անահիտ Բեքարյանի «ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Ռ. Զարյանի անվան շեքսպիրյան գրադարանը», Անդրեյ Մոսկվինի «Արթուր Ղուկասյան. «Հայֆեստը» Հայաստանում դրոշակակիր փառատոն է», «Երեւանի միջազգային շեքսպիրյան թատերական փառատոնը» եւ «Արմմոնո միջազգային թատերական փառատոնը», Կարինե Խոդիկյանի «Հայաստանի երրորդ հանրապետության թատերագրությունը», Սոնա Մելոյանի «SHAKEspeareSHAKE՝ հայկական հող եւ ճակատագրեր» եւ Ռոջեր Սմիթի «Summeet» ժամանակակից պարի միջազգային փառատոն (Երեւան, 23-29 օգոստոսի 2021 թ.)» հոդվածները:
Հայ մշակույթից թերեւս թատրոնն է ամենից հազվադեպ ներկայանում օտար լսարաններին, օտար լեզուներով, ուստիեւ չափազանց գնահատելի է լեհական հանդեսում՝ հայ թատերարվեստին եւ հարակից ճյուղերին նման համակողմանի կերպով ներկայանալը:
Սա լեհ թատերագետ, «Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի թատերագիտություն» հանդեսի գլխավոր խմբագիր, Վարշավայի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի թատրոնի եւ դրամայի հետազոտությունների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Անդրեյ Մոսկվինի առաջին համագործակցությունը չէ հայ թատրոնի մասնագետների հետ: 2019 թվականին նրա նախաձեռնությամբ լեհերեն թարգմանությամբ լույս տեսավ «Արդի հայ դրաման» հատորը, որի կազմողն ու խմբագիրն էր, նաեւ գրքի երկու նախաբաններից մեկի հեղինակը: Նրա համագործակցությունը հայ թատերագետների եւ թատերական գործիչների հետ շարունակվելու է…
Ներկայացնում ենք հանդեսում լույս տեսած մեր հոդվածի բնագիրը:
Ա.Բ.
…1863 թվականին հայ բեմադրիչ եւ դերասան Գեւորգ Չմշկյանն առաջին անգամ արեւելահայերեն թարգմանեց Շեքսպիրին («Տիմոն Աթենացին»), իսկ 1865-ին առաջին անգամ հայ թատրոնում բեմ հանեց նրան («Վենետիկի վաճառականի» չորրորդ գործողությունը): Եվ արդեն 160 տարուց ավելի է, ինչ հայերիս համար միշտ հրատապ, փնտրված ու սիրված է մնում Շեքսպիրը՝ բեմում թե տպագիր: Նրա գործերը պարբերաբար բեմադրում են, վերահրատարակում, կատարում նոր թարգմանություններ: Այս երեւույթի առաջին պատճառը թերեւս պիտի փնտրել հեղինակին հայերեն ներկայացնելու գործը ճիշտ սկսելու մեջ: Շեքսպիրի հիմնական ժառանգության հայերեն թարգմանիչ Հովհաննես Մասեհյանը քաջահմուտ էր թե՛ անգլերենին, թե՛ հայերենին: Ըստ Հովհաննես Թումանյանի, «Շեքսպիրը դարձել է մի չափ՝ ազգերի զարգացման աստիճանն որոշելու համար: Եթե մի ժողովուրդ նրան չի թարգմանում, կնշանակի՝ տգետ է, եթե չի հասկանում, կնշանակի՝ տհաս. եթե մի լեզու նրա վրա չի գալիս, կնշանակի՝ տկար է»: Երկրորդ, շեքսպիրյան գլուխգործոցները չափազանց սրտամոտ եղան հայ ժողովրդի սրտին ու հոգուն: Հոր վրեժը լուծել ցանկացող որդու, խանդի ճիրաններում տառապող խարդավանքի զոհ ամուսնու, հայրերի թշնամությանը զոհ գնացող դեռատի սիրահարների պատմությունները համահունչ էին հայ մարդու հոգեկերտվածքին, ողբերգականի նրա ընկալմանը… Սարատովի Ի. Ա. Սլոնովի անվան թատրոնի դերասան հայազգի Ալեքսանդր Կասպարովը, որը 24-ամյա տարիքում բեմ է բարձրացել Համլետի դերով, մեզ հետ հարցազրույցում ասել է, որ իր ընկալմամբ՝ Համլետը գրեթե հայկական դեր է, որ իր այդ խաղարկության մեջ ինքը դրսեւորել է իր հայկական խառնվածքը, քանի որ բավականաչափ հանգիստ Համլետը չէր կարող հոր վրեժը լուծել…
Նաեւ հիշենք, որ մասնավորապես Համլետ եւ Օթելլո մարմնավորելով է, որ իրենց դերասանական վիթխարի տաղանդով հայ եւ միջազգային հանդիսականին հայտնի դարձան հայ բեմի երկու մեծագույն ողբերգուները՝ Պետրոս Ադամյանը եւ Վահրամ Փափազյանը, որոնք Շեքսպիրին ու նրա հերոսներին ճանաչելի դարձրին հայության ամենատարբեր խավերին, իսկ հայությունն ու հայ թատրոնը՝ օտար շրջանակներին: Ուստիեւ պատահական չէ, որ 1880 թվականի նոյեմբերին անգլիական «Դեյլի մեյլ» թերթում Պետրոս Ադամյանի խաղը դիտած Բաթումի բրիտանական հյուպատոսը նկատել է. «Հայ ազգը, որ ըմբռնեց, թարգմանեց եւ իր սեփական բեմի վրա այնքան արժանավայել ներկայացրեց Շեքսպիրի «Համլետը», այդ ժողովուրդը չի մեռնի»: Հայտնի է, որ ռուս մեծանուն թատերական գործիչ Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն, դիտելով Ադամյանի Համլետը, իր հայուհի մորը խնդրել է իրեն հայերեն սովորեցնել, իսկ իտալացի մեծ դերասան Սալվինին ասել է, որ հրաժարվում է Համլետից: Մեկ այլ նշանավոր իտալացի՝ Էռնեստո Ռոսսին, Թիֆլիսի հյուրախաղերի ժամանակ հրաժարվել է Համլետ խաղալ՝ ասելով. «Որտեղ Ադամյանը Համլետ է խաղացել, ես այնտեղ անելիք չունեմ»… Նշենք նաեւ, որ Ադամյանը նաեւ առաջին հայ շեքսպիրագետն է, որը 1887-ին հրատարակել է «Շեքսպիր եւ իւր Համլէտ ողբերգութեան աղբիւրն ու քննադատութիւնները»…
Հայերի համլետասիրության օրինակներից հիշենք նաեւ, որ հայ բեմի մեծ տիկին Սիրանույշը 44 տարեկանում Համլետ է խաղացել, որ ամերիկյան թատրոնի եւ կինոյի բեմադրիչ Ռուբեն Մամուլյանը Շեքսպիրի այդ գործը կրճատել եւ լեզուն վերափոխել է ժամանակակից անգլերենի, իսկ լեգենդն ասում է, որ խորհրդային կինոյի մեծանուն բեմադրիչ Սերգեյ Փարաջանովը բանտում դատապարտյալների ուժերով «Համլետ» է բեմադրել…
Վահրամ Փափազյանը հռչակվել է հատկապես իր Օթելլոյով, որը խաղացել է կես դարից ավելի, բազմաթիվ երկրներում, վեց լեզուներով, գրել «Համլետն ինչպես տեսա», «Իմ Օթելլոն», «Լիր արքա» գրքերը… Հայ հանդիսականի համար Փափազյան եւ Օթելլո անունները դարձել են հոմանիշներ, հայ ժողովրդի խոսակցական լեզվի մեջ անցել է Փափազյանի այն բնորոշումը, որը նա ասել է Օթելլոյի մի անհաջող դերակատարի մասին՝ «Ամեն սեւ բան Օթելլո չէ»… Հայտնի է, որ կյանքի վերջին տարիներին բեմից քաշված Փափազյանը տանը մշտապես եղել է Օթելլոյի թիկնոցով, որով էլ հուղարկավորվել է…
Հատկապես սիրո եւ խանդի պատմություն «Օթելլոն» հասանելի է եղել ժողովրդական բոլոր խավերին, եւ հայ աշխատավորն ու գյուղացին արդեն 20-րդ դարի սկզբից իմացել, սիրել ու ապրումակցել է Վենետիկի մավրի ողբերգությանը, հաճախ՝ չափազանց բուռն: Վահրամ Փափազյանն իր հուշերում հիշել է, թե ինչպես երբ «Օթելլոն» ներկայացրել է թուրքական Ռոդոսթո քաղաքի հայերին, մեծ մասամբ բաղկացած ձկնորսներից, Դեզդեմոնային խեղդելու տեսարանում հուզված հանդիսատեսը սկսել է վրդովված գոռգոռալ՝ «Ծո յաբանի՛ արաբ, ինչի՞ կխեղդես գյուզելիմ կնիկը», իսկ հաջորդ օրը շուկայում ծեծել են Յագոյի դերակատարին: Մեկ այլ պատմություն՝ Թիֆլիսի հայ թատրոնից, թե ինչպես «Օթելլոյի» առաջնախաղից հետո դերասաններին տուն տանող ավտոբուսի վարորդը հրաժարվել է վերցնել Յագոյի դերակատար Դորի Ամիրբեկյանին…
Հայ ժողովրդի մեջ «Օթելլոյի» ժողովրդականության դրսեւորումները բազմաթիվ են: Հովհաննես Թումանյանի դուստրը վկայում է, որ իր անգրաճանաչ Իսկուհի հորաքույրն իրեն ասում էր. «Նվա՛րդ ջան, հլա Շեքսպիրի «Օթելլոն» կարդա ինձ համար» (Նվարդ Թումանյան, «Հուշեր եւ զրույցներ», 1987, էջ 31): 1913-ին Երեւանի Աստաֆյան փողոցում գործած հրուշակարաններից մեկը կոչվել է «Օթելլո» («նՐՌՉՈվրՍՌպ Տո’ÿՉսպվՌÿ», 26.01.1913): Էդուարդ Իսաբեկյանը վկայել է, որ իգդիրցի «Ծալը պակաս Սմբատին» նաեւ անվանել են «Օթելլո Սմբաթ»՝ կնոջը խեղդելու մի անհաջող փորձից հետո (Էդուարդ Իսաբեկյան, «Իգդիր», Երեւան, 1994, էջ 59): Խորհրդային Հայաստանում «Օթելլոն» բեմադրվել է անգամ ինքնագործ թատրոններում, որոնց հետ կապված առնվազն երկու անեկդոտ ենք լսել: Մեկն այն մասին է, թե իբր Գավառում «Օթելլոն» խաղացել են տեղական բարբառով՝
«-Դեզդեմոնա, աղլուխս դո՞ր ա:
-Չիդեմ:
-Դե պառկի՝ խետեմ»:
Հրանտ Մաթեւոսյանի «Մենք ենք, մեր սարերը» վիպակի հերոս հովիվ Զավենն ունի երկու մականուն՝ Դուքս եւ Օթելլո, քանի որ ոչխար մորթելիս արտասանում է Օթելլոյի վերջին մենախոսությունից մի հատված: Ինքնասպանություն գործելիս Օթելլոն հիշում է, թե ինչպես մի անգամ Հալեպում մի թուրք ծեծել է մի վենետիկցու եւ հայհոյել իր պետությանը, ու նա բռնելով «այդ թլպատված շան կոկորդից»՝ դաշունահարել է նրան՝ ճիշտ նույն կերպ ինքնասպան լինելով: Նույն բառերով էլ Զավենը բեմականացնում է ոչխար մորթելը՝ տեսած լինելով Վահրամ Փափազյանի խաղն ու կրկնելով նրա խոսքերը…
Շեքսպիրին միայն բեմում տեսած հայ հասարակ մարդը երբեմն լուրջ կերպով համոզված է եղել, որ Շեքսպիրը… հայ է եղել (եւ դա այն դեպքում, երբ Հայաստան բառը Շեքսպիրի ողջ ստեղծագործության մեջ հիշատակված է միայն մեկ անգամ՝ «Անտոնիոս եւ Կլեոպատրա»-ում): Լեհ գրող Գժեգոժ Գուրնին գրել է «Շեքսպիրը հայ է եղել» ակնարկը, որտեղ մասնավորապես հիշել է, թե ինչպես մի անգամ Հայաստանի լեռներում խոսքի է բռնվել չսափրված դեմքով, այծահոտ մի հովվի հետ, որը նրան մեծագույն ցնցում է պատճառել՝ ռուսերեն արտասանելով մի հատված «Համլետից»: Իտալացի գրող Պաոլո Նորին էլ իր «Մո մամա. ո՞ւմ միջոցով ենք ուզում ղեկավարվել» վեպում հիշել է իր հայ ընկերոջը, որի համար փոքր ժամանակ կարդացել են Շեքսպիր՝ հայերեն, որն «այնքան գեղեցիկ էր, որ նա մտածում էր, թե Շեքսպիրը հայ է, իր պիեսները գրել է հայերեն եւ շատ է վրդովվել, երբ հասկացել է, որ Շեքսպիրն անգլիացի է, գրել է անգլերեն» ( Mo Mama” in anteprima il nuovo libro di Paolo Nori, La Reppublica, 13.10.2013): Թերեւս դա է պատճառը, որ չափազանց բնական է թվում Երվանդ Քոչարի երեւակայած «Շեքսպիրը Հայաստանում» գեղանկարը…
Հայերի շեքսպիրասիրության մի ապացույցն էլ Համլետ եւ Օֆելյա, նաեւ Ջուլիետա անունների մեծ տարածվածությունն է Հայաստանում եւ առհասարակ հայերի մեջ: Անգամ Համլետի երկրում՝ Դանիայում, չկան համլետներ, մինչդեռ Ռուսաստանում եթե իմանում են, որ մեկի անունը Համլետ է, անմիջապես հասկանում են, որ նա հայ է: Մինչեւ անգամ հայերն իրենց զավակներին անվանակոչել են Լաերտ, Ռոմեո, առավել պակաս չափով՝ Օթելլո եւ Դեզդեմոնա: Օրինակ, օլիմպիական չեմպիոն ծանրորդ Յուրի Սարգսյանի հայրանունն Օթելլո է: Իսկ աբովյանցի դերասան եւ բեմադրիչ Արմեն Կարապետյանի հայրանունը Շեքսպիր է: Արմեն Շեքսպիրովիչ….
Այսօր էլ Հայաստանի թատրոնների երկացանկերում Շեքսպիրը մշտական ներկայություն է՝ «Համլետ», «Մակբեթ», «Ռիչարդ Երրորդ», «Ռոմեո եւ Ջուլիետ»… Որոշ թատրոններ շարունակում են մեծ թատերգակին ներկայացնել ավանդական ձեւով, իսկ շատերն էլ մոդեռնիստական եւ նորարարական մոտեցումներով են բեմադրում: Հատկապես նկատելի է մենաներկայացումներով շեքսպիրյան սյուժեներին եւ հերոսներին անդրադառնալու միտումը, Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ուսանողության մեջ ձգտում կա շեքսպիրյան թեմաներով փորձարարությունների… Հիշարժան են Գյումրիի թատրոնում Արթուր Սահակյանի ներկայացրած «Լիր արքան»՝ այլաբանական եւ ֆանտասմագորիկ շեշտադրությամբ, երիտասարդ բեմադրիչներ Զառա Անտոնյանի եւ Վահան Բադալյանի՝ շեքսպիրյան գործերի հավաքական զույգ բեմադրությունները, որտեղ ի մի են բերված Շեքսպիրի գործերի ելակետային եւ կուլմինացիոն պահերը՝ բեմադրված առավելապես պարային եւ ֆիզիկական թատրոնի սկզբունքով…
Մեր ակնարկն ավարտենք անգլիագիր հայ բանաստեղծուհի Զաբել Բոյաջյանի «Հայաստանի սերն առ Շեքսպիր» բանաստեղծությամբ, որը 165 այլ գործերի հետ ընդգրկվել է 1916-ին Լոնդոնում հրատարակված «Շեքսպիրին հարգանքի տուրք մատուցող գիրք՝ Շեքսպիրի մահվան երեքհարյուրամյակի կապակցությամբ» անգլերեն ժողովածուում: Բանաստեղծության գեղարվեստական թարգմանությունը կատարել է Հենրիկ Բախչինյանը.
Մեր մեջ ապրող անհայտ ոգի՜ դու հոյակապ,
Երեք դարեր պանծացրել են թռիչքը քո.
Կա՞ երկիր, որ լցված չէ քո ներկայությամբ,
Կա՞ ցեղ, որին չես համակել քո հաճույքով:
Հայաստանը իմ աչքին քո տունն է թվում,
Քո տեսիլքներն այնտեղ միտքս բորբոքեցին,
Քաղցր հնչող քո նվագը սիրտս է թովում:
Հայաստանի պատկերներում քո լուսածին՝
Մռայլության միջով մարտի, հոգեվարքի,
Փայլփլում է մեր սիրելի ցոլանքը քո.
Ազգերն իրենց տուրքն են բերում քեզ հարգանքի,
Եվ բոլորը միասնական են այդ տուրքով:
Խեղճ Հայաստանն իմ արդյոք ի՞նչ նշան բերի.
Ոսկե ծամթելը չի զուգում հոնքը նրա,
Լույս արցունքներն են զարդարանքը աչքերի.
Սրբարանիդ Փշե Պսա՛կ է դնում նա: