Նախաբանի փոխարեն
Ֆրանկֆուրտի հերթական՝ յոթանասունհինգերորդ գրքի տոնավաճառին ներկայացանք աշխարհին հարուստ մշակույթով, թարգմանված գրականությամբ, տարատեսակ քննարկումներով: Հայկական տաղավարով հետաքրքրվողը սակայն ոչինչ չէր իմանա այն մասին, թե ինչ օրեր ենք ապրում հիմա և ինչ է կատարվում մեզ հետ. տպավորություն էր, ասես մեզ հետ ոչինչ տեղի չէր ունեցել:
Տոնավաճառը
Տոնավաճառը բաց էր հոկտեմբերի 18-22-ը, այն իսկապես մեծ հնարավորություն է շփվելու աշխարհի ու գրականության հետ: Այն մի դահլիճում կամ մի շենքում տեղի ունեցող իրադարձություն չէ, դրանք տարբեր մասնաշենքերում են, իսկ մի մասնաշենքից մյուսը գնալու համար երկար քայլել է պետք, մի օրում անցնել բոլոր տաղավարներով գրեթե անհնար է, հատկապես, որ անընդհատ հետաքրքրական իրադարձությունների ականատեսն ես լինում: Գիտահանրամատչելի գրքերի հրատարակիչներից մեկը երկնքի կորությամբ վերում կախված էկրան էր տեղադրել, որի վրա ցուցադրվում էին մուլտֆիլմեր, երեխաները պառկում էին բարձերի վրա կամ նստում հարմարավետ աթոռակներին ու նայում վեր: Մեկ այլ տաղավարում լեգո գրքերի հեղինակները լեգոներով սեղան էին տեղադրել, որտեղ կարող էիր դրանցով մի բան սարքել, վերջում էլ քեզ հետ վերցնել քո ստեղծագործությունը: Տեսնելու, լսելու ու նայելու շատ բան կա տոնավաճառում: Ցուցահանդեսներ, գրքերի ընթերցումներ, հանդիպումներ, որ անթիվ անհամար են: Շաբաթ և կիրակի օրերին այն բաց է այցելուների համար, այդ օրերին մարդկանց խիտ շարքերի միջով անցնելն անհնար է դառնում:
Հատուկ հյուրը
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս տոնավաճառը հատուկ հյուր ուներ՝ Սլովենիան, որն ի զարմանս ինձ ներկայացված էր պարզ ու անպաճույճ՝ ի տարբերություն նախորդների, որոնք փորձում էին հատուկ տաղավարում ցուցադրել իրենց երկրի ողջ պերճությունն ու բազմազանությունը: Սլովենիայի տաղավարում ներկայացված էին գրքեր, առանձնացված ցուցասրահի մի մասում նկարազարդումների ցուցահանդես-վաճառք էր: Սլովենական հատուկ տաղավարում (այն մեկ այլ մասնաշենքում էր), որն ընդգրկում էր մի ընդարձակ սրահ, երկու քննարկումների սրահներ էին, որտեղ մեկը մյուսի հետևից քննարկումներ ու ընթերցումներ էին: Առաստաղը ձևավորել էին ձեռագործ սփռոցներով, նմանատիպ ծածկերով մենք ծածկում էինք մեր հեռուստացույցներն ու ռադիոները սովետական տարիներին՝ դրանք փոշուց պաշտպանելու համար: Տաղավարի հիմնական գույնն արծաթագույնն էր: Տաղավարը շատ մտերմիկ էր, գնահատելի էր, որ այն շատ երեխայահաճո էր, կար ճոճանակ, էկրաններ՝ մանկական խաղերով, ու կարելի է ասել այս տարվա իմ ձեռքբերումն այն էր, որ երեխաներիս առանց ձանձրացնելու ցույց տվեցի գրքերի աշխարհը: Քաղաքում ևս տեղի էին ունենում համերգներ ու ցուցադրություններ՝ ներկայացնելով սլովենական մշակույթը:
Մյուսները
Այս տարի ևս ներկա չէին Ռուսաստանը և Ադրբեջանը, Վրաստանի ներկայությունն էլ աննկատ էր, նման չէր նախորդ տարիներին: Փոխարենը Ուկրաինայի տաղավարում անընդմեջ միջոցառումներ էին, անսովոր էր տեսնել զինվորական համազգեստը տոնավաճառին, աչքս գցեցի էկրանին՝ «Ուկրաինական հատուկ ջոկատայինները ծովում, ջրում ու ցամաքում»: Առհասարակ ուկրաինական ծրագրում շատ էր պատերազմը, ինչը և բնական էր, երկրում պատերազմ է: Տոնավաճառի հյուրերից շատերը ձեռքներին կրում էին ուկրաինական դրոշներ, որոնք բաժանվում էին Ուկրաինայի տաղավարում: Ոմանք կրում էին Իսրայելին սատարող կրծքանշաններ:
Քաղաքականություն
Չեղարկվել էր պաղեստինցի գրող Ադանիա Շիբլիի մրցանակաբաշխությունը:
«Խստորեն դատապարտում ենք Համասի բարբարոսական պատերազմը Իսրայելի դեմ, մենք սարսափած ենք», ասել է Յուրգեն Բուզը՝ Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի տնօրենը: Բացման ժամանակ սլովեն փիլիսոփա Սլավոյ Ժիժեկը երկար խոսեց Իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի մասին, սակայն ոչ մի բառ օրերս Արցախում տեղի ունեցած ցեղասպանության, բռնի տեղահանման մասին, որն իրականացրին Ադրբեջանի իշխանությունները: Աստրիդ Լինդգրենի մրցանակաբաշխության հավակնորդների թվում էին ադրբեջանցիներ, սակայն ինչո՞ւ որեւէ մեկը հարց չուղղեց կազմակերպիչներին, թե ադրբեջանցի գրողներին ինչպե՞ս են հայտնվել հավակնորդների ցանկում:
Հայկական տաղավարը
Տաղավարի ձևավորումը նվիրված էր հայկական կինոյի հարյուրամյակին, քյու-ար կոդի միջոցով միանում էր հայկական կինոյի մասին պատմող վիդեոն, գլխավոր պաստառից մեզ էր նայում Շորի՝ տագնապով լի աշխարհին նայող դեմքը: Այդքանը: Մենք ներկայացել էինք աշխարհին մեր խաղաղ մշակույթով, աշխարհի տարբեր լեզուներով թարգմանված գրքերով, Արցախի ու Հայաստանի մասին պատմող ալբոմներով, սակայն ոչինչ այսօրվա մասին, ասես մեր երկրում պատերազմներ, ցեղասպանություն չէր եղել, մեկ ամիս առաջ մեր հայրենակիցները բռնի չէին տեղահանվել Արցախից…Ու մենք աշխարհին ուղղված հարցեր ու ասելիք չունեինք: Իսկ գերմանացիները սպասում էին մեր հարցին, հարցերի՛ն: Ինչո՞ւ չխոսեցինք:
Քննարկում
Արմեն Հայաստանցու, Անահիտ Ղազարյանի, Լաուրա Ցվերթնիայի և թարգմանիչ Սուսաննա Եղոյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Ինքնությունը և գրականությունը» թեմայով քննարկում Ֆրանկֆուրտի ստուդիայում: Ես ոչինչ չգիտեի Լաուրայի ու նրա Auf der Straße heißen wir anders գրքի մասին: Լաուրայի հայրը հայ է, գիրքն էլ ցեղասպանության մասին է:
«Հայկական ինքնությունը կառուցված է ազգային հերոսների, պատմական իրողությունների, մշակույթի, գրականության, նաև աշխարհագրության շուրջ, մենք բոլորս հետևում էինք, թե ինչ էր տեղի ունենում անցյալ ամիս Արցախում՝ էթնիկ զտում: Հայկական ինքնության վրա ի՞նչ ազդեցություն ունի, այն կարո՞ղ է արտացոլվել գրականության մեջ, ինչպես ուկրաինականի պարագայում է», քննարկման վերջում հարց ուղղեց վարողը՝ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավկովկասյան գրասենյակի տնօրեն Շտեֆան Մալերիուսը:
Արմեն Հայաստանցին իր խոսքում հարցին չպատասխանեց, փոխարենը նրանից լսածս զարմացրեց, հետո զայրացրեց ինձ՝ «թուրքատյացություն», «մտածենք արկղից դուրս», «մեր բոլոր գրքերը ցեղասպանության մասին են», «եթե ուզում ես թարգմանվել, գրում ես ցեղասպանության մասին» ու այլն, մանավանդ այս օրերին ոչ հարիր արտահայտություններ, որից հետո իմ մնալն այլևս անիմաստ էր. ես լքեցի դահլիճը: Ինչպե՞ս ենք գերմանական բեմից հնչեցնում թուրքատյացություն բառը, այն ժամանակ, երբ հարցի բնական պատասխանն ակնկալում է հայատյացության մասին աղաղակել: Մեր ինքնությանը հերթական հարվածը չէ՞ սա … «մեր հարեւաններին» անվանել հնարավոր պոտենցիալ գործընկերներ այն դեպքում, երբ այս օրերին այդ հարեւանները զորավարժություններ են անում Հայաստանի սահմանին:
(Այս հղումով կարող եք լսել ողջ քննարկումը:
Շնորհանդեսներ
Հաճելի բացահայտում էր լինել գերմանացի հրատարակիչ Ֆրիդրիհ Մաուկեի տաղավարում, որտեղ հայ-գերմանական դրոշների ներկայություն կար, գրքերի գեղեցիկ ցուցադրություն: (Ավելի ուշ նկատեցի, որ հայոց եռագույնը սխալ էր դրված): Նախ Արձակագիր Սուսաննա Հարությունյանի «Ագռավները Նոյից առաջ» գրքի գերմաներեն թարգմանության շնորհանդեսն էր: Քննարկումը վարում էր Անդրե Շտորրը, որ քաջատեղյակ էր Հայաստանում ու Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին, հարցերը հետաքրքրական էին, ներկաներն էլ համակ ուշադրությամբ լսում էին Սուսաննա Հարությունյանի ու Անդրեի՝ պատերազմների ու ցեղասպանությունների մասին խոսակցությունը՝ Սուսաննա Եղոյանի գեղեցիկ թարգմանությամբ:
Հետո ներկայացվեց արձակագիր Հովիկ Աֆյանի «Կարմիրը պատերազմ է» գիրքը: Հովիկը ներկա չէր, սակայն վարողը բավական ընդգրկուն խոսեց գրքի մասին: Գրքի գերմաներեն վերնագիրը տարբերվում է բնագրից: Եթե փորձենք «Կարմիրը» վերնագրով գիրք փնտրել, ապա՝ բազում են տարբերակները, ճիշտ գիրքն ընտրելը կբարդանա, ինձ բացատրեց Անդրեն:
Մնացածի մասին
Հայկական տաղավարում տեղի ունեցավ նաև հյուրասիրություն՝ Լուսինե Խառատյանի «Սիրիավեպ» գրքի Եվրամիության գրական մրցանակի կարճ ցանկում ընդգրկվելու կապակցությամբ: Եւս մի ուշագրավ փաստ՝ Ֆրանկֆուրտի հանրահայտ սուրբ Պողոսի տաճարում Գերմանիայի գրավաճառների միության՝ Սալման Ռուշդիին Խաղաղության մրցանակի շնորհման հանդիսավոր արարողության ժամանակ հատվածներ ընթերցվեցին Արամ Պաչյանի P/F վեպի գերմաներեն հրատարակությունից:
Թերևս կարելի է շատ ավելին պատմել տոնավաճառից, սակայն հնարավոր չէ հինգ օրերի բազմազանությունը ներկայացնել մի քանի էջում:
Վերջաբանի փոխարեն
Հուսամ՝ մոտ ապագայում Հայաստանը ևս կհայտնվի հատուկ հյուրի կարգավիճակում, մեր տաղավարում կլինեն հայ հեղինակների ոչ միայն հատուկենտ գրական գործակալների ջանքերով թարգմանված գրքեր, այլ շատերը, կկազմակերպվեն համերգներ, ցուցահանդեսներ, քննարկումներ, միջոցառումներն էլ կլինեն նպատակային: Սա կարևոր հարթակ է, Հայաստանն էլ շատ բան ունի պատմելու ու բաշխելու աշխարհին:
ԱՆԱՀԻՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մայնի Ֆրանկֆուրտ
Լուսանկարները՝ հեղինակի