Թարգմանաբար ներկայացվող այս հոդվածը տպագրվել է ամերիկյան «Նյուզուիք» հանդեսում:
Հեղինակը ԱՄՆ Պատասխանատու պետական կառավարման Քուինսի ինստիտուտի եվրասիական ծրագրի գիտաշխատող ԱՐԹԻՆ ՏԵՐ-ՍԻՄՈՆՅԱՆՆ է:
Այս տարվա հունիսին հայերը կգնան ընտրատեղամասեր՝ 9 տարվա ընթացքում առաջին հերթական խորհրդարանական ընտրություններին: 2022 թվականից ի վեր Երեւանը վերաձեւել է իր արտաքին քաղաքականությունը՝ հրաժարվելով Ռուսաստանի հետ պատմականորեն սերտ հարաբերություններից, առաջընթաց է գրանցել (հաճախ անհավասար պայմաններում) Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում եւ մարտահրավեր է նետել հայերի պատմական ու մշակութային համոզմունքներին: Ամառային քվեարկությունը, ինչպես սպասվում է, կլինի հանրաքվե կառավարության վիճահարույց քաղաքականության եւ երկրի նոր «խաղաղության դարաշրջանի» տեսլականի վերաբերյալ: Այս անհանգիստ ներքին իրավիճակում շատ արտաքին խաղացողներ ձգտում են ազդել ընտրությունների եւ Հայաստանի ռազմավարական հետագա ուղեգծի վրա: «Մեզ հետ կամ մեր դեմ» մոտեցումն առաջ տանելու փոխարեն խելամիտ կլիներ՝ ընտրությունների վրա ազդեցություն ունենալ ձգտող պետություններն ընդունեին, որ Հայաստանը կարող է ծառայել որպես շատ ավելի լավ կամուրջ, քան կռվադաշտ:
Եվրոմիության բարձրագույն դիվանագետ Կայա Կալլասը դեկտեմբերին հայտարարեց, որ Հայաստանը Բրյուսելից խնդրել է «օգնություն՝ պայքարելու վնասակար ազդեցության դեմ, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային»: «Վնասակար ազդեցություն» ասելով նկատի է առնվում Ռուսաստանի ենթադրվող միջամտությունը: Հղում անելով մոլդովական սցենարին որպես օրինակի, Կալլասը բացահայտորեն խոստովանում է Հայաստանի ընտրությունների վրա հօգուտ իշխող կուսակցության ազդելու ԵՄ-ի ծրագիրը:
Անցյալ տարվա սեպտեմբերին Մոլդովայի իշխող Գործողության եւ համերաշխության կուսակցությունը (ԳՀԿ) պահպանեց իր մեծամասնությունը երկրի ամենակարեւոր խորհրդարանական ընտրություններում: Այդ ընտրություններից առաջ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն շեշտեց, որ ԳՀԿ-ի պարտությունը կարող է նշանակել Ռուսաստանի հաղթանակ եւ երկիրը տանել պատերազմի: Բրյուսելը Մոլդովայի՝ որպես Եվրոմիություն մտնելու գլխավոր թեկնածուներից մեկի ընտրությունների արդյունքը համարում էր ծայրաստիճան կարեւոր եւ զգալի միջոցներ ծախսեց՝ ցույց տալու դաշինքի վճռականությունն ու ԳՀԿ-ին աջակցությունը: Դրան նախորդել էր 2024 թվականից հայտարարված 2 մլրդ դոլարի ֆինանսական օգնությունը, երբ Մոլդովան ձայների ոչ մեծ առավելությամբ հանրաքվե անցկացրեց, որով երկրի ԵՄ ընդունվելու ձգտումը ներառվեց նրա սահմանադրության մեջ:
Բրյուսելի այդպիսի աջակցությունը՝ ժողովրդավարությունը պաշտպանելու եւ Ռուսաստանի միջամտությանը դիմադրելու անվան ներքո, հանգեցրեց նրան, որ Քիշնեւը քվեարկությունից ընդամենը մի քանի օր առաջ արգելեց ընտրություններին երկու կուսակցությունների մասնակցությունը: Այդ կուսակցությունները «ռուսամետ» անվանելով, ԵՄ-ն աչք փակեց ակնհայտորեն ոչ ժողովրդավարական քայլի վրա՝ կռվախնդիր քվեարկության նախօրեին:
Չնայած Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) ընտրություններին ընդհանուր առմամբ աջակցություն էր հայտնել, հետընտրական եզրակացություններում նշեց, որ Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է «երբեմն քաղաքականապես թելադրված որոշումներ», որոնք «կասկած են հարուցել նրա անաչառության ու անկախության հարցում»:
Իշխող կուսակցությանը Հայաստանի ընտրություններում աջակցելը Բրյուսելին հնարավորություն է տալիս հայերի շրջանում սնուցել եվրոպամետ տրամադրությունները, նպաստել երկրի հետագա հեռացմանը Ռուսաստանից եւ ապահովել ԵՄ ռազմավարական շահերը տարածաշրջանում ամբողջապես: (Սա հատկապես ակտուալ է Վրաստանում ԵՄ ազդեցության նվազման պայմաններում):
Բայցեւայնպես, ԵՄ-ն պետք է գիտակցի, որ նման մասնակի աջակցությունը վտանգում է խաթարել առանց այդ էլ ոչ մեծ այն ազդեցությունը, որ դաշինքն ունի՝ հենվելով նորմերի եւ արժեքների վրա արագ փոփոխվող միջազգային համակարգում:
Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում լայն տարածում ունի, եւ Մոսկվան շահագրգռված է ազդել առաջիկա ընտրությունների վրա, նույնիսկ թեկուզ միայն խառնաշփոթ առաջացնելու համար: Վերջին 35 տարիների ընթացքում Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է տարածաշրջանում: Մոսկվան պահպանում է փոքր, բայց խորհրդանշական կարեւորություն ունեցող ռազմական բազան հայ-թուրքական սահմանի մոտ, իսկ Ռուսաստանի տնտեսական կապերը Հայաստանի հետ ընդգրկում են մի քանի ռազմավարական ոլորտներ:
Սակայն Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմից եւ 2022 թվականին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո Հայաստանը հաջողությամբ խորացրել է իր հարաբերություններն ԱՄՆ-ի եւ ԵՄ անդամ պետությունների հետ: Մոսկվան անհանգստանում է ամերիկյան, թուրքական եւ եվրոպական ազդեցության աճից, հատկապես՝ Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման ուղու (ԹՐԻՓՓ) հետ կապված: Ռուսաստանի ուշադրության կենտրոնացումը Ուկրաինայի վրա՝ նվազեցրել է նրա ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչը նրան մղում է վերականգնելու իր ազդեցությունը հայաստանյան քաղաքականության մեջ:
Ռուսական «Վեդոմոստի» թերթի տվյալներով, (ՌԴ) նախագահի աշխատակազմի ղեկավարի ազդեցիկ առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն այժմ ղեկավարում է Մոսկվայի ռազմավարությունը Հայաստանի հարցում: Վերջին զեկույցներում քննարկվում է Մոսկվայի «փափուկ ուժի նոր մոտեցումը», որի շրջանակում 2026 թվականին Հայաստանը լինելու է առաջնային գոտի:
Երեւանում Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հանրային մեկնաբանությունների թվի աճի հետ չափազանց կարեւոր կլինի հետեւելը, թե ինչպես է զարգանալու իրավիճակը եւ արդյո՞ք կառավարությունը կշարունակի ցուցաբերել ընդդիմադիր ձայների նկատմամբ մոլդովական մոտեցումը:
Ադրբեջանն ու Թուրքիան եւս շահագրգռված են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը մնա իշխանության ղեկին: Փաշինյանը բանակցությունների համար առավել պատրաստ հայ առաջնորդն է 1990-ականների վերջից ի վեր, երբ Երեւանն ուներ ավելի ուժեղ բանակցային դիրք: Ձգտելով առաջընթաց ցույց տալ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս լավատեսություն հայտնեց, թե Թուրքիան «հուսով է, որ 2026 թվականին կձեռնարկի որոշ խորհրդանշական քայլեր» հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էլ թույլատրել է իր երկրից Վրաստանի եւ Հայաստանի միջով ապրանքների հիմնականում խորհրդանշական տարանցումը:
Երեւանի՝ որպես Վաշինգտոնի տարածաշրջանային ռազմավարական գործընկերոջ դերը խթան է Ամերիկայի աջակցությանը Փաշինյանին: ԹՐԻՓՓ նախագիծն ավելի է ուժեղացնում այդ մղումը, քանի որ նախագծի նկատմամբ լայն տարածում գտած մերժողական վերաբերմունք կա հայկական ընդդիմության տարբեր շրջանակներում: ԱՄՆ-ի համար ԹՐԻՓՓ նախագիծը պարզապես Հայաստանի եւ նրա երկու հարեւանների միջեւ խաղաղություն հաստատելու փորձ չէ. հաջողելու դեպքում այն կարող է Վաշինգտոնին Եվրասիայի սրտում ռազմավարական նշանակության հարցերում մրցակցության հնարավորություն ընձեռել:
Չնայած հունիսյան ընտրություններին որոշում պետք է կայացնեն հայերը, տարբեր միջազգային խաղացողներ հույս ունեն ազդել արդյունքի վրա՝ հօգուտ իրենց սեփական շահի: Նման դինամիկան սպառնում է Հայաստանը (եւ Հարավային Կովկասը) դարձնել կռվադաշտ, այլ ոչ թե կամուրջ, ինչպիսին այն պետք է դառնա:
Թարգմանեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ





