Մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 102 ամյակը մեծ շուքով նշվեց Լոնդոնի Քենսինգթոն թագավորական համայնքի Սբ. Քաթսբերթ եկեղեցում, մայիսի 21-ին: Այս բացառիկ համերգ-ցուցահանդեսը կազմակերպվել էր «Քլինգեն» երգչախմբի ու մշակութային ասոցիացիայի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի ջանքերով՝ Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանու ներքո:
Ողջույնի խոսքում ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն ընդգծեց մշակույթի դերը՝ որպես կապող կամուրջ Հայաստանի եւ Միացյալ Թագավորության ժողովուրդների միջեւ:
Դեսպանը նաեւ նշեց, որ այս տարի ՀՀ-ն եւ ՄԹ-ն տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը հնարավորություն է ընձեռում ՄԹ ժողովրդին ներկայացնելու Հայաստանի մշակութային հարուստ ժառանգությունը:
Իր ողջույնի խոսքում Անգլիական Սբ. Քաթսբերթ եկեղեցու հոգեւորական Ջեյմս Չեգվիդենը հանդիսականներին հայտնեց իր հիացմունքն ու սերը հանդեպ հայ երաժշտության, պատմության եւ արվեստի:
Երեկոյին ներկա Ալ.Հարությունյանի դուստրը՝ դաշնակահարուհի Նարինե Հարությունյան-Քյուչուքյանը, հիացած ու զարմացած էր համերգի բարձր կազմակերպվածությամբ, հայ եւ միջազգային երաժիշտների հմուտ եւ վիրտուոզ կատարումներով: Հատկապես նա հիացել էր Քլինգեն երգչախմբի բրիտանացի երգիչների հայերեն լեզվի վարժ առոգանության վրա եւ իր գնահատականի խոսքը հայտնեց մաեստրո Սիփան Օլահին իր կատարած ահռելի աշխատանքի ու նվիրումի համար:
Հայկական համայնքային խորհրդի ատենապետ Արմանդ Աբրամյանը, հանձին հայկական համայնքային խորհրդի ողջ անձնակազմի, իր երախտագիտությունը հայտնեց Սիփան Օլահին եւ նրա թիմին` ՄԹ-ում պարբերաբար նման ծավալուն, բազմաժանր, բազմաոճ համերգ-ցուցահանդեսներ կազմակերպելու համար: Հատկապես կարեւորելով այդ համերգների կրթական ու դաստիարակչական նշանակությունը մի երկրում, ուր ե՛ւ հայ, ե՛ւ բրիտանացի հանդիսատեսին դեռ ծանոթ չեն մեր մեծերի ստեղծագործություններն ու թողած մշակութային ժառանգությունը: Մի շարք երաժիշտներ Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայից եւ Թագավորական երաժշտական քոլեջից նոր բացահայտումներ կատարեցին իրենց համար Հարությունյանի ստեղծագործություններում, քանի որ Հարությունյանի Շեփորի կոնցերտից բացի այլ ստեղծագործությունների մասին չգիտեին:
Հարությունյանի գլուխգործոցներից (Կոնցերտ ջութակի եւ լարային նվագախմբի համար, Իմպրոմպտու թավջութակի եւ նվագախմբի համար, երգչախմբային երգեր եւ մեներգեր, գործիքային մենանվագներ եւ «Սայաթ-Նովա» օպերայից արիաներ) վարպետորեն կատարվեցին միջազգային ճանաչում ունեցող պրոֆեսիոնալ երաժիշտներ Անի Բատիկյանի՝ ջութակ, Սիփան Օլահի՝ տենոր եւ դիրիժոր, Քրիստոֆեր Հեջեսի՝ թավջութակ, Հայարփի Եղիկյանի՝ սոպրանո, Նարինե Մալխասյանի՝ սոպրանո, Մարիա Փալազյանի՝ դաշնամուր, «Քլինգեն» կամերային նվագախմբի եւ նույնանուն երգչախմբի կողմից: Համերգը եզրափակվեց Հարությունյանի «Հայրենիքիս հետ» կանտատով՝ գրված Հովհաննես Թումանյանի համանուն բանաստեղծության խոսքերով:
Նկարչուհիներ Աննա Վիրաբյանը եւ Նարինե Մալխասյանը նկարների ցուցահանդեսով հանդես եկան համերգի մասնակիցների առաջ:
«Քլինգեն» երգչախմբի եւ Մշակութային Ասոցիացիայի նպատակներից է Ալեքսանդր Հարությունյանի եւ հայ ուրիշ կոմպոզիտորների երաժշտական ստեղծագործությունները հանրահռչակելը Միացյալ Թագավորությունում՝ հայ եւ միջազգային երաժիշտների կատարմամբ:
ՆԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Լոնդոն