ԴԱՎԻԹ ԳՅՈՒԼԶԱՏՅԱՆ
Փետրվարի 10-ին լրացավ փիլիսոփա-լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Աթայանի ծննդյան 90-ամյակը: Այդ առթիվ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը ընդհանուր եւ համեմատական լեզվաբանության բաժնի (բաժնի վարիչ՝ պրոֆ. Վազգեն Համբարձումյան) նախաձեռնությամբ նույն օրը կազմակերպել էր գիտնականին նվիրված գիտաժողով, որի զեկուցումներն ընդգրկում էին լեզվափիլիսոփայության, տարաժամանակյա եւ համաժամանակյա լեզվաբանության խնդիրներ: Նախքան նիստի սկսվելը Է. Աթայանի այրին՝ տիկին Ջեմման, Էդուարդ Աթայանի գրքերից նվիրեց ներկաներին: Զեկուցումներով ելույթ ունեցան Մերի Սարգսյանը (լեզվի ինստիտուտ), Դավիթ Գյուլզատյանը (Վանաձորի պետական համալսարան), Աշոտ Գալստյանը (Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ), Անահիտ Գալստյանը (լեզվի ինստիտուտ), Տորք Դալալյանը (լեզվի ինստիտուտ, հնագիտության ինստիտուտ), Սիրանուշ Հովհաննիսյանը (ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղ): Թե՛ զեկուցումների ընթացքում, թե՛ նիստին հաջորդած գողտրիկ գինեձոնին Աթայանի սաները հուզառատ հուշերով հագեցրին օրը: Կարելի է ասել՝ հայերանագիտության նվիրական հաստատության մեջ մի քանի գեղեցիկ ժամով ապահովվեց աթայանական մթնոլորտ՝ շնորհիվ պրոֆ. Արամ Բարլեզիզյանի, դոցենտ Հրաչիկ Հակոբջանյանի, պրոֆ. Վազգեն Համբարձումյանի, Սվետա Գալստյանի, Գեղեցիկ Մարգարյանի, Ռոբերտ Սանթրոսյանի եւ այլոց:
***
1990 թ. Է. Աթայանը ԵՊՀ-ի դասախոսների եւ տարբեր բուհերից այնտեղ գործուղված լեզվաբանների համար վերապատրաստման դասընթաց էր անցկացնում ընդհանուր լեզվաբանությունից: Ինձ էլ առաջարկեց մասնակցել (ասպիրանտ էի): Ավելորդ է տեղեկացնելը, թե սուղ ժամաքանակի պայմաններում ինչ վարպետությամբ հասցրեց մատուցել գիտակարգի ուրվագիծը: Ամենից տպավորիչը երեւի դասասկիզբն էր, որը հարց էր՝ ուղղված լսարանին. «Ի՞նչ եք կարծում, որտեղի՞ց կարելի է սկսել ընդհանուր լեզվաբանության դասընթացը»: Համարյա բոլորն իրենց կարծիքն ասացին, եւ բոլորի պատասխանին ի տրիտուր՝ Է. Աթայանն արձագանքում էր մեկ բառով՝ ճիշտ է: Երբ կարծիքներն ավարտվեցին, ունկնդիրները տարակուսած սկսեցին ծիծաղել. «Հիմա որտեղի՞ց սկսենք»: Աթայանը պատասխանեց. «Դուք արդեն ասացիք».- ապա մի փոքր դադար տալով՝ շարունակեց.- լեզվաբանության դասընթացը կարելի է սկսել կամայական տեղից, միայն թե որտեղից էլ սկսելու լինեք, համակարգելու եք այնպես, որ դա ներդաշնակ լինի հաջորդ բաժինների համակարգմանը, ապահովվի գիտակարգի տրամաբանական շղթան»…
Արդ՝ Աթայանին վերաբերող խոսքս կարող եմ սկսել լեզվաբանին կամ նրա ուսմունքին վերաբերող կամայական տեղից: Իսկ այդ «տեղերից» մեկն իր մի գիրքն է, որի տիտղոսաթերթը բովանդակում է իր սանին՝ նվաստիս, իբրեւ պատգամ արված մակագրության հետեւյալ հատվածը. «…. Գիտնականի խնդիրը գիտության մեջ դարիս ճշգրտության ներդաշնակումն է հավերժ կենդանիին, որոնց մեկուսի գոյությունը ոչ թե գիտություն, այլ տգիտություն է»: Շատ պիտի ուզենայի, որ այս պատգամը երիտասարդ հետազոտողներից յուրաքանչյուրն իրենը համարեր, եւ այն յուրացնելու դեպքում գիտության տաճար մուտք գործողը նախ՝ կգիտակցեր, որ իր պստլիկ հայտնագործությունը սեփական անձի մենաշնորհը չէ, այլ բնության կամ Աստծո պարգեւը, ապա՝ պարտավորված կլիներ անսալու Աթայանի հաջորդ պահանջին. «Ինչ ոլորտում էլ լինես, եթե քո ընտրած գիտությունը չես կապելու կյանքին, ապա ինքնանպատակ է տքնանքդ»:
***
Դասախոսական աշխատանքի փորձառություն Էդուարդ Աթայանը ձեռք է բերում Երեւանի պետհամալսարանի ընդհանուր եւ համեմատական լեզվաբանության ամբիոնում, որի վարիչը համբավավոր լեզվաբան Էդուարդ Աղայանն էր: Թե ինչ էր փոքր աշխատակազմով այդ ամբիոնը եւ ինչ դերակատում ուներ Է. Աղայանի պաշտոնավարման ժամանակ, լավագույնս տվել են Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի՝ ԵՊՀ ստուգայցի եկած փորձագետ-բանասերները: Վերջիններս բոլոր ամբիոնները ստուգել-աղմկելուց հետո Է. Աղայանի ամբիոն մուտք գործելուն պես ականատես են լինում մի բանի, որին չէին հանդիպել ոչ միայն Երեւանում, այլեւ անծայրածիր Սովետմիության եւ ո՛չ մի համալսարանում: Նրանց ներս մտնելուն պես Աղայանը հեգնանքով այսպես է դիմում. «Եկաք ստուգելու, հա՞: Բարով եք եկել, բայց ասեմ միանգամից, որ ես եւ իմ գործընկերները ոչ մի ծրագիր չունենք, երբեք ամբիոնի նիստ չեմ անում, իմ ամբիոնի բոլոր մասնագետները բանիմաց մարդիկ են, բոլորն իրենց գործը գիտեն եւ պարտաճանաչ կատարում են: Եթե դժգոհ եք, ահա՛ ձեզ չհրկիզվող պահարանի բանալին, եկեք, ինքներդ էլ ղեկավարեք… »: Է. Աղայանից պատկառելով՝ մոսկովյան փորձագետները հայտարարում են, որ բացառություն են անում եւ այդ մի ամբիոնում ստուգում չեն անցկացնի: Աղայանը, քթի տակ ժպտալով, հանում է կոնյակի շիշը, կանչում է իր երկու սիրելի երիտասարդ լեզվաբաններին՝ Էդուարդ Աթայանին ու հայտնի այլախոհ Էդմոն Ավետյանին, եւ մի անօրինակ զրույց է սկսվում գիտականության ու քաղաքականության խառնուրդով, որով որքան էլ մի պահ հիացած են մնում հսկիչները, բայցեւայնպես գիտեին, որ այդ սենյակից դուրս գալուց հետո միանգամից մոռացության էին տալու եղելությունը՝ բավարարվելով մի հայտարարությամբ. «Երեւանի պետհամալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնը մի անօրինակ մոլորակ է Խորհրդային Միության համալսարանական ամբիոնների շարքում»… Զրույցի ընթացքում, երբ թերթում են Աթայանի եւ Ավետյանի ռուսերեն հոդվածները, երկուսի համար էլ նույն բանն են ասում. «Մեզ մոտ միայն առաջին նախադասության համար կմերժվեին այս հոդվածները, եւ պատասխանատվության կկանչվեին հեղինակները: Դուք ինչպե՞ս եք կարողանում սրանք տպագրել»: Աղայանը հանգիստ պատասխանում է՝ իմ երաշխավորությամբ… Ավելի՛ն. եթե Աղայանը կանաչ լույսն էր վառ պահում իր սիրելի երիտասարդների համար, ապա տարիներ շարունակ կարմիր լույս էր դեմ տալիս Էդմոն Ավետյանին ձերբակալելու բազմաթիվ որոշումներին: Միայն Բրեժնեւի մահվան օրը չկարողացավ փրկել Ավետյանին. հենց նույն օրը նրան ձերբակալեցին երկու այլ այլախոհի հետ, փոխարենը, սակայն, երբ ՊԱԿ-ից բնութագիր պահանջեցին Ավետյանի մասին, ամենադրական բնութագիրն ուղարկեց Աղայանը: Երկրորդ անգամ են պահանջում, նախորդից ավելի լավ բնութագիր է ուղարկում… Տարիներ հետո Է. Աթայանն արժանավորապես է գնահատում իր ուսուցչին ու ավագ գործընկերոջը՝ երկու ծավալուն հոդված տպագրելով նրա հիշատակին՝ ի դաս եկող սերունդների:
Ահա այդ «անօրինակ մոլորակում» է կոփվում Աթայանը՝ իր մտերիմ ընկերների՝ Էդմոն Ավետյանի եւ գրականագետ-արվեստաբան Լեւոն Ներսիսյանի հետ բարերար ազդեցություն թողնելով ժամանակի վրա, ցրել-փշրելով այդ ժամանակի մտայնության կարծրատիպերը:
***
Հեղաբեկիչ էր Է. Աթայանի գործունեությունը լեզվաբանության եւ փիլիսոփայության մեջ: Նա սկսում է ժամանակի ամենատարածված ուղղությունից՝ կառուցվածքային լեզվաբանությունից, իր «Կառուցվածքային շարահյուսության առարկան եւ հիմնական հասկացությունները» գրքով, որի առթիվ ընկերը՝ Է. Ավետյանը, հետեւյալն է ասում. «Էրիկ Աթայանը տասը տարով առաջ է մեր ժամանակի լեզվաբանական մտքից»: Սկսելով կառուցվածքաբանությունից՝ նա ներսից է քանդում այդ լեզվաբանության առերեւույթ կարծր պատերը՝ հիմք ստեղծելով իր գալիք տրամախոսության (դիալեկտիկա) համար: Որքան էլ մաթեմատիկական ուղղությունն էր գերիշխում լեզվաբանության մեջ, այնուամենայնիվ առարկայի ճշգրտությունը կաղում էր: Այսօր դյուրին է սա նկատելը, որովհետեւ արդեն վաղուց Աթայանի տեսությունն առկա է, բայց ժամանակին հարկ էր նկատել կարողանալ, որ որոշարկված չէին առարկայի սահմանները: Եվ ահա շարահյուսության առարկան Աթայանի ձեռամբ ճշգրիտ սահմանազատման է ենթարկվում շարահյուսական նվազագույն միավորի, շարահյուսական նվազագույն կառուցվածքի եւ ասույթի հարաբերակցությամբ: Տրամախոսությունն ապահովվում է՝ ա) շարահյուսական ընդհանուր կամ կենտրոնական միավորի բացահայտմամբ, որը յուրօրինակ հանգույցի դեր է կատարում ասույթի շղթայավորման համար, բ) ինչպես նաեւ ֆրանսիացի լեզվաբաններ Ժակ Դամուրետի եւ Էդուարդ Պիշոնի՝ նույնպես ֆրանսիացի Լյուսիեն Տենիերի միջնորդությամբ միայն բային վերագրվող արժութայնության (վալենտականության) տեսության հիմնովին վերանայման, սահմանների ընդլայնման աթայանական մեկնությամբ, ըստ որի՝ արժութայնությունը հատուկ է ոչ միայն բային, այլեւ յուրաքանչյուր կապակցունակ միավորի. տարբերակում է լեզվական կամ պարտադիր եւ խոսքային կամ երկրորդային արժույթներ, որոնցից խոսքայինը դրսեւորվելիս արդեն դառնում է լեզվական փաստ՝ դրանով իսկ փոխարկվելով պարտադիրի: Այս սուր ու նուրբ նկատումների տրամախոսությունը հեղինակին վաղ թե ուշ մղելու էր առավել ընդգրկուն ու խորքային քննախոսության, որի առահավատչյան թե՛ անսովոր վերնագրով, թե՛ հայեցակերպերի նորարարական տարափով, թե՛ շնչակտուր անող արագընթաց գեղարվեստական ոճով շշմեցուցիչ ազդեցություն էր թողնելու իր ժամանակի եւ գալիքի լեզվաբանական ու փիլիսոփայական մտածողության վրա: Խոսքը որքան՝ բանաստեղծական, նույնքան էլ փիլիսոփայական խորագրով «Լեզվական աշխարհի ներքին կերպավորումը եւ արտաքին վերաբերությունը» գրքի մասին է, որը լույս տեսնելուց հետո արժանացավ համալսարանի «Տարվա լավագույն գիրք» կարգանվամբ մրցանակին, եւ սա հեղինակի դոկտորական ատենախոսությունն էր, որով բանասեր հեղինակին շնորհվեց փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան: Աստիճանաշնորհմանը մեծապես նպաստեց մաթեմատիկոսի համալսարանական կրթությամբ համբավավոր փիլիսոփա-նշանագետ-լեզվաբան-արվեստաբան Ալեքսեյ Լոսեւը, որը, չլինելով Աթայանի ատենախոսության պաշտոնական ընդդիմախոսը, մտահոգ, որ մարքսիստները կարող են խոչընդոտել Աթայանի առաջընթացը, ինքնակամ կարծիք է ուղարկում գիտական աստիճանաշնորհման հանձնաժողովին՝ իր համբավն ասպետորեն ի սպաս դնելով կրտսեր գործընկերոջ զորակցությանը եւ ուղղակի մուտքի տոմս ապահովելով Աթայանի համար փիլիսոփայության պաշտոնական «աշխարհ»՝ տասը մեքենագիր էջ զբաղեցնող կարծիքն ավարտելով հետեւյալ նախադասությամբ. «Էդուարդ Աթայանի դոկտորական ատենախոսությունը տոն է խորհրդային գիտության համար»… Այստեղ տեղը չէ Է. Աթայանի լեզվանշանագիտական փիլիսոփայության վերլուծության. նշեմ, սակայն, որ հենց միայն շարադրանքի առումով հիշյալ գիրքը հայոց վսեմ գրական լեզվի կոթող է, որը կարոտ է, ի թիվս այլոց, նաեւ՛ բանասիրական լուրջ քննության: Այս գրքով Էդուարդ Աթայանը հիմնեց նորագույն լեզվաբանության փուլը, որը ընդհանուր լեզվաբանության հիմնադիր Վիլհելմ ֆոն Հումբոլդտի՝ տրամախոսական միաչափության սկզբունքով ստեղծած համադրական լեզվաբանության եւ Ֆերդինանդ դը Սոսյուրի՝ տրամաբանական երկչափության սկզբունքով հիմնած համակարգային-վերլուծական լեզվաբանության բեկումնային շարունակությունն է՝ տրամախոսական բազմաչափության սկզբունքով ստեղծված գերհամադրական լեզվաբանությունը:
Իր այս գլխավոր քննախոսությունը շարադրելով հայերեն՝ Է. Աթայանը հարստացրեց մեր լեզուն տերմինաբանական բազմաթիվ նորակերտումներով՝ իր սաներին նկատել տալով հայերենի բառակազմական ճկունությունը եւ դրանից լիաթոք օգտվելու անհրաժեշտությունը. հայերենը մի լեզու է, որը, ինչպես օրինակ՝ գերմաներենը, ունի դինամիկ ձեւի այնպիսի դրվածք, որը թելադրում է օտար տարրերը յուրացնել թարգմանաբար՝ ի հակադրություն ռուսերենի կամ անգլերենի, որոնք իրենց հատուկ դինամիկ ձեւով հակված են այդ տարրերը ընդունելու պատրաստի ձեւով՝ փոխառությամբ: Դա շատ պարզ երեւում է նաեւ նույն գրքի հայերեն եւ ռուսերեն տարբերակներից: Հայերեն գրքում հունա-լատինական բառերը հայերեն համարժեքներով են, ռուսերենում անփոփոխ են հունարեն եւ լատիներեն տերմինները:
Է. Աթայանի դիտարկմամբ՝ աշխարհը միասնական է բոլոր դրսեւորումներում: Լեզուն եւս աշխարհի մի մասն է, եւ լեզվական օրինաչափությունները բացատրելի են արտաքին աշխարհի օրինաչափություններով, նույնական են դրանք: Լինելով աշխարհի մի մասը՝ լեզուն ամփոփում է իրենում այդ աշխարհն ամբողջությամբ:
Լեզվական բոլոր միավորներում, ընդհուպ նվազագույնը, այս կամ այն չափով պարփակված է ողջ լեզվական համակարգը ճիշտ այնպես, ինչպես արտաքին աշխարհի նվազագույն տարրերը հենց այդ աշխարհի մանրակերտն են: Ահա այս միասնականության սկզբունքն էլ հետագայում Աթայանին թույլ է տալիս լեզվական տերմինաբանությունն ազատորեն կիրառել ոչ լեզվական փիլիսոփայության, երաժշտագիտության եւ այլ ոլորտներում եւ արտալեզվական իրակությունների անվանումներն առատորեն բերել լեզվական աշխարհ…
***
Լինելով համընդգրկուն մտահորիզոնի տեր գիտնական-փիլիսոփա, քաջ տիրապետելով համաշխարհային մշակույթի ձեռքբերումներին՝ Է. Աթայանը ներդաշնակում էր միջազգայինը հայկականի հետ. նա ինքը միջմշակութային հաղորդակցի լավագույն օրինակ էր իր գործունեությամբ: Տիրապետելով մի քանի լեզվի՝ ցուրտ ու մութ տարիներին կատարել եւ լույս աշխարհ է բերել բազմաթիվ թարգմանությունների մի գեղեցիկ ընտրանի: Այդ դժվար տարիներին է կատարել նաեւ համաշխարհային լեզվաբանական, փիլիսոփայական երկերի քաղվածաբար հայերեն թարգմանությունը, որը հավաքել-խմբագրելու դեպքում երկհատորանոց պատկառելի ծաղկաքաղ կունենանք: Իր այդ թարգմանական աշխատանքն այդպես էլ խորագրել է՝ «Ծաղկաքաղ»: Աթայանը չհասցրեց խմբագրել իր այդ աշխատանքը, եւ այսօր ջանացավ լուրջ հովանավորի կարիք ունենք՝ արեւերես բերելու ինքնանվեր աշխատանքի արդյունքը՝ ի սեր նրա տքնանքի եւ մեր երիտասարդ մասնագետների… Ներդաշնակումը, սակայն, մեկ կամ մի քանի անձով գլուխ գալ չէր կարող: Դրա համար ազգային լայն մտահորիզոն ապահովելու հնարավորություն էր պետք, որի մտահոգությամբ ժամանակի ղեկավարներին նա բազմաթիվ նամակներ էր ուղարկում, որոնք այդպես էլ մնացին «ձայն բարբառոյ յանապատի»: Սակայն նրա մտահոգության գլխավոր առարկաներն էին հայությունը, Հայաստանի ճակատագիրը, որոնց փրկության իր բանալին էր առաջարկում, որը բացորոշ մեր ձեռքն է հանձնում իր «Հայեր եւ հայք», «Լեզու, պետություն, ազգ», «Ազատություն եւ խորհրդանշում», «Խորհրդանշումը՝ ազատագրման ճանապարհ», «Մեր խաչը» եւ այլ քննախոսություններով: Ի լրումն այս ամենի՝ բանավոր թե գրավոր հաճախ էր զգուշացնում ռուսական վտանգի մասին՝ հաճախ էլ եզրափակելով իր խոսքը այսպես. «Ռուսաստանից պիտի կարողանանք պոկվել, ինչքան՝ շուտ, այնքան՝ լավ»… Եվ սա տեսական վարկած չէր նրա համար, այլ խիստ առարկայական համոզմունք: Նա որդին էր 37-ի աքսրյալ գրող Ռաֆայել Աթայանի եւ վերջինիս հալածյալ ընտանիքի զավակը: Երբ հորն աքսորելուց հետո սեւազգեստ չեկիստները հայտնվում են Աթայանների տանը, մանուկ Էրիկի ականջներում ամրագրվում եւ հետագա տասնամյակներում հնչում է դրանցից մեկի՝ ժամանակին իր համար անհասկանալի նախադասությունը. «Այս տանը կարելի է ապրել»… Բայց շուտով այդ նույն մանուկը հասկանում է ասվածի իմաստը, երբ իրենց տեղափոխում են նկուղ, ուր գիշերները լույսը միշտ վառ էր լինում, եւ ինչքան բացում էր աչքերը Էրիկը, մորը միշտ օրորոցի մոտ էր տեսնում՝ հակված կրտսեր եղբոր վրա, որ հանկարծ սենյակում վխտացող առնետները չվնասեին ծծկեր երեխային…
Աթայանի սաները նրան, բարեբախտաբար, այցելում էին նրանց նախաաքսորական բուն տուն: Իսկ այդ տունը անասելի ձգողական ուժ ուներ: Դա հարազատ հոգիներ կռել-կոփելու դարբնոց էր, որտեղ մթնոլորտարարը պաշտոնական համալսարաններից դուրս մի այլ համալսարանի էր ընտելացնում իր սիրելիներին, որոնցով ապրում, բերկրում էր, ազատության եւ անպարփակ սիրո լիցքեր էր բաշխում իր նախընտրած արժանավորներին եւ անողոք պայքար էր մղում հանուն նրանց: Է. Աթայանը հիվանդանալու չափ խորշում էր ժողովներից: Ինքնակամ էր ժողովների ներկայանում միայն այն դեպքում, երբ իմանում էր՝ վարչական վտանգ է կախված մեկի գլխին: Մինչեւ վերջ լուռ նստում էր ժողովին, եւ դա վտանգվածի փրկությունն էր: Նրա ներկայությամբ անհնար էր անհեթեթ որոշումներ կայացնել: Նրա ներկայությամբ հիմարություններ դուրս տալ չէր կարելի… Ի դեպ, զորավոր էր նրա լռությունը: Սովոր էինք նաեւ նրա հետ լուռ հաղորդակցության:
Այո՛, Վերնատուն էր Էդուարդ Աթայանի նվիրական կացարանը, որտեղ ընկերներ էին ոչ միայն այցելուները, այլեւ տանտերերը՝ տեր եւ տիկին Աթայանները:
Լույս էր ճառագում Աթայանի հայացքից ու հոգուց, լույս էր բաշխում նա մեզ: Լուսողող ափսոսանքով էինք հրաժեշտ տալիս ամեն անգամ միմյանց եւ կարոտ ենք հիմա առավե՛լ նրա թախծալույս հայացքին եւ նրա ուրվագծած՝ հայության փրկության լուսեղեն ճանապարհին…