Թրամփի նախագահ ընտրվելը պիտի որ անակնկալ չլիներ քաղաքականապես գրագետ մարդկանց համար, հատկապես նրանց, ովքեր ԱՄՆ-ում ապրող հանրայնորեն ակտիվ ընկերներ ունեն եւ տիրապետում են քաղաքական, տնտեսական , անգամ կենցաղային մակարդակով տեղեկատվությանը: Եւ ընտրություններ կոչված միջոցառումը մեր ժամանակներում վաղուց ամենուր վերածվել է արդեն հետեւանքի, վերջին արարի` մեծ ծրագրավորման, նախորդած մի շարք տպավորիչ ու հանրային գիտակցության վրա ազդող գործողությունների արդյունք, որոնց գործիքակազմը վերջին տարիներին ընդլայնվել է նոր տեխնոլոգիաների, եւ, ինչու չէ, հանրության վրա հոգեներգործուն միջոցների կիրառմամբ: Դրանցից ամենակարեւորն, օրինակ, թույլ ֆիգուր դեմոկրատ Հարիսին Թրամփին մրցակից դարձնելն էր, ու դա անպայման խորքային կառավարողների գիտությամբ է արվել: Չխորանանք` մասնագետները ժամանակին լավ էլ վերլուծել են ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքը, մենք ուղղակի դիտարկենք Թրամփի նախագահ դառնալու փաստով սպասվող աշխարհաքաղաքական տեկտոնիկ փոփոխությունների համատեքստը մեր անելիքների առումով, նշելով միայն, որ Թրամփի նախընտրական տրյուկը` Արամ Առաջին կաթողիկոսին զանգահարելու եւ միլիոնի հասնող հայ համայնքի աջակցությունը հայցելու երեւույթով, արդեն իսկ կարեւորել է հայերին, հայկական գործոնը ե՛ւ ԱՄՆ-ում, ե՛ւ ողջ աշխարհում, անկախ հայկական խնդիրների հանդեպ Թրամփի հետագա մոտեցումներից: Միգուցե նաեւ դա նպաստեց, որ Արարատ Միրզոյանի քաղաքական կոնյուկտուրայով ասածը` «Ցեղասպանությունը մեր օրակարգի առաջնահերթությունը չէ», շատ արագ ուղղեց նրա տեղակալը`«Ցեղասպանությունը մեր օրակարգում է, բայց ամենաառաջնահերթ հարցը չէ»:
Այժմ մինչեւ հունվար աշխարհի առանցքային իրադարձությունների կիզակետերում սպասողական վիճակ է լինելու մի երկու ամիս, այդ թվում մեր տարածաշրջանի թեժ կետերում, անգամ մեր հարեւանների ու մեր երկրի ներքաղաքական գործընթացներում, քանի որ շատ վերլուծություններով վերանայումներ պետք է լինեն բոլոր առումներով. մինչեւ այժմ տարվող պատերազմները, տնտեսական ծրագրերը, վերպետական նախագծերը մեղմ ասած ձախողել են դրանց նախաձեռնողների, առաջին հերթին` ԱՄՆ-ի հավակնությունների իրացումը, ԱՄՆ-ի տնտեսությունը դրել հարվածի տակ, եւ Թրամփը հենց դրա համար էլ եկել է, որ սրբագրի շատ բան` ունենալով նաեւ ամբողջովին հանրապետականներով լցոնված նոր Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի աջակցությունը: Պատերազմները դադարեցնելու խոստումով եկած Թրամփը, սակայն, հազիվ թե խորքային կառավարիչների նախագծումներից դուրս լինի`ուղղակի նրա կոշտ կերպարն ու պահպանողական հանրապետականների վերադարձն էր պետք երեւի` ամերիկյան ծրագրերն ավելի ինտենսիվ երկրի դրսում ու ներսում իրականացնելու համար: Այդ իմաստով չգիտենք, թե արդյոք Թրամփը կշարունակի՞ խրախուսել Իսրայել-Իրան հակամարտությունը, որի դեպքում Իրանի պատասխան հարվածները կարող են վերաբերվել նաեւ Ադրբեջանին, ու ընդհանրապես մեր սահմաններին մոտիկ վտանգավոր իրավիճակ ստեծվի:
Իսկ մեր վերլուծաբանների գնահատականնեը, թե հայ, վայ, Հայաստանի իշխանությունը Թրամփի դեմ է աշխատել (տեսա՞ք` Մակունցին Հարիսի նախընրական հանդիպմանը), կամ, հակառակը, Թրամփը աշխատելու է Փաշինյանի հետ (համենայնդեպս Թրամփին իր շնորհավորանքում Փաշինյանը հայցում էր դա), առնվազն շտապողական են: Իրականում մեծ խաղացողների համաձայնություններն ու անհամաձայնությունները դեռեւս առջեւում են, եւ դրանց պետք է սպասել եկող տարեսկզբից, անգամ մեր կնքած որեւէ պայմանագիր, անունն ինչ ուզում է լինի, թուղթ է` մինչեւ մեծերը չպայմանավորվեն: Անգամ այն գնահատականները, թե ո՞ր երկրների ղեկավարների հետ Թրամփն ավելի մերձ հարաբերություններ ունի`ոչինչ չեն նշանակում, որովհետեւ անձերի քաղաքականություն չի իրացվում այդ երկրում, այլ ներքին եւ արտաքին տնտեսական շահն է առաջնայնություն, դրանցով է առաջնորդվելու Թրամփը ե՛ւ Իրան-Իսրայել, ե՛ւ Ռուսաստան-Ուկրաինա բախումների, եւ այլ տարածաշրջանային իրողությունների առումով: Բնականաբար Արեւմուտքը շարունակելու է Ռուսաստանին դուրս մղել որտեղից հնարավոր է, այդ թվում մեր տարածաշրջանից, բայց եւ չի բացառվում, որ Թրամփն ու Պուտինը շատ հարցերում կարողանան պայմանավորվել` մեզ համար դեռեւս անկանխատեսելի հետեւանքներով, այսինքն` այս երկամսյա սպասումը ոչ միայն բոլորին է վերաբերում, այլ նաեւ մեզ:
Առայժմ բոլորը սպասման մեջ են, չշտապելը նաեւ մեր քաղաքական ուժերին է վերաբերում, որպեսզի նրանք խոստումներ չտան ոչ այս, ոչ այն, ոչ մյուս կողմերին, սառեցնեն արտաքին ակտիվությունը` մինչեւ հասկանանք, թե աշխարհը ի՞նչ է ուզում մեզնից Թրամփի գալով, որը նախ տնտեսական գործիչ է, նրան տնտեսական շահն է նախ հետաքրքրելու նաեւ ու հատկապես մեր տարածաշրջանում, եւ հենց լոգիստիկ առումով նրան հազիվ թե հետաքրքրեն անձերը, այլ` միայն առաջարկներն ու մոտեցումները:
Կարծում եմ եւ հուսով եմ` սա նաեւ գիտակցվում է Հայաստանում, քաղաքական կշիռ ունեցող ուժերը դա հասկանում են եւ հիմա կշռադատում են իրենց անելիքը նոր իրողությունների համատեքստում, ու հարկ է, որ նրանք այս երկու-երեք ամսվա սպասման ընթացքում սխալներ չանեն:
Թրամփը բիզնեսմեն է, նա Ադրբեջանում եւս տնտեսական հետաքրքրություններ ունի, ռուսական հսկայածավալ շուկային նույնպես այդ տեսակետից է նայելու, մեր տարածաշրջանն ամբողջովին դիտարկելու է տնտեսական շահերն իրացնելու հարթակ որպես, ու պիտի որ այստեղ պատերազմ չուզենա: Ռուսաստանն ու Իրանը միասին են դիմակայելու արեւմտյան շահերին, ու Թրամփ, Բայդեն, թե՞ մեկ ուրիշը` Հայաստանը բոլոր այդ շահերի` մի կողմից վտանգավոր, մյուս կողմից, խելք ունենալու դեպքում, շահաբեր կիզակետում է: Եւ ուզած նախագիծ` խաղաղության խաչմերուկ, թե պայմանագիր, անունը կարեւոր չէ, նախ ենթակառուցածքների, ճանապարհների մասին է Արեւմուտքի համար էլ, Ռուսաստանի համար էլ: Այսինքն` Թրամփ, թե Պուտին, Բայդեն, թե Պուտին, հանրապետական, թե դեմոկրատ` մեզ համար վտանգը չի պակասում:
Ի դեպ, վերջին տասնօրյակում եւ այս վերջին մի քանի օրն էլ Հայաստանի խորհրդարանում շարունակվող բյուջետային քննարկումների լուսաբանումը ինտրիգների եւ խարդավանքների շեշտադրումներով ծածկելը շարունակում եմ համարել ուղղորդվող` տեսանելի չդարձնելու համար այն անբարենպաստ վիճակը, որ սպասում է մեզ եկող տարվա բյուջեով. բյուջեի քսան տոկոսը դեֆիցիտն է, արտաքին պարտքը` 12 միլիարդ դոլարից ավելի, տնտեսական կանխատեսվող աճը` ճկույթաչափ, նոր տարվա սկզբին ջրի, գազի, էլեկտրաէներգիայի գների վերանայման (թանկացման) հայտեր են ներկայացվելու համապատասխան հանձնաժողովին, տրանսպորտը թանկանալու է, իսկ կենսաթոշակի բարձրացում, օրինակ, չի պլանավորված: Վատ հեռանկար է, եւ սովորական հայի շուրջ սոցիալական օղակը սեղմվելու է: Ոչինչ չեն նշանակում բոլոր այն բլա-բլաները, թե, վայ, էսուէն առողջապահական, սոցիալական հասցեական ծրագրերն ենք անում, ինստիտուցիոնաաաաա՜լ բարեփոխումներ, ֆլան-ֆստան, ես, օրինակ, շատ բարձր գնի պատճառով երկու տարի է` չեմ կարողանում աչքս վիրահատել, ի՞նչ ինստիտուցիոնալ բարեփոխումներից եք խոսում:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ.– Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը հետաքրքական բացահայտում է արել` մոտակայում Բաքվում կայանալիք կլիմայական գագաթնաժողովից առաջ. ըստ նրա`Բաքվի հայ գերիներին փոխանակելու են, նա չի ասել կոնկրետ ինչի կամ ում հետ, բայց նրա խոսքից ենթադրվում է` Արցախում սպանված ադրբեջանցիների դիակներից մնացած մասունքների հետ, որոնք որոնվում-գտնվում են եւ հայկական կողմի ձեռքում են:
Հեղինակի յութուբյան հրապարակումներն` այստեղ.