Վերջին մի քանի օրերն առանձնացան Փաշինյան- եկեղեցի ցանցային բախումներով: Իր ֆեյսբուքյան էջով կուսակրոնության ուխտը խախտելու մեղադրանքներ հղելով եկեղեցու առանձին սպասավորների եւ անգամ Ամենայն հայոց կաթողիկոսին` Նիկոլ Փաշինյանը կարծես պատերազմ է սկսել Հայ եկեղեցու դեմ, թեեւ իր բացատրություններով` նպատակը եկեղեցու բարքերի մաքրումն է, այդպիսով բացելով Պանդորայի արկղը մարդկանց քննարկումների համար եկեղեցու եւ հոգեւորականության վերաբերյալ: Հանրության լայն շերտերը ներգրավվել են այդ քննարկումներում` տարբեր շարժառիթներ տեսնելով Փաշինյանի թելադրած օրակարգում.Փաշինյանն ուզում է քանդել միակ ուժեղ կառույցհը, որն ազդեցություն ունի հայ մարդկանց վրա հայրենիքում եւ Սփյուռքում, ընդ որում` հնչում են եկեղեցին քանդելու վերաբերյալ նրան ուղղված մեղադրանքներ` տեղավորելով կատարվողը թուրք-ադրբեջանական պատվերի շրջանակում: Կան շերտեր էլ, որոնք կարծում են, որ եկեղեցին , այո, պետք է բարեփոխվի, նրա ներքին բարքերը պետք է մաքրվեն, բայց Փաշինյանի ընտրած հանրային մեղադրողի եւ կոմպրոմատային կեցվածքը ընդունելի չեն: Կան նաեւ Փաշինյանի դիրքորոշման պաշտպաններ եւ կողմնակիցներ: Ամեն դեպքում երեք շերտի համար էլ անհասկանալի է, թե ինչու Փաշինյանը հենց հիմա եւ անսպասելի սկսեց այդ դիսկուրսը, եւ այդ հարցում էլ կարծիքները տարբեր էն. որ ինչ-որ վատ բան է կատարվելու` ստորագրվելիք խաղաղության փաստաթղթին կից հավելյալ փաստաթղթեր են պարտադրվելու` նոր պահանջներով, ասենք` ադրբեջանցիների վերադարձ նախատեսող, չնայած այդպիսի խոսույթն ադրբեջանցիերի հետ Հայաստանի արտգործնախարարը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հերքեց, կամ Սյունիքով միջանցքն են բացելու` մեզ համար աննպաստ պայմաններով (Էրդողանը Լաչինում այդ միջանցքի բացման մասին շատ վստահ էր խոսում): Ու Փաշինյանն այս նոր դիսկուրսով շեղում է մարդկանց: Կամ` Հայ եկեղեցու վերնախավը Կրեմլի ազդեցության տակ է` սա է խնդիր իշխանության համար, եւ կամ` Փաշինյանը վտանգ է տեսնում Հայաստանի միակ հեղինակավոր, իստիտուցիոնալ կառույցից ու փորձում է ի դեմս նրա առաջնորդի եւ մի շարք հայտնի հոգեւորականների` հեղինակազրկել բուն կառույցը, թեեւ խոսում է բարքերը մաքրելուց:
Ամեն դեպքում` հրապարակային այս դիսկուրսն, իրոք, վարկաբեկում է ողջ կառույցը` պետություն չունենալու պարագայում ժամանակ առ ժամանակ որպես պետություն հանդես եկած, ժամանակի փորձություններին դիմակայած Հայոց եկեղեցին, եւ կատարվողը վիրավորական է բոլոր հայերիս համար` թշնամի պետությունների հրճվանքի ֆոնին:
Աշխարհաքաղաքական համատեքստը
Հենց մեր կողքին` Լաչինում մեզ ոչ բարեկամ /մեղմ ասած/ եռյակը օդանավակայան է բացում, որը կարող է ոչ միայն Իրանի, այլեւ հենց Հայաստանի դեմ գործողությունների համար ռազմական ենթակառուցվածք դառնալ, իսկ աշխարհաքաղաքական կենտրոններն հենց այդ տարածքում զգուշացնում են էսկալացիայի վտանգի մասին: Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսարան է բացվում, որը մի կողմից կարող է զսպիչ դեր ունենալ լարվածություն արտահանողների համար, բայց մյուս կողմից` գրգռել Ֆրանսիայի տարածաշրջանային մրցակիցներին, հատկապես Ռուսաստանին`ամեն տեսակի սադրանք հնարավոր դարձնելու առումով: Ի վերջո հինգշաբթի օրը խաղաղության ուղղությամբ արված քայլերը խորհրդարանում թվող Արարատ Միրզոյանը չբացառեց էսկալացիան մեր սահմաններին: Աշխարհում ամեն վայրկյան է բան փոխվում, վերջինը Ռուսաստանի` միջուկային հրթիռներով ռազմական ինքնաթիռների ոչնչացումն էր Ուկաինայի կողմից, որն ավելի լայնածավալ կդարձնի ռուս-ուկրաինական լարվածությունը Ռուսաստանի ակնկալվող պատասխանով, աշխարհի, այդ թվում` մեր խնդիրների հետ նոր առնչակցությամբ:
Ու այս` թարմացված մարտահրավերների պարագայում ի՞նչ է մեր ներքին իրավիճակը, ո՞ րն է մեր տաք օրակարգը, արդյոք դրոնների սեփական արտաադրություն կազմակերպելո՞ւ հարցը կարծում եք: Ոչ, իհարկե, երկրում հրահրվել է դիսկուրս մեր պաշտպանական պատնեշներից մեկի` Հայոց եկեղեցու դեմ: Վարչապետի եւ նրա տիկնոջ սկսած դիսկուրսը առաջին հայացքից թվում է եկեղեցական անձերի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ է միայն: Շատերն այն համարում են դրսից թելադրվող Հայաստանի կլանման մեծ ծրագրի մաս, որը լավ մտածված է նրանով, որ հնարավոր է` ամրապանդված է հոգեւորականության անձնական կյանքի վերաբերմամբ կոմպրոմատներով, իսկ Հայոց եկեղեցական խորհրդի մեղմ հայտարարությունը շատ շերտեր գնահատում են ոչ համարժեք կատարվողին: Վարկաբեկիչ նյութեր եթե չլինեին, ապա ԱԺ նախագահը երեկ չէր ասի լրագրողներին. «Եկեք հայտարարենք, որ այլևս կուսակրոնություն չկա: Ես՝ որպես քրիստոնյա մարդ որեւիցե ձևով չեմ կարող հասկանալ, թե ինչու եմ գնում այդ մարդկանց մոտ: Օրինակ, մարդիկ կան՝ ձեռքն են համբուրում, հիմա ուզում եմ հասկանալ՝ այդ ձեռքը դրանից առաջ որտե՞ղ էր, արժե՞ այդ ձեռքը համբուրել, թե՞ չի կարելի: Եկեք հասկանանք, մարդը, ով պատվիրաններից է խոսում, ինձ է քննադատում, ուրիշ մեկին, խոսում է երկրի բարոյական ու քաղաքական ապագայի մասին, բա չիմանա՞նք, լավ ո՞նց է լինում՝ ուրիշներին կարելի է, մյուսներին չի կարելի»:
Բայց այստեղ հենց կարելի է մեջբերել Աստվածաշնչից` թող առաջինը քար նետի նա, ով մեղք չի գործել: Սա`զուտ մեղադրանքներ հնչեցնող անձերի մասով: Իսկ որպես պետության ղեկավարներ` կարծում եմ հասկանում եք, թե ինչ մեծ ավեր եք գործում Հայոց եկեղեցու հանդեպ`բոլորիս նվաստացնող հրապարակային այս դիսկուրսով: Ինչո՞ւ չի կարելի հանդիպել հոգեւոր դասի հետ, քննարկել բոլոր խնդիրները, ու ոչ թե խոսել կոմպրոմատների լեզվով, ամո՛թ է, բոլորիս եկեղեցին եք վարկաբեկում, կանգ առե՛ք:
Ամենայն հայոց կաթողիկոսից էլ համարժեք քայլերի ակնկալիք կա: Ես այն մարդկանցից չեմ, որ եկեղեցու ներքին բարեփոխումն անհրաժեշտ չի համարում: Կամ պատկերացում չունի հոգեւոր դասի որոշ ներկայացուցիչների թաքնված կյանքի մասին: Սակայն առիթն գտագործելով խնդիրները կարող է վեր հանել ինքը` հոգեւոր դասը: Համարձակվեք ի վերջո անվանել խնդիրները եւ եկեղեցին մաքրել ներսից:ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք այս հղումով.
https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ