Նոյեմբերի 28-ին Երեւանի Առնո Բաբաջանյան համերգասրահում եզրափակիչ գալա համերգով ամփոփվեց երիտասարդ կոմպոզիտորների առաջին մրցույթ փառատոնը:
Մրցանակի արժանացած 2 ստեղծագործությունների հեղինակներն են երիտասարդ կոմպոզիտորներ Արմեն Գեւորգյանը «Kyrie Eleison» եւ Էլեն Յոլչյանը «Հովեր» խմբերգային ստեղծագործություններով:
Կոմպոզիտոր Արմեն Գեւորգյանը, իր խոսքով, փորձել է միջնադարյան մեսսային բնորոշ մասին էքսպերիմենտալ կերպով մոտենալ: Նա լատիներեն տեքստով երգվող խմբերգում ներառել է Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմից հայերեն մի հատված՝ որը կատարում է մենակատար երգիչը:
Էլեն Յոլչյանն իր ստեղծագործության համար ընտրել է արեւմտահայ կին գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Զաբել Եսայանի տեքստերից, իսկ խմբերգն առանձնանում է երգչական ձայների անսովոր ընդգրկմամբ, որ ամեն երգչախմբի կատարման համար գուցե այնքան էլ դյուրին չէ եւ կարող է պահանջվել հատուկ կազմ:
2022 թ. մրցույթ-փառատոնը անցկացվում էր «Խմբերգային ստեղծագործություն» անվանակարգում եւ նվիրված էր կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացու» մեդալակիր, Հայկական երաժշտական համաժողովի հիմնադիր – նախագահ, պրոֆեսոր Լեւոն Չաուշյանի հիշատակին:
«Երիտասարդ կոմպոզիտորների մրցույթ-փառատոնը» ստեղծվել է «Դիվիզի» արվեստների սինթեզ մշակութային հասարակական կազմակերպության կողմից (հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Մարինե Ալավերդյան): Այն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Նախագծի գործընկերներն են Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եւ «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան:
Երիտասարդ կոմպոզիտորների մրցույթ – փառատոնի նպատակն է տաղանդավոր երիտասարդ կոմպոզիտորների բացահայտումը, նրանց ստեղծագործական զարգացման աջակջությունը, ինչպես նաեւ մասնագիտական կառույցների ավելի լայն ուշադրության գրավումը ժամանակակից կոմպոզիտորների աշխատանքին եւ նրանց երաժշտության առաջխաղացմանը:
Ընտրված ստեղծագործությունները կկատարվեն Հայաստանի «Դիվիզի» երգչախմբի կողմից (գեղ. ղեկավար եւ խմբավար՝ Մարինե Ալավերդյան), իսկ մրցույթին մասնակցած բոլոր ստեղծագործությունները կհավաքվեն խմբերգերի ձեռնարկում, որը կտրամադրվի երաժշտական կրթօջախներին եւ մրցույթի մասնակիցներին:
Ժյուրիի անդամներն էին.
Երվանդ Երկանյան` ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ Պետական Մրցանակի դափնեկիր, Մեծի Տանն Կիլիլիոյ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալակիր, կոմպոզիտոր
Աշոտ Ղազարյան՝ ՀԿՄ-ի սիմֆոնիկ եւ կամերային երաժշտության մասնաճյուղի ղեկավար, կոմպոզիտոր, տեսաբան, դաշնակահար
Արամ Հովհաննիսյան՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսումնական գծով պրորեկտոր, կոմպոզիտոր,
Մարինե Ալավերդյան՝ «Դիվիզի» արվեստների սինթեզ ՄՀԿ նախագահ, Հայաստանի «Դիվիզի» երգչախմբի ղեկավար,«Երիտասարդ կոմպոզիտորների մրցույթ-փառատոնի» հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, խմբավար:
ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ