Վերջին 30 եւ ավելի տարիների ընթացքում խոսքը, գրավոր թե անգիր, միտքը, քննադատությունը, հայհոյանքն անգամ այսքան անարժեք, անպետք չեն եղել, որքան հիմա: Նստում՝ գրում ենք, վերլուծում, բացահայտում, հուշում, խրատում, նույնիսկ լուսանկարում ու տեսագրում՝ պարզապես սեփական խիղճը հանգստացնելու, լրագրողի մասնագիտության նկատմամբ հավատարմությունը պահպանելու համար, սակայն արդյունքը, դրական ազդեցությունը չենք տեսնում, քանզի այն չկա: Նման ենք սնանկացող այն երկրներին, որոնք անդադրում փող են տպում ֆինանսական անկումը իբր զսպելու, սպառողների ձեռքը դրամ դնելու համար, սակայն, բնականաբար, ստացվում է ճիշտ հակառակը՝ սնանկացումը դառնում է անկասելի, անդառնալի:
Մեր օրերում, այո, անազդեցիկ, անհետեւանք խոսքի առատությունը դարձել է ինքն իր արժեզրկման, այլ խոսքով՝ հասարակական կարծիքի բացակայության պատճառ, ինչպես աղն է առատության մեջ դառնում անհամ:
Այլ պայմաններում չգիտեմ ի՛նչ կկատարվեր Հայաստանում, ինչպես որեւէ այլ երկրում, երբ միջազգային համբավի տեր մի իրավաբան, դատաիրավաբանական անարդարությունների դեմ պայքարի առաջամարտիկ Ռոբերտ Ամստերդամը մամլո ասուլիսի ընթացքում, ակնարկելով վարչապետական գրասենյակի պատասխանատուին եւ անձամբ վարչապետին՝ նրանց վարմունքը համեմատեց 20-րդ դարի ամենաատելի բռնապետի՝ Իդի Ամին Դադայի հետ, որը 1971 թ. տիրացավ, այդ ժամանակ Բրիտանիայի «խնամակալության» (protectorate) տակ գտնվող աֆրիկյան Ուգանդա երկրի նախագահի աթոռին, իշխեց մինչեւ 1979 թ., որպես միապետ-բռնապետ, իր մարդակերական հակումներով մրցելով աֆրիկյան մեկ այլ երկրի՝ Բուրկինա ֆասոյի «կայսր» Բոկասայի հետ: Երկու բռնապետ, երկու ճիվաղ, որոնք հավատաք կամ ոչ, «պետական շահերից» ելնելով սովորություն ունեին ուտելու իրենց նախարարների եւ ընդդիմադիրների սիրտը, լյարդը, ուղեղը, եւայլն:
Որեւէ երկրի որեւէ լսարանում, այն էլ՝ մամլո ասուլիսի ժամանակ, չէին հանդուրժի պետություն եւ ազգ խայտառակող, վարկաբեկող նման որեւէ համեմատություն, անշուշտ եթե ասուլիսին մասնակցող լրագրողները այլ կարծիք ունենային…
Ճիշտ է, մեր կառավարության սեփականատերը դեռեւս ոչ ոքի… չի կերել, անձամբ ոչ ոքի չի ծեծել կամ խոշտանգել. որեւէ փաստ չունենք այդ մասին: Սակայն փոխարենը ստեղծել է պատժիչ ամբողջական մի համակարգ, որի առաջին եւ վերջին օղակը ինքն է՝ իր անմիջական աշխատակիցներով, որոնք ընտրում, հետաքննում, լրտեսում, գաղտնալսում են բացահայտ թե պոտենցիալ մրցակիցներին, հակառակորդներին, չհնազանդվող կամ այլ տեսակետ ու կեցվածք ունեցող անձանց եւ կառույցները, ապա «գործ սարքում» եւ այն փոխանցում պատժիչ համակարգի մյուս օղակներին եւ, ի վերջո, որպեսզի ամեն ինչ լինի՝ այսպես կոչված «ժողովրդավարության» կանոններով, «գործը» հանձնում դատարանին, որտեղ դատավորը կալանքի եւ բանտարգելության պատվեր՝ ժամանակացույց-օրացույցը պատշաճորեն, խղճով իրականացնում է:
Ռոբերտ Ամստերդամն իր հիշյալ ասուլիսում համարձակվեց խայտառակել նաեւ հայկական դատարանը եւ ասաց, որ վերջինիս սարքած նիստերը բեմադրություն են, ցուցադրություն, show trials:
Այո, ցուցադրությունն ու ցուցադրականությունը, ի տարբերություն ավտորիտար այլ երկրների, շատ բարձր է գնահատվում մեր երկրի խնդրո առարկա համակարգի ու նրա գլխավոր բեմադրիչի կողմից: Դրանում առկա է վախ ստեղծելու գործոնը, բիրտ ուժի «դաստիարակիչ» ներգործությունը, որը նույնպես չէր վրիպել բարեգործ եւ բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանության գործով Հայաստան ժամանած իրավապաշտպանի ուշադրությունից, որն այդ բոլորը ներկայացրեց որպես արդյունք վախի եւ վախկոտության:
Ես չգիտեմ, պրն Ամստերդամը երկուշաբթի օրը հետեո՞ւմ էր Գյումրիի ընտրյալ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալման օպերացիային ու տեսա՞վ հրապարակում, հարակից փողոցներում, քաղաքի մուտքի ու ելքի ճանապարհներին կուտակված ռազմաոստիկանական ուժերի «զորահանդեսը»: Անմոռանալի տեսարան՝ որի դրդապատճառը իրո՛ք վախն էր, բայց նաեւ՝ «դուխ» ունեցող «սիրելի ժողովրդին» վախեցնելու ազգանպա՜ստ եւ հայրենանպա՜ստ մոտեցումը:
Պրն Ամստերդամը գիտե՞ր արդյոք, որ նույն օրը, երբ Գյումրիում ծավալվում էին Վարդան Ղուկասյանին վազեցնելով քննչական կենտրոն տանելու եւ «սպորտային» մյուս իրադարձությունները, պատժիչ համակարգի պետը գտնվում էր Վատիկանում՝ մասնակցելու Մեծ եղեռնի զոհ, Թուրքիայի հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Իգնատիոս արք. Մալոյանի սրբադասման արարողությանը: Եթե գիտենար՝ հավանաբար պիտի զարմանար, որ Ցեղասպանության փաստը ուրացող, կասկածի ենթարկող, նույնիսկ Արարատը մերժող անձը, Պապի հրավերով թեկուզ, մասնակցում էր Ցեղասպանության նշանավոր զոհերից մեկին նվիրված արարողությանը, այս անգամ՝ առանց վախենալու Էրդողանի բարկությունից:
Ի դեպ, այդ արարողությանը մասնակցում էին նաեւ Հայ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես Խաժակ արք. Պարսամյանը, որ, ինչպես եւ մյուսները, քծնողական ժպիտով ողջունեցին Փաշինյանին, որի հրամանով իրենց ծառայակից հոգեւորականներն այժմ տառապում են բանտախցերում, իսկ Հայ եկեղեցին, նույն անձի հակաեկեղեցական արարքների պատճառով գտնվում է երկպառակտման, կազմաքանդման վտանգի տակ:
Խոսքը, մտահոգ քննադատությունը, ահազանգը ե՞րբ կդառնան սրբագրվելու, դարձի գալու ազդակ:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ











