Մեր Եկեղեցու շուրջ ընթացող բանավեճերը չեն ավարտվում, այլ գնալով սաստկանում են: Լուծում գտնելու համար պահանջվում է սթափ մոտեցում: Այս անվերջ մեղադրանքների ու թշնամության ուղին լուծում չէ: Իհարկե վարչական թափանցիկության, հոգևորականների հոգևոր պատասխանատվության և եկեղեցի-պետություն հարաբերությունների վերաձևավորման անհրաժեշտությունը հիմնավոր հարցեր են։ Թե՛ Եկեղեցին, թե՛ պետությունը, թե՛ անհատը միշտ կարիք ունեն ներքին մաքրման, ինչպես Մեծ պահքն է մեզ հիշեցնում։
Բայց դրսից պարտադրված ծրագրերով, պետական գործիչների թելադրանքով և ուժով ու սպառնալիքներով հարկադրված փոփոխությամբ խնդիրները չեն լուծվի։ Եկեղեցին ո՛չ պետական գերատեսչություն է, ո՛չ էլ միություն, որ հրամանով վերակառուցվի։ Նրա գլուխը Քրիստոսն է, ղեկավարումը՝ եկեղեցական կանոններով և առաքելական հաջորդականությամբ ձեռնադրված եպիսկոպոսների հավաքական առաջնորդությամբ։
Սանկտ Փյոլթնի եպիսկոպոսաց հավաքը փակ ձևաչափով անցկացվեց և բերեց ընդհանուր հայտարարության, որը ցույց տվեց, որ միշտ ավելի լավ է խոսել միմյանց հետ, ոչ թե՝ միմյանց մասին: Հայտարարության մեջ հստակ երեւաց նաև ներկա եպիսկոպոսների միասնությունը։ Քննարկումներում, բնականաբար, եղել են տարբեր կարծիքներ՝ այդ թվում վստահաբար շատ իրարամերժ կամ հակասական։ Սակայն վերջնական տեքստը արտացոլում է եպիսկոպոսաց համաձայնությունը։
Մամուլի ցանկացած հաղորդում, հատկապես եթե միակողմանի աղբյուրներից է, պետք է դիտարկել զգուշությամբ։ Սադրանքները և սկանդալները միայն խորացնում են պառակտումը։ Մենք պետք է խուսափենք կեղծ ազդանշաններից և կենտրոնանանք դրականի վրա՝ հավասարակշռված մոտեցում ցուցաբերելով, որպեսզի երկխոսությունը սկսվի։
Խելամիտ ճանապարհը մեկն է՝ երկխոսություն առանց նախապայմանների, հետապնդումների դադարեցում, կանոնական ընթացակարգերի վերադարձ։ Այդ ժամանակ կարելի է խոսել հիմնավոր քննադատությունների մասին՝ փոխադարձ հարգանքով։
Ով իսկապես միասնություն և բարենորոգում է ցանկանում, չի գործում իշխանատենչորեն, այլ վստահում է աղոթքի, ավանդույթի և համատեղ խորհրդակցության ուժին։ Դա միակ իրատեսական ճանապարհն է։ Մնացածը՝ պատրանք։
Տիրատուր քհն. Սարդարյան
Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգեւոր հովիվ





