Լրացավ Բամբակաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման եւ օծման 110-ամյակը: Այն ողջ համայնքով նշվեց սեպտեմբերի 8-ին՝ Սուրբ Աստվածածնի ծննդյան օրվա հիշատակման օրը՝ խաչերթով եւ պատարագի մատուցմամբ:
Հայկական հնամենի եկեղեցիների ու վանքերի ծածուկ-ծպտյալ անկյուններում, կողահայաց պատերի ստորին սրբատաշ քարերին ուշադիր աչքը երբեմն կնկատի խաչի փորագրապատկերներ՝ առանց հեղինակների անվան եւ այլ հիշատակումների, որոնք անտեղյակ այցելուն կդիտարկի իբրեւ սիրուն զարդանախշ, սովորական պատկեր եւ ո՛չ ավելին: Իսկ հավատավոր անձն ակնածանքի զգացումով կհիշի այն անհայտ բարեգործների անունները, որոնց՝ եկեղեցուն եւ ազգին արված նվիրատվությունները համեստորեն հիշատակվել են խաչապատկերներով եւ ո՛չ, բնավ, անունների մեծադիր արձանագրությամբ:
Տասնամյակներ շարունակ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում գտնվող Ս. Աստվածածին եկեղեցու առաջին քահանա Տեր Հովհաննեսի անունն ու գործը մոռացության են տրվել, եկեղեցու կառուցման գործում նրա ներդրումը՝ ուրացել կամ, ուղղակի, լռության մատնել: Մոլլաբայազետ՝ ներկայումս Բամբակաշատ գյուղակի տարածքում ուշ միջնադարում (ըստ որոշ աղբյուրների՝ 14-րդ դարում) կառուցված փայտաշեն տանիքով մատուռը 19-րդ դարավերջին արդեն հիմնավոր կերպով ավերված սրբավայր էր, եւ երիտասարդ քահանա Տեր Հովհաննեսի մեծագույն տենչն էր վերականգնել երբեմնի ուխտավայրի հռչակը, ավերակների փոխարեն վեր խոյացնել նոր աղոթատեղի՝ դարձնելով այն հավատավոր հոտին Տիրոջ խոսքը հասցնելու պանծալի վայր: Նա կատարեց իր քահանա պապին տված խոստումը՝ հայրենի օրրանում կենդանություն պարգեւելու եկեղեցուն եւ անձնուրաց ծառայելու հոգեւոր զարգացմանն ու հավատի ամրապնդմանը:
Միջնադարյան մատուռի գոյությունը Բամբակաշատի տարածքում վկայում է այստեղ հին բնակատեղիի գոյության մասին: Ճշգրիտ տեղեկություն չկա, թե երբվանից են այստեղ մարդիկ բնակություն հաստատել, սակայն հայտնի է, որ 1842 թ.-ին գյուղը վերաշինել են Բիթլիսից, Սուրմալուից, Կողբից գաղթած հայերը: Հենց նրանցից է սերում Տեր-Հակոբյանների տոհմը, որի երեւելի ներկայացուցիչներից մի քանիսը հանձն են առել գյուղի հոգեւոր հովվությունը: Տեր Հովհաննեսը ծանոթ եւ մտերիմ է եղել իր ժամանակի շատ մեծերի, հարգանք ու հեղինակություն վայելող աշխարհական եւ հոգեւորական անձանց, մտավորականների հետ: Քահանայի գերդաստանի անդամների վրա անկրկնելի տպավորություն են թողել Կոմիտաս վարդապետի այցերը Բամբակաշատ գյուղ: Տեր Հովհաննեսի դուստրերն իրենց հոր հորդորով Կոմիտաս վարդապետի համար ողջ երեկոներ երգել են ժողովրդական բազում երգեր:
19-րդ դարի 90-ական թ.թ.-ի ավարտին է վերագրվում Տեր Հովհաննեսի հեռավոր ուղեւորությունը դեպի Նոր Նախիջեւան, ինչի արդյունքում հանգանակված գումարները ծառայել են Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցմանը:
Եկեղեցու կառույցի նախագծմանը, անշուշտ, մասնակից են եղել փորձառու ճարտարագետներ, որոնց մասին ոչ մի հիշատակում մեզ չի հասել: Կառույցը զգալիորեն հիշեցնում է 20-րդ դարասկզբին թեմակալ առաջնորդ Խորեն սրբազան Մուրադբեկյանի (հետագայում՝ Ամենայն հայոց հայրապետ) օրոք կառուցված մի շարք եկեղեցիների ճարտարապետությունը: Եկեղեցին կառուցվել է մեկ տասնամյակից ավելի եւ, ըստ որոշ աղբյուրների վկայության, օծվել 1914 թ.-ին: Այն ճարտարապետական տեսակետից ուշագրավ է՝ որպես 19-20-րդ դ.դ. սահմանագլխին հին, ավանդական հատակագծային եւ ծավալային լուծումների օգտագործման օրինակ:
Սրբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում: Այն կետրոնագմբեթ, խաչաձեւ հատակագծով շինություն է: Ավագ խորանը կիսակլոր է, ունի բարձր բեմ, որից երկու դռները տանում են դեպի կողմնային ավանդատներ: Ավագ խորանի աջ ու ձախ կողմերում գտնվող ավանդատները եկեղեցու բեմի հետ կապված են թաքնված, ետնադիր մուտքերով: Եկեղեցու մյուս երեք խորաններն ուղղանկյուն են: Արտաքինից բազմանիստ է՝ նիստերի անկյուններում՝ զարդարված դեկորատիվ կլոր որմնասյուներով: Ունի երեք մուտք՝ ձեւավորված երկթեք շքամուտքերով: Անցումը ենթաթմբուկային քառակուսուց շրջանին առագաստային է: Գմբեթատակ քառակուսին՝ գմբեթակիր կամարները, հենվում են չորս հզոր մույթերի վրա: Թմբուկը 16-անիստ է, յուրաքանչյուր նիստի վրա՝ մեկական պատուհանով: Թմբուկն ունի լայն բացված կամարակապ սյուներ եւ պսակվում է արտաքինից կոնաձեւ վեղարով: Կառուցված է տեղական նարնջագույն սրբատաշ տուֆով, հին շաղախը կիր-ավազով է, 1991-ին վերանորոգողներն օգտագործել են ցեմենտ-ավազի շաղախ: Ս. Աստվածածին եկեղեցին ունեցել է ոսկեզօծ հսկա խաչ, որը 1918 թ.-ին թուրք զորախմբերի հարձակման եւ գյուղը գրավելու շրջանում թշնամու կողմից թնդանոթի զարկով գմբեթից տապալվել է եւ ավարառվել:
20-րդ դարասկզբի առաջին երկու տասնամյակն ընդգրկող ժամանակահատվածին հաջորդում է նախորդից ոչ պակաս դրամատիկ մի շրջան: Այդ բարդ ժամանակների նվաճումների փառքը խամրում է մարդկային եւ հոգեւոր` չարդարացված, տասնյակ հազարավոր զոհերով, որոնց թվում էին նաեւ Ս. Աստվածածին եկեղեցու ավագ քահանա Հովհաննես Տեր-Հակոբյանն ու իր զավակները: 1918-ին թուրքերի կողմից խաչակորույս եղած եկեղեցին խորհրդային տարիներին փակվում է եւ երկար տարիներ ծառայում՝ իբրեւ թունաքիմիկատների պահեստ: Ժամանակների ամենակործան ուժի զոհերի թվում են հայտնվում, նախ, քահանայի Աբգար եւ Սիրական որդիները: Աստվածամերժ հասարակությունում, որը չէր հանդուրժում ոչ մի այլակարծություն, Աբգար Տեր-Հակոբյանին չի ներվում իր զինվորական անցյալը: Նրան, որ ծառայել էր Կարսի զինվորական շտաբում՝ որպես համհարզ, ապա՝ Էրզրումում ստանձնել ողջ գավառի պահեստների պետի պաշտոնը, 1937-ին ձերբակալում են եւ բանտում գնդակահարում: Նույն տարում նույնկերպ գնդակահարում են իր Սիրական եղբորը, որ պարզ հողագործ էր, մեղավոր էր միայն այն բանում, որ իբր թե Լենինի մահվան օրը «Մաճկալ» էր երգել: Հետապնդումների է ենթարկվում նաեւ Տեր Հովհաննեսի մյուս որդին՝ Մամբրե Տեր-Հակոբյանը, որը Ճեմարանական հիմնավոր կրթություն ստանալով՝ ուսումը շարունակում է բժշկագիտության գծով:
Հալածանքներից խուսափելու համար նա 1924 թ.-ին թողնում է հայրենիքը՝ հաստատվելով Միջին Ասիայում: Հետագայում Մամբրեն դառնում է Ուզբեկստանի բժկական համալսարանի հիմնադիրներից մեկը, անվանի բժիշկ եւ պրոֆեսոր: Տեր Հովհաննեսի փեսան՝ Գեղամ Սարգսյանը, որ սրանից շուրջ 100 տարի առաջ հիմնել է Բամբակաշատի դպրոցը, 37-ին անհեթեթ մեղադրանքով աքսորվում է հեռավոր Մագադան եւ միայն տասնամյակներ հետո արդարացվում: Տեր Հովհաննեսի կրտսեր որդուն՝ Աշոտին, ձերբակալությունից փրկում է իր խիստ երիտասարդ հասակը: Հետագայում Աշոտ Տեր-Հակոբյանը դառնում է հայտնի մարմնամարզիկ, հանրապետության ծանրամարտի չեմպիոն: Տեր Հովհաննեսը խորհրդային տարիներին ստիպված դադարեցնում է իր քահանայական ծառայությունը եւ տեղափոխվում է Երեւան: Նա 1937-ին կնքում է իր մահկանացուն՝ հեռու իր հայրենի գյուղից, իր ջանքերով կառուցված եկեղեցուց, որդեկորույս եւ անմխիթար:
Եկեղեցու նորոգման խոշորածավալ աշխատանքներ են տարվել դեռեւս 1990-ականներին Հովնանյան ընտանիքի նվիրատվություններով: 2014-ին եկեղեցու եւ նրա շրջակայքի բարենորոգման աշխատանքները ձեռնարկել է ծագումով բամբակաշատցի գործարար Լեւոն Սոլկարյանը: Լինելով Տեր Հովհաննեսի դստեր՝ Սիրանույշի եւ Գեղամ Եգորի Սարգսյանի թոռնուհին՝ հուշագրությունների եւ բանավոր պատումների հիման վրա այս ամենի մասին առավել մանրամասն պատմում եմ իմ «Խաչս տալիս եմ քեզ» վավերագիր մատյանում:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Գլխավոր լուսանկարներում՝ԲամբակաշատիՍբ. Աստվածածին եկեղեցին