Անհնար կդառնա նաեւ այլոց՝ ուրիշի բանկային քարտերից խաղադրույք կատարելը
Իշխանությունը շարունակում է սահմանափակումներ մշակել ինտերնետային շահումով խաղերի, առցանց խաղատների ու ինտերնետային այլ տեսակի խաղադրույքների համար: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանն ու Հասմիկ Հակոբյանն են օրենսդրական փաթեթ շրջանառել: ՔՊ-ականներն առաջարկում են լրամշակել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքը: Խորհրդարանը նախագիծն, ըստ երեւույթին, կքննարկի սեպտեմբերին մեկնարկող նստաշրջանին: Եթե պատգամավորները հավանության տան փոփոխություններին, ապա ինտերնետային շահումով խաղերի, վիճակախաղերի, առցանց խաղատների սիրահարները խաղադրույքներ կատարել կկարողնան միայն իրենց բանկային քարտով:
«Ազգ»-ի հետ զրույցում օրենքի համահեղինակ Պապոյանն ասում է. մեր օրերում խաղամոլության տարածումը շարունակվում է, եւ խաղամոլությամբ տարված մարդիկ անընդհատ ինչ-որ նոր եղանակներ են փնտրում խաղալու համար: «Խաղացողներին օրենքն այժմ հնարավորություն է տալիս խաղային հաշվին կցել այլ բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվ եւ դրա միջոցով օգտագործել, խաղադրույքներ կատարել ոչ միայն իրենց պատկանող միջոցներից, այլեւ ցանկացած այլ անձի պատկանող հաշիվների միջոցով, այդ թվում՝ ընտանիքի անդամի կամ երրորդ անձի միջոցով: Առաջարկվող փոփոխություններով՝ յուրաքանչյուր ոք խաղադրույք կկարողանա կատարել միայն իր խաղային հաշվից եւ իրեն պատկանող հաշվի միջոցներից»,- ասում է պատգամավորը:
Նրա տեղեկություններով՝ մասնավոր հատվածում՝ խաղամոլ աշխատակիցներին գործատուներն աշխատանքից ազատում են: Համոզված է՝ նույնկերպ նաեւ պետությունը պետք է վարվի: «Անվտանգային ու պաշտպանական օղակներում պետք է բացառել խաղամոլ աշխատակից ունենալ: Խոսքը, մասնավորապես, պաշտպանության նախարարության ստորաբաժանումների (հատկապես զինվորական կոչում ունեցողների), Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության եւ նմանաբնույթ այլ կառույցների աշխատակիցների մասին է: Խաղամոլությունը պետք է բավարար հիմք լինի՝ մարդկանց հետ աշխատանքային պայմանագրերը խզելու համար: Բայց մինչեւ դրան հասնելը, անհրաժեշտ է խաղային եւ բանկային քարտային հաշիվները նույնականացնելու հնարավորություն ունենալ: Նախագծով առաջարկվող կարգավորումները կլուծեն հենց այդ խնդիրը»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը համակարծիք է իշխանական պատգամավորի հետ՝ շահումով խաղերը մեր հասարակության քաղցկեղն են: Ընդդիմադիրը սակայն խաղամոլության դեմ պայքարի մեթոդներն ու գործիքակազմը թերի եւ ոչ թիրախային է որակում:
«Ազգ»-ի հետ զրույցում Խաչատրյանը հիշեցնում է՝ իշխանությունը ստանձնելու ժամանակ Փաշինյանն ու թիմակիցները ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիներին երջանկություն էին խոստանում, այնինչ՝ խաղամոլ հասարակությունը երջանիկ լինել չի կարող: Ըստ պատգամավորի, Հայաստանում առցանց շահումով խաղերով, մեծամասամբ, տարված են նրանք, որ այդ եղանակով փորձում են ինչ-ինչ կարիքներ հոգալ: «Իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե խաղամոլները երբեմն անգամ տատիկ-պապիկների կենսաթոշակներն են գրպանում, խաղադրույք կատարում: Այո, ես նույնպես դա չեմ բացառում: Բայց պետք է խստացնել դաշտն ու ավելի լուրջ քայլեր անել, սահմանափակումներ մտցնել:
Միայն «կողքի» քարտն արգելելով, այսինքն՝ թույլ չտալով, որ մարդը բացի իրենը՝ նաեւ ուրիշի քարտով խաղադրույք կատարելու հնարավորություն ունենա, հարցը չի լուծվի: Ի վերջո, անձը, վերցնելով մեկ ուրիշի քարտը, գումարը կարող է կանխիկացնել, ապա այն մուտք անել իր քարտին ու խաղադրույք կատարել: Կեսկատակով ասած՝ թղթաբանությունը շատանում է, մնացածը՝ նույնը մնում»,- ՔՊ-ական գործընկերոջը հակադրվում է «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Ըստ Պետեկամուտների կոմիտեի եւ Ֆինանսների նախարարության՝ Հայաստանում վերջին 2 տարվա ընթացքում խաղադրույքների ծավալը կրկնակի աճել է: Եթե աշխարհում ընդհանուր խաղադրույքների աճը կազմել է 20-30 տոկոս, ապա մեր երկրում այդ ցուցանիշն կրկանկի բարձր է:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ