Պետական գործիչների համար միշտ, կամ գրեթե միշտ շահեկան է եղել խաղաղասերի կերպարով ներկայանալը, աղավնիի տեսքով, մեր եկեղեցական արտահայտությամբ՝ աղավնակերպ: Իսրայելի արյունախում վարչապետ Բիբին անգամ իր ժողովրդին խոստանում է Համասին ոչնչացելուց հետո տեւական խաղաղություն հաստատել պաղեստինցի արաբների հետ, ինչպես ժամանակին իր երկրի հիմնադիր հայրն ու մայրը՝ Դավիդ Բեն Գուրիոնն ու Գոլդա Մեյիրն էին խոստանում խաղաղություն, ժողովրդավարություն, քաղաքակրթություն բերել «հետամնաց» արաբ ժողովրդին: Քաղաքակրթություն՝ որն այսօր դրսեւորվում է արհեստական բանականության վերջին ճիչով՝ հարեւան եւ անպաշտպան փոքրիկ Լիբանանի հազարավոր քաղաքացիների pager-ների պայթեցմամբ, քանի որ, ինչպես Բիբին է բացատրում, նրանք՝ Լիբանանի քաղաքացիները «ահաբեկիչ» են: Ինչպես Իսրայելի նախկին վարչապետ, առավել արնախում Արիել Շարոնն էր բացատրում իր ցեղասպանական գոծողությունները այն հանգամանքով, թե, իր ասելով, յուրաքանչյուր արաբ պաղեստինցի կնոջ որովայնում ապագա ահաբեկիչ է նստած, հետեւաբար առանց այդ պտղին ոչնչացնելու հնարավոր չէ տարածաշրջանում խաղաղություն հաստատել:
Նույն՝ իսրայելական ոճի եւ սկզբունքների հանգույն՝ խաղաղության նկատմամբ անզուսպ ցանկությունից հալումաշ է լինում Ադրբեջանի բռնապետ Իլհամը, որը դիվերսիֆիկացնելով Բիբիից սովորածը՝ ուշիմ աշակերտն է դարձել տարածաշրջանի մյուս բռնապետի՝ Էրդողանի: Միայն այն տարբերությամբ, որ ինքն ավելի համեստ է եւ խաղաղասերի իր ունակությունները ձգտում է տարածել ընդամենը կովկասյան տարածքում, միչդեռ իր ուստան ունի աշխարհակալական տպավորիչ ձգտումներ. Էրդողանը բացեիբաց հայտարարել է արդեն, որ կարող է, այսինքն՝ ուզում է վերականգնել Օսմանյան կայսրության ողջ տարածքը՝ Եմենից, Լիբիայից, Երուսաղեմից, Հալեպից, Դամասկոսից, Բեյրութից մինչեւ Կիպրոս ու Եգեյան ծով, առայժմ համեստորեն լռելով Սեւծովյան ավազանի երկրների մասին, բացառությամբ Ղրիմի, որը կորցրել է կռվով, ինչպես նաեւ Բաթումիից, որն արդեն վերագրավել է խաղաղասիրակա՜ն ներդրումներով:
Բայց այս բոլոր խաղաղասերների մեջ իր մրցակիցը չունի ամենախաղաղասերը՝ փոքրիկ Հայաստանի մե՜ծ բռնապետը՝ Նիկոլ Փաշինյան կոչեցյալ: Ի տարբերություն Բիբիի եւ մյուսների, սա շատ սկզբունքային է եւ անչափ օրիգինալ: Եթե հարեւաններից որեւէ մեկը տարածք ուզենա, Ադրբեջանը լինի դա, Թուրքիան թե Վրաստանը, նա նույն պատրաստակամությամբ կարող է մոտավորապես ասել. «Եղբա՛յր, ինչի՞ ես վրաս բարկանում, ուզածդ տարածք լինի, Արարատ սար, ռազմավարական դիրք, միջանցք, որեւէ ճանապարհ կամ վարելահող, արդեն դա քոնն է եղել միշտ. տե՛ս Ալմա Աթայի հռչակագիրը, 1921-ի, 1936-ի եւ մյուս քարտեզները, մենք արդեն չունենք կադաստրի որեւէ վկայական: Ես արդեն հրամայել եմ մեր զորքին հետ քաշվել, ճանապարհ տալ: Արի՛ եւ վերցրո՛ւ: Միայն թե խաղաղ ապրենք, նորեն կռիվ ու փաթրթի չլինի, առեւտուր անենք, զարգացնենք մեր երկրները, ռսից ու պարսիկից հեռու, միայն մի պայմանով՝ ստորագրում ենք խաղաղության պայմանագիր մեր կողմից առանց նախապայմանների, իսկ ձեր պահանջած պարտավորությունները կկատարենք կամաց-կամաց, ժամանակի ընթացքում: Այժմ կարեւորը ժողովրդին հանգստացնելն է, խոստանալը, թե այլեւս պատերազմ չի լինելու»:
Այո, իսկական ցեղապետ, շաման, որի հրամանին ենթակա են բոլորը՝ զինված ուժերը, ոստիկանությունը, հատուկ ծառայությունները, դատարանները եւ ամենակարեւորը՝ «ՔՊ» կոչվող ցեղախումբը, աշիրաթը, այսինքն՝ խորհրդարանի 70 տոկոսը:
Իսկ ինչ վերաբերում է ժողովրդին՝ նա վաղուց արդեն թուղթուգիր արվածի վիճակում է: Թուղթուգիր՝ որի վրա գրված է «խաղաղության պայմանագիր»:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ