Ուրբաթ, Փետրվարի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լիդի Բելմոնտ. Արվեստագետ՝ հոգով, պատմաբան՝ առաքելությամբ

Արծվի Բախչինյան
20/02/2026
- 20 Փետրվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
1
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ-ՄԱՐՍԵԼ – Լիդի Բելմոնտը ֆրանսիացի դերասանուհի, գրող, երգչուհի, պատմաբան եւ բազմաճյուղ արվեստագետ է: Ծնված լինելով Մարսելում, հայ մոր եւ իսպանացի հոր ընտանիքում, նրա բազմամշակութային ծագումը խորապես ձեւավորել է թե՛ նրա գեղարվեստական զգացողությունը, թե՛ մտավոր հետաքրքրությունները: Մասնագիտական կրթությունը ստանալով Մարսելի Դրամատիկական արվեստի կոնսերվատորիայում՝ իր ստեղծագործական ուղու սկզբում արժանացել է ոսկե մեդալի: Դերասանական գործունեությանը զուգահեռ զբաղվել է նաեւ գիտական ուսումնասիրություններով եւ 1991 թվականին Էքս-Մարսելի համալսարանում ստացել պատմության մագիստրոսի աստիճան:

Որպես թատերական դերասանուհի հանդես է եկել բազմաթիվ ներկայացումներում, ֆիլմերում եւ հեռուստանախագծերում, գրել եւ բեմադրել է դրամատիկական ստեղծագործություններ, հանդես եկել ջազային երգերի եւ շանսոնների կատարումներով:

Լիդի Բելմոնտը նաեւ ճանաչված է Պրովանսին եւ հայ սփյուռքին նվիրված պատմական աշխատանքներով («Փոքր Հայաստան», «Մարսելուհիներ. բառարան», «Հայ Կապույտ խաչի կանայք»), ինչպես նաեւ թատերական գործերով՝ «Ընդմիջում», «Խնամատարուհին» եւ «Սրբազան հոգիներ»:

–Սիրելի՛ Լիդի, ձեր գործունեությունը ներառում է թատրոն, դրամատուրգիա, երգեցողություն, ինչպես նաեւ պատմական հետազոտություն: Ինչպե՞ս են արվեստի ոլորտի ձեր գործընկերները արձագանքում ձեր գիտական աշխատանքին: Իսկ գիտական միջավայրում ձեր գեղարվեստական գործունեությունը երբեւէ դիտվե՞լ է որպես «շեղում»:

-Ձեր նշածներին կարող ենք ավելացնել նաեւ պարը, գծանկարչությունն ու գունանկարչությունը: Ես միշտ եղել եմ ոչ տիպիկ, բարձր զգայունությամբ, բազմապոտենցիալ եւ բազմաճյուղ: Ես կրքոտ եւ հետաքրքրասեր եմ: Գիտեմ, որ դա կարող է անհանգստացնող լինել, որովհետեւ չեմ տեղավորվում սահմանված շրջանակներում, բայց երբ որեւէ բանի եմ նվիրվում, անում եմ ամբողջ սրտով եւ ամբողջ ուժով: Եթե մարդիկ դա չեն հասկանում, թող որ այդպես լինի:

–Ձեր «Փոքր Հայաստանից մինչեւ Բուլվար դե Գրանդ Պեն» գիրքը (2000 թ.) լայն ճանաչում է ստացել, արժանացել Ֆրանսիական ակադեմիայի Ժորժ Գոյոյի մրցանակին եւ հատուկ հիշատակության Պրովանսի Մեծ պատմական մրցանակաբաշխության շրջանակներում: Այն նաեւ առաջին աշխատությունն էր հայկական թեմայով, որ արժանացավ նման պարգեւի: Հետագայում ունեցավ երկրորդ հրատարակությունը՝ «Փոքր Հայաստանը», որը շահեց Մարսելի ակադեմիայի մրցանակը, իսկ այժմ պատրաստում եք երրորդ հրատարակությունը՝ որոնելով ազգային եւ միջազգային հրատարակչի: Ի՞նչն է, ըստ ձեզ, ձեր ուսումնասիրությունը դարձնում եզակի:

-Եզակիությունը նրա հոգու մեջ է: Շառլ Ազնավուրի փայլուն նախաբանով գիրքը համադրում է գիտական խստությունը արխիվային հարուստ փաստաթղթերին եւ անձնական վկայություններին՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանությունից փրկվածների իսկական եւ խորապես մարդկային դիմանկարը:

Գրված լինելով որպես հիշողության պարտք եւ հրատարակված պատմական մի վճռորոշ պահի՝ ցեղասպանության վերջին վկաների անհետացումից անմիջապես առաջ, գրքից մի հատված ընթերցվել է Ֆրանսիայի Ազգային ժողովում այն օրը, երբ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ինձ խորապես հուզեց այն փաստը, որ գիրքն իր տեղն է գտել աշխարհի համալսարաններում եւ նույնիսկ ԱՄՆ Սենատում:

–Ձեր պատմական ուսումնասիրություններից բացի, հայկական ազդեցությունները դրսեւորվո՞ւմ են ձեր դերասանական կամ երգարվեստում՝ չհաշվելով, իհարկե կոմիտասյան կատարումները:

-Իմ հայկական ազդեցություններն, անկասկած, համեստությունն ու գերզգայունությունն են, որոնք ստիպում են ամեն ինչ զգալ խորությամբ եւ ուժգնությամբ, ինչպես նաեւ արեւելյան, կարոտախտային երանգն է: Այս հատկանիշներն ինձ արժանացրել են Ողբերգության բնագավառի ոսկե մեդալի եւ Դասական կատարողական արվեստի արծաթե մեդալի: Իմ հայ պապը տաղանդավոր պատմող է եղել, իսկ տատիկս երգել է հայկական երգեր: Ես նրանց երբեք չեմ ճանաչել, սակայն նրանց հոգիները քայլում են իմ կողքով եւ առաջնորդում են ինձ:

–Այո, կպատմե՞ք ձեր հայ նախնիների մասին:

-Պապս՝ Նշան Ղուկասյանը (Թաթոսյան), ծնունդով Բալուից էր՝ Խարբերդի մերձակայքից: Նա զբաղվել է հացահատիկի մշակմամբ: Հայոց ցեղասպանության ժամանակ երեք անգամ հրաշքով խուսափել է մահից. նա մարդ էր, որի ճակատագիրը կնքված էր փրկությամբ: Տատիկս՝ Էլվանիկ Գեւորգյանը, պապիցս քսան տարի փոքր, ծնունդով Անթալիայից էր: Նրանք ծանոթացել էին Ցեղասպանությունից հետո, մի նավի վրա, որը փրկվածներին տեղափոխում էր Հունաստան: Աթենքում նրանք ունեցել են երկու զավակ, իսկ 1924 թվականին հաստատվել են Մարսելում, որտեղ կառուցել են իրենց կյանքը եւ ունեցել եւս երեք երեխա, որոնց մեջ էր իմ մայրը՝ Թագուհի Ժորժետը: Նրանց ճանապարհը՝ նշանավորված կորուստներով ու դիմացկունությամբ, մինչ օրս շարունակում է առաջնորդել ինձ:

–Թեեւ դուք ֆրանսիացի եք, ի՞նչն եք ձեր մեջ համարում իսպանական եւ ի՞նչը՝ հայկական:

-Իմ սիրտը հայկական է, ֆրանսիական ու նաեւ իսպանական: Իմ պաելյայի (իսպանական ազգային ճաշատեսակ) կողմը ես կրում եմ բյորեկի եւ թփով տոլմայի աճող ազդեցությամբ: Ի՞նչն է միավորում այս երեք ժառանգությունները: Սերը դեպի ուտելիքը: Իմ իսպանական կողմից ժառանգել եմ հումոր, կրքոտություն, ջերմություն եւ ինտենսիվություն: Իմ հայկական կողմից հոսում են համեստությունը, գերզգայունությունը, անխոնջ աշխատասիրությունը եւ մեղմ, տխուր կարոտախտը, որը ծփում է՝ ինչպես լուռ մեղեդի:

–Կարո՞ղ ենք ասել, որ ձեր հայկական ժառանգությունն ավելի գիտակցաբար է ձեւավորել ձեր գեղարվեստական ինքնությունը՝ գիտակցված ընտրությունների միջոցով, թե՞ ավելի նրբորեն՝ որպես ներքին պատկանելության զգացում:

-Այո՛, երկուսն էլ, անկասկա՛ծ: Ներսից եւ դրսից, իմ գիտակցական եւ անգիտակցական էության մեջ ես «հնչում եմ» որպես «արեւմտահայ»՝ Սփյուռքի զավակ, ժառանգելով մշակույթ եւ մտածողություն, որոնք ձգվում են Ցեղասպանությունից առաջ եւ հետո, իր ընտանեկան ու սերնդեսերունդ փոխանցվող ցավերով, վերքերով, վախերով եւ կասկածներով: Իմ ողջ կյանքը նվիրել եմ «Արդարություն հատուցելուն»՝ Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցով, Արվեստի միջոցով բուժելուն, ստեղծելուն, փոխակերպելուն, բարձրացնելուն եւ փոխանցելուն հայկական ու նաեւ ֆրանսիական հոգին ու մշակույթը, որոնք ամբողջովին իմն են: Ես արվեստագետ եմ հոգով եւ կյանքով: Սա մի սահմանային ճանապարհ է, որը պահանջում է խիզախություն եւ ուժ, տաղանդ ու նաեւ հսկայական աշխատանք, արժեքներ՝ որոնք ժառանգել եմ երբեւէ չտեսածս Ցեղասպանության վերապրող իմ հայ պապից, որն, ինչպես նշեցի, առաջնորդում եւ պաշտպանում է ինձ, սակայն նաեւ իմ հայրական տատից՝ իսպանուհի Կարմենից, որը նույնպես վտարանդի էր՝ Ալժիրի Օրան քաղաքից: Նրան տեսել եմ, նա իմ կողքին էր մինչեւ երկու որդիներիս ծնունդը: Տղաներս մինչեւ 11 տարեկան հասակը հաճախել են Մարսելի Տիվոլի հայ մշակութային կենտրոն: Նրանք խոսում են հայերեն, ուսանել են հայկական միությունում եւ ունեն թե՛ ֆրանսիական, թե՛ հայկական անուններ:

-Այսպիսով, ենթադրում եմ, որ հայկական ավանդույթները դեռեւս ձեւավորում են ձեր առօրյան եւ ազդում ձեր բնավորության վրա:

-Այո՛, անշո՛ւշտ: Երբեմն պատրաստում եմ հայկական ուտեստներ, հաճախում եմ հայկական եկեղեցի եւ համայնքում խորապես ներգրավված եմ Հայ դատի աշխատանքներում՝ պատմության եւ մշակույթի փոխանցման միջոցով: Օրհնված հացի պես իմ սիրտը բազմապատկվում է, ոչ թե բաժանվում՝ բացառությամբ անարդարության եւ Հայաստանի ու Արցախի կրած սարսափների: Այդ ամենի պատճառով ես անգամ ընկճախտի մեջ եմ ընկել: Իմ հաջորդ ներկայացումը՝ «Սրբազան հոգիները», նվիրել եմ հայ զինվոր եւ նահատակ Անուշ Ապետյանին, որին 2022 թվականի սեպտեմբերի 13-ին սպանել են ադրբեջանցի զինվորները: Ներկայացումը պատմում է կանանց մասին՝ ժամանակների սկզբից մինչեւ մեր օրերը, տարբեր արքետիպերի միջոցով: Այն երաժշտական թատրոնի գործ է, որը միավորում է դրաման, երգը, պարը, տեսանյութը եւ կենդանի կատարումները պարողների մասնակցությամբ: Այս երաժշտական ներկայացումը նախատեսված է մարտի 6-ին՝ Մարսելի մերձակայքում գտնվող Օրիոլում, Կանանց միջազգային օրվա առթիվ, եւ ես երազում եմ այն մի օր ներկայացնել Երեւանում:

–Ի դեպ, երբեւէ այցելե՞լ եք Հայաստան:

-Ցավոք, երբեք չեմ եղել Հայաստանում: Սակայն այն կրում եմ իմ սրտում եւ հոգում: Մի օր գնալու եմ: Երբ հեռուստահաղորդումներում տեսնում եմ Հայաստանի լեռնային բնապատկերները կամ պատմական վայրերը, դրանց էներգիան խոսում է ինձ հետ: Ես զգում եմ, թե դրանք կարծես արդեն ճանաչում եմ, գուցե մեկ այլ կյանքից: Դրանք պետք է որ անչափ կենսալից լինեն…

–Ինձ մնում է մի օր ձեզ բարի գալուստ մաղթել Հայաստանում…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Զապելը` Աքսորյալ» խորագրով նոր պիես Բոստոնում

Հաջորդ գրառումը

Հա, հիշեցի, մի «գերագույն գլխավոր» հրամանատար էլ կար ասում էր՝ իմ հրամանատարական ունակությունների վրա չկասկածեք. քաղբանտարկյալ Աշոտ Երկաթ

Համանման Հոդվածներ

20 Փետրվարի, 2026

«Գողգոթայի ճամբուն վրայ»

20/02/2026
20 Փետրվարի, 2026

«Ազգ»-35

20/02/2026
20 Փետրվարի, 2026

Ընդդիմությունը շատ է ուշացել

20/02/2026
20 Փետրվարի, 2026

 Վենսի այցը եւ Հարավային Կովկասի նոր աշխարհաքաղաքական հաշվեկշիռը

20/02/2026
Հաջորդ գրառումը

Հա, հիշեցի, մի «գերագույն գլխավոր» հրամանատար էլ կար ասում էր՝ իմ հրամանատարական ունակությունների վրա չկասկածեք. քաղբանտարկյալ Աշոտ Երկաթ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական