Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ռազմավարական դաշնակցից երդվյալ թշնամու փոխակերպումը քաղաքական հզոր հետագիծ է թողել վերջին երկու տարում` սկսած 2020 թվականի 44-օրյա պատերազմից, որ Ադրբեջանը սանձազերծեց Հայաստանի դեմ, թուրքական բանակի, իսրայելական ԱԹՍ-երի, պակիստանյան օդաչուների եւ վարձկան իսլամիստ ջիհադիստների ակտիվ մասնակցութամբ։
Այդ պատերազմը քողազերծեց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գոյութուն ունեցող ռազմավարական գործընկերության ամբողջ էությունը, քանի որ Ռուսաստանը չկատարեց Հայաստանի հանդեպ իր ստանձնած պայմանագրային պարտավորությունները եւ այդ ժամանակից սկսած Լավրովը փորձում է բառային ամենատարբեր մտավարժանքներով արդարացումներ գտնել իր ստոր վերաբերմունքի համար։
Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերությունը հիմնված էր երկու անհամատեղի աքսիոմների վրա, որ ի վերջո իրար բախվելով հրապարակայնորեն բացահայտեց իր կեղծ լինելը։ Մի կողմից, Ռուսաստանը հավատացած է, որ Հայաստանին կարող է քարշ տալ որեւէ ուղղությամբ, որ ցանկանում է, ըստ իր հայեցողության, անգամ վտանգելով նրա ինքնիշխանությունը։ Այս անտարբեր վերաբերմունքը հնչեցրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսափողը հանդիսացող Ալեքսանդր Լուկաշենկոն։ Բելառուսի բռնակալը, որ 2022-ի փետրվարի ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ արհամարհական ձեւով հայտարարեց. «Հայաստանը ոչ մի տեղ չունի գնալու։ Ով է բանի տեղ դնում Հայաստանին»։
Երկրորդ աքսիոմը այն է, որ Հայաստանը կարիք չուներ մշակելու իր ուրույն ռազմական դոկտրինան, կամ որոնելու մեկ այլ ռազմավարական գործընկեր, քանի որ կարող էր հույսը դնել Ռուսաստանի վրա։ Սակայն, տարածաշրջանում քաղաքական զարգացումները այլ ուղղությամբ ընթացան եւ Ռուսաստանի շահերը համադրվեցին Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, դուրս մղելով Հայաստանին։ Որպես հետեւանք, ճգնաժամ առաջացավ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններում, քանի որ վերջինս այլ վայրերում սկսեց օգնություն հայցել ապահովելու համար իր անվտանգությունը։
Անցյալ տարվա հուլիսին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը Հայաստանին վստահեցրեց, որ բոլոր նոր ճանապարհներն ու հաղորդակցության ուղիները, որոնք կառուցվելու են, կամ հները, որոնց արգելափակումը վերացվելու է, գործելու են բացառապես տվյալ երկրների իրավասության ներքո։ Նա խոսում էր Սյունիքի մարզի «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը Թուրքիայի եւ Ադրբեջանի համար դարձել է խիստ կարեւոր` Բաքուն Նախիջեւանին կապելու հեռանկարով։ Միեւնույն հայտարարությունը հրապարակայնորեն հնչեցրել էր նաեւ ՌԴ-ի փոխվարչապետ Ալեքսի Օվերչուկը, որին հանձնարարված է այլ երկրների` ներառյալ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հետ մշակել երկու երկրների սահմանագծումը։ Վերջերս, սակայն, Ռուսաստանը պնդում է, որ Հայաստանի փոխարեն, ինքը` Ռուսաստանն է տնօրինելու Զանգեզուրի միջանցքի ճակատագիրը։
Այժմ, երբ Մոսկվան չկարողացավ կանխել 44-օրյա պատերազմը, կամ պարտավորված օգնությունը ցուցաբերել Հայաստանին, առաջ է եկել Լաչինի միջանցքի տագնապը, որն ըստ 2020 թվի նոյեմբերի 9-ի հայտարարության, որպես արտասահմանային անցուղի դրվել էր Ռուսաստանի իրավասության ներքո։
Անցյալ դեկտեմբերի 12-ին Հայաստանը Արցախի հետ կապող այս միակ ճանապարհի արգելափակմանը հաջորդած որոշ քայլեր եւ հակադարձ միջոցառումներ Լավրովին նեղ դրության մատնեցին եւ նա վերջերս ռուսական հեռուստատեսությամբ հեռասփռված հարցազրույցի ժամանակ ի վերջո արդարացրեց Ադրբեջանի պատերազմն ընդդեմ Հայաստանի։ Հանգուցալուծումը անակնկալ չէր, կանխատեսելի էր, դեպքերի զարգացման մեջ։
Անցյալ սեպտեմբերին Լավրովը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին Մոսկվա էր հրավիրել բանակցությունների անցկացման համար։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրաժարվել էր մասնակցել, պատճառաբանելով, որ չափազանց զբաղված էր Լաչինի միջանցքի հարցով։ Լավրովը առիթն օգտագործեց հայկական կողմին քննադատելու համար, նշելով, որ Հայաստանը բաց էր թողել եզակի մի հնարավորություն խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի հետ։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ Լավրովը այդ ֆորումը դարձրեց փաստորեն հակահայկական ամբիոն, կարծես նման ձեւաչափով անցյալի մի քանի հանդիպումները որեւէ արդյունք տվել էին։ Այդ հանդիպումներում արտգործնախարարները պարզապես ջուր էին ծեծել եւ ձեռնունայն վերադարձել տուն։ Մոսկվայի այդ հանդիպումը մասնավորապես նախատեսված էր խոչընդոտելու Բրյուսելին, որն սկսել էր ակտիվ դերակատարություն ունենալ բանակցություններում։
Դժգոհություն առաջացնող մյուս պատճառը Ադրբեջանին ռասիզմի մեջ մեղադրելու եւ Ղարաբաղում էթնիկական զտումներ իրականացնելու հայցով Միջազգային արդարադատության դատարան Հայաստանի հանդգնությունն էր, որը չէր համընկնում Կրեմլի քաղաքականության հետ։ Բայց Հայաստանը կարողացավ առաջընթաց արձանագրել այնտեղ, քանի որ Ադրբեջանի փաստարկները ցրիվ տրվեցին եւ դրական դատավճիռը ակնկալելի է մոտ ապագայում։
ՀԱՊԿ-ի վերջին հանդիպումը Երեւանում նույնպես դժգոհության առիթ դարձավ։ Մոսկվան Հայաստանին ստիպում էր ստորագրել այդ հանդիպման վերջնական հայտարարությունը, ինչը Փաշինյանը մերժեց կատարել։ Դժգոհությունը է՛լ ավելի թեժացավ, երբ Հայաստանը մերժեց այս տարի իր տարածքում անցկացնել ՀԱՊԿ-ի զորավարժությունները։
Պատճառը, թե ինչու Փաշինյանը մերժեց ստորագրել եզրափակիչ փաստաթուղթը այն էր, որ այնտեղ Ադրբեջանը չէր նշված որպես ագրեսոր։ Ավելին, հանդիպման մասնակիցները չկարողացան կողմնորոշվել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանները ճանաչելու հարցում։
Փորձառու դիվանագետ Լավրովը հանդիսավոր կերպով փորձեց մեղադրել Հայաստանին, որ մերժում էր իր տարածքում հյուրընկալել ՀԱՊԿ դիտորդներին, այն դեպքում, երբ իր սահմանումով՝ ՀԱՊԿ-ն դիտորդական խմբավորում չէ, այլ զինվորական դաշնություն, որը պարտավոր է պաշտպանել իր անդամ-երկրներին։ Հայաստանը շնորհակալություն հայտնեց, բայց ոչ մի շնորհակալություն էլ պետք չէր, քանի որ այդ դաշնությունը բազմաթիվ առիթներ ուներ (նաեւ ամրագրված պարտավորություններ) օգնելու Հայաստանին աղետաբեր պատերազմի օրերին։ Փոխարենը նրանք մատը մատին չտվեցին եւ խեղաթյուրելով իրենց պայմանագրային նպատակները՝ Հայաստանին մենակ թողեցին, որ հարվածներ կրի եւ Ղարաբաղն էլ օկուպացվի։ Հետո այդ կառույցի անդամ-երկրների մեծամասնությունը` մասնավորապես Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը շնորհավորեցին Իլհամ Ալիեւին Հայաստանի դեմ պատերազմում տարած «հաղթանակի» առիթով։ Ավելին, Ղազախստանը անցյալ շաբաթ մասնակցեց Հայաստանի սահմանի մոտ` Կարսում Թուրքիայի եւ Ադրբեջանի անցկացրած զորավարժություններին։
Լավրովը հատկապես ցավոտ է տանում Եվրոմիության դիտորդական առաքելության տեղակայման լուրը Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Անցյալ տարի 40 քաղաքացիական դիտորդներ էին տեղակայվել այդ սահմանագծում։ Ադրբեջանը ի գիտություն ընդունելով, համենայն դեպս չէր թույլատրել նրանց ներկայությունը իր տարածքում։
Անցյալ տարվա 40 դիտորդները չէին կարող մեծամասշտաբ ագրեսիայի առաջքն առնել, բայց վստահաբար, որպես ականատես վկաներ զսպողական դերակատարություն ունեցան սահմանի վրա։ Եվ իրոք, նրանց ներկայությունը բացառեց լարվածության թեժացումը։ Այս անգամ, ելնելով նախորդ տարվա փորձառությունից, ԵՄ-ն 100 դիտորդ է տեղակայում երկու տարի ժամկետով։ Նրանց թվաքանակը կարող է 200-ի հասնել եւ ներառել 70 ֆրանսիացի ժանդարմներին, որոնք կրելու են թեթեւ զենքեր։
Ի դեպ, ԵՄ-ի դիտորդներ տեղակայված են Վրաստան-Ռուսաստան սահմանին 2008-ից ի վեր, եւ սահմանը մինչ օրս հանդարտ է։
Նախագահ Ալիեւը դեմ է արտահայտվել ԵՄ դիտորդների տեղակայմանը առանց իր հավանության։ Բայց Լավրովը, հանդես գալով որպես Ադրբեջանի փաստաբան, հարցը ավելի առաջ է տարել հայտարարելով, որ առանց Ադրբեջանի համաձայնության այդ քայլը կարող է «անարդյունավետ» լինել, ինչը քողարկված սպառնալիք էր ուղղված Հայաստանին։ Դա նշանակում է, որ Ռուսաստանը չարակամ մտադրությունն ունի խոչընդոտելու ԵՄ դիտորդների տեղակայումը։ Եվ իրոք, այդ քողը շուտով պատռվեց, երբ Ռուսաստանն անցյալ շաբաթ հայտարարեց, որ ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնը Շուշիից տեղափոխում է Ադրբեջանում Հայաստանի սահմանին մոտիկ գտնվող մի տարածք։ Չմոռանանք, որ 2020-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն պարծենում էր դիտորդական այդ կենտրոնի ստեղծումով` նշելով, որ դա «հրաշալի կարգադրություն է Թուրքիայի հետ»։
Լավրովը դժգոհում է, որ Հայաստանը մերժում է իր սահմաններում հյուրընկալել իր առաջարկած Տրոյա ձին։ Նա ասել է, որ ՀԱՊԿ-ն պատրաստ էր դիտորդներ ուղարկել «հաշված օրերի ընթացքում, բայց մեր հայ գործընկերները նախընտրեցին հրավիրել ԵՄ դիտորդներին»։
Ռուսաստանը կնախընտրեր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները պահել իր վերահսկողության ներքո, որպեսզի հակամարտությունը երկարաձգվեր եւ կայունացնողի իր կարիքն զգացվեր հավիտյան։
ԵՄ դիտորդական խմբի ներկայությունը անվտանգության երաշխիք է Հայաստանի համար, որպեսզի վերջինս շունչ քաշի եւ վերագտնի իրեն ջլատիչ պատերազմից հետո։ Բայց Ռուսաստանը այլ կերպ է մեկնաբանում այդ քայլը եւ Հայաստանին է մեղադրում արեւմտյան ուժեր կովկասյան տարածաշրջան հրավիրելու եւ դրանով Ռուսաստանին իր ազդեցությունից զրկելու համար։ Հայաստանի մտադրությունը անշուշտ այդ չէ, այլ պարզապես հրատապ կարիքը պաշտպանվելու իր գոյությանն սպառնացող արհավիրքից։
Անկարող լինելով ուղղել իր դաշնակիցներին պաշտպանելու երկրի աղետալի ձախողումը, Լավրովը արձակեց իր զինապահեստի ամենաազդեցիկ քաղաքական ռումբը եւ շուռ տալով ողջ իրականությունը՝ արդարացրեց Ադրբեջանի ոճիրներն ու զավթողական գործողությունները։
Այն` ինչ առավել ցավոտ է դարձնում այս դավաճանական քայլը Հայաստանի եւ ամբողջ հայ ժողովրդի համար, այն է, որ Լավրովն ինքը ազգությամբ հայ է։
Փետրվարի 2-ին Լավրովը հարցազրույց տվեց «Ռոսիա 24» հեռուստակայանի թղթակից Դմիտրի Կիսելեւին եւ այլ թեմաների շարքին հայտարարեց. «Հայաստանը երկար տարիներ զավթել էր Ադրբեջանի 7 շրջանները։ Ռուսաստանը բազմաթիվ տարբերակներ էր առաջարկել հանգուցալուծելու համար ստեղծված իրավիճակը, բայց Հայաստանի ղեկավարները գերադասել էին պահպանել այդ տարածքները։ Ադրբեջանը ճարահատ ետ խլեց իրեն պատկանող շրջանները։ Այժմ կողմերը համաձայնել են ստորագրել խաղաղության պայմանագիր` հիմնված 1991 թվի Ալմա Աթայի հայտարարության վրա, որտեղ նշված է, որ անկախացած պետությունների սահմանները անցնելու են Միութենական հանրապետությունների սահմաններով։ Ղարաբաղը Ադրբեջանական ՍՍՀ-ի մաս էր կազմում»։
Որպես փորձված դիվանագետ, Լավրովը կարող է ստել որքան ցանկանա, բայց նա չի կարող պատմությունը շուռ տալ կամ խուսափել Ռուսաստանի ստանձնած պարտավորություններից, որոնք թվարկված են ներքեւում։
ա) Ռուսաստանը պարտավոր էր կանխել 44-օրյա պատերազմը եւ ոչ թե երախտագիտություն ակնկալել Հայաստանից այն դադարեցնելու համար։
բ) Ռուսաստանը դավաճանեց Հայաստանին նրան մատակարարելով անսարք զինամթերք եւ հրաժարվեց տեղակայել օդային պաշտպանության համակարգեր Հայաստանում։
գ) «Ռուսաստանը բազմաթիվ տարբերակներ էր առաջարկել հանգուցալուծելու համար ստեղծված իրավիճակը, բայց Հայաստանի ղեկավարները գերադասել էին պահպանել այդ տարածքները» նախադասությունը հակասում է իրական փաստերին, որովհետեւ Ռուսաստանը ինքն էր աջակցում Հայաստանի ղեկավարներին, որ պահպանեն այդ տարածքները, որպեսզի Կրեմլի ձեռքին Ադրբեջանի դեմ «սակարկելու զենք» ունենա։ Հատկանշական է այն փաստը, որ երբ Հայաստանը տարիներ առաջ 2012 թ. բանակցություններ էր վարում ԵՄ-ի հետ, Ռուսաստանը այլեւայլ խոստումներով մտքափոխ արեց այդ ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանին, որ մեկ օրից մյուսը թողելով ԵՄ-ն անդամագրվեց ՀԱՊԿ-ին։ Այո՛, Ռուսաստանը ուներ իր ցանկությունը պարտադրելու կարողությունը։
դ) Ռուսաստանն իր հավանությունն է տվել եւ ստորագրել ԵԱՀԿ-ի սկզբունքների տակ, որոնք երեքն են. հրաժարվել հակամարտությունները ուժի գործադրմամբ լուծելուց, պահպանել երկրների տարածքային ամբողջականությունը եւ հարգել փոքրամասնութունների ինքնորոշման իրավունքները։ Արդարացնելով Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիան՝ ՌԴ-ի գլխավոր դիվանագետը փաստորեն խախտում է ԵԱՀԿ-ի առաջին սկզբունքը։
ե) «Ղարաբաղը Ադրբեջանի ՍՍՀ-ի մաս էր կազմում» արտահայտությունը չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ Ղարաբաղը ինքնավար մարզ էր, որը հակառակ ժողովրդի կամքին Ստալինի թեթեւ ձեռքով դրվել էր Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հետագայում Ղարաբաղը օգտվելով միեւնույն սահմնադրական մեխանիզմներից, որոնցով Ադրբեջանն էր օգտվել, դուրս եկավ Խորհրդային Միությունից։
Հայերն ավանդաբար եղել են ռուսամետ ժողովուրդ։ Հասարակության շրջանում ներկայիս տիրող փոփոխությունը անմիջական հետեւանքն է Ռուսաստանի գործողությունների, եւ ոչ անպայման Արեւմուտքի գործադրած ջանքերի։ Ակներեւ է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները այժմ գտնվում են բախումների եզրին։ Հայաստանը չի կարող իր բախտը որոնել հեռավոր վայրերում, որովհետեւ Ռուսաստանն ունի հակադարձելու ե՛ւ միջոցները, ե՛ւ կամքը։
Հենց անցյալ շաբաթ խորհրդավոր պայմաններում իր մահկանացուն կնքեց տաղանդավոր դիվանագետ Արմեն Խարազյանը, որ արեւմտամետ քաղաքականություն վարելու քարոզչություն էր անում։ Ենթադրություններ կան, որ դա սկիզբն է գալիք ուրիշ խորհրդավոր պատահարների։
Շրջահայեցողությունն ու զգուշավորությունը ներկա ժամանակների ամենաարժեքավոր քաղաքական հատկանիշներն են։
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ
Անգլ. բնագրից թարգմանեց`ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)