Ուզո՞ւմ եք գծեմ ապագա խորհրդարանի քարտեզը. Սամվել Կարապետյանի շուրջ հավաքվածների դաշինքը, ով էլ ղեկավարի այն, կստանա տասնյոթ-տասնութ տոկոս, Ռոբերտ Քոչարյանի շուրջ հավաքվածներինը` դրանից մի փոքր ավել կամ պակաս, մնացած մանր- մունր կուսակցությունները` արեւմտամետ-եվրոպամետ-եսիմինչամետ` բոլորով միասին մի յոթ-ութ տոկոս, ներկա իշխաանությունը, գուցե մի փոքր նորացված ցուցակով, հիսուն տոկոսից մի ճըռթ ավելի: Բոլոր ոչխարներն ու գայլերը ողջ կմնան, երկկողմանի ցուցակներում կհայտնվեն կաշվից առանձնակի դուրս եկած մի քանի լրագրող, մի քանի ճամբարափոխ (երկու կողմից էլ), մի քանի կին ատամնատեխնիկ, իսկ ահա այժմ եւ երեսուն տարի առկա տնտեսաքաղաքական պլուտոկրատիան (ընչապետությունը) եւ նրա ստեղծած կրիպտոկրատիան (գաղտնապետությունը) կպահպանի բոլոր, բացառապես բոլո՛ր լծակները` մի քանի նոր դեմքերով ծածկելով իր աղճատ, աճպարար, կրիմինալի եւ թաքուն գործընթացների մեջ գծերը կորցրած դեմքը:
Իսկ հայ ժողովուրդը, համենայնդեպս` ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը, կշարունակի տապակվել սեփական թավայի էժան ձեթում, թաղված հին տապակումների խորը կեղտի մեջ` չկարողանալով իր ճակատագիրը որոշող գործոն դառնալ եւ մնալով ուրիշների խաղերի շարքային գործիք որպես: Կշարունակի հետեւել քաղաքական թատրոնի նոր արարներին, Եկեղեցու շուրջ ծավալվող նոր ինտերմեդիաներին` պարբերաբար ցնցվելով ընդհանուր ռեժիսուրայի` ստանիսլավսկու վրձնին արժանի բարձրակարգ տեսարանների առաջացրած երկրաշարժերից (ասենք՝ հայ-թուրքական սահմանի անսպասելի բացում եւ որպես մանանա իր գլխին թափված թուրքական էժան ապրանքների առեւտրային էմոցիաներից, Թրամփի ճանապարհ անվանյալին տարբեր երրորդ կողմերի սահուն ներկայության արձանագրումից, ցնցող սպանություններից, համացանցային ցունամիների`սրա-նրա անկողնային տեսարաններից, Բաքվում հայերի դատավարությունների ժամանակ նոր նվաստացումներից եւ այլն):
Մեր հանրությունը կշարունակի բան չհասկանալ աշխարհում տեղի ունեցողից, Եգիպտոսի, Թել Ավիվի միջազգային հավաքներում խաղարկվողից, թե բա` Գազայում, Ուկրաինայում հրադադար կամ խաղաղություն, Թրամփ- խաղաղասերի կերպարի հայտածմամբ` սկսյալ օգոստոսության վաշինգտոնյան արարից, ու դեռ չվերջացրած Թել Ավիվում եւ Շարմ Էլ Շեյխում կատարվողով, Ալիեւով եւ «այն տղայով» ` որպես աշխարհի նոր բեւեռացմանը լավ տեղյակներով եւ իրենց դերակատարումը լավ իմացողներով…
Դե իսկ աշխարհում կատարվողը չհասկանալը միգուցե ներվեր մեր հանրությանը, մանավանդ` նա չի էլ պատկերացնում, թե ո՞ր աստիճանի փոխկապակցված է մեր ներսում տեղի ունեցող ամեն բան դրսի գործընթացների հետ, բայց որ մեր ներսի աճպարարությունը չի հասկանում, որն արդեն որերորդ անգամ է թարմացվում եւ կրկնվում, ա՛յ դրա համար մեր մարդիկ փոխհատուցելու են իրենց եւ սեփական զավակների հերթական հիասթափվածությամբ, հայրենիքում սեփական երազանքներն իրացնելու իրենց իրավունքը հերթական անգամ զիջելով մի նեղ շերտի եւ չկարողանալով կոտրել ամեն ինչ որոշող հին-նոր համակարգը:
Նրանց հերթական աճպարարական ընտրություններն են սպասվում, նրանք էլի չեն կարողանալու «ոչ» ասել կարծրացած համակարգային աճպարարությանը, որով մի շատ փոքրիկ «էլիտա» անընդհատ վերարտադրվում է` փոխելով անոթները, բայց ոչ անոթների բովանդակությունը:
Հաջորդ հրապարակմամբ կանդրադառնանք կոնկրետ քաղաքական ուժերին ու նրանց հնարավորությունների շրջանակին, քանի որ արդեն ակնհայտ է, թե ո՞ ր ուժերն են պատրաստվում մասնակցել նոր քաղաքական մրցակցությանը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք հետեւյալ հղումով.