Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրան-ԱՄՆ հարաբերություններ. «Իրանի նկատմամբ առավելագույն ճնշումների  քաղաքականություն»

Գրիգոր Առաքելյան
14/02/2025
- 14 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
42
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի  պաշտոնամուտից հետո Թեհրանում տիրող սպասողական  տրամադրությունները երկար չտեւեցին: Փետրվարի 4-ին Սպիտակ տանն ստորագրվեց «Իրանի նկատմամբ   առավելագույն   ճնշումների  ու պատժամիջոցների խստացման, նաեւ Իրանից նավթի արտահանումը զրոյականացնելու մասին» հրամանագիրը:
Թրամփի նախագահության նախորդ շրջանում իրականացվող նմանօրինակ միջոցառումները նույնպես Իրանին միջուկային զենք արտադրելու հնարավորությունից զրկելու եւ տարածաշրջանում Իրանի ազդեցությունը սահմանափակելու նպատակ էին հետապնդում:

Մինչեւ հրամանագրի հրապարակումը ԱՄՆ-ի հետ երկխոսություն սկսելու  համար Թեհրանն իր կանխարգելիչ  քայլերը կատարել էր:  ԻԻՀ  նախագահ Փեզեշքիանը երկխոսելու դուռը բացելու համար հարկ եղած պատգամը փոխանցել էր Վաշինգտոնին: Օրինակ, Թրամփի երդմնակալությունից ընդամենը մի քանի օր առաջ ամերիկյան CNN  հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Փեզեշքիանը խոսել էր ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու Իրանի պատրաստակամության մասին: ԻԻՀ նախագահի օրինակին հետեւել էին նաեւ Իրանի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչը վկայում էր ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերաիմաստավորելու եւ տարաձայնությունները նվազագույնի հասցնելուն ուղղված  Իրանում տիրող տրամադրությունների մասին: 

Սակայն ԱՄՆ նախագահը, ի պատասխան Իրանի ցուց տված «կանաչ լույսի»,  ընդամենը հույս էր հայտնել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու համար Իսրայելը ստիպված չի լինի դիմելու ռազմական գործողությունների:

Անշուշտ, ներկայիս Իրանը չի կարելի համեմատել  Թրամփի կառավարման առաջին շրջանի Իրանի հետ: Երկրի տնտեսությունն ու ներքաղաքական կյանքը վերջին տարիներին լուրջ փոփոխությունների են ենթարկվել: Պատժամիջոցների պատճառով,  երկրի տնտեսությունը ծանր կորուստներ է կրել: 35 տոկոսանոց սղաճն ու ազգային տարադրամի աննախադեպ անկումը դրա մասին են վկայում:

Իրանի դիրքերի թուլացմանը նպաստել են նաեւ մերձավորարեւելյան տարածաշրջանում տիրող իրավիճակը, Լիբանանին հասցված  Իսրայելի հարվածները, Սիրիայի անկումը:

Ուկրաինական պատերազմի ընթացքում  Մոսկվային  ցուցաբերած Թեհրանի աջակցության պատճառով էլ Իրան-Եվրոպա հարաբերությունների սառնությունն իր առավելագույն մակարդակին է հասել: 

Այսպիսով, ակնկալվում է, որ Թրամփի խոստացած պատժամիջոցների ազդեցությունը էապես տարբերվելու է նախորդ շրջանում Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից: Հետեւաբար, Թեհրանն էլ  նախատեսվող ճնշումները չեզոքացնելու համար այլ միջոցների պետք է դիմի:

ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ «առավելագույն ճնշման» գործելակերպը  տապալված փորձ է, եւ դրա կրկնությունը որեւէ հետեւանք չի կարող ունենալ Իրանի համար: ԻԻՀ իշխանությունները նաեւ հաճախ են վկայաբերում   երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցչի  կրոնական ֆիթվան, առ այն, որ «միջուկային զենք արտադրելը հարամ է»: Ելակետ ընդունելով Իրանում միջուկային զենք արտադրելու վերաբերյալ կրոնական արգելանքը, ԻԻՀ իշխանությունները հիմնավորում են, որ Թրամփի հակաիրանական քաղաքականությունը սխալ հիմքերի վրա է դրված:

Ալ-Ջազիրա Հետազոտությունների Կենտրոնի (Al Jazeera Centre for Studies) հրապարակած վերլուծական զեկույցի համաձայն, եթե այնուամենայնիվ երկու երկրների միջեւ ուղիղ եւ իմաստավորված  բանակցությունների համար ցանկություն առաջանա, անհրաժեշտ է լինելու նկատի ունենալ որոշ  կարեւորագույն հանգուցային խնդիրներ: Հետազոտական  կենտրոնի պատկերացմամբ, նախորդ շրջանի  բանակցությունների ընթացքում կուտակված փորձից ելնելով, կողմերը պետք է բանակցությունների այս փուլն անցկացնեն փակ դռների հետեւում:

Հետազոտական Կենտրոնն առաջարկել է նաեւ   նկատի ունենալ, որ   ԱՄՆ-ի ու ԻԻՀ-ի միջեւ փոխվստահության բացակայությունը երկխոսության  ճանապարհին եղած գլխավոր խոչընդոտն է: Հաշվի առնելով պատմականորեն ձեւավորված անհանդուրժողականությունն ու նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցում երկուստեք թերացումները, Հետազոտական Կենտրոնն անհրաժեշտ է համարում նախեւառաջ  հաղթահարել անվստահության մթնոլորտը:  

Իրանի հնարավոր քայլերը նոր ճնշումներին դիմակայելու հարցում

ԱՄՆ գործադրած  «առավելագույն ճնշումների» առաջին շրջանում   Իրանը որդեգրել էր «ակտիվ դիմադրության» ռազմավարությունը: Իրանի հնարավոր հակազդեցությունն այս փուլում դեռեւս հստակ ձեւակերպում չի ստացել: Դրանով հանդերձ, քաղաքական վերլուծաբանները համոզված են, որ Թեհրանն ունի մի քանի այլընտրանք.

1.  Միջուկային ծրագրի ակտիվացում:
Իրանը կարող է ուրանի հարստացման աստիճանը բարձրացնելով եւ ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության մակարդակն իջեցնելով հակադարձել ԱՄՆ-ին ու Եվրոպային:

2.  Չինաստանի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների ակտիվացում:
Պատժամիջոցները շրջանցելու նպատակով Թեհրանը կարող է ակտիվացնել համագործակցությունն Արեւելյան տնտեսական բլոկի հետ:

3.  Բանակցությունների նոր փուլին մասնակցելու պատրաստակամություն:
Բանակցությունների վերսկսման հավանականությունը նույնպես բացառել չի կարելի: Սակայն այս սցենարի կապակցությամբ  լավատեսության հիմքերը բավականին թույլ են:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մյունխենում չկրկնեք նախկին սխալները

Հաջորդ գրառումը

Ինչո՞վ ենք զբաղված մենք

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Զարմանք է առաջացնում «Մեր ձևով»-ի որդեգրած քաղաքականությունը, որը շեշտը դնում է սոցիալ-տնտեսական զարգացման թեզերի վրա

02/02/2026
Հրապարակախոսություն

Գեոպոլիտիկ առումով դառնում ենք նախկինում արգելված ֆանտազիաների վայր, որտեղ աշխարհի մեծերը սկսում են բավարարել սեփական թաքնված աշխարհաքաղաքական կարիքները

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց. Սուրենյանց

01/02/2026
Հաջորդ գրառումը

Ինչո՞վ ենք զբաղված մենք

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական