Իրան-ԱՄՆ երկխոսության ընթացքին ուշադրությամբ հետեւող միջազգային հանրությունը եւ առաջին հերթին Իրանի սահմանակից երկրներն շտապում են հավաստի տեղեկատվություն ստանալ «դարի բանակցությունների» առաջին փուլի արդյունքների մասին: Իսկ Հայաստանի շահագրգռվածությունը բանակցությունների ընթացքի եւ վերջնարդյունքի նկատմամբ ավելի մեծ է, քան կարելի է պատկերացնել:
Թեհրանը չի թաքցնում իր զգուշավոր մոտեցումը 2018 թվականին միակողմանիորեն ՀԳՀԾ-ից հրաժարված նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ՝ կանխազգալով վերահաս վտանգն ու կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Նույնիսկ որոշ քաղաքական մեկնաբանների մոտ շրջանառվող տեսակետ կա, որ 2024 թ. Իրանի նախագահական ընտրություններում բարեփոխական Մասուդ Փեզեշքիանի հաղթանակը երաշխավորելով, Թեհրանը ցանկացել է նվազեցնել ԱՄՆ վերջին ընտրություններին հաղթելու ամենամեծ շանսերն ունեցող Թրամփի օրոք Իրան-ԱՄՆ հնարավոր լարվածության ռիսկերն ու չփակել ԱՄՆ-ի հետ հնարավոր երկխոսության դուռը:
Դա էր պատճառը, որ Թեհրանն ընդունեց Վաշինգտոնի մեկնած «բարեկամության» ձեռքն ու բանակցությունների համար առաջարկվող օրակարգը:
ԱՄՆ նախագահի եւ ԻԻՀ գերագույն հոգեւոր առաջնորդի հայտնի նամակագրությունից հետո, ապրիլի 12-ին, Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի ու ԱՄՆ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի՝ Օմանում կայացած հանդիպումը վերլուծաբանների մեծամասնության կողմից գնահատվեց որպես երկկողմ հարաբերություններում հստակություն մտցնելու եւ տարածաշրջանային լարվածությունը թուլացնելուն միտված կարեւորագույն քայլ:
Թեեւ նախորդ տարիներին, նույնիսկ Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի կառավարության շրջանում Իրան-ԱՄՆ շփումներն այս կամ այն ձեւաչափով չէին ընդհատվել, սակայն աշխարհաքաղաքական վայրիվերումների ներկայիս փուլում ԱՄՆ առաջարկած երկխոսությունից հրաժարումը կարող էր անկանխատեսելի հետեւանքներ ունենալ Իրանի համար:
Այսպիսով, Իրանն ընդունեց ԱՄՆ մարտահրավերն ու պատվիրակություն ուղարկեց Օման՝ բանակցելու Թրամփի առաջարկած (պարտադրած) օրակարգի շուրջ:
Երկխոսության առաջին փուլի համար ընտրված երկիրը Օմանն էր, որի մայրաքաղաք Մասկատում պիտի անցկացվեին Թրամփի առաջարկած բանակցությունները:
Երբ ԻԻՀ գերագույն հոգեւոր առաջնորդին ուղղված ԱՄՆ նախագահի նամակը Էմիրությունների միջնորդությամբ փոխանցվեց իրանական կողմին, տպավորությունն այնպիսին էր, որ Աբու Դաբին է ստանձնելու երկու երկրների կապն իրականացնող միջնորդի դերը: Սակայն իրանական կողմի պատասխան նամակը Վաշինգտոնին փոխանցվեց Օմանի միջոցով, որով էլ կանխորոշվեց առաջին հանդիպման վայրը:
Խնդիրն այն է, որ 1979 թ. Իրանում հաղթանակած իսլամական հեղափոխությունից հետո Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ խաթարված հարաբերությունների պայմաններում երկու երկրների միջեւ կապն ավանդաբար իրականացվում էր Օմանի միջոցով: Օմանի նախկին սուլթան Քաբոս բին Սաիդը ժամանակին իրականացրել է Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ գաղտի կապը եւ մայրաքաղաք Մասկաթում պարբերաբար հյուրընկալել երկու երկրների ներկայացուցիչներին: Օմանի ընտրությունը որպես միջնորդ պետություն, որի մասին մարտի 27-ին հայտարարությամբ հանդես եկավ Աբբաս Արաղչին, դրանով էր պայմանավորված:
Բանակցությունները տեղի ունեցան միջնորդավորված, այնպես, ինչպես իրանական կողմն էր պահանջել:
Դատելով կողմերի հրապարակած հայտարարություններից, բանակցությունների առաջին փուլը հուսադրող էր: Սակայն առաջին հանդիպումը քաղաքական մեկնաբանների մեծամասնության կողմից գնահատվել է իբրեւ «նախավարժանք», այլ ոչ թե որպես բանակցությունների վճռորոշ փուլ: Այդ պատճառով էլ շահագրգիռ կողմերի հնչեցրած նախնական գնահատականները չեն կարող վերջնարդյունքի մասին հիմնավոր պատկերացում տալ:
Այնուամենայնիվ, քաղաքագիտական եզրահանգումների պատկերն ամբողջացնելու նպատակով, կարելի է անդրադառնալ բանակցություններին տրված որոշ գնահատականներին:
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Օմանում տեղի ունեցած հանդիպման մասին իր առաջին տպավորություններն է հայտնել, նշելով, որ ՀԳՀԾ-ի փորձը ցույց է տվել, որ երկրի խնդիրները չպետք է պայմանավորել ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքով: Խամենեին նաեւ խորհուրդ է տվել խուսափել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հետ չափազանցված լավատեսական կամ հոռետեսական հույսեր փայփայելու գայթակղությունից: Այնուամենայնիվ, Խամենեին բանակցությունների ուղղությամբ կատարված առաջին քայլերը վատ չի գնահատել, հավելելով, որ բանակցությունների ընթացքից լավատեսական կամ հոռետեսական սպասելիքներ չունի:
Carnegie Endowment եւ International Crisis Group ինստիտուտների գնահատականներից ելնելով՝ այս փուլում Վաշինգտոնը վերջանկան արդյունք գրանցելու ակնկալիքներ չի ունեցել, ոչ էլ Թեհրանը՝ պատժամիջոցները սահմանափակելու: Այս փուլում կողմերը փորձել են ուսումնասիրել միմյանց զիջումների գնալու սահմանները:
«Թեհրան թայմզ» կայքին հայտնի են դարձել բանակցությունների մասին որոշ մանրամասներ: Ըստ վերջինիս, հանդիպման ժամանակ կողմերի միջեւ փոխանցվել է նվազագույնը 10 գրավոր պատգամ: Ընդ որում, առաջին պատգամը փոխանցվել է ԻԻՀ ԱԳ նախարար Արաղչիի կողմից: Ըստ որոշ տեղեկությունների, Օմանի միջնորդավորված բանակցությունների ավարտին բանակցող կողմերի ղեկավարները՝ Արաղչին ու Ուիթքոֆը շուրջ 45 րոպե տետատետ հանդիպում են ունեցել:
Ըստ «Եվրոնյուզի», Սպիտակ տունը բանակցությունների առաջին փուլի ընթացքը բավականին դրական ու կառուցողական է գնահատել, նշելով, որ ԱՄՆ բանակցող թիմի ղեկավար Սթիվ Ուիթքոֆը իրանական պատվիրակության ղեկավար Աբբաս Արաղչիին հայտնել է տարաձայնությունները երկխոսության եւ դիվանագիտական ուղիներով կարգավորելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շահագրգռվածությունը:
Կարծես, բանակցությունների երկրորդ փուլը Հռոմում անցկացնելու մասին կա նախնական պայմանավորվածություն, որի առաջարկությունը, ըստ ամենայնի, ներկայացվել է Վաշինգտոնի կողմից:
«Եվրոնյուզը» վկայաբերելով Axios լրատվական կայքի տարածած տեղեկատվությունը, նշել է, որ նախագահ Թրամփը մտադիր է միջնորդավորված բանակցությունների ձեւաչափը Հռոմում փոխել եւ Թեհրանին պարտադրել նախապես հայտարարված բանակցություինների ուղղակի տարբերակը:
Բոլոր դեպքերում, իրանական թնջուկը ամերիկյան պատկերացումներով հանգուցալուծելու ճանապարհին Թրամփին բազմաթիվ անակնկալներ ու դժվարություններ են սպասվում:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ