Իտալացի հայագետ Ալեսանդրո Օրենգոն հրատարակել է իր հերթական աշխատությունը՝ «Հայ հասարակության եւ մշակույթի ասպեկտները մ. թ. 4-5-րդ դարերում» վերնագրով:
Ներածությանը հետեւում է «Հայաստանը մ. թ. 4-րդ դարում» գլուխ՝ բաղկացած հետեւյալ ենթագլուխներից. ա «Քրիստոնեության ընդունումը (հիմնական աղբյուրներ եւ իրադարձություններ)», բ) «Հայկական հեթանոսությունը», գ) «Հայաստանի սոցիալական կառուցվածքը», դ) «Երկրի քրիստոնեացման եւ քաղաքականության փուլերը», ե) «387 թ. բաժանումը. Հայաստանը բաժանված է գոտիների արտաքին ազդեցության»): «Հինգերորդ դար» գլխում ներկայացված են՝ ա) «Գրերի գյուտը», բ) «Թարգմանչական գործունեության սկիզբը», գ) «Առաջին հայագիր բնագրերը (Կորյուն, Եզնիկ)», դ) «Հինգերորդ դարի երկրորդ կեսի բնագիր գրականությունը», ե) «Պարսկական տիրապետության շրջանը եւ պայքարը հանուն հայկական էթնիկ ինքնության պահպանման»: «Հայ հանրությունը 4-5-րդ դարերում. մարդը» գլուխը բաժանված է հետեւյալ ենթագլուխների՝ ա) «Կանանց դերը եկեղեցում եւ հասարակության մեջ», բ) «Երեխան եւ երիտասարդը», գ) «Ծերը», դ) «Աղքատը»: Վերջին՝ «Հայ հասարակությունը 4-5-րդ դարերում. ծեսեր եւ հաստատություններ» գլխում ներկայացված են ա) «Ամուսնության ձեւերը», բ) «Սգո եւ ողբի ձեւերը», գ) «Ժամանակի հաշվարկը եւ օրացույցը»:
Ալեսանդրո Օրենգոն (ծնված 1957-ին) Պիզայի համալսարանի քաղաքակրթության եւ իմացության ձեւերի ամբիոնի հայագիտության, կովկասագիտության, մոնղոլագիտության եւ թուրքագիտության դոցենտ է: Հեղինակ է շուրջ հարյուր հոդվածների եւ մենագրությունների, որոնք վերաբերում են հայոց լեզվի, պատմության եւ մշակույթի տարբեր երեսակներին: Զբաղվել է մ. թ. 4—7-րդ դարերի հայոց լեզվի, գրականության եւ հասարակության քննությամբ, ուսումնասիրել 5-17-րդ դարերի հայ քերականական մեկնությունները, մշակութային շփումներն Իտալիայի հետ, մասնավորապես անդրադարձել Տոսկանայում եւ Լիվոռնոյում հայերի ներկայությանը (միջնադարից մինչեւ 19-րդ դարը), առաջին հայերեն տպագիր գրքին՝ Ուրբաթագրքին եւ Ոսկան Երեւանցու՝ Տոմազո Կամպանելլայի քերականական աշխատության հայերեն թարգմանությանը: Ալեսանդրո Օրենգոն Հայագիտական միջազգային ընկերակցության անդամ է, Վենետիկում հրատարակված «Արմենիակա» ամսագրի համախմբագիր: Նա նաեւ եղել է Երեւանի Աճառյանի անվան համալսարանի պատվավոր պրոֆեսոր, իսկ Մատենադարանի տնօրենության կողմից 2008 թ. պարգեւատրվել է մեդալով:
Ա. Բ.