Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանությունը Գրողների, Նկարիչների միությունների շենքերն ուզում է խլե՞լ

Գեղամ Մկրտչյան
02/05/2025
- 2 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
17
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ դատախազությունը դրանց սեփականության իրավունքը վիճարկում է ուժը կորցրած օրենքի հիման վրա

Արդեն մեկ տարի է՝ Հայաստանի գրողների եւ նկարիչների միությունները հայտնվել են իրենց համար անհասկանալի դատական քաշքշուկի մեջ: ՀՀ գլխավոր դատախազությունը վիճարկում է ստեղծագործական միությունների շենք-շինությունների նկատմամբ այդ կազմակերպությունների տասնամյակներ առաջ գրանցված սեփականության իրավունքը: ՀՀ վարչական դատարան դատական  հայցը ներկայացվել է գրանցող մարմնի՝ Կադաստրի կոմիտեի նկատմամբ: Խոսքը վերաբերում է ինչպես գրողների միության Երեւանի Բաղրամյան 3 եւ նկարիչների միության Աբովյան 16, 16/1 հասցեներում գտնվող շենքերին, այնպես էլ Սեւանում, Ծաղկաձորում, Շորժայում գտնվող նրանց ստեղծագործական տներին:

Ըստ դատախազության պարզաբանման, ուսումնասիրությամբ պարզվել է, որ սեփականության իրավունքի գրանցումները կատարվել են իրավական ակտերի պահանջների խախտմամբ: Հիմնական փաստարկը հետեւյալն է. «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990 թվականի սեպտեմբերի 10-ի օրենքի 1-ին կետով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների եւ կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության, ասել է թե՝ պետության սեփականությունն է: Իսկ կադաստրային գործում առկա չեն ապացույցներ խնդրո առարկա շենք-շինությունները պետության կողմից տվյալ կազմակերպություններին փոխանցված լինելու վերաբերյալ:

Փաստարկն առաջին հայացքից անխոցելի է թվում: Սակայն, նախ, երբ փորձեցինք գտնել եւ առավել  հանգամանորեն ծանոթանալ յուրաքանչյուր առանձին նման դեպքում հայցի հիմքում ընկած հիշյալ օրենքին, պարզվեց, որ այն դեռ 2006 թվականի՝ նոյեմբերի 28ին… ուժը կորցրած է ճանաչվել: Ի թիվս,- նախկին ԽՍՀՄ նորմատիվ իրավական ակտերից բացի,- ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության եւ ՀՀ Գերագույն խորհրդի 73 օրենքների ու նորմատիվային ակտերի: Այդպես 1999 թ. հունվարի 1-ին ուժը կորցրած էր ճանաչվել նաեւ նույն 1990-ի հոկտեմբերի 31-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» օրենքը:

Հասկանանք, ԽՍՀՄ-ից իր անկախանալու մտադրությունը դեռ նոր հռչակած մեր հանրապետությունն իր այդ ճանապարհի սկզբին «տաք գլխով» ամեն ինչ Հայաստանի Հանրապետության սեփականությունն էր հռչակում, ավելի շատ, ի հակադրություն եւ ի դադարեցումն այստեղ ԽՍՀՄ իրավունքների: Որով չբացառենք, որ  կարող էր եւ անզգուշորեն խախտել ինչ-ինչ հաստատությունների գուցե ունեցած սեփականության իրավունքը: Ենթադրաբար դա եւս կարող էր լինել հետագայում այդ օրենքը չեղյալ հայտարարելու մի պատճառ, ինչպես եւ՝ ոլորտի այլ օրենքների ընդունումը:

Տվյալ դեպքում, թվում է, ծագող առաջին հարցն այն է, թե իրավական առումով որքա՞ն ընդունելի է համարյա երկու տասնամյակ առաջ ուժը կորցրած օրենքի հիման վրա դատական հայց ներկայացնելը: 

Եվ այն էլ մի օրենքի, որը, նկատենք, վերաբերում էր պետակա՛ն հիմնարկներին ու կազմակերպություններին: Որոնց թվին այս ստեղծագործական միությունների ու նրանց ունեցվածքի պատկանած լինելու վերաբերյալ եւս ապացույցներ կարծես թե առկա չեն: Իսկ երկու միություններում էլ պնդում են, որ իրենց շենքերը սկզբից եւեթ՝ նախորդ դարի 50-ական թվականներին, գրողների ու նկարիչների միջոցներով եւ հենց գրողների ու նկարիչների համար են կառուցվել, եղել են իրենց սեփականությունը: Նորանկախ Հայաստանի Հանրապետությունն էլ փաստորեն այդ իրավունքի ի՛ր գրանցումն է արել:

Ըստ ՀՀ գլխավոր դատախազության հայտարարության, մայրաքաղաքի Աբովյան 16 հասցեում գտնվող 2403,9 քմ մակերեսով շինության նկատմամբ 1999 թ. ապրիլի 2-ին, Կառավարության 1998 թվականի մայիսի 21-ի որոշման հիման վրա գրանցվել է «Նկարիչների միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքը: Իրենք են ասում՝ կառավարության որոշման հիման վրա է գրանցվել: Ուրեմն ճիշտ չի՞  լինի, որ պետական մարմիններն իրենք, եթե անգամ ժամանակին ինչ-որ բան այնպես չեն արել, ընթացակարգային ճանապարհով իրար միջեւ հարցը կարգավորեն՝ հարգելով կազմակերպության սեփականության առնվազն 26 տարվա պետականորեն գրանցված իրավունքը:

Եվ ընդհանրապես, այս եւ ստեղծագործական միությունների մյուս նման գործերի համար, երբ առնվազն 25 ու ավելի տարիներ են անցել, նաեւ վաղեմության ժամկետ չկա՞… Սա էլ՝ երկրորդ հարցադրումը:

Ծաղկաձորի «Նկարիչների տան» նկատմամբ միության սեփականության իրավունքը կադաստրի մարմնում գրանցվելու հիմքում դրվել է, ըստ  դատախազության հրապարակած տեքստի, Ծաղկաձորի քաղաքային խորհրդի գործկոմի 1996 թ. մարտի 15-ի արձանագրությունը, ինչը չգիտես ինչու ասվում է, թե «1992 թվականին հիմնադրված (իրականում ընդամենը իրավական կարգավիճակը փոխած – Գ.Մ.) «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության համար իրավական հետեւանքներ առաջացնել չէր կարող»: Գուցե այստեղ մի թյուրիմացությո՞ւն կա՝ նշված առաջին տարեթվի հետ կապված կամ մեկ ուրիշ: Այլ բան է, եթե, ինչպես պնդվում է, կառույցը որպես պատմության եւ մշակույթի հուշարձան՝ ենթակա չէր օտարման: Այս հարցին արդեն  պետք է պատասխանի պաշտպանական կողմը: Գեղարքունիքի Շորժա գյուղում գտնվող «Նկարիչ» ստեղծագործական տան պանսիոնատի եւ այլ շինությունների նկատմամբ կազմակերպության սեփականության իրավունքի գրանցումն էլ կատարվել է հեռավոր 2001 թվականին, հիմք ընդունելով, ի դեպ, շենքը նկարիչների միության հաշվեկշիռ տեղափոխելու վերաբերյալ դեռ 1974 թվականի փաստաթուղթը…

Ավելի հին փաստաթուղթ՝ Սեւանի շրջսովետի գործկոմի 1965 թվականի օգոստոսի 5-ի արձանագրությունն է Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի տարածքային մարմինը դրել, օրինակ, Սեւանի ստեղծագործական տան եւ կից հողամասի նկատմամբ գրողների միության սեփականության իրավունքի գրանցման հիմքում: Որքանո՞վ իրական կարելի է համարել այս եւ մյուս դեպքերում դատախազության նաեւ հետեւյալ պնդումը, թե «մինչդեռ Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1993 թվականի հունիսի 4-ին»… Որ նշանակում է՝ 1993-ին պետության կողմից լոկ կարգավիճակի փոփոխության ենթարկվելով, այն, իբր, 1934 թվականին ստեղծված եւ առ այսօր նույն բազայի հիմքի վրա, սերնդեսերունդ անընդմեջ գործող գրողական ընտանիքի նույն կազմակերպությունը չէ, նրա հետ կապ չունի ու նրա ժառանգորդը չէ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:
Երեւանի Բաղրամյան 3 հասցեում գտնվող հայտնի Գրողների տան, ինչպես եւ Ծաղկաձորի, Սեւանի ստեղծագործական տների նկատմամբ այս միության սեփականության իրավունքը եւս անկախացած Հայաստանում գրանցվել է քառորդ դար  առաջ, մեկը մյուսից մեկ-երկու տարի հետո: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի վկայությամբ՝ ՀՀ կադաստրի կոմիտեից դատական հայցին պատասխան է ստացվել, որ գրողների (ենթադրաբար՝ նաեւ նկարիչների) սեփականության իրավունքն իրականացվել է այդ ժամանակի օրենսդրությանը համապատասխան:

Իսկ մասնավորապես Բաղրամյան 3 շենքի կառուցման ու սեփականության պատմությունը շատ ավելի հին է: Ըստ գրողների միության նախագահի տարբեր անգամներ բերած փաստարկների, այդ շենքը, չնայած դատավարության ընթացքում ՀՀ դատախազության ներկայացուցչի որոշ այլ պնդումներին, հատուկ կառուցվել է գրողների համար եւ ակտիվ գործող է եղել արդեն 1951 թվականից, Երեւանի քաղխորհրդի 1952-ի փետրվարի 29-ի որոշմամբ էլ պաշտոնապես հատկացվել է Հայաստանի գրողների միությանը: Նրա տանիքի կառուցման ավարտման համար իր անձնական հոնորարներից  ներդրում է արել նաեւ մեծն Ավետիք Իսահակյանը: Այս ամենի մասին կան ժամանակի գրական մամուլի, ավագագույն գրողների, նաեւ Ավիկ Իսահակյանի վկայությունները: Վերջինս պատմությունը լսել է իր պապ Ավետիք Իսահակյանից: Վարպետին 1950 թվին, ծննդյան 75-ամյակի առթիվ, հրավիրել է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Հանդիպման ժամանակ մեծ բանաստեղծն առաջարկել է ՀԳՄ-ին, ինչպես մյուս հանրապետություններում, ապահովել արժանի պայմաններով շինությամբ: Երջանկահիշատակ Գրիգոր Հարությունյանն էլ ընդառաջելով ասել է՝ այնպիսի վայր ընտրեք, որ լինի Ձեր տան մոտ եւ Դուք ոտքով գաք աշխատատեղ: Այդպես էլ եղել է…

Գրողների միության միայն այս շենքի կադաստրային արժեքն ավելի քան 1,5 մլրդ, նկարիչների միությանը՝ 750 մն դրամ է: Շուկայականը, ինչպես նկատվել է, կարող է մի քանի անգամ ավելին լինել: Ինչո՞ւ է իշխանությունը այսպես ակտիվորեն հիշել քաղաքի կենտրոնում գտնվող այս, ինչպես նաեւ կազմակերպությունների մյուս շենքերի մասին: Հայտարարված առիթը, պատճառը կամ գուցե ճիշտ կլիներ ասել՝ պատճառաբանությունը այն տեղեկությունն է եղել, թե մարզական միություններից մեկը իրեն պատկանող «Սպարտակ» մարզադաշտը վաճառում կամ վաճառել է, ինչը որպես մյուսների համար վատ նախադեպ՝ չպետք է թույլ տալ: Եվ ըստ ամենայնի՝ մարզական ու ստեղծագործական միությունների սեփականության օրինականության ուսումնասիրման ու գուցե՝ այդ սեփականությունը պետությանը «վերադարձնելու» դժվարին հանձնարարական է եղել դատախազությանը: Անցյալ տարվա ապրիլի 10-ին Ազգային ժողովում պատասխանելով վերջինիս կողմից այդ միությունների սեփականության վիճարկման վերաբերյալ պատգամավորի հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտնել, որ դեռ Խորհրդային Միության ժամանակ այդ միությունների գույքը ավտոմատ կերպով, ինչ-որ ընթացակարգերով համարվել է նրանց սեփականությունը: Հիմա սա է՞լ պետք է  վերատեսության ենթարկել: Պետականացնել ու տալ նույն կազմակերպություններին անժամկետ օգտագործման, մի օր էլ… ի՞նչ հնարավոր չէ:

Փաստաբան Լեւոն Բաղդասարյանը խնդրի վերաբերյալ մի ասուլիսի ժամանակ, վկայակոչելով Վարչական դատավարության օրենսգիրքը, տեղեկացրել է, որ ներկայացված հայցն, իրոք, ժամկետանց է: «Գրական թերթի» այս մասին հաղորդմամբ, փաստաբանական կողմը միջնորդություն է ներկայացրել՝ կապված հայցի վաղեմության հետ, ՀՀ վարչական դատարանն արձանագրել է դա եւ մերժել դատախազության հայցը ՀԳՄ շենքի կապակցությամբ: Սակայն դատախազությունը բողոքարկել է վերադաս դատական ատյանին:  

 Գրողների միությունն այս դատական գործընթացի վերաբերյալ զարմանքի, բողոքի  ու աջակցության բազմաթիվ նամակներ է ստանում ինչպես հետխորհրդային երկրների, այնպես էլ արտասահմանյան համագործակից բազմաթիվ գրողական կազմակերպություններից, ՀԳՄ արտասահմանյան անդամներից, մեր գրականության բարեկամներից: «Մենք ցնցված ենք»,- մասնավորապես գրում են վրացի գրչընկերները ի դեմս իրենց կազմակերպության նախագահ Մաղվալա Գոնաշվիլու, այլ նշանավոր գրողների, ակադեմիկոսների, պետական մրցանակի դափնեկիրների: Ցնցված են «համացանցում շրջանառվող այն լուրից, որ Հայաստանի կառավարությունը, որը տասնամյակներ շարունակ եղել է հայ գրականության իսկական ջատագովն ու հովանավորը, մտադիր է մեր գրող ընկերներին զրկել իրենց պատկանող շենքերից… Մենք հավատում էինք, որ նրանք լիովին հասկանում են համաշխարհային պատմության մեջ խոր հետք թողած հայ գրի դերն ու նշանակությունը ձեր վաղնջական ժողովրդի կյանքում…», եւ այլն:

ՀԳՄ ՀԿ-ի 2015 թվականին պետականորեն հաստատված կանոնադրությունում ամրագրված է. «Կազմակերպության  սեփականությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո»: ՀՀ-ն արդյո՞ք պաշտպանում է մեր սեփականությունը, հարց է տալիս Հայաստանի գրողների միության նախագահը:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լույս է տեսել

Հաջորդ գրառումը

Օրակարգում հայոց լեզվի եւ գրականության զարգացման միտումներն են

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Բոլորս տեսնում ենք, թե ինչ ստորությունների է պատրաստ այս իշխանությունը այդ աթոռին մնալու համար. Չախոյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հաջորդ գրառումը

Օրակարգում հայոց լեզվի եւ գրականության զարգացման միտումներն են

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Իրավունք

Գլխավոր դատախազությունները պահանջում է Քոչարյաններից 8 կետով բռնագանձել…

12/05/2025

ՀՀ գլխավոր դատախազությունը Ռոբերտ և Բելլա Քոչարյաններից, Սեդրակ Քոչարյանից և Զարուհի Բադալյանից, Լևոն և Սիրանուշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյանից և Վիգեն...

ԿարդալDetails

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025

Քննչական ստորաբաժանումը անհետաձգելի քննչական գործողություններ է ծրագրում Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով

12/05/2025

Տաթևը և Որոտանի կիրճը՝Համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու

12/05/2025

Մեկ անձ է ձերբակալվել Երևանի ավագանու անդամի կնոջ մեքենան հրկիզելու համար

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական