Ինչ չէինք լսել ու տեսել, լսեցինք ու տեսանք այս վարչախմբի եւ նրա ղեկավարի կողմից: Լսեցինք ու տեսանք ոչ մեկ, երկու կամ տասնյակ անգամ, այլ նույնը շարունակվում է արդեն համարյա ամեն օր: Ու երբ գալիս է մի պահ, երբ մտածում ես՝ էլ տարակուսելու, զարմանալու բան չի մնացել, նրանք էլի ու էլի մեզ զարմացնում են:
Հովհաննավանքի «կռիվը»… Ո՞վ էր տեսել, կամ ինչպե՞ս թե կարգալույծ քահանան ասում է՝ ես այդ որոշումը չեմ ընդունում: Ու դեռ մի բան էլ կարգալույծ վիճակում «պատարագ» է մատուցում: Պատկերացնո՞ւմ եք՝ մեկին աշխատանքից հեռացնելու, բանակի սպային պաշտոնից ազատելու հրաման տան, ասի՝ չէ, ես այդ հրամանին չեմ ենթարկվում: Կամ անգամ ֆուտբոլում մրցավարը խաղացողին դաշտից հեռացնելու կարմիր քարտ ցույց տա՝ նա չենթարկվի ու չհեռանա դաշտից: Նման բան կլինի՞:
Ահա նման բան եղավ Աստծո տուն երկհազարամյա ազգասուրբ կառույցի բնականոն կարգին հակառակ: Ի հեճուկս այդ կարգի եւ դրա օծյալ տնօրինողի: Մի երիտասարդ կարգալույծ քահանա հանդգնեց դիմել այդ քայլին, որովհետեւ նրան թեւ տվեց ու թիկունք կանգնեց… պետական մեքենան: Եվ Գյումրու հոկտեմբերի 20-ի՝ ուժայինների զորքով անհասկանալի ներկայացումից օրեր հետո Հովհաննավանքում խաղացվեց վատ պատրաստված, ծափերով սկսված կամ ավարտված հաջորդը… Մի երկրում, որտեղ Սահմանադրությամբ ու դրանից բխող օրենքներով եկեղեցին անջատ է պետությունից եւ պետությունն իրավունք չունի միջամտելու նրա ներքին գործերին, երկրի առաջին պաշտոնյայի կամքով ու հովանավորությամբ առանց աչք թարթելու շարունակեցին խախտվել այդ օրենքները: Չգիտեմ՝ դրա համար իրավական պատասխանատվություն, հետեւանք կա թե՞ չկա, բայց երկրի քաղաքացիս ու Հայ ազգային սուրբ եկեղեցու մի զավակս, որի նաեւ ազգային ու քաղաքացիական զգացմունքները դուք այսպես վիրավորում եք, բողոքում ու մեղադրում եմ ձեզ:
Դուք հիմա էլ անցել եք մեր Եկեղեցու ներսում ապստամբ հուդաներ աճեցնելուն եւ դրա հիմքի վրա էլ հասարակության մեջ լրացուցիչ թշնամանքի մթնոլորտ ու ազգի նոր պառակտո՞ւմ մտցնելուն, երկու հազարամյակ ազգը միավորող կառույցը ցնցելուն, լրացնելով մեր երկիր սպրդած ամեն գույնի աղանդների, հարանվանությունների ու այլ հոսանքների գո՞րծը: Նման քայլերով վիրավորելով ու մարտահրավեր նետելով նաեւ, համոզված եմ, մեր Եկեղեցու հավատավոր զավակ միլիոնավոր հայերի ամբողջ աշխարհում: Ուրեմն մի՛ կրկնեք, ու թույլ տվեք նաեւ չհավատալ, թե ձեզ համար էլ Մայր աթոռ Սբ. Էջմիածինը սրբություն սրբոց է:
Թող չասեն եւ չեն կարող այսպես մտածող բյուր-բյուրոց հավատացնել, թե իրենց շարունակվող այս… արշավն ընդամենը Ամենայն Հայոց կաթողիկոսի անձի դեմ է (ինչն ինքնին նման դրսեւորմամբ արդեն հանցանք է) ու թե մեր Եկեղեցու դեմ չէ: Այդ արշավն իրենք սկսել են իշխանության գալու առաջին օրվանից ու հետեւողական կերպով շարունակում են մինչեւ այսօր՝ հետզհետե ավելի կոշտ ու ագրեսիվ: Հիշենք.
– «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» անդուր շարժումը՝ առաջին հանդուգն ազդանշանը: Նրանք նախ որոշեցին, որ իրենց պատվարժան գալստյամբ՝ նոր Հայաստանի արշալույս-ծնունդ են նշանավորում (այո, իրենք այսօր խեղճացած, ազգային արժեքային համակարգի վրա շեքած ունեցած եւ իր պատմական հիշողությունից վտարված, պառակտված ու դրանով առավել թուլացած Հայաստան են սարքել), իսկ չգիտեմ իրենց հրահրած, թե՞ իրենց լուռ հավանությանն արժանացած առաջին քայլերից մեկը եղավ կաթողիկոսի դեմ արշավը՝ նրա ու Վեհարանի տարածքի դեմ առաջին անվայել դրսեւորումներով:
– Իրենց երեւի գլխավոր գաղափարախոս կամ գլխավորի գաղափարների առաջին իրականացնող, ԿԳՄՍ առաջին գերնախարար եղած անձը մի անգամ դպրոցում քահանա տեսնելով՝ հարցրեց՝ նա այնտեղ ի՞նչ է անում… Ու չնայած մեր օրենսդրությամբ սահմանված դեպքերում դա թույլատրվում է, նախարարի այդ հարցը ո՛չ հետաքրքրությունից տրված, այլ հռետորական, բնույթով դատապարտո՛ղ հարց էր:
– Գուցե դրանից ծնվեց ու իրականացվեց նաեւ դրա հետ կապված հարցադրմամբ Պետրոս Ղազարյանի հայտնի հեռուստահարցազրույցը երկու ակնհայտ հակաեկեղեցական անձանց ներգրավմամբ ու ի հակառակ խնդրի օրենսդրական կարգավորվածությանը, կարծես հենց հակաեկեղեցական գաղափարներ նրանց միջոցով հանրայնացնելու հատուկ նպատակով:
– Ապա իրենք որոշեցին հանրակրթական դպրոցի ուսումնական ծրագրերից հանել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան՝ իր օրինակելի հայերենով գրված ազգաշունչ դասագրքերով:
– Կրկնելով իրենց «շեֆին» եւ գուցե ձգտելով հաճոյանալ նրան, երեկ-մյուս օրվա դեղնակտուց, բայց արդեն մեծուփոքր չճանաչող որոշ «գործիչներ» Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ սկսված արշավի շրջանակներում սկսեցին ու շարունակում են էթիկայի ամեն կանոն խախտելով նրան կոչել ավազանի անունով:
– Օրենքից չփախչող մի բարձրաստիճան հոգեւորականի տանելու պատրվակով (մինչդեռ կարող էին նրան հանգիստ հրավիրել) ուժայինների զորքով անարգեցին սրբավայր տարածքը…
– Հիմա էլ որոշել են փակել «Շողակաթ» հեռուստաալիքը:
– Ինչ-որ անվայել սադրիչ տեսանյութի տարածումը:
– Եվ ի վերջո՝ այս սադրիչ «պատարագ»-բեմականացումը, որը, ինչպես երեւում է, դեռ վերջը չէ…
Գուցե էլի ինչ-որ բան մոռացա ու բաց թողեցի:
Եզրակացությունները թողնում եմ իրենց ու հարգարժան ընթերցողին:
Ի՞նչ անեմ, որ հենց այս օրերին մտքիս եկել ու համառորեն չեն հեռանում ժամանակին Վազգեն Սարգսյանի՝ դառնությամբ ասված խոսքերը. «Ես ձեզնից վախենում եմ, դուք մեռոնին թույն կխառնեք»… Մեզ մատուցվող այս ամենն ի՞նչ է:
Ի դեպ, Վազգեն Սարգսյանն այդ միտքն ասել էր, եթե չեմ սխալվում, Մեղրիի մասին իր հայտնի խոսքում: Մեղրիի, որով թուրքերին ճանապարհ տալու մասին Խորհրդային Հայաստանի ղեկավար Կարեն Դեմիրճյանն ասել էր՝ «միայն իմ դիակի վրայով»:
… Այդ չգիտեմ ի՞նչ կոչվելու արժանի ոչ կանոնական, պառակտիչ «պատարագի» օրը մեր անզուգական, նվիրյալ Հասմիկ Պապյանը՝ Հայաստանի աշխարհանվաճ ժողովրդական արտիստուհին, իր ֆեյսբուքյան էջում հարազատ մի բնապատկեր լոսանկար էր դրել ու գրել միայն մեկ, խորախորհուրդ բառ՝ Հայրենիք… Երանի հասկացողին:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
ՀՀ քաղաքացի
 
			 
     
			





