Քաղաքագիտական լեզվի կառուցվածքը
Դիվանագիտական ու քաղաքական ոլորտի մասնագետներն իրենց միտքն արտահայտելու համար, ըստ երեւույթին, «քաղաքագիտական» կամ «դիվանագիտական» առանձին լեզու ստեղծելու հարցում մի քիչ թերացել են, ու դրա փոխարեն հորինել խառնածին մի լեզու, որտեղ առկա են գիտության, մշակույթի, սպորտի, կենցաղի եւ այլ բնագավառներից փոխառված բառեր ու արտահայտություններ:
Օրինակ, վերլուծաբանները երկրի քաղաքական լարվածության ցնցումային իրավիճակը նկարագրելիս, օգտագործում են օդերեւութաբանական եզրույթ, եւ ասում. «մուտք ենք գործել տուրբուլենտության փուլ», եւ այդ իրավիճակի ողբերգականությունն ընդգծելու համար կիրառում բժշկագիտական արտահայտություն, ու շարունակում՝ «…ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով»:
Երկրի անվտանգության խոցելիությունն էլ, ըստ քաղաքագետների, նման է ծակ հովանոցի, որը պետք է փոխարինել բրենդային նոր հովանոցներով:
Նույն քաղաքական մեկնաբանները, երբ խոսում են երկրների վտանգված հարաբերությունների մասին, դարձյալ դիմում են մթնոլորտի ու նրանում տեղի ունեցող գործընթացներն ուսումնասիրող գիտության բառապաշարին, ու ասում՝ «սեւ ամպեր են կուտակվել հարաբերությունների գլխին»:
Շարունակելով բնության մթնոլորտային գործընթացներին վերաբերող թեման, նշենք, որ քաղաքագիտական բառարանում, թունիսյան ծագումով «արաբական գարուն» արտահայտության շնորհիվ (2010 թ.), պատվավոր տեղ է հատկացված գարնանը, որն անկախ եղանակային փոխակերպումներից, տարածվեց նաեւ Եգիպտոսում, Եմենում ու շարունակվեց Լիբիայում ու Սիրիայում:
Դրան նախորդել էին հեղափոխության մյուս երանգներն ու ստացել քաղաքագիտական լեզվի հետ կապ չունեցող անվանումներ՝ Վրաստանին վերագրվող «Վարդերի հեղափոխությունը» (2003 թ.), Ուկրաինայի հետ ասոցացվող «Նարնջագույն հեղափոխությունը» (2004 թ.), Ղրղզստանի (2005 թ.), մասնակիորեն նաեւ Իրանի (2009թ.) հետ փոխկապակցված՝ «Կանաչների հեղափոխությունը», Պորտուգալիայի անվան հետ կապված «Կարմիր մեխակների հեղափոխությունը» (1974 թ.), բոլշեւիկյան զինված ապստամբությանը հետեւած «Կարմիր հեղափոխությունը» եւ գունային գամմայի մեջ չտեղավորվող, ամենավերջին՝ «Թավշյա հեղափոխությունը»:
Այդ խառնածին լեզվի կրողները տերմինաշինության ժամանակ չեն շրջանցել նաեւ ամուսնական հարաբերությունները, եւ պետությունների երկկողմ հարաբերությունների ջերմությունն անվանել են «սիրախաղ», իսկ սիրախաղի բացակայությունը՝ «մեղրամսի ավարտ»:
Գլխի տակ փափուկ բարձ դնելու հնարքն էլ քաղաքականության մեջ օգտագործվում է նոր հարվածի անսպասելիությունն ապահովելու համար:
Սպորտն էլ է քաղաքական մեկնաբանների բառաշինության համար հարուստ նյութ մատակարարում: Հաճախ ենք լսել «գնդակը այս կամ այն երկրի դաշտում է» արտահայտությունը, ինչը նշանակում է, որ իր դաշտում գնդակ չունեցող կողմը, մինչեւ հակառակորդի տեղից շարժվելը, կարող է միառժամանակ հանգիստ շունչ քաշել:
Սպառելով սպորտի բնագավառից փոխառված արտահայտությունների թեման, հավելեմ, որ քաղաքագիտական բառարանում կարեւոր տեղ են զբաղեցնում նաեւ «Ֆուտբոլային դիվանագիտությունը», «Պինգ-պոնգի դիվանագիտությունը», «Շախմատային դիվանագիտությունը» եւ մրցակցային այլ խաղերով պայմանավորված դիվանագիտության տեսակները:
Շեղվելով սպորտի թեմայից, ասեմ նաեւ, որ դիվանագիտության տեսակները շատ ավելի բազմազան ու բազմերանգ են, քան կարելի է պատկերացնել: Սակայն, խնայելով ձեր ժամանակը, կանդրադառնամ միայն միջնորդական առաքելության նպատակով իրականացվող փոխայցելությունների համար հորինված «Մաքոքային դիվանագիտություն» (shuttle diplomacy) եզրույթին, որն իր անվանումն ստացել է մանածագործական հաստոցում տեղավորված՝ անընդհատ շարժման մեջ գտնվող մեխանիզմից: Այս կարգի դիվանագիտության կապը մանածագործության հետ, հավանաբար պայմանավորված է մաքոքի շարժունակությամբ, ինչը դիվանագետի աշխատանքի կարեւորագույն հատկանիշներից է:
Այսպիսով, օգտագործելով տարբեր բնագավառներից փոխառված տերմինաբանությունը, Հայաստանում տիրող իրավիճակը նկարագրելիս, վերլուծաբանները մեկ նախադասությամբ կասեին՝
«Թավշյա հեղափոխությունից հետո մեր ավանդական դաշնակցի հետ երեսնամյա «սիրախաղն» ավարտված է, ուստի անվտանգության «հովանոցը» հիմնովին ծակվել է, ու «փափուկ բարձի» վրա դրված մեր գլխին «սեւ ամպեր» են կուտակվել, որի պատճառով մուտք ենք գործել «տուրբուլենտության» փուլ, ինչը «հղի է» անկանխատեսելի հետեւանքներով»:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ