Մրճահարե՞լ, թե՞ քննադատել
Առողջ քննադատությունը շարժիչ ուժ է, կառուցողականը՝ հաջողության հասնելու անսպառ միջոց:
Բայց «քննադատություն» եզրույթը, որ հին հունարեն kritik («քննության արվեստ, դատողություն») բառի պատճենումն է, կարծես դուրս է մղվել մեր առօրյա խոսակցական լեզվից, որի պատճառը հոմանիշներով հարուստ հայերենի ճոխ բառապաշարն է: Եվ հենց այդ հարուստ բառապաշարի հետեւանքով էլ «քննադատություն» բառի փոխարեն ինչ ասես չենք օգտագործում՝ խարազանել, փնովել, ցեխ շպրտել, թուքումուր տալ…
Հայերենի նկատմամբ ունեցած խոր ակնածանքից ելնելով՝ խորհուրդ չէի տա «քննադատություն» բառի փոխարեն օգտագործել ԽԱՐԱԶԱՆԵԼ հոմանիշը, քանի որ իրանական աղբյուրից փոխառված ԽԱՐԱԶԱՆԸ էշ քշելու համար նախատեսված գործիք է, որը կիրառվում է անհնազանդ էշերին «կարգի հրավիրելու» համար: Այդ պատճառով էլ հանձնարարելի չեմ համարում մեր քննադատական խոսքի թիրախ հանդիսացող մարդկանց վրա էշ քշելու ճիպոտ թափահարել:
Ի սեր Աստծո, եկեք քննադատել բառի փոխարեն չօգտագործենք նաեւ ՓՆՈՎԵԼ հոմանիշը: Չէ՞ որ դրա մեջ կեղտ կա, այն էլ՝ կղանքի տեսքով: Ճիշտ է, փնովել բառի հիմքը կազմող ՓԻՆ արմատի նմանությունը թուրքերեն ՓԵՅԻՆ բառի հետ խիստ պատահական է, այնուամենայնիվ եկեք քաղաքական դիսկուրսների ժամանակ իրար վրա նաեւ թուրքական ծագումով կղանք էլ չշպրտենք:
Հանձնարարելի չեն նաեւ «ցեխ շպրտելն» ու «թուքումուր տալը», որոնք փնովելու նման հակահիգիենիկ հատկություն եւ հետեւանքներ ունեն:
Մնում է մեր քաղաքական դիսկուրսի ժամանակ հնչող քննադակատան խոսքի համար, լեզվագիտական պեղումների միջոցով, մեր հանրության սեփականությունը դարձնենք վերջին ընտրություններից հետո մեզ ավանդված «ՄՐՃԱՀԱՐԵԼ» արտահայտությունը, որը մեր առօրյա քաղաքական խոսույթում պատկառելի տեղ զբաղեցնող «քլնգել» բառի հետ միասին, կարող է փոխարինել նաեւ «քննադատություն» եզրույթին:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ