Նիկոլի թիվ
Միտքն ավելի պատկերավոր արտահայտելու եւ խոսքի իմաստը սաստկացնելու համար երբեմն օգտագործում ենք այնպիսի արտահայտություններ, որոնք թեեւ չափազանցված են, բայց ունկնդրին ստիպում են ավելի խորանալ արտասանված խոսքի իմաստի մեջ: Հայկական դարձվածքաբանության մեջ ռուսաց ցար Նիկոլայ առաջինի՝ 1837 թվականին Հայաստան այցելության առիթով ժողովրդական լայն տարածում գտած «ՆԻԿՈԼԻ ԹԻՎ» արտահայտությունը «թավշյա հեղափոխությունից» հետո կարծես նոր իմաստ է ձեռք բերում: Եվ բնականաբար տարիներ անց «ՆԻԿՈԼԻ ԹԻՎ» արտահայտությունն անխուսափելիորեն օգտագործվելու է երկու տարբեր իմաստներով: Սակայն քանի դեռ մեր ժամանակներում չունենք ՆՈՅ անվամբ առաջնորդ, անսասան է մնում հիպերբոլիկ իմաստով ներբեռնված «ՆԻԿՈԼԻ ԹԻՎ» դարձվածքին զուգահեռաբար օգտագործվող «ՆՈՅԻ ԹԻՎ» արտահայտությունը, թեեւ վաղեմության առումով վերջինս զգալիորեն զիջում է առաջինին:
Իսկ իրանցի թարգմանիչն ինչպե՞ս պետք է թարգմանի ՆԻԿՈԼԻ ԹԻՎ արտահայտությունը: Չէ՞ որ ռուսաց ցարը, իր դարակազմիկ այցելությունը դեպի Պարսկաստան չիրականացնելով, իրանցիներին զրկել է այդ թեւավոր արտահայտությունից: Եվ իրանցիները, բնականաբար ձեռքները ծալած չեն նստել, ու բացը լրացրել են ahd-e bugh՝ «ՇԵՓՈՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆ» արտահայտության միջոցով: (Չշփոթել 88-ի շարժումն ազդարարած ՇԵՓՈՐԻ հետ): Իսկ որտե՞ղ է պետք փնտրել այդ արտահայտության ակունքը:
Հին ժամանակներում, երբ Պարսկաստանում դեռեւս չկային զանգվածային հաղորդակցական միջոցներ, ինչպիսիք են՝ հեռախոսը, ռադիոընդունիչը կամ հեռագիրը, տարբեր թաղամասերում հանրությանը հետաքրքրող տեղեկատվթյունը, օրինակ՝ ջրաղացների ու բաղնիքների աշխատանքի սկիզբն ազդարարելու համար օգտագործում էին շեփորը: Այսպիսով, վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձության մոտավոր, մի քիչ էլ չափազանցված ժամանակահատվածը բնութագրելու համար, այսօր Իրանում օգտագործվում է ahd-e bugh՝ «ՇԵՓՈՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆ» արտահայտությունը, որը միանգամայն համարժեք է «ՆԻԿՈԼԻ ԹԻՎ» արտահայտությանը: (Ո՞վ գիտի, միգուցե ռուսաց ցար Նիկոլայ առաջինի այցը Հայաստան նույնպես ազդարարվել է Շեփորի միջոցով):
Իսկ ավելի վաղ տեղի ունեցած դեպքերի ժամանակահատվածը հեգնաբար ցույց տալու համար Իրանում օգտագործվում է ahd-e Deghianus արտահայտությունը, որը կարող է փոխարինել ՆՈՅԻ ԹԻՎ արտահայտությանը: Նշենք, որ Իրանում Հռոմի Դեկիոս Տրայանոս կայսրին (Գայոս Մեսիոս Քվինտոս Դեկիոս) պարսկերենով ԴԵՂԻԱՆՈՒՍ են անվանում, ում ապրած տարիները (պաշտոնավարել է մթ. 249-251 թ.թ), իրանցիների պատկերացմամբ, պատկանում են անհիշելի ժամանակներին:
Բայց Իրանի Թավրիզ քաղաքում մոտեցումն այլ է: Վաղ անցյալում տեղի ունեցած դեպքերի մոտավոր ժամանակաշրջանը բնութագրելիս թուրքերենով օգտագործվում է min uchyuz ghadim «հազար երեք հարյուր հեռավոր անցյալ» կամ min uchyuz chokhdan «հազար երեք հարյուր վաղուց» արտահայտությունները:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ