Կարմիրը եւ նրա հետագիծը
Կարմիրը մեր ներկապնակի ամենագեղեցիկ երանգներից է: Ռուսերենում «կարմիր» (krasny) եւ «գեղեցիկ» (krasivy) բառերի նույնարմատ լինելը դրա վկայությունն է:
Կարմիրը նաեւ էկոլոգիական առումով ամենամաքուր գույներից է: Բազմաթիվ ապացույցներից մեկը մեր բնաշխարհում ապրող Արարատյան որդան կարմիր կոչվող միջատն է, ինչպես նաեւ հայերեն «կարմիր» եւ պարսկերեն «kerm» (ճիճու) բառերի միջեւ առկա ընդհանուր կապը:
Կարմիրը նաեւ մարդասիրության խորհրդանիշ է: Եթե այդպես չլիներ, քաղբանտարկյալների նկատմամբ բռնաճնշումներին արձագանքող եւ դրանց մասին ահազանգող Նոբելյան մրցանակի եռակի դափնեկիր միջազգային կազմակերպությունը «Կարմիր խաչ» չէր կոչվի:
(Բացառությունները վերաբերում են Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին):
Կարմիրը շաբաթվա ամենագունագեղ օրերից մեկի՝ Սուրբ Զատկին հաջորդող «Կարմիր կիրակի» կոչվող երրորդ կիրակիի գույնն է, որը խորհրդանշում է քրիստոնեական քաջությունը:
Հայերի մոտ կարմիրը նաեւ պսակադրության խորհրդանիշ է. չէ՞ որ հնում փեսային պսակադրելու ժամանակ կարմիր երիզ էին կապում:
Կարմիրը նաեւ պատկառանքի եւ հուզական լարման նշան է: Դրա ապացույցը ամոթ զգալու պահին դեմքի շիկնելն է՝ կարմրելը:
Սակայն պետք չէ մոռանալ, որ, հակառակ այդ գույնին վերագրվող բազմաթիվ արժանիքների, կարմիրը նաեւ սահմանափակումների ու արգելքների գույն է: Նրա սահմանած գծի անխախտելիությունը պարտադրանք է: Այդ պատճառով էլ կարմիր գծերը չեն դրվում բանակցությունների սեղանին, առավել եւս երբ դրանք վերաբերում են հայի ազգային ինքնությունը բնորոշող հատկանիշներին՝ լեզվին, պատմական հիշողությանը, մշակույթին ու եկեղեցուն:
Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ





