Հայաստանի հանրապետության բնակչության մի որոշակի մասը, ոմանց գնահատմամբ՝ էական հատվածը պարբերաբար անորոշությունների վիճակում է ապրում: Այդ անորոշություններն այնքան բազմազան ու բազմաբնույթ են, հայտնվում են այնպիսի պահերի ու տեղերում, որ դժվար է ինչ-որ կապեր գտնել, տրամաբանություն փնտրել: Մեկին դուր չի գալիս հարեւանի բնակարանից հնչող երաժշտության բարձր տոնը, երկրորդը վրդովվում է համատիրության անգործությունից, երրորդը` գնված ապրանքի որակից, չորրորդը` պետի պահվածքից, հինգերորդը` կանգառում չափից երկար սպասելուց, վեցերորդ-յոթերորդն ու հաջորդիվ` վարորդի ծխելուց ու անհարկի ձայնային ազդանշան տալուց… Հայաստանաբնակը մասամբ թե հիմնավորապես գիտի, տեղեկացված է, որ այսօրինակ իրավիճակների կանխման նպատակով քաղաքային ու համերկրային կանոնակարգեր ու օրենքներ կան, որոնք մի դեպքում ու պարագայում գործում են, մի այլ դեպքում` անտեսվում, հասկանալի չէ` ինչ հանգամանքների արդյունքում:
Այսօրինակ առօրյան քիչ է, չգիտես ինչ առիթով կամ որպիսի նպատակով հայտնվում են պետական հաստատությունների պաշտոնյաներն ու կառույցների հայտարարությունները ներմուծվող ապրանքների որակի վերաբերյալ, խնդիրներ են նշվում ալկոհոլային խմիչքների արտահանման հետ կապված հարցերում, ահազանգում են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ստացված հայտերից… Օրերս համանման մի հայտարարություն տարածեց ՀՀ առողջապահության նախարարությունը, բարձրաձայնելով, առավել կոնկրետ` ահազանգելով, որ Հայաստանի Հանրապետությունում երեխաների մոտ քաշի ավելցուկ կա, բնականաբար` ոչ ցանկալի: Հանրահայտ է, որ մարդ-արարածի մոտ որոշակի տարիքում ու հասակում քաշի անհամապատասխանությունը առողջական խնդիրների է հանգեցնում, խաթարում ընտանեկանից մինչեւ հանրային հարաբերությունները: Նաեւ պարզից էլ պարզ է, որ ավելորդ քաշի հիմնական հարուցիչներ են սպառվող սննդի ծավալներն ու դրանց որակը, որտեղ անառարկելիորեն համոզված ենք, որ մեր մարդկանց կողմից վարձատրվող աշխատակազմերը որոշակիից մինչեւ զգալի անելիք ունեն, որտեղ ահազանգելը վերջին միջոցներից մեկն է:
Թե ինչ սնունդ է օգտագործվում հայերիս խոհանոցներում ու մանկական հաստատություններում, պարզ է հանրության յուրաքանչյուր անդամի, այդ թվում` պետական պաշտոնյաներին: Դրանցից առաջնայինը թերեւս մսամթերքն է, առավել հաճախ` երշիկեղենի տեսքով: Առեւտրի ամենափոքր կետում անգամ, չխոսելով սուպերմարկետների մասին, երշիկեղենի այնպիսի տեսականի կա, որ առանց երկմտելու զարմանք է առաջացնում: Նաեւ` գնի առումով, քանզի եթե հայաստանյան արտադրանքը, երբեմն ակցիաների տեսքով, առաջարկվում է կիլոգրամի դիմաց 1200-1400 դրամով, ընդամենը մեկ մետր աջ կամ ձախում ցուցադրվող, ասենք Ռուսաստանի դաշնությունից ներմուծված երշիկեղենի գները 6000-10000 դրամ է: Այս վիճակն է տարիներ շարունակ, եւ հանրությունը որեւէ տրամաբանված պատասխան չի լսել ընդհանրապես: Ասենք այն բացատրությունը, թե երշիկեղենը արտադրվում է արտերկրներից համեմատաբար մատչելի գներով ներմուծված մսատեսակներից, հիմնավոր չէ, քանզի նույն առեւտրի կետերի մսատեսակների վաճառքի բաժիններում դրանք երշիկեղենի համեմատ ավելի բաձր գնով են ցուցադրվում: Կարծես թե այստեղ չկա նաեւ սուբսիդավորում կոչվող համակարգ, որն այս օրերին իրականացվում է խաղողի մթերումների գործընթացում, մթերողներին խրախուսելով կգ-ի դիմաց 30 դրամով, 1000 տոննայի պարագայում 30.000.000 դրամով:
Այս առումով հանրությունը պարզաբանումներ չի ստանում նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, այս կառույցի ենթակայության ներքո գտնվող սննդամթերքի անվտանգության ծառայությունից: Մսամթերքների արտադրության ոլորտը նաեւ ազատված չէ հարկային պարտավորություններից, չունի բարերարների ցանց, այլ հաճախ ինքն է բարեգործություններ իրականացնում: Իսկ ի՞նչ է, մեզանում միայն երեխաների՞ մոտ է քաշի ավելցուկ նկատվում: Մեզանից յուրաքանչյուրը կվկայի, որ իր շրջապատի երկու ներկայացուցչից առնվազն մեկը նույնպես ցանկալիից գեր է, սովորականից ավելի հաճախ է գանգատվում առողջությունից: Այստեղ վերոնշյալներից զատ կարեւոր է նաեւ առողջությանը նպաստող այլ սննդատեսակների ամենօրյա օգտագործումը, որպիսիք են բանջարեղենն ու մրգերը, որոնք մեզանում թանկ հաճույքների շարքին են դասվում, արտահանվող գերակայություններ համարվում: Ընդամենը օրեր առաջ հայտարարվեց, որ երկրում 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին մսի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5.3 տոկոսով: Իսկ ահա երշիկեղենի ու միս պարունակող սննդամթերքների արտադրությունն ավելանում է, շնորհիվ` խորը սառեցված մսատեսակների ներմուծման: Պարենապահովություն ասվածը մեզանում առաջնահերթություն չէ…
Առաջնահերթ սննդի առումով հարցերը խնդիրների են վերածվում կաթնամթերքների օգտագործման պարագայում: Դարեր շարունակ կաթը կաթ է կոչվել ու համարվել, մածունն ու պանիրը կաթից են պատրաստվել: Ընդամենը տարօրինակորեն ասենք, մեր օրերում իրավիճակը փոխվել է, ի հայտ է եկել սննդատեսակ, որն անվանվում է… կաթ պարունակող կաթնամթերք: Թե համարժեք ինչ նյութեր կան այս ապրանքանիշի տակ առաջարկվող սննդատեսակում, հարցի այլ կողմն է: Եթե նշենք, որ զուտ կաթից պատրաստված պանրի կգ-ը վաճառվում է 3200-3800 դրամով, պանրային մթերք անվանվող սննդատեսակի գինը կարող է կազմել 1400-2600 դրամ: Երբեւէ լսած չկանք, որ բնական կաթի հետ խառնվող ինչ-որ նյութեր անհրաժեշտություն են, որպիսին ասենք յոդացված աղն է կամ շաքարավազ չպարունակող հյութը:
Մամուլը, ինչքան էլ փորձ արվի այն չորրորդ իշխանության ներկայացնել, ավելին չի կարող անել, քան է` հարցերի ու խնդիրների բարձրաձայնումը, լինի փաստերի ներկայացման թե ահազանգումների տեսքով: Հանրությանը մտահոգող հարցերի պարագայում, որպիսին է ՀՀ առողջապահության նախարարության ահազանգը` երկրի երեխաների մոտ ավել քաշի վերաբերյալ, հարկ է որ այլ գնահատականի արժանանա` ի՞նչ սնունդ ենք սպառում մենք:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ