Նորին Վսեմություն վարչապետից մինչեւ ԱԺ խոսնակ եւ պաշտպանության հաձնաժողովի նախագահ, արտգործնախարարից մինչեւ Թուրքիայի հետ հարաբերությունների գծով բանագնաց, եւ մինչեւ վերջին անդամն ու անդամիկը պայմանագրով իրար հետ շաղկապված շղթայի, Ցեղասպանության մասին խոսելիս շուտասելուկի նման կրկնում են իբր «դիվանագիտական» նույն արտահայտությունը՝ «Այդ հարցը մեր օրակարգի վրա չի գտնվում»: Թե ի՞նչն է գտնվում իրենց օրակարգի վրա, վստահաբար մենք ավելի լավ գիտենք՝ քան իրենք: Գիտենք նաեւ, որ այդ նախադասության մեջ խտացված են Ցեղասպանության ուրացումը, հերքումը, ժխտումն ու ժխտողականությունը՝ negationism-ը, որը Նյուրենբերգի դատավարությունից սկսյալ համարվում է քրեորեն պատժելի արարք բոլոր այն պետություններում, որոնք չեն ուրացել, չեն ժխտկել Հոլոքոսթը, ավելի ուշ՝ Մեծ եղեռնը, էլ ավելի ուշ՝ Դարֆուրն ու Ռուանդան:
Ժխտողականություն, negationism! Ցեղասպանագետներն ասում են, որ դա ցեղասպանության վերջին արարն է, վերջին ոճիրը, սպանդը: Եվ ապշեցուցիչն այն է, որ Թուրքիային ժխտողականության մեջ միանում են, իսկապես աննախադեպ, մեր իսկ ցեղասպանված ժողովրդի պայմանագրային ներկայացուցիչները՝ վերջին հարվածը տալով զոհին, մեր իսկ ժողովրդին ու երկրին: Այն էլ այն պայմանններում, երբ ցեղասպան երկրի որոշ ներկայացուցիչներ, ինչպես պատմաբաններ Զարաքոլուն, Թաներ Աքչամը, Քեմալ Հ. Քարփաթը եւ թուրքազգի այլ մասնագետներ առավել համակողմանի ու փաստացի ներկայացրել են Ճշմարտությունը: Իսկ ամենակարեւորը՝ մանրամասնորեն ներկայացնում են նույնինքն թուրքական դատարանում, ավելի ճիշտ՝ զինվորական տրիբունալի նիստերում երիտթուրքերի 1919-1922 թթ.ի դատավարության նյութերը, որոնք սղագրված պահպանվել են «Թաքվիմի-Վեքայի» պաշտոնաթերթում, հետագայում համապատասխան ծանոթագրություններով հրատարակված՝ հանգուցյալ Վահագն Տատրյանի եւ Թաներ Աքչամի նշանավոր ժողովածուում: Դատավարություն՝ որում կայացված վճիռները հետագայում ու մինչ օրս չեն բեկանվել թուրքական կամ այլ որեւէ դատարաններում:
Գիտենք, մեր պայմանագրայինները չեն սիրում գիրք կարդալ, սիրում են տգետ մնալ եւ իրենց տգիտությունը ներկայացնել որպես ալիբի, որպես պաշտպանիչ օղակ՝ անմեղսունակության: Եվ այդ է պատճառը, որ վերոհիշյալ հանձնաժողովի նախագահը զոհերի անվանացանկ է պահանջում (գուցե անուն-հայրանուն եւ ազգանուն նշումով, ծննդյան ու մահվան վկայականներով), իսկ Նորին Վսեմությունը, կասկածի տակ դնելով ամբողջ եղելությունը՝ մեր եւ մեր դաշնակիցների մեջ է փնտրում Ցեղասպանության հրահրիչներին: Այնինչ պատմական փաստված իրողություն է, որ հայկական պաշտոնական ոչ մի մարմնի բնավ ու երբեք անկախության հետամուտ չի եղել, այլ ընդամենը պահանջել է անձի, ընտանիքի, ազգի ապահովություն, անձնական ունեցվածքի անձեռնմխելիություն, երբեմն ստիպված լինելով զենք վերցնել ու պաշտպանել ինքզինք եւ յուրայիններին:
Իսկապես, տգիտությունը մեր հակառակորդն է, իսկ մարտնչող տգիտությունը՝ մեր թշնամին: Եվ այդ է պատճառը, որ մերօրյա տգետները դարձել են մեր թշնամիների բարեկամը, գրեթե նույնացել էրդողանյան ժխտողականությանը՝ մեզ հետ զարմացնելով նաեւ Ցեղասպանությունը ճանաչած 30 երկրների ղեկավարներին, ցեղասպանությունների կանխարգելման գործին նվիրված միջազգային կառույցներին եւ անհատներին, մեր բովանդակ ազգին, համայն հայությանը դնելով իրենց «անօրակարգությունը» մերժելու ստիպողության տակ:
Հետեւաբար, առաջիկա Ապրիլի 24-ը, Ցեղասպանության 110-ամյակի բոլոր միջոցառումները, երթերն ու սգահանդեսները պետք է անցնեն մերժողականությունը մերժելու կարգախոսի տակ:
Դա մեր պարտականությունն է, դա կանխարգելումն է հետագա նորանոր ցեղասպանությունների:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ