Դեկտեմբերի վերջերին դիմատետրի (facebook) իմ էջում գրել էի, որ շուտով Հայաստան է այցելելու ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաբարձրաստիճան մի անձնավորություն, եւ չնայած չէի բացահայտել, թե ով է լինելու այդ պաշտոնյան, շեշտել էի, որ նման մակարդակի այցելություն երբեք տեղի չէր ունեցել: Դա լինելու էր պատմական մի այցելություն, քանի որ մինչ այդ ՀՀ այցելած ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյաները եղել էին Ներկայացուցիչների պալատի խոսնակն ու պետքարտուղարության երկու ներկայացուցիչները` Ջեյմս Բեյքրն ու Հիլարի Քլինթոնը:
Ոչ հայկական, ոչ էլ ամերիկյան կողմը չհերքեց փոխնախագահ Ջ. Դ. Վենսի այցելության վերաբերյալ լուրը, ինչը նշանակում է, որ իմ հաղորդած տեղեկությունը ճշգրիտ էր: Միայն օրեր անց Մ. Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր սոցցանցում գրառում կատարեց այն մասին, որ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում փոխնախագահ Վենսի ոչ միայն Հայաստան, այլ նաեւ Ադրբեջան այցելության ուղղությամբ: Որքան ինձ հայտնի է, Ադրբեջան այցը նախապես ծրագրված չէր: Ակնկալվում էր, որ Վենսը կայցելի միայն Հայաստան եւ մասնավորապես Սյունիքի շրջան, որտեղ ընթացքի մեջ է այսպես կոչված «Թրամփի ուղին»:
Պարզվեց, որ Թրամփի սոցցանցերում գրառումից մի քանի օր առաջ Դավոսում տեղի էր ունեցել Թրամփի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որից անմիջապես հետո Թրամփն իր «Truth» սոցցանցում հայտարարեց. «Մենք ամրապնդելու ենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, միջուկային խաղաղ համագործակցության գեղեցիկ համաձայնություն (ենք կնքելու) Հայաստանի հետ, գործարքներ ենք իրականացնելու մեր երկրի կիսահաղորդիչներ պատրաստող մեծ ընկերությունների հետ եւ «Պատրաստված է ԱՄՆ-ում» պաշտպանական սարքավորումներ (ինչպես, օրինակ, զրահապատ հանդերձանք եւ այլ իրեր) ենք վաճառելու Ադրբեջանին»:
Հատկանշական էր, որ Թրամփը հանդիպում չունեցավ Փաշինյանի հետ, որն այդ օրերին Դավոսում էր գտնվում: Տպավորությունն այն է, որ քննարկելու ոչինչ չէր մնացել: Բոլոր գլխավոր հարցերն արդեն կարգավորված էին: Թրամփի հայտարարությունը չափազանց հստակ էր: Նա ընդգծված տարբերություն էր դնում հայ-ամերիկյան եւ ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների միջեւ: Վաշինգտոն-Բաքու հարթակում հայտարարությունն ուղղակիորեն նշում էր համագործակցության կոնկրետ ոլորտներ` ամրապնդել ռազմավարական գործընկերությունը, վաճառել պաշտպանական հանդերձանք, ընդարձակել անվտանգության համագործակցությունը, եւայլն: Ինչ վերաբերում է Հայաստանին, համագործակցության առաջարկված հարթակը միջուկային ոլորտն է, մասնավորապես փոքր չափսի նոր մոդուլար միջուկային կայանների տեխնոլոգիաներ, որոնց մասին քննարկումներ կատարելու առիթը ունեցել եմ: Նշեմ, սակայն, որ նույնիսկ ամերիկյան արհեստավարժ շրջանակների եւ փորձագետների մոտ այն տպավորությունն է, որ այդ տեխնոլոգիաները դեռ հետագա բարելավման կամ կատարելագործման կարիքն ունեն, նախքան լայնածավալ գործադրումը կամ տեղակայումը:
Օրինական հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Հայաստանը խուսափում զենք, զինամթերք կամ այլ ռազմական տեխնոլոգիաներ ձեռք բերել ԱՄՆ-ից, ինչպես Ադրբեջանն է անում: Եթե Հայաստանը կարող է Ֆրանսիայից եւ Հնդկաստանից ձեռք բերել, ինչո՞ւ ԱՄՆ-ից չի կարողանում նույնը կատարել, որպեսզի հարաբերությունները Վաշինգտոնի հետ բարձրացնի ռազմավարական մի նոր, ավելի բարձր մակարդակի: ԱՄՆ-ի օրենսդրությունը եւ թղթաբանությունը, ճիշտ է, բավական բարդ է նման գործարքների համար, բայց այդ խոչընդոտները հաղթահարելի են:
Կայանալիք բարձրաստիճան այցելությունը հետապնդում է երկու գլխավոր նպատակ: Նախ ամրապնդել Մ. Նահանգների դիրքերը Հարավային Կովկասում, մի բան, որ նրան չէր հաջողվել կատարել Խորհրդային Միության տապալումից ի վեր, մի շարք քաղաքական հարկադրանքների պատճառով: Այս իմաստով հիմնական նպատակը Մ. Նահանգների ռազմավարական շահերի առաջխաղացումն է Կենտրոնական Ասիայից սկսած մինչեւ Հարավային Կովկաս ձգվող աշխարհաքաղաքական ընդգրկուն տարածքներում: Երկրորդ, այցելությունը նաեւ անձնական նշանակություն ունի նախագահ Թրամփի համար, այն իմաստով, որ իր անունը կրող նախագծի հետ է առնչվում: Թրամփի համար իր նախաձեռնության իրականացումը սերտորեն կապված է միջազգային ճանաչում ձեռք բերելու նրա փառասիրության, մասնավորապես խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու հետ, որը միաժամանակ ներքին քաղաքական ուղերձ է պարունակում` բարձրացնելու համար նրա անձնական «բրենդը»: Երկու դեպքում էլ սցենարը գործող եւ մրցունակ կարելի է համարել` համապատասխան նպատակների հետապնդման տեսակետից: Սակայն, հակառակ որ Մ. Նահանգների փոխնախագահի այցելությունը կրում է դիվանագիտական բնույթ, այն Մ. Նահանգներ-Հայաստան հարաբերությունների կամ հայ-ամերիկյան օրակարգային հարցերի որեւէ արմատական փոփոխություն կամ նշանակալի ամրապնդում չի նախատեսելու: Առանց երկկողմանի քաղաքական, անվտանգային եւ ռազմավարական շահերի որոշակի հենքի, Հայաստանը մնալու է տարածաշրջանային դինամիկայի պասիվ դերակատարը` անկախ հնչող բարձրագոչ հայտարարություններից եւ խորհրդանշական սիրալիրություններից:
Միեւնույն ժամանակ, եթե Հայաստանը իսկապես հնարավորություն եւ ցանկություն ունի ռազմավարական հարաբերություններ հաստատելու Մ. Նահանգների հետ, ապա օգտվելով այս այցելությունից եւ ԱՄՆ-ի համընդհանուր ակտիվությունից ու տարածքային դինամիկայից, Հայաստանը պարտավոր է անհապաղ զարգացնել բազմաբնույթ հարաբերություններ Մ. Նահանգների հետ, հատկապես այն բնագավառներում, որոնցում երբեք չի խորացրել համագործակցությունը: Այլապես «Թրամփի ուղին» կարող է մնալ սոսկ որպես բիզնեսի ներկայություն տարածաշրջանում, առանց որեւէ ռազմավարական նշանակության կամ հեռահար տեսլականի:
ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Միջազգայնաագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ
Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)





