Կիրակի, Մարտի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թրամփը, իրանյան հրդեհն ու… ՔՊ վերնախավի քարոզարշավը

Գեղամ Մկրտչյան
13/03/2026
- 13 Մարտի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
53
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հիմա ի՞նչ անենք, չասե՞նք՝ այ Ամերիկա, այ պարոն Թրամփ, Իսրայելի իշխանության հետ միացել, նրա թելով թելվել ու նրան թեւ-թիկունք կանգնել՝ այս ի՞նչ ես անում: Երեկ ինքնիշխան Վենեսուելա ներխուժեցիր, նրա օրինական նախագահին ուժայիններիդ բիրտ բլից-գրոհով առեւանգեցիր-տարար, հիմա էլ Իրանի վրա ես Իսրայելիդ հետ հարձակվել, նրա ղեկավարին վերացրիր ու շարունակում ես ա՛յս ինքնիշխան երկրի դեմ ագրեսիան: Դու համաշխարհային ժանդա՞րմ ես, ուժդ եթե պատում է՝ ինչ ուզես կանե՞ս: Իրանը որտե՜ղ, դու որտեղ, ի՞նչ գործ ունես նրա հետ:

Սա՝ ԱՄՆ-ը, այն տերությունը չէ՞, որն ավանդաբար կարծես թե աշխարհի համար ժողովրդավարության օրինակ ու բաստիոն է համարվում: Սա այն Թրամփը չէ՞, որ իր համար խաղաղության Նոբելյան մրցանակ էր գոնե ոչ թե ակնկալում, այլ պահանջում ու հոխորտում: Հետո միջազգային Խաղաղության խորհուրդ ստեղծեց: Նրա բերած խաղաղությունն այսօր Մերձավոր Արեւելքում վառած  պատերազմական հրդե՞հն է, որն արդեն իր մեջ է առել տարածաշրջանի առնվազն 12 երկիր ու, Աստված հեռու պահի, նորերին սպառնալուց… Իսկ գուցե այդ «խաղաղության» ու «ժողովրդավարության» ուրույն գլուխգործոցը Իրանի հարավում գտնվող Մինաբ քաղաքի՝ աղջիկների «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծո՞ւմն էր դասերի ժամանակ, դեռ կյանք չմտած 7-ից 12 տարեկան 168 անմեղ աղջիկ երեխաների կյանքից զրկող… Չհաշված մյուս սպանվածներն ու վիրավորները:

Իսկ «հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» ուղի՞ն…

Շա՜տ ցանկանք ու աղոթենք, որ այս հրդեհը շուտ մարի՝ առանց անդառնալի հետեւանքների՝ բարեկամ Իրանի, նրա ժողովրդի ու նաեւ մեզ համար: Իսկ դրանից հետո մենք կարո՞ղ ենք հավատալ (որ չհավատանք էլ՝ ի՞նչ անենք) ա՛յս Թրամփին ու մեր Սյունիքով նրա տնօրինմանը հանձնելիք ճանապարհին, դրա անվանը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղությա՜ն եւ բարգավաճմա՜ն»… Մի անցուղի, որը հարեւան ոչ բարեկամ հանրապետությանը, իբրեւ թուրքական դարավոր երազանքի իրականացում, պիտի օգտվելու համար տրամադրվեր ՀՀ-ն Արցախին կապող Բերձորի (Լաչինի) միջանցքի մեզ հանձնելու դիմաց: Մինչդեռ իբր Արցախի հարցի վերաբերյալ շառլմիշելների շողոմ նենգ ժպիտների ներքո կայացած եւ մյուս բոլոր բանակցությունների ու համաձայնությունների միակ թեման ըստ էության եղավ Ադրբեջանին մեր տարածքով Նախիջեւանին կապող ճանապարհ տալու հարցը: Ու ոչ ոք այդպես էլ չասաց՝ սպասեք, որ Բերձորի միջանցք չկա, Արցախն ինքը չկա, էլ ի՞նչ Հայաստանից ճանապարհ: Հիմա, երբ ԱՄՆ-ը երեւի բոլոր դեպքերում էլի մնալու է Իրանին թշնամի, մեր տարածքային ամբողջականությանը գոնե հաստատուն խոսքով միշտ պաշտպան եղած բարեկամ երկիրն ինչպե՞ս կարող է վերաբերվել իր սահմանի կողքին ամերիկյան տեւական ներկայության մեր այդ ծրագրին եւ ուրեմն՝ նաեւ մեզ: Սա՝ մեկ:

Եվ երկրորդ ու երրորդ: Տա Աստված, որ մեր Սյունիքում ամերիկյան տեւական ներկայությունն ինչ-որ տեղ մեզ համար խաղաղության վահանի դեր կատարի: Բայց չենք կարող թեկուզ մասամբ չունենալ, նաեւ, այդպիսի ներկայության հնարավոր ինչ-ինչ անցանկալի հետեւանքների հետ կապված մեկ-երկու այլ մտահոգություն: Սյունիքի ճանապարհի իրական գլխավոր շահառու եւ Ադրբեջանի էլ թիկունք ու հովանավոր Թուրքիան ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի կարեւոր դաշնակիցն է մեր տարածաշրջանում: Իսկ ըստ վերջերս դրսի մամուլում  արված որոշ մեկնաբանությունների, այսուհետ Թրամփի հակաիրանական քաղաքականության ծիրում առանձին կարեւոր շեշտադրում կարող է արվել նաեւ Ադրբեջանի վրա: Երկու դեպքում էլ տեսնում ենք շահերի որոշակի համընկնում: Իսկ մեր այդ երկու հարեւանները միշտ կարողանում են ամեն փոքր իսկ ծառայության դիմաց իրենց շահը կորզել:

Մեկ էլ գուցե հարց է նաեւ, թե մեզ ինչպե՞ս «կների» այդ ճանապարհի   վերահսկողության իրավունքից սրանով զրկվող Ռուսիան:

Բայց արած գործերն ու վարքն են, որ պետք է համոզեն    

Գեղեցիկ խոսելով ու մարդկանց դրանով գրավելով հնարավոր է գալ իշխանության,  եւ այդպես եղել է: Բայց ունեցած իշխանությունը ընտրություններով պահելու որոշիչ արդար միջոցը խոսքերն ու քարոզը չեն, այլ կատարած գործերը եւ իշխանության ընդհանուր վարքն ու վարկը, նրանց ձեռք բերած հեղինակության աստիճանը: Անցած ութ տարիների ընթացքում հանրապետության ներկա կառավարող թիմի արած-չարածի ու դրա հետեւանքների մասին շատ է ասվել, խոսվել, ամեն օր է ասվում, հիմա այդ ամենին չանդրադառնանք: Ակնհայտորեն հունիսի 7-ի մեր համապետական ընտրությունների համատեքստում Փաշինյանի կառավարության վերջին շրջանի սոցիալական ձեռնարկները, այդ թվում կենսաթոշակների 10 հազար դրամով ավելացման մտքափոխ, կարծես ոտաց վրա կայացված որոշումը, ինչ-որ թվով քվեներ կավելացնեն իշխող ՔՊ կուսակցությանը: Իսկ օրինակ ինձ՝ ՀՀ քաղաքացի մի ընտրողիս ու երեւի նույն կերպ մտածող որոշակի թվով նաեւ այլոց համար իբրեւ հակառակ ազդեցություն բավական էր թեկուզ միայն փետրվարի 28-ի հայտնի իրավիճակը՝ կապված մեր կողքին, մեր հարեւան Իրանի դեմ սկսված ԱՄՆ-Իսրայել արյունոտ ու վտանգավոր ռազմական ագրեսիայի եւ նույն օրը քպ-ական կառավարող վերնախավի անհասկանալի «ուրախ ավտոբուսի» ու նախընտրական անհոգ քարոզարշավային ուղեւորության հետ: Չմանրանանք, բայց թվում էր՝ գոնե առաջացող տարածաշրջանային հնարավոր վտանգների պայմաններում հենց այդ օրվանից կառավարությունում արտակարգ իրավիճակ պետք է հայտարարված լիներ, գիշերներ չքնեին… Եթե անգամ այս վերջին հարցում սխալվում եմ, ապա մի բան թերեւս հաստատ է, որ նշված դրսեւորումն առնվազն անհարգալից էր հարեւան ու բարեկամ երկրի, նրա ժողովրդի նկատմամբ: Թվում է՝ թե՛ բարոյական, թե՛ անգամ դիվանագիտական կոռեկտության տեսակետից: Ու մի օր նաեւ հիշվում են…  

Ղեկավար մարդն էլ կարող է տարբեր բաներ ուտել, նաեւ մարզական վերնազգեստով ճամփորդել, բայց հաստատ՝ ոչ նման պայմաններում եւ ոչ տեսախցիկով նկարելով ու հանրությանը հատուկ ցուցադրելով: Դա, կներեք, բոլորովին էլ գեղեցիկ չէր՝ ինչ նպատակով էլ որ արված լիներ: Ներողություն նաեւ ակամա եկած համեմատության համար, բայց կարելի՞ էր նման իրավիճակում պատկերացնել, ասենք, Կարեն Դեմիրճյանին, Ֆադեյ Սարգսյանին եւ Հրանտ Ոսկանյանին… Անունների այս համեմատությունն իսկ մի տխուր ցուցիչ է այն բանի, թե մենք որտեղից ուր ենք հասել: Անցած 35 տարիների մեր գաղափարական, բարոյահոգեբանական,  արժեքային-կողմնորոշչային, դրանից բխող կադրային եւ այլ սրընթաց նահանջների ու այդ ամենից սթափվելո՛ւ անհրաժեշտության ցուցիչ:                                                                                                                   

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լույս է տեսել Գերմաներեն-հայերեն իրավաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը կելնի՞ Իրանի դեմ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Նվաստանալով Ադրբեջանի ուժի ցուցադրումից` իշխանությունն այդ նվաստացումը փոխակերպում է Հայաստանի ներսում ուժի ցուցադրությամբ՝ ձգտելով նվաստացնել ընդդիմախոսներին

28/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի միջուկային ենթակառուցվածքների թիրախավորումը և պատերազմի սրման նոր փուլը. Արմեն Այվազյան

27/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն այսօր Հայոց պետականության և ինքնիշխանության գլխավոր սպառնալիքն է, ում հեռացնելու պատմական հնարավորությունը հայ ժողովուրդը կունենա հունիսի 7-ին. ՀԱԿ

27/03/2026
27 Մարտի, 2026

Մեր քաղաքական կյանքի տրամաբանությունը

27/03/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը կելնի՞ Իրանի դեմ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական