«Հայաստանի ընդդիմությունը «պետական հեղաշրջման» եւ «ահաբեկչության» մեղադրանքներով ճնշման տակ է»
Սույն վերնագրով հոդված է հրապարակել Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալությունը՝ հղում անելով Անկարայի Հաջի Բայրամ Վելի համալսարանի դոցենտ Լեւենթ Էրսին Օրալլիի վերլուծությանը:
«Ընդդիմության համակարգված չեզոքացումը, զուգորդված նույնիսկ հրապարակայնորեն աջակցություն ունեցող քաղաքական գործիչներին «հակառեժիմային» պիտակավորմամբ, արտացոլում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների լուրջ քայքայումը», գրում է վերլուծության հեղինակն՝ իր «Քաղաքական ընդդիմության վրա ճնշումը Հայաստանում «հեղաշրջման-ահաբեկչության» մեղադրանքներով» վերնագրյալ հրապարակման մեջ, որին դեկտեմբերի 5-ին հղում է անում «Ազերթաջը»՝ անգլերեն ընդարձակ, գերմաներեն ավելի սեղմ անդրադարձով:
«Հայաստանում ընդդիմությունն աճող ճնշումների տակ է: Ամիսներ շարունակ ընդդիմադիր քաղաքական գործիչները, անկախ պատգամավորները, ակտիվիստները եւ նույնիսկ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները ձերբակալվել են «ահաբեկչություն», «հեղաշրջում ծրագրելու» կամ «սահմանադրական կարգի դեմ հանցագործություն» նախապատրաստելու մեղադրանքով: Դիտորդները կարծիք են հայտնում քաղաքական դրդապատճառներով դատավարությունների եւ դատական անկախության սահմանափակման մասին»: Վերլուծությունը մատնանշում է նաեւ, որ «2024-2025 թվականներին լրատվամիջոցների եւ խոսքի ազատությունը զգալի վատթարացել է, լրագրողների դեմ բազմաթիվ դատական գործեր են հարուցվել, ինչպես նաեւ արձանագրվել են սպառնալիքների եւ բռնության դեպքեր: Եկեղեցու դեմ էլ ձեռնարկվել են համակարգված միջոցառումներ, որոնք կրոնական ազատությունների խախտում են համարվում»:
Անկարայի հիշյալ համալսարանի դոցենտ Լեւենթ Էրսին Օրալլիի վերլուծության համաձայն, միջազգային արձագանքը, մասնավորապես ԵՄ-ի կարծիքը մինչ օրս մեղմ է եղել: «Սա կարող է էլ ավելի նպաստել երկրում ավտորիտարիզմի զարգացմանը: Վերը նկարագրվածը ցույց է տալիս, որ Հայաստանը գնալով ավելի է հակվում դեպի ավտորիտար ուղղություն, եւ ժողովրդավարական ինստիտուտները թուլանում են: Հայաստանում այս զարգացումները ազդարարում են քաղաքական մրցակցության անհետացման, բազմակարծության խեղդման եւ հասարակության մեջ վախի ու ինքնագրաքննության տարածման մասին», գրում է Անկարայի Հաջի Բայրամ Վելի համալսարանի դոցենտ Լեւենթ Էրսին Օրալլին:
Այն, որ ժողովրդավարությունը ոտնահարող Թուրքիայում կարող է գրվել նման վերլուծություն, այնքան էլ տարօրինակ չէ՝ երկրի համալսարաններում կան հատուկենտ գիտնականներ, որոնց արտոնում են արդարամիտ վերլուծությունների շղարշի տակ հրապարակվել եւ Թուրքիայում ազատությունները հարգելու մասին կարծրացած կարծիքը վերանայել տալ: Առաջին հայացքից տարօրինակ է, որ սույն վերլուծությունն արժանանում է ավտորիտար Ադրբեջանի պետական գործակալության ուշադրությանը, որ փաստորեն խիստ մտահո՜գ է Հայաստանում ժողովրդավարության անկմամբ: Թե՞ չի հանդուրժում, երբ վերլուծաբանը հուշում է, որ Ադրբեջանին ավտորիտար մրցակից է հայտնվել:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Լուսանկարում՝ Լեւենթ Էրսին Օրալլի





