Հետախուզությունները պետք է պատրաստ լինեն այդ նոր փորձությանը
Չնայած հետախուզություն երեւույթի առեղծվածային աուրային, այդ մասնագիտության մեջ գերբնականությունը այնքան էլ շատ չէ: Մի կողմից այդ մասնագիտությունը նշանակում է հասկանալու, ըմբռնելու ընդունակություն եւ մտքերն ու գաղափարները կառավարելը: Մյուս կողմից դա նշանակում է «ուղեղների մրցակցություն» տարբեր բարեկամ եւ ոչ բարեկամ (նաեւ թշնամի եւ հակառակորդ) պետությունների միջեւ:
Դա նշանակում է, որ կարեւոր տեղեկատվությունները հետախույզների համար անհրաժեշտ աշխատանքային հումք են:
Որոշ մասնագետներ հետախուզությունը համարում են «փոխանցվող տեղեկատվության» աղբյուր, այսինքն, ինֆորմացիան ձեռք է բերվում եւ փոխանցվում է այլ մարմինների: Սակայն, մինչեւ այդ կառավարող մարմիններին հանձնվելը՝ ինֆորմացիան պետք է ստուգվի ճշգրտության եւ հուսալիության առումով, դրա կարեւորությունը պետք է կշռադատվի եւ հաստատվի:
Անդրադառնանք այն տեղեկատվություններին, որոնք անհրաժեշտ են ռազմական սպառնալիքների, ինչպես նաեւ (որոշ դեպքերում) «սառը պատերազմների» դեպքերում:
1.Հարձակման եւ պաշտպանության դոկտրինաներ:
Ռազմական ծրագրեր: Ռազմավարական իդեաներ եւ տակտիկական սկզբունքներ: Արդյունաբերական բազան, Զինված ուժեր եւ հրամանատարական կազմ: Հասարակության բարոյահոգեբանական վիճակը:
2. Թիրախ պետության աշխարհագրական դիրքը:
3. Թիրախ պետության արտաքին քաղաքականությունը, դիվանագիտական կազմը, արտաքին քաղաքականության վարման մեթոդները, ովքե՞ր են այդ պետության դաշնակիցները:
4. Թիրախ պետության հիմնական գաղափարախոսությունը, քաղաքական գործիչների բնութագիրը, այդ երկրի քաղաքական հուզումների օջախները:
5. Թիրախ պետության տնտեսական վիճակը, ֆինանսական համակարգը, գնային համակարգը, արտաքին եւ ներքին առեւտրի սկզբունքները, շուկայական հարաբերությունները, արդյունաբերությունը, տեխնոլոգիական գործընթացները, էներգետիկ ռեսուրսները, ընդերքում եղած հումքը, բանվորա-գյուղացիական ուժը:
6. Տրանսպորտի եւ կապի միջոցները, երկաթգծերը, ճանապարհաշինությունը, ավիացիան, մեքենաների եւ բեռնատարերի մոտավոր քանակը…
7. Ազգային կազմը, կաստաները, պատմական գործոնները, այդ երկրի բնակչության կազմավորման հիմնական հատկանիշները, մտավոր զարգացման մակարդակը, կրոնը եւ հավատքը, մամլո ազդեցությունը:
8. Թիրախ պետության հետախուզությունը եւ հակահետախուզությունը, աշխատանքային մեթոդները, որտե՞ղ եւ ո՞ր պետության հովանու ներքո են պատրաստվում հատուկ ծառայության կադրերը, եւ ընդհանրապես պետության սպայական կազմի բարոյական ոգին, հայրենիքին եւ պետության գաղափարախոսությանը նվիրվածության աստիճանը:
Ընթերցողիս շատ չձանձրացնելու նպատակով վերջացնում եմ այս դասախոսությունը հետախուզության վերաբերյալ եւ առաջարկում եմ ուշադրությունը կենտրոնացնել հետեւյալ իրադարձությունների ժամանակագրությանը:
1. Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուն 2024թ. օգոստոսին այցելեց Թեհրան:
Երկրորդ այցելությունը նույն ուղղությամբ իրականացրեց ս/թ սեպտեմբերի 17-ին: Փաստորեն 2 այցելություն իրան՝ մեկուկես ամսվա ընթացքում:
Մինչեւ երկրորդ այցելությունը Իրան, նույն ինքը Սերգեյ Շոյգուն Սեպտեմբերի 13-ին հասցրել էր այցելել եւ կարեւոր հանդիպումներ ունենալ Հյուսիսային Կորեայում եւ Սիրիայում: Փաստորեն այցեր, ինչպես Արեւմուտքն է անվանում՝ «Չարիքի առանցք»-ի պետություններ (Հյ. Կորեա եւ Իրան):
2. 2024թ. Օգոստոսի 18-19 ՌԴ նախագահ Վլ. Պուտինը պետական այց իրականացրեց Ադրբեջան, որտեղ հանդիպեց Իլհամ Ալիեւին:
Սա Վլադիմիր Պուտինի առաջին այցն էր Ադրբեջան Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելուց հետո: Միեւնույն ժամանակ նշենք, որ սա այն ժամանակահատվածն է, երբ ուկրաինական զինված ուժերը ներխուժեցին Ռուսաստան (Կուրսկ):
Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ Ադրբեջան այցից առաջ ՌԴ նախագահը այցելել էր Հյուսիսային Կորեա եւ Վիետնամ:
3. 2024թ. սեպտեմբերի 7-ին Լոնդոնում հանդիպեցին ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը եւ Մեծ Բրիտանիայի Ռազմական հետախուզության (Mi-6) պետ Ռիչարդ Մուրը: Նրանք համատեղ հարցազրույց տվեցին Financial Times անգլիական ամսագրին:
Չմոռանամ նշել, որ նման բան չէր եղել անհիշելի ժամանակներից: Դրանից հետո Ռիչարդ Մուրը ժամանում է Բաքու եւ դասախոսություն է կարդում համալսարանում, նույն սեպտեմբեր ամսին:
4. 2024թ. հոկտեմբերի 2-ին եւ 3-ին Բաքու այցելեց ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, որը այցի ընթացքում հանդիպումներ ունեցավ Իլհամ Ալիեւի, Ադրբեջանի արտաքին հետախուզության պետ Օրհան Սուլթանովի, Պետական անվտանգության ծառայության պետ Ալի Նագիեւի հետ:
5. 2024թ. սեպտեմեբրի 30-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի անդամների հետ:
Որեւէ 1 փաստ կամ 1 իրադարձություն ուսումնասիրելիս կարող ես շատ քիչ վերլուծություն կամ կանխատեսումներ տալ:
Իսկ եթե 1 փաստը կամ իրադարձությունը ուսումնասիրում ես այլ իրադարձությունների հետ համատեղ, ապա արդյունքում ստացվող վերլուծությունը շատ ավելի արժեքավոր կլինի եւ հետախույզը կամ հակահետախույզը ծանոթանալով այդ վերլուծության հետ՝ մի կողմ կդնի ինքնագոհությունը եւ լրջորեն կզբաղվի խնդրով:
Այժմ ոչ շատ խորացված գուշակություններով եւ կանխատեսումներով փորձենք հասկանալ վերը նշված այցերի եւ հանդիպումների իմաստը:
Արդեն 3 ամսից ավել է Սերգեյ Շոյգուն իր Պաշտպանության նախարարի պաշտոնը զիջել է Անդրեյ Բելոուսովին, իսկ ինքը նախագահ Վլ. Պուտինի հրամանով զբաղեցրեց Ն. Պատրուշեւի՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Նշենք, որ ՌԴ պաշտպանության նախարարությունում ծլում եւ ծաղկում էին կոռուպցիան, պրոտեկցիոնիզմը, ֆինանսական մախինացիաները, մեղմ ասած՝ բանակը կազմաքանդվում էր: Եվ իհարկե, Շոյգուն, Վլ. Պուտինի մտերիմ ընկերը եւ համախոհը անմասն չէր այդ ամեն ինչում: Ինչեւիցե. վերոնշյալ «աթոռը» ազատելուց հետո Շոյգուն ոչ պակաս կարեւոր աթոռ զբաղեցրեց:
Փխենյանում Շոյգուն հանդիպեց Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, Դամասկոսում՝ նախագահ Բաշար-ալ-Ասադի հետ, Իրանում՝ հանդիպումներ եղան նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշկիանի եւ Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմեդիանի հետ: Ի դեպ, վերջինիս հետ ս/թ սեպտեմբերին Սանկտ-Պետերբուրգում հանդիպել էր նաեւ Վլ. Պուտինը:
Համագործակցությունը ուժեղացնելով Չինաստանի, Հյուսիսային Կորեայի եւ Իրանի հետ՝ Կրեմլը իրականացնում է իր ռազմավարական ծրագիրը, ըստ որի՝ ամրապնդվում է ռազմա-քաղաքական կոալիցիան եւ անշուշտ՝ իր արդյունաբերության պաշտպանական համալիրը, ինչպես նաեւ էկոնոմիկայի որոշ ճյուղեր:
Արեւմուտքը ուշի-ուշով հետեւում է այս գործընթացներին եւ պնդում, որ Իրանը եւ Հյուսիսային Կորեան մատակարարել են Ռուսաստանին փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ: Այս պնդումները հիմնավորված են արեւմտյան հետախուզությունների ձեռք բերված տվյալներով: Հայտարարությունների մեջ ընդգրկված է իրանական Fath-360 հրթիռների անունը, որը գործում է 120 կմ հեռահարությամբ: Իր հերթին Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Կիրբին նշում է, որ Հյ. Կորեայից ձեռք բերված հրթիռներն ու հրթիռային կայանները գործում են 900 կմ հեռահարությամբ:
(Ի դեպ, նշեմ, որ ՌԴ Զինված ուժերն ունեն «Իսկանդեր-Մ» հրթիռակայաններ, որոնց բալիստիկ հրթիռների 9M729 մոդելն ունի 500 կմ.ից ավել հեռահարություն):
Հարկ է նշել եւս մեկ փաստ: 2024թ. հուլիսի 30-ին նախագահ Մասուդ Փեզեշկիանն իր առաջին իսկ հարցազրույցում հայտարարեց, որ այն պահից ինչ ինքը ընտրված է ԻԻՀ նախագահ եւ պետությունում գործում է իր նորանշանակ կառավարությունը, ՌԴ-ին ոչ մի զենք, զինամթերք եւ հրթիռներ չեն վաճառվել:
Մինչդեռ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը եւ արեւմտյան մի քանի հետախուզություններ հայտարարում են, որ ստացվող հրթիռների դիմաց ՌԴ-ն օգնում է Իրանին միջուկային զենք արտադրելու ծրագրերով, ինչպես նաեւ օգնում է ռազմական ավիացիայի եւ հակաօդային պաշտպանության զարգացման ուղղությամբ:
Ինչիցէ, այս իրադարձություններին զուգընթաց՝ Ուկրաինայի ղեկավարությունը ջանում է թույլտվություն ստանալ Արեւմուտքից եւ իրեն մատակարարվող հրթիռներով ( Storm Shadow , SCALP եւ ATACMS) խփել ՌԴ-ի տարածքի խորքերում ռազմական օբյեկտներին:
ԱՄՆ-ի ղեկավարությունը առայժմ դեմ է այդ գաղափարին, ընդ որում կանխատեսելով, որ այդ դեպքում ՌԴ Զինված ուժերը կօգտագործեն միջուկային զենք:
Կասկած չկա, որ Թեհրանի հանդիպումներում քննարկվել է նաեւ Սյունիքի՝ այսպես կոչված «միջանցքի», Իսրայելի հետ հնարավոր ռազմական առճակատման հարցերը եւ այլն:
Կարեւոր հանգամանք է այն, որ ս.թ. հոկտեմբերին, Կազանում, «ԲՐԻՔՍ»-ի գագաթոժողովին Իրանի եւ Ռուսաստանի միջեւ կստորագրվի միջպետական պայմանագիր համագործակցության վերաբերյալ:
Վերջին անգամ Պուտինը Ադրբեջանում եղել էր 2018թ. սեպտեմբերին աշխատանքային այցով:
Ուշադրություն դարձրեք հետեւյալ փաստերին՝ 2021թ. հունիսի 15-ին Ադրբեջանը եւ Թուրքիան Շուշիում ստորագրում են պայմանագիր, ըստ որի այդ պետությունները դառնում են դաշնակիցներ գրեթե բոլոր ոլորտներում, հատկապես ռազմական: Դեկլարացիայում տեղ էր գտել նաեւ «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որպես կարեւորագույն խնդիր:
Իսկ 2022թ. փետրվարին դաշնակցային պայմանագիր է ստորագրվում արդեն Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ:
Վերադառնանք մեր օրերին: ՌԴ պատերազմական գործողությունների մեջ է Ուկրաինայում եւ անհրաժեշտ է համարում անել ամեն ինչ, որպեսզի Հարավային Կովկասում Թուրքիայի օգնությամբ չբացվի երկրորդ ճակատը Ռուսաստանի դեմ: Բացի այդ, Ռուսաստանին խիստ անհանգստացնում է Հայաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունների ամրապնդումը, այդ թվում եւ Հայաստանին զենքի մատակարարումը Հնդկաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի կողմից:
ՌԴ-ի ղեկավարությունը լիովին հասկանում է, որ Հարավային Կովկասը իրենց համար դառնում է թանկարժեք ելք դեպի Մերձավոր Արեւելք եւ Հնդկական օվկիանոս: Ռուսաստանի այս մոտեցումը լիովին համընկնում է Ադրբեջանի շահերի հետ, որպես տրանզիտ պետություն: Միեւնույն ժամանակ ռուս-ուկրաինական հակամարտությունում Ադրբեջանը անթաքույց սատարում է Ուկրաինային եւ ՌԴ դա դժվարությամբ, բայց «կուլ է տալիս»:
Միեւնույն ժամանակ, Պուտինը, անտարակույս, ջանքեր է թափում, որպեսզի ռազմական ճակատ չբացվի Իրանի եւ Ադրբեջանի միջեւ, քանի որ դա կարող է լրջորեն խանգարել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքին եւ իր ռազմական ծրագրերին:
Մի խոսքով՝ Պուտինի այս այցը Բաքու շատ կարեւոր էր ՌԴ-ի համար, բայց ոչ այնքան կարեւոր՝ Ադրբեջանի համար:
Անցնենք հաջորդ փաստին:
Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի հետախուզությանների ղեկավարները Ռիչարդ Մուրը (այս անվանը հայ ընթերցողը վերջին ժամանակներս ավելի հաճախ է հանդիպում, քան հայ քաղաքական շատ գործիչներինը) եւ Ուիլյամ Բերնսը հանդիպել են Լոնդոնում ս.թ. սեպտեմբերի 7-ին, հարցազրույց են տվել «Financial Times»-ին եւ ընդգծել, որ աշխարհում ստեղծվել է աննախադեպ սպառնալիքների սպեկտր:
Վերոնշյալ հետախուզությունների ղեկավարները գտնում են, որ Չինաստանի եւ Ռուսաստանի հետախուզական մարմինները չափից դուրս ակտիվ են աշխատում Եվրոպայում, եւ այդ աշխարհամասում ստեղծում են լուրջ գեոքաղաքական սպառնալիքներ: Բացի այդ, լուրջ ահաբեկչական սպառնալիքներ են ստեղծվում աշխարհում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից: Վերոհիշյալ հետախուզությունների առաջին դեմքերը, ըստ իրենց, մեծ ջանքեր են գործադրում նաեւ Մերձավոր Արեւելքում լարված իրավիճակի թուլացման ուղղությամբ: Միեւնույն ժամանակ պետք է նշել, որ Ռուսաստանի, Չինաստանի եւ որոշ այլ պետությունների, այդ թվում նաեւ շատ անկախ վերլուծաբաններ, Բերնսին եւ Մուրին համարում են աննախադեպ ստախոսներ, որոնք պատրաստ են կազմակերպել դավադրություններ բոլոր նրանց դեմ, ովքեր համաձայն չեն իրենց հետ, եւ պատրաստ են պայքարել նրանց դեմ:
Խաղաղություն եւ կայունություն ստեղծելու պատրվակով այդ հետախուզությունները իրականում ստեղծում են քաոս եւ անկայունություն աշխարհի շատ երկրներում:
Արդար գնահատական տալու նպատակով ուզում եմ նշել, որ նման (չակերտավոր) «համաշխարհային կարգ ու կանոն» հաստատելու նպատակով աշխատում են նաեւ մի շարք այլ հետախուզություններ, որոնց անունները հաշվարկելու խնդիրը թողնում եմ ընթերցողիս: Իսկ նման փոքր պետությունների հետախուզություններին, ինչպիսին մերն է, մնում է ակտիվ աշխատել եւ բոլորի հետ հնարավորինս պահել որոշակի հարաբերություններ, հսկելով այն պահը, երբ այդ հետախուզությունները կդառնան մեր թշնամին:
Վերջացնելով մեկնաբանությունների այս մասը, ուզում եմ նշել, որ ըստ որոշ տվյալների, Հայաստանի նորաստեղծ հետախուզության պետի տեղակալ Հրանտ Ջիլավյանը ս.թ. սեպտեմբերին մեկնել է Բաքու եւ հանդիպել Ադրբեջանի հետախուզության պետի տեղակալ Զաուռ Իսմայիլովի հետ, Ռիչարդ Մուրի նախաձեռնությամբ:
Անցնենք մյուս իրադարձությանը:
2024թ. հոկտեմբերի 2-ին եւ 3-ին ՌԴ արտաքին հետախուզության տնօրեն Սերգեյ Եվգենեվիչ Նարիշկինը պաշտոնական այցով ժամանում է Բաքու, որտեղ հանդիպումներ է ունենում նախագահ Ալիեւի, ադրբեջանական հետախուզության պետ Օրխան Սուլթանովի եւ Ադրբեջանի անվտանգության ծառայության պետ՝ Ալի Նագիեւի հետ: Ինչպես հայտնի դարձավ, ի զարմանս շատ պրոֆեսիոնալների (մանրամասները իհարկե հայտնի չեն, դեռեւս), ռուսական եւ ադրբեջանական հատուկ ծառայություններին, այդ թվում եւ հետախուզություններին, հաջողվել է համատեղ ակցիայով կանխել եւ վնասազերծել ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից պատրաստվող սադրանքը ռուս դիվանագետի նկատմամբ:
Այս մասին պատմել է նույն Նարիշկինը «Միր 24» հրատարակչությանը:
Դե ե՛կ, հայ ընթերցող, ու մի «ընկղմվի» մոլորության մեջ:
Օրխան Սուլթանովը, որը երկար ժամանակ ծառայել է Լոնդոնում ադրբեջանական դեսպանատան «ծածկի» ներքո եւ հետախույզ է դարձել Անգլիայի հետախուզական դասընթացների շնորհիվ, նաեւ Ռիչարդ Մուրի համախոհը եւ մտերիմ ընկերն է հանդիսանում, օգնում է ռուսական հետախուզությանը բացահայտել ամերիկյան հատուկ ծառայության «մշակումներից» մեկը: Իրոք որ, «Դար ապրի, դար զարմացի»: Եթե իհարկե այս ամենի ետեւում «երկակի օպերատիվ խաղ» գոյություն չունի:
Ավելին, Նարիշկինը Սուլթանովի եւ Նագիեւի հետ միասին քննարկել է համատեղ մշակումներ, որոնք պետք է ընդդիմանան արտասահմանում Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետաքրքրությունների դեմ վարվող գործառույթներին:
Հետաքրքրական է, ի՞նչ է մտածում այս մասին Հայաստանի հետախուզությունը, որ ուզի-չուզի պետք է աշխատի Ադրբեջանի հատուկ ծառայությունների դեմ:
2024թ. սեպտեմբերի 30-ին Բրյուսելում կայացավ ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի նիստը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Ըստ ադրբեջանական աղբյուրների, Բաքվի իշխանություններին խիստ անհանգստացրել է այն հանգամանքը, որ Արմեն Գրիգորյանն իր ելույթում հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է դառնալ ՆԱՏՕ-ի «նոր հարավային եզրը», որտեղ կարելի է հիմնել նոր ավիաբազա: Ըստ նույն ադրբեջանական աղբյուրի, առաջարկը դուր է եկել ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչներին, սակայն այդ միտքը չի պաշտպանել Գերմանիայի ներկայացուցիչը, գտնելով, որ Հայաստանում չափից դուրս մեծ ռուսական եւ իրանական գործակալական ցանց է գործում: Իսկ ի՞նչ է մտածում այդ մասին Թուրքիայի ներկայացուցիչը, հայտնի չէ:
Եթե իհարկե սա Ադրբեջանի հատուկ ծառայության հերթական ակտիվ գործառույթը չէ, եւ Արմեն Գրիգորյանը իրոք այդպիսի հայտարարություն է արել, ապա շուտով մենք կլսենք ռուսական «արձագանքը»:
Ընթերցողս ծանոթանալով այս իրադարձությունների ժամանակագրությանը՝ հասկացավ, որ մենք խառը ժամանակներ ենք ապրում եւ շատ վտանգավոր զարգացումներ կան առջեւում: Կան երեւույթներ, որոնք դժվար է կանխատեսել:
Առջեւում ունենք նախագահական ընտրություններ ԱՄՆ-ում, պառլամենտական ընտրություններ Վրաստանում եւ COP-29 Բաքվում:
Բարդություններ դեռ շատ կլինեն…
ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Գաղտնի ծառայությունների փորձագետ