Օրերս պատահաբար հանդիպեցի իմ հին ընկրներիցս մեկին՝ համալսարանում սիրված ու հարգված դասախոս, որ անակնկալի բերելով մեզ՝ գործընկերներիս, հայտնվեց ՀՌՀ խորհրդի կազմում: Ափսոսանք հայտնեցի դասախոսական աշխատանքը թողնելու համար, քանզի իսկապես սիրված, աշխույժ, նոր սերնդին հաղորդ, կայուն գիտելիք ու հմտություն ջամբող ուսուցիչ էր: Ասաց՝ «Հակոբ, այս տարիքում ինձ ո՞վ կտար ամսական 700 հազար դրամ աշխատավարձ»: Ոչինչ չունեի առարկելու. ապրուստի առօրյա հոգսերը, նյութական դժվարությունները, որոշ տարիքից հետո՝ նաեւ խղճուկ կենսաթոշակի տխուր հեռանկարը շատ բան են թելադրում մեզ, երբեմն նույնիսկ՝ սեփական սկզբունքներին դեմ գնալու գնով:
Չգիտեմ իմ ընկերը ո՞նց է Խորհրդի նիստում քվեարկել «Շողակաթ» հեռուստատեսության եթերազրկման հարցում, արդա՞ր է համարում այդպիսի որոշումն ընդդեմ պետք եղածից ավել զուսպ, լոյալ բովանդակություն ունեցող այդ հեռուստաալիքի: Եթերազրկում՝ որը Հայ եկեղեցու դեմ փաշինյանական իշխանության ձեռնարկած չարանենգ այլ գործողությունների ֆոնին՝ չարժանացավ հանրային լայն ուշադրության եւ կուլ գնաց: (Միայն 5-րդ եւ «Երկիր Մեդիա» ալիքներն էին պատրաստակամություն հայտնել «Շողակաթի» կարեւոր ծրագրերը հյուրընկալելու):
Մինչդեռ «Շողակաթի» փակումը նորանկախ Հայաստանի պատմության բացառիկ դեպքերից մեկն էր ազատ խոսքի կաշկանդման, ազատ արտահայտման իրավունքի բռնադատման տեսակետից, հետեւաբար՝ արժանի Ազգային ժողովում պատշաճ մակարդակով քննության առնվելու այնպես, ինչպես անցյալ շաբաթ նույն խորհրդարանում գոնե ունկնդրության արժանացավ ՀՌՀ խորհրդի մեկ այլ անդամի՝ Հակոբ Մովսեսի՝ ՀՅԴաշնակցության դեմ Հանրային հեռուստատեսությամբ արտասանած թթու խոսքերի վերաբերյալ դաշնակցական պատգամավորների բողոքը, ՀՌՀ անդամի ոչ կանոնական վարմունքի համար զբաղեցրած պաշտոնից հեռացնելու պահանջով:
Հարցին ավելի գլոբալ մոտենալով անդրադառնանք ընդհանրապես ՀՌՀ-ի եւ հատկապես Հանրային կոչվող հեռուստատեսության դերակատարությանը, որի նորացված կարգավիճակը հաստատվեց 2019 թ.ին, Ազգային ժողովում, առանց խորհրդարանական ընդդիմության լուրջ առարկությունների: Այնինչ դա այն հարցն էր եւ է՛, որի համար համակարգված պայքար պետք է տեղի ունենար, նաեւ դաշնակցական պատգամավորների գլխավորությամբ, որոնց մեջ քարոզչությունից եւ տեղեկատվությունից լավ հասկացող տղաներ կան: Հենց այդ նիստում էր, որ ՀՌՀ-ն եւ Հ-1-ը ուղիղ ենթակայության տակ դրվեց գործադիր իշխանության, պետական (այսինքն՝ հանրային միջոցներից) բյուջեից սնվող հեռուստատեսությանը տրվեց իրավունք՝ սնվելու նաեւ գովազդային եկամուտներից, ինչը մինչ այդ թույլատրվում էր բացառաբար միայն ֆուտբոլի ազգային հավաքականի արտասահմանյան մրցելույթների ցուցադրման իրավունքը գնելու պարագայում: Այդպիսով, փաստորեն, պետականը մրցման մեջ մտավ մասնավորի հետ, ինչը անթույլատրելի է տնտեսական ազատականություն դավանող երկրներում:
Հ-1-ը, այդպիսով, ունենալով նաեւ եթերայնության ներքին ծածկելիության շուրջ 95 տոկոսը, նաեւ՝ արբանյակային արտաքին մատչելիության հնարավորությունը՝ մոնոպոլ իրավունք ստացավ միակողմանի կարծիք ու տեսակետ, սուտ եւ կեղծ տեղեկատվություն տարածելու ողջ հայությանը, այն էլ մի երկրում, որը ավտորիտարիզմից արագ անցում է կատարում դեպի դիկտատուրա, բացարձակ բռնատիրություն:
Մեր ընդդիմադիր պատգամավորները գոնե հիմա հասկանո՞ւմ են, թե ի՛նչ պահ են կորցրել, մենք էլ իրենց հետ, ճակատ տալու միակարծիքության վարակի դեմ: Հասկանո՞ւմ են, որ արդեն ուշացած են մասնակի ելույթներն ու բողոքները, որոնք անմատչելի, հետեւաբար անհասկանալի են մնում հայության մեծամասնության համար եւ այդպես կմնան անմատչելի՝ առաջիկա ընտրությունների ժամանակ նաեւ:
Տեսնես այս մասին ի՞նչ է մտածում ամսական 700 հազարով իր հոգին ու միտքը ծախած իմ նախկին ընկերը:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ





