Ազգային ժողովում կարեւոր օրենքներ են ընդունվում, շատ նախագծեր օրախնդիր են՝ դրանց մանրամասն անդրադառնալու անհրաժեշտությամբ: Սակայն Հայաստանի եւ Արցախի շուրջ գրեթե ամենօրյա ռեժիմով տեղի ունեցող զարգացումները այդպես էլ չեն թողնում մեզ անցնել առօրյա կյանքը կարգավորող, թեկուզ հրատապ թեմաների:
Տեղ գյուղում տեղի ունեցած, 4 հայորդու կյանք արժեցած թշնամու վերջին սադրանքը եւ նրա շուրջ ստեղծված ոչ միանշանակ տեղեկատվական ֆոնը խորհելու տեղիք են տալիս: Ո՞ր աստիճանի քաղաքական-տեղեկատվական (եւ ոչ միայն) քաոս պետք է լինի մեր շուրջը, որ արդեն Հայաստանի սահմանից ներս պատահածի մասին ենթադրությունները եւ տեսակետները, նույն թիմը ներկայացնող պաշտոնյաներինը ներառյալ, հակասեն միմյանց եւ անգամ վնասեն Հայաստանի շահին:
Ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ, ինչո՞ւ պետք է մեր սահմանից ներս հայտնված ադրբեջանցիք հայ զինվորականների սպանեն, կա՞ միանշանակ պատասխան անգամ դեպքից երկու օր անց, երբ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դեպքի մասին արտահայտվել են վարչապետը, պաշտպանության նախարարը, նրանց պատկանած քաղաքական ուժի տարբեր ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ընդդիմադիր քաղաքական դասը: Կարելի է ասել՝ ոչ:
Ինչո՞ւ էր ադրբեջանական մեքենան անարգել հասել մինչեւ հայկական ինժեներական կառույցներ, ինչո՞ւ Երեւանում ո՛չ լրագրողները, ո՛չ խորհրդարանականները, ո՛չ անգամ մասնագետ-վերլուծաբանները չեն պատկերացնում՝ ի՞նչ է կատարվել իրականում:
Ու բացվել է տարատեսակ ենթադրությունների շղթան, որոնցից շատերն ուղղակի վնասում են հենց մեր երկրի ազգային անվտանգությանը: Այդ տեսակետների հեղինակների մի մասն իր եզրակացություններում ելնում է նրանից, որ թշնամին ներխուժել ու սադրանք է ստեղծել, մի մասին կասկածելի է թվում, որ ադրբեջանցիներն առանց պայմանավորվածության այդպես հեշտորեն, առանց խոչընդոտվելու հայ դիրքապահների կողմից, կարող էին հասնել այնտեղ, որտեղ հասել են, ու ենթադրում են, որ ինչ-որ բանակցություններ են նախատեսված եղել, որոնք սահուն վերածվել են փոխհրաձգության (այդ տեսակետին է անգամ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, իսկ նույն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքին հետեւելով՝ կարելի էր էլ ավելի խճճվել): Մի փոխնախարար ասում էր՝ կարող էր բանակցություն լիներ, մեկն ասում է՝ սադրանք է, մեկը փոխում է իր նախապես հայտնած կարծիքը:
Զինվորական մեծ փորձառությամբ Սեյրան Օհանյանը շեշտում է զինվորական կարգուկանոնի բացակայությունը՝ անգամ ժամանակավոր արգելափակոցներ չեն եղել, որոնք բանակցողների պարագայում թիկունքային ապահովողների առկայությամբ կբացառեին սադրանքը:
Այսինքն՝ այդպես էլ հասկանալի չդարձավ՝ Տեղ գյուղում տեղի ունեցածի մեջ դիտավորյա՞լ է եղել անկազմակերպվածությունը, թե ուղղակի փնթիության արդյունք է, ու վերջը՝ զինվորականները բանակցում էի՞ն, թե ուղղակի ադրբեջանցիների ներխուժում է եղել: Որ կադրերը նայում ես՝ պարզ հասկացվում է՝ մերոնք չեն դիմադրում, քանի որ ադրբեջանցիք նպատակասլաց գալիս են ինչ-որ հանդիպման, ուրեմն՝ ինչ-որ հարցով բանակցությունների: Վարչապետն իր խոսքում (ԱԺ-ում) նշեց, թե Տեղ գյուղում օրեր առաջ ադրբեջանցիների առաջ եկած լինելը ենթադրում էր սադրանքներ, բայց դրանք հարկավոր էր բացառել, ու տեղի ունեցածը չպետք է լիներ: Այսինքն՝ ադրբեջանցիներն ինչ-որ բան էին առաջարկո՞ւմ, որին մերոնք առանց դիմադրելու պիտի համաձայնեի՞ն: Ենթադրվում է՝ նրանք պահանջել են մերոնցից՝ դադարեցնել ինժեներական աշխատանքները հենց մեր տարածքում: Է, ի՞նչ, մերոնք պիտի դադարեցնեի՞ն:
Իսկ ընդդիմադիր բովանդակությամբ հեռուստաընկերությունում արդեն ռազմական փորձագետն անգամ կարող է անցնել ամեն սահման ու ենթադրություն անել, որ հենց հայկական կողմն է առաջինը կրակել: Ու դա մասնագետն է ասում, որը հստակ պիտի գիտակցի՝ եթե անգամ այդպես եղած լիներ, այդ մասին բարձրաձայնումը վնաս է հասցնում պետությանը, լեզու դնում թշնամու բերանում: Այ քեզ բան, ի՞նչ աստիճանի պետք է լինի փոխատելությունը, որ դիմացինին ոչնչացնելու հետ՝ երկրի անվտանգությանը խփես: Միմյանց ատելու, միմյանց դեմ խմբաշահ կռվում, ազգովին, երեւում է, կորցրել ենք իրականության զգացումը: Նախ՝ տեղի ունեցողի մասին տեղեկատվության պակասի, երկրորդ՝ ամեն առիթ քաղաքական նպատակով գործածելու պատճառով, վերջին ասածս վերաբերում է ընդդիմությանն ու իշխանությանը հավասարապես:
Ի՞նչ է տեղի ունեցել Տեղ գյուղում, ի վերջո: Հասարակ տրամաբանությունն ասում է, որ ադրբեջանցիք եթե եկել-հասել ու պահանջել են դադարեցնել ինժեներական աշխատանքները, ուրեմն մինչ այդ ինչ-որ բանակցություններում ինչ-որ պայմանավորվածություններ են եղել: Ո՞ւմ միջեւ՝ ղեկավարությա՞ն, ինչո՞ ւ են զինվորականները որոշում նման հարցերը, սողացող սահմանազատո՞ւմ է իրականացվում: Ադրբեջանցիք առաջ ե՞ն գալիս ու դիրքեր խփում, ու նրանց ցանկություններո՞վ է սահման գծվում: Ո՞ւմ թերացման արդյունքում է այս բոլորը եղել, սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանի հեռացումն այս պատճառո՞վ է եղել, քանի որ ադրբեջանցիներին դիմադրությո՞ւն է ցույց տրվել, թե՞ հակառակը՝ վատ է աշխատել, բացատրեք, հերիք չեղա՞ն առանց բացատրությունների պաշտոնանշանակումներն ու պաշտոնանկությունները:
Կամ որ կառավարության նիստին վարչապետն ասում է, թե Հայաստանը պատրաստ է 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նշած սահմանից երկու կողմից էլ զինված ուժերի հետ քաշմանը ապահով հեռավորության վրա՝ Պրահայի եւ Սոչիի պայմանավորվածություններով, սա ի՞նչ է, ո՞ւմ հետ է քննարկվել, փաստաթղթեր կա՞ն, դրանք անցե՞լ են Ազգային ժողովով կամ դրանց սահմանադրականությունը ՍԴ-ն քննարկե՞լ է: Ո՞վ ասաց, որ մի քանի մարդ կարող են պայմանավորվել ու լուծել Հայաստանի սահմանազատման հարց՝ ի վնաս Հայաստանի, դա ո՞ւմ հայրենիքի սահմանն է, այդ մի քանի մարդո՞ւ:
Կամ ո՞վ է ասել, որ սահմանազատումը մեր զինվորները պետք է անեն՝ ադրբեջանական զինվորների հետ, ու նրանց ներխուժումներից , հարմար դիրքեր գրավելուց հետո: Սահմանային ճշգրտումները ո՞նց կարող է ուղղակի զինվորականությունն անել, ո՞ր քարտեզներով, ո՞ր պաշտոնական հանձնարարականներով:
Իսկ որ հենց դա է տեղի ունենում՝ իրադարձությունների շղթայի վերլուծությունը դա՛ է ցույց տալիս: Մենք ուշադրություն չենք դարձրել նախորդ կառավարության նիստին վարչապետի ասածին, որը հենց դա է նշանակում: Նա ասում էր, թե սահմանի անմիջական պահպանության ստանձման ժամանակ որոշակի խնդիրներ են առաջացել՝ քարտեզների տարընթերցումներ կան, թշնամին 300 մ խորացել ու դիրքավորվել, ինժեներական աշխատանքներ էր իրականացրել Հայաստանի տարածքում: Պայմանավորվել են, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն սահմանը, ու դրանից հետո իրավիճակն իբր բարելավվել էր, 12 կմ-ից 7-ում դիրքերի տեղակայման կետերը հստակեցված են եղել, եւ աշխատանքը շարունակվել է:
Էլի ենք հարցնո՞ւմ՝ ո՞վ է տեղյակ Հայաստանի սահմանների վերաձեւումից (թեկուզ մեկ՝ Տեղ բնակավայրում), ո՞ր քարտեզներով, ո՞ր գրավոր փաստաթղթերով են արվում ճշգրտումները, ինչո՞ւ հանրությունը, ԶԼՄ-ները տեղյակ չեն դրանցից, ինչո՞ւ լայնորեն չի լուսաբանվում, որպեսզի այս աստիճան տարընթերցումներ չլինեն հենց երկրի ներսում: Սողացող սահմանազատում է փաստորեն՝ ՀՀ քաղաքացիներիս չտեղեկացնելով, Սահմանադրությամբ անխախտ համարվող սահմանը թրթռացնելով, ո՞վ ունի դրա իրավունքը:
Կամ ի՞նչ է նշանակում՝ թշնամին առաջ գա ու պնդի քարտեզի իր տարբերակը: Շուտով, ուրեմն, որ ասում եք՝ թշնամուն դուրս շպրտելու ռեսուրս չունենք, բոլոր հնարավոր խոցելի սահմաններում թշնամին առաջ կգա ու իր քարտեզը դեմ կանի:
Սա՞ է խաղաղության օրակարգը: Տեղ գյուղի դիրքերից ուղղակի մի քանի կադրն էլ բավական էր՝ հասկանալու, որ գերադաս ռազմավարական բարձունքներն ենք զիջել թշնամուն՝ Տեղի գյուղացուն թողնելով ուղիղ նշանառության տակ, վերջինս չի կարողանում ոչ դաշտ ու այգի մշակի, ոչ անասնապահությամբ զբաղվի: Միայն առաջին հայացքից է թվում, թե այդ մտքին հանրությունն արդեն սովորել է: Ադրբեջանցիների Սիսիան մտնելով ու հայ բնակիչների դռները ծեծելով, ռեսուրս չունենալու մասին խոսակցությամբ, մի քանի օր սահման հատած ադրբեջանցուն չգտելով, ենթադրաբար ադրբեջանական ահաբեկչության զոհ դարձած պահնորդի մահով եւ նման տեխնոլոգիաներով:
Եթե երկրի ղեկավարները որոշել են 1994 թվականին կնքված հրադադարով հաստատված մեր գերադաս դիրքերը զիջել, լսեցնել Ադրբեջանի կազմում եղած Արցախի մասին՝ այդ մտքին եւս սովորեցնելով մարդկանց, ապա խորապես սխալվում են. ավելի ուժեղ ղեկավարներ են Արցախի եւ Հայաստանի զիջողական սցենարներով անցել պատմության գիրկը: Պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին սպանած ադրբեջանցու լայվը վկա, թե՝ «Հայերի արյուն ենք թափել: 400-500 հայի գլուխ ենք կտրել, դեռ ողջ ենք, չենք մահացել»: Այդ արնախումներին դիմադրողները եւս դեռ չեն վերացել՝ Տեղում ադրբեջանցիներին դիմադրած մեր զինվորները վկա: Աճանանի այն երեք երիտասարդները վկա, որոնք իրենց նախաձեռնությամբ բռնել են ադրբեջանցուն:
Հ.Գ.-Ճիշտն ասած՝ այս անգամ որոշել էի անդրադառնալ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի՝ հանձնաժողովի գործունեության անցած տարվա հաշվետվությանը, որը Ազգային ժողովում շատ համապարփակ ներկայացնում էր բոլորիս հուզող մեդիա ոլորտի խնդիրները: Բայց ո՞ւր է մեզ այդպիսի բախտ, որ մի բան չպատահի, ու մենք մեր նախընտրած թեմաներից կարողանանք խոսել:
Երեկ նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովում փակ նիստ էր հրավիրվել՝«Հայաստան» խմբակցության առաջարկով, որտեղ զինվորական պատասխանատուները պետք է պարզաբանեին Տեղ գյուղում տեղի ունեցածի պատճառներն ու հանգամանքները: Տեսնես էլ ի՞նչ պիտի իմացվեր՝ լայնորեն արված արտահոսքերից հետո:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ