Կամ ադրբեջանական թունոտ «մուղամ»… ռուսերեն պարբերականում
Ռուսաստանյան «Ռամբեր.ռու» լրատվական հանգույցի օրական լուրերի հունիսքսանմեկյան մի տարբերակում աչքի ընկնող տեղում էր «ՈւԶՈւ (Ուկրաինայի զինված ուժերի – Գ. Մ.) հետախուզական խմբի ոչնչացումը եւ ադրբեջանական բանակի դիրքերի գնդակոծումը» ինտրիգային վերնագիրը: Ավելի ստույգ՝ դա լուրերի մի խմբի ընդհանուր վերնագիրն էր, որի մեզ վերաբերող տեղեկատվությունը սկսվում էր հայտնի ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ, թե իբր «Հայաստանի բանակը ինտենսիվ գնդակոծում էր ադրբեջանական զինուժի դիրքերը Նախիջեւանում»: Եվ միայն այդ նախադասությունից հետո սկսվող երկրորդ պարբերությունում է վկայակոչվում Ադրբեջանի զինվորական գերատեսչությունն ու ավելացվում վերջինիս նաեւ այն հաղորդումը, թե գնդակոծության են ենթարկվել այդ զինուժի դիրքերը Շուշիի մատույցներում եւս:
Լուրի իսկության հարցը թողնելով տվյալ գործակալության ղեկավարության խղճին (եթե ունի), նկատենք, որ այս կարգի լրատվամիջոցները Արցախի կամ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ամեն հերթական զինված ոտնձգության լուրը միշտ վերնագրում կամ սկսում են «այսինչ օրը Հայաստանը եւ Ադբեջանը միմյանց մեղադրեցին… գնդակոծելու հարցում»: Կամ մեր ՊՆ հաղորդման հետ պարտադիր տալիս են նաեւ հակառակ կողմի նույն գերատեսչության հաղորդումը, հավասարության նշան դնում, որ Ադրբեջանը հանկարծ չնեղանա…
Իրականությունը հաճախ շրջված ներկայացնելու եւ, ավելին, հայատյացության դիրքերից բացահայտորեն ադրբեջանական քարոզչությանը ծառայելու անմրցելի օրինակ է, երեւի, «Վեստնիկ Կավկազա» («Կովկասի լրատու») էլեկտրոնային կայքը: «Հայաստանը կրակում է Նախչըվանի ուղղությամբ», «Հայ գրոհայիններն ու զինվորականները երեք անգամ գրոհել են Ադրբեջանի վրա», «Հայաստանը ինտենսիվ գնդակոծում է Ադրբեջանը երեք ուղղություններով», «Ռուսաստանի դաշնակիցը բարձրացրել է ԱՄՆ-ի դրոշը»… Սրանք այդ պարբերականի վերջին մի քանի օրերի հրապարակումների վերնագրերից են: Ակնհայտ են ադրբեջանցիների արարքները մեզ վերագրելու, նրանց կեղծ-քարոզչական հնարքներն ընդօրինակելու եւ ագրեսորին ու ճնշողին աշխարհի աչքում իբրեւ անմեղ զոհ ներկայացնելու ջանքերը, օգտագործված ադրբեջանահաճո որակումները սեփական հայրենիքում դաժան շրջափակման ու էթնիկ զտման ենթարկված 120 հազար արցախահայերի նկատմամբ: Հատկանշական է, որ այս կարգի հրապարակումների տակ հաճախ չես գտնում որեւէ հեղինակի անուն:
Բայց ահա այդ լրատվամիջոցի ավագ վերլուծաբան Անդրեյ Պետրովի անվանը այս կարգի եւ արդեն ավելի հեռուն գնացող հրապարակումների տակ երեւի հաճախ կարելի է հանդիպել: Հունիսի 16-ի իր հրապարակմամբ նա այդ առումով ըստ երեւույթին գերազանցել է անգամ ինքն իրեն: Հոդվածը վերնագրված է «Հայաստանն անսպասելի հարվածեց Ռուսաստանին… Ղարաբաղում»: Բա չպե՞տք է վերջնականապես գժտեցնել նաեւ երկու քիչ թե շատ իրական դաշնակիցներին…
Լրատվության մեջ ասվում է, թե նախօրդ օրը տեղի է ունեցել քաղաքական խելացնորության սահմանն էլ անցնող միջադեպ՝ հայկական զորքը (իբր) գնդակոծել է… ռուս խաղաղապահներին: Եվ իբր այդ մասին հաղորդել են հենց հայկական լրատվամիջոցները: Խոսքը ադրբեջանցի մի խումբ զինվորականների՝ ՀՀ սահմանը հատելով այնտեղ իրենց երկրի դրոշն ամրացնելու սադրիչ քայլի մասին է: Նման սկզբին հաջորդում է ավագ վերլուծաբանի նույնքան սադրիչ ձեւակերպմամբ նկարագրությունը, թե առավոտյան,- ուշադրություն,- «Ադրբեջանի Արեւելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանում, Լաչինի միջանցքի մուտքի հսկիչ-անցագրային կետի մոտ մի խումբ ադրբեջանցի սահմանապահներ անցել են Հաքարի գետի կամուրջը՝ իբր իրենց տարածքում դրոշ տեղադրելու համար: Ինչպես եւ բոլորին, ովքեր գտնվում են ռուսաստանցի խաղաղապահների «ժամանակավոր տեղակայման գոտում», նրանց ուղեկցել է վերջիններիս ներկայացուցիչների խումբը: Եվ դրոշի տեղադրումից հետո, ինչպես ներկայացվում է, հայ դիպուկահարները Հայաստանի տարածքից գնդակոծել են բոլորին…
Դրանից հետո, ըստ հեղինակի պնդման, Լաչինի ճանապարհով երթեւեկությունը «ռուս խաղաղապահների կողմից» կանգնեցվել է՝ առ ժամանակս «հանցագործության քննության»: «Այսպիսով,- գրում է Պետրակովը,- մեկ դիպուկահարային գրոհով Հայաստանը խոստովանեց, որ շարունակում է Ադրբեջանի հետ առճակատման քաղաքականությունը, ստեղծեց,- պատկերացնո՞ւմ եք,- շրջափակում Ղարաբաղի հայերի համար» եւ «հարված հասցրեց ռուս խաղաղապահների անվտանգությանը»:
Ահա այսպիսի «տեղեկատվություն» ու «վերլուծություն»:
«Ցանկալի» թեման զարգացնելով՝ հոդվածագիրը հատուկ ենթավերնագիր է դրել՝ «Ինչպե՞ս Հայաստանը հասավ մինչեւ խաղաղապահների վրա կրակելու աստիճանի»:
Լրատվամիջոցի ավագ վերլուծաբանի մտքի գոհարներից են, օրինակ, հետեւյալ պնդումները, թե իբր հենց Հայոց զորքն ու ռուսաստանցի խաղաղապահների «ժամանակավոր տեղակայման գոտուց» հայ գրոհայիններն են այս ամռանը Ադրբեջանի քաղաքացիների գնդակոծումները դարձրել ամենօրյա, ինչպես 44-օրյա պատերազմից առաջ եւ դրանից հետո: Եվ որ բանը պետք է հասներ նաեւ ադրբեջանական անցակետին: Կամ թե՝ ղարաբաղցի հայերի շրջափակումը կամ արգելափակումը Հայաստանի իշխանությունների երազանքն է՝ սկսած անցյալ տարվա դեկտեմբերից: Մինչդեռ Ադրբեջանը, պատկերացնո՞ւմ եք, չի խոչընդոտում սահմանով «Ղարաբաղի տնտեսական գոտու» հայ բնակչության տեղաշարժը: Եվ անպայման պետք էր ասել ու կրկնել, թե հայ նշանառուները կրակել են ռուս խաղաղապահների վրա, թե՝ հակառուսական հռետորաբանությունը, ռուսատյացությունը եւ ազգայնական ցանկությունները Հայաստանում, Հայաստանի արեւմտյան կողմնորոշումը եւ այլն…
Հետո՝ «Խանքենդի», դրա շուրջը դիրքավորված «հայ գրոհայիններ», Ռուբեն Վարդանյան, «թալանված ադրբեջանական օգտակար հանածոներ»:
Ներողություն հայ ընթերցողից, սեփական տանը անասելի զրկանքներ կրող արցախցի իմ հայրենակիցներից, այնպես որ չշարունակենք, բավարարվենք այսքանով: Ուղղակի նկատենք, որ մեր հակառակորդը, ի տարբերություն մեզ, շարունակում է վճռական գործել նաեւ «դրսի» քարոզչական դաշտում, ինչն, ի դեպ, նորություն չէ: Այդ դաշտի հետ, երեւում է, իր ոճով լավ էլ աշխատում է:
«Հայաստանից վտարվածներ. մենք մտադիր ենք վերադառնալ հարազատ օջախներ». ահա նաեւ հնարովի ինչ-որ «Արեւմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչների այս ոչ անմեղ հայտարարությունն է յուրովսանն ներկայացնում «Վեստնիկ Կավկազա» կայքը:
«Առանձին էթնոսի համար հատուկ պայմաններ հնարավոր չեն» խոսուն ադրբեջանաձայն վերնագրով հրապարակում է օրերս արել «Կավկազսկի ուզել» («Կովկասյան հանգույց») էլեկտրոնային պարբերականը:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ