ԵՐԵՎԱՆ – Էլիզաբեթե Տայվանեն կրոնագիտության, մասնավորապես բուդդայականության լատվիացի մասնագետ է: Նա Լատվիայի համալսարանի դոցենտ է, որտեղ դասավանդում է 1996 թվականից եւ հեղինակ է կրոնների վերաբերյալ մի շարք հոդվածների ու գրքերի: 2021 թվականից պարբերաբար այցելում է Հայաստան՝ իր մորական պապի երկիրը: Էլիզաբեթեի հետ ծանոթացա ընդհանուր ընկերոջ միջոցով, եւ սկսվեց հետեւյալ խոսակցությունը: Հայերեն ողջույնից հետո անցանք ռուսերենի, թեեւ մեր նամակագրությունը շարունակվում է անգլերեն…
–Էլիզաբե՛թե, միշտ հետաքրքիր է, թե ինչ հանգամանքներ են նպաստում, որ մեծահասակ մարդու մեջ մի օր արթնանան որոշակի գեներ, եւ նա սկսի ուսումնասիրել իր մինչ այդ անծանոթ կողմը: Ինչպե՞ս եղավ ձեր պարագայում:
-Իմ պատմությունը սկսվեց Մոսկվայում, որտեղ ծնվել եմ եւ ապրել 19 տարի, բայց փոքր տարիքից կարոտում էի Լատվիան, որտեղից հայրս էր եւ որտեղ ապրում էին նրա ազգականները: Մենք բավականին հաճախ էինք գնում այնտեղ, սովորաբար ամռանը: Գրեթե միշտ կապ էի զգում Լատվիայի հետ, չնայած հայրս ինձ լատվիերեն չէր սովորեցնում: Պատանեկության տարիներին, երբ ձեւավորվում է անհատականությունը, ես սկսեցի ինքնուրույն սովորել հորս լեզուն: Երկրի անկախացումից կարճ ժամանակ առաջ Լատվիա տեղափոխվելու եւ Ռիգայում համալսարան ընդունվելու շնորհիվ կարողացա կարճ ժամանակում ավարտել լատվիական կրթությունս: Այդպիսով, իմ առաջին ինքնությունը կապված է Լատվիայի հետ, որը ես սիրեցի ամբողջ սրտով: Առաջ նայելով, կարող եմ ասել, որ այն ժամանակ ես իմ երիտասարդության տարիներին չէի կասկածում, որ իմ ներքին կերտվածքը հայկական է եւ բնավ լատվիական չէ: Միեւնույն ժամանակ, ինձ գործնականում ոչինչ չէր կապում Հայաստանի հետ, միայն այն, որ պապիկս՝ 1950-60-ական թվականներին Դոնի Ռոստովում հայտնի ֆոտոլրագրող Հմայակ Առաքելյանը զտարյուն հայ էր, Վայքի մոտ գտնվող փոքրիկ Պոռ գյուղից: Ցավոք սրտի, սիրելի պապիկս մահացել է դեռեւս իմ ծնվելուց առաջ, բայց ես նրան լավ եմ ճանաչում մորս ուղղված նամակներից, որոնք մայրս խնամքով պահում է մինչ օրս:
–Այդուհանդերձ, ձեր ընտանիքում կայի՞ն հայկական ավանդույթներ:
-Միայն խոհանոցում: Մայրիկը պատրաստում էր տոլմա ու գաթա (որը Վայքի բարբառով անվանում էր քյաթա): Նա մի քիչ հիշում էր հայերենը, որոշ արտահայտություններ, պատմում էր պապիկի մասին, որը շատ էր սիրում իրեն եւ իր քրոջը, բայց ընդհանուր առմամբ՝ միայն այսքանը: Մայրս չէր հետաքրքրվում Ռուսաստանում ապրող իր հայ ազգականներով. նա շրջապատված էր լեհ-ուկրաինական ծագումով իր մոր բազմաթիվ հարազատներով: Երբ ես Լատվիայի համալսարանի աստվածաբանության բաժանմունքի ուսանող էի, մի օր ձեռքս ընկավ մի հայկական շնորհավորական բացիկ: Հայերեն տառերը հետաքրքրություն եւ ինչ-որ զգացմունքային կապվածություն առաջացրին իմ մեջ: Դիմեցի հորս՝ Լատվիայի համալսարանի պրոֆեսոր Լեոն Գաբրիել Տայվանին եւ ասացի, որ ուզում եմ հայերեն սովորել: Հայրիկը Ռիգայում գտավ հայկական կիրակնօրյա դպրոց: Այնտեղ ինձ «զինեցին» այբբենարաններով եւ որոշ հայերեն գրքերով, որոնցով հնարավորություն ունեցա ինքնուրույն հայերեն սովորել: Այդ դպրոցում ես հանդիպեցի Վալդա Սալմինյային՝ հայերենից լատվիերեն միակ թարգմանչուհուն, եւ դա հիանալի ձեռքբերում էր: Ջերմ բարեկամություն սկսվեց Գոհար Ասլանյանի հետ, որը սովորել է Լատվիայի համալսարանում. նա եւ իր գործընկեր Նաիրա Խաչատրյանը լատվիերենից հայերեն գրականություն են թարգմանում: Ես մեծ ծրագրեր ունեի հայ աստվածաբանության վերաբերյալ թեկնածուական ատենախոսություն գրելու, բայց ղեկավարիս հետ լեզու չգտա. ստիպված վերակողմնորոշվեցի դեպի համեմատական կրոնագիտությունը: Այս մասնագիտությամբ էլ ես մինչ օրս հաց եմ վաստակում: Ինչ խոսք, սա հիանալի ընտրություն էր իմ կարիերայի համար, սակայն թեկնածուական ուսումնասիրությունները, տիբեթյան բուդդայականության ավանդույթների մեջ խորանալը, մի քանի բուհերում ինտենսիվ դասավանդումը, զավակներիս՝ Անուշի եւ Դոմինիկի ծնունդը, տարիներով ինձ բաժանեցին Հայաստանից:
–Սակայն ձեր հայկական հետաքրքրությունները երբեք չեն մարել…
-Առնչություններս հայկական թեմաներին մինչեւ 2020 թվականը շատ հազվադեպ էին: Շուրջ 15 տարի առաջ Լատվիայի համալսարանում Հայաստանին նվիրված գիտաժողովներից մեկում հանդիպեցի իմ սիրելի ընկերուհի Իրինային՝ Երեւանից, որը երկար տարիներ ապրում է Ռիգայում: Նա ինձ հայկական ոգով աջակցեց իմ կյանքի չափազանց դժվարին մի պահի: Վերջապես, չորս տարի առաջ, երբ փոքր երեխաս դարձավ չորս տարեկան, մենք մեկնեցինք Վրաստան, որը բացարձակապես գերեց իմ սիրտը: Թբիլիսիից Ռիգա ժամանելուց բառացիորեն մեկ շաբաթ անց մենք գնեցինք Հայաստան մեկնելու տոմսեր, սակայն կովիդի համավարակի պատճառով չվերթները չեղարկվեցին, եւ մեզ վիճակված էր այստեղ գալ միայն 2021 թվականին: Հայաստանը տեսնելու ցանկությունը մտասեւեռում դարձավ, եւ ես սկսեցի Դոնի Ռոստովում փնտրել հայ ազգականներիս, նաեւ պապիկիս գերեզմանը: Ես նորից սկսեցի ինքնուրույն ուսումնասիրել հայոց լեզուն: Հայ միջավայրի համար ես այս երեքուկես տարվա ընթացքում այնքան էլ չեմ առաջադիմել, բայց արդեն հայերեն կարդում եմ Աստվածաշունչը եւ ընթերցանության մակարդակով բավականին լավ հասկանում եմ պարզ տեքստերը: Ես այստեղ հաղորդակցվում եմ հայերեն, բայց սա լինում է տարեկան ընդամենը երկու-երեք շաբաթ, ինչն անբավարար է, բայց ես դրա համար էլ եմ ուրախ: Հայաստանում եղածս վերջին երկու շաբաթվա ընթացքում սկսեցի շատ ավելի լավ հասկանալ խոսակցական լեզուն: Միշտ նոթատետր ունեմ ինձ հետ, առավոտյան արթնանալիս, տրանսպորտում ու դասախոսությունների միջեւ կրկնում եմ այնտեղ գրված հայերեն բառերը:
–Իսկ ինչպիսի՞ն է եղել ձեր առաջին ճանապարհորդությունը Հայաստան, ի՞նչն է ձեզ զարմացրել:
-Ասեմ, որ նախ սկսեցի փնտրել իմ հայ բարեկամներին Դոնի Ռոստովում: Ես ոչ մի հետք չունեի, ազգականներիս հետ բոլոր կապերը կորել էին: Հրաշքով, իմ հին թղթերի ու նոթատետրերի մեջ գտա տատիկիս մի նամակը՝ ուղղված մեզ 2000 թվականին, ծրարի վրա նշված էր մեր ազգական Դավթյանի ազգանունն ու Ռոստովի հասցեն: Այս հասցեով էլ գտա Ռոստովի մեր հայ ազգականներին: Ցավոք սրտի, ուծացումն իր ազդեցությունն է ունեցել նրանց վրա, հայերեն չեն խոսում: Պարզվեց, որ այս տարիների ընթացքում նրանք հոգ էին տանում իմ հայ պապի գերեզմանին: Նրանց միջոցով ինձ հաջողվեց պապիկիս գերեզմանին արժանի շիրմաքար տեղադրել՝ վրան հայատառ գրելով նրա անունը: Այս ամենը տեղի ունեցավ 2021 թվականին, Հայաստան կատարած մեր առաջին ուղեւորությունից մեկ տարի առաջ: Մենք շրջեցինք Հայաստանում հյուսիսից հարավ, այցելեցինք գրեթե բոլոր հայտնի վայրերը, եւ քանի որ ես իսկապես երազում էի գնալ այնտեղ, որտեղի ծնունդ էր պապիկս, գնացինք Պոռ գյուղ: Այնտեղ երեք ժամ նստեցինք գյուղի նախագահ Մեսրոպի մոտ, որի հետ այնուհետեւ շատ ընկերացանք: Նա փորձեց ինչ-որ մարդկանց միջոցով գտնել մեր հարազատներին: Արդեն երեկո էր, երբ Վայքից եկան երկու տղամարդ: Նրանցից մեկի արտաքինի մեջ ես ակնթարթորեն ճանաչեցի իմ արյունը, եւ չսխալվեցի: Հետո Երեւանից ժամանեց մեր ազգական Հարությունը, ես ու նա շատ ուշադիր կրկնակի ստուգեցինք մեր տոհմածառը, երկար զրուցեցինք: Նա մեզ բերեց Երեւան, որտեղ ուշ ժամին բնակարանում մեզ սպասում էին նրա բոլոր հարազատները՝ եղբայրներն ու քույրերն իրենց զավակներով: Մենք երբեք նման հյուրընկալություն չէինք տեսել: Ամուսինս լիովին ապշել էր այս ընդունելությունից: Եվ սա հենց այն էր, ինչն ինձ պակասում էր գրեթե մանկուց: Ես միշտ մորս ասում էի, որ ուզում եմ մեծ հայկական ընտանիք ունենալ: Եվ հիմա ես ունեմ մեծ հայկական ընտանիք: Ես սիրում եմ Լատվիան, բայց լատվիացիների հուզական զսպվածության պատճառով նրանց կողմից միշտ ջերմության պակաս եմ զգացել: Խանգարում է նաեւ Լատվիայի ծայրահեղ աշխարհիկ եվրոպական ոգին: Այստեղ՝ Հայաստանում, ես վերջապես ինձ լիովին երջանիկ եմ զգում: Իմ ազգական Հարությունին ես սիրում եմ ամբողջ սրտով, եղբոր պես: Ասեմ, որ երեխաներս նույնպես չափազանց կապված են իրենց հայ ազգականներին: Կրտսերս՝ Դոմինիկը, Երեւանից հեռանալիս բարձրաձայն լաց էր լինում…
–Հայության հանդեպ ձեր այս ձգտումը տարօրինակ չէ՞ ձեր ամուսնու համար:
-Ամուսինս՝ Ռամունասը, զտարյուն լիտվացի է, ծնվել է Լիտվայում, նա չի ապրում իր հայրենիքում, որը շատ է կարոտում, ուստի նա ամենից ավելի լավ է հասկանում պապիկիս հայրենիք կրկին այցելելու իմ ցանկությունը: Հենց նրա գործուն աջակցությամբ հնարավոր եղավ մեր առաջին այցը ոչ միայն դեպի վերացական Հայաստան, այլեւ դեպի Պոռ գյուղ: Ռամունասը նույնիսկ մի քիչ հայերեն է սովորում՝ ինձնից հետո բառերը կրկնելով, իսկ այստեղ՝ Հայաստանում, ակտիվորեն օգտագործում է դրանք: Երկուսս էլ այստեղ մեր իմացածի չափով փորձում ենք հայերեն խոսել:
–Եվ հիմա դուք, որպես կրոնագետ, որը որոշ չափով խոսում է հայերեն, կարող եք ուսումնասիրել նաեւ հայկական թեմաներ:
-Ես վարում եմ Արեւելքի կրոնների եւ արվեստի տարբեր դասընթացներ, ինչպես նաեւ զբաղվում եմ ժամանակակից եվրոպական կրոնականության հարցերով: Հայաստանում տեսնելով հնագույն տաճարներն ու մատուռները՝ ինձ սկսեց հետաքրքրել Հայաստանի ժողովրդական կրոնական թեման: Այս գարնանը բախտ ունեցա հանդիպելու Հայ Առաքելական եկեղեցու՝ Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանին: Ի դեպ, նա ոչ միայն հիանալի կազմակերպիչ է, այլեւ շատ մեծ սրտի տեր մարդ: Զարմանալի է, որ նա ընդհանուր լեզու է գտնում բոլորի հետ, գտնում է ցանկացած սրտի բանալին: Նա աստվածաբանության մասին խոսում է հայագիտության ոլորտի աշխարհահռչակ դեմքերի հետ, իսկ Ռիգայի հայկական եկեղեցու բակում նարդի է խաղում շարքային ծխականների հետ: Այդ պատճառով էլ Վարդան սրբազանը միշտ շրջապատված է մարդկանցով: Այս աշնանը նա Լատվիայի համալսարանի աստվածաբանության բաժանմունքի հետ կազմակերպում է միջազգային գիտաժողով՝ նվիրված Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին: Սա առաջին միջոցառումն է, որը ֆինանսավորում է Լատվիայի համալսարանի հովանու ներքո վերջերս ստեղծված Հայագիտական հիմնադրամը: Մենք շատ հարգարժան հայագետներ ենք հրավիրել Եվրոպայից, Ամերիկայից եւ Հայաստանից; Երկրորդ մասում ելույթ կունենան Լատվիայի մասնակիցները: Ես նույնպես զեկուցում ունեմ, որը նվիրված է Ներսես Շնորհալու քրիստոսաբանությանը: Նրա «Յիսուս Որդի» ստեղծագործությունն առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում համեմատական կրոնագիտության տեսանկյունից:
–Ո՞րն է ձեր հիմնական թեզը եւ իրավիճակի ձեր տեսլականը:
-Քրիստոսի մասին Շնորհալու ուսմունքը շատ առաջադեմ է եւ օգտակար ժամանակակից հայ աստվածաբանության համար: Շնորհալին գործել է երկու մշակույթների՝ Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկում: Եթե քրիստոսաբանությունը վերլուծենք ֆենոմենոլոգիապես, ապա քրիստոնյա Արեւելքի ժողովրդական գիտակցության մեջ Փրկիչն ավելի շուտ ընկալվում է որպես Աստված, իսկ Արեւմուտքում՝ որպես մարդ: Գաղտնիք չէ, որ Քրիստոսի կերպարում միավորվել է երկու բնություն՝ աստվածային եւ մարդկային, բայց ժողովրդի մտածելակերպի մակարդակում առկա է համամասնությունների տարբերակում: Հայաստանում Քրիստոսի արեւելյան ընկալման եւ այլ հանգամանքների պատճառով (հալածանք մահմեդականներից, սրբապատկերների արգելքներ) Քրիստոսին պատկերելն ընդունված չէր: Քրիստոսի գաղափարը հիմնականում կապված է խաչքարերի հետ, որոնք ունեն շատ հետաքրքրական եւ հարուստ խորհրդաբանություն, որից, սակայն, կարծես մթագնում է իր՝ Խաչյալի կերպարը: Հիսուսին կարելի է տեսնել միայն Ամենափրկիչ կոչվող խաչքարերի վրա:
Հենց Քրիստոսի կերպարի այս տեսողական բացակայությունը (պարտադրված նրա արեւելյան՝ առաջին հերթին որպես Աստված ընկալմամբ) պատճառ դարձավ, որ ժողովրդական գիտակցության մեջ Փրկիչը դառնա հեռավոր Աստված: Օրինակ, Արամ Ղանալանյանի «Հայկական ավանդապատումներում» Քրիստոսի մասին մի քանի լեգենդ վկայում են այն մասին, որ հայ ժողովրդական գիտակցության մեջ Քրիստոսն ավելի հաճախ օժտված է արդար դատավորի հատկանիշներով: Երբեմն նա հանդես է գալիս որպես ողորմած Աստված, սակայն ժողովրդական քրիստոսաբանության մեջ ակնառու է նրա բարեգութ կողմի պակասը: Նրա ողորմած նկարագիրը ժամանակակից հայերը փոխանցում են սրբերին: Մարդկանց հետ անմիջական կապի մեջ մտնում են սրբերը, ո՛չ հեռավոր Քրիստոսը: Նրանք հայտնվում են մարդկանց երազում, օգնում են եւ առաջնորդում: Դրանով կարելի է բացատրել Հայաստանում զանազան սրբերին նվիրված մատուռների մեծ թիվը: Այս կերպ հասարակ մարդիկ շփվում են սրբության ոլորտի հետ՝ առանց հոգեւորականների միջնորդության, ասես ուղղակիորեն:
Շնորհալին իր հերթին առաջարկում է յուրօրինակ քրիստոսաբանական մոտեցում, որը թե՛ արեւելյան է, թե՛ արեւմտյան: Նրա Փրկիչը ե՛ւ Ամենակարող է, այսինքն՝ երկնքի եւ երկրի Արարիչ, ե՛ւ մի հեզ հովիվ է, որը խաչի վրա չարչարանքներ է կրում սովորական մարդու պես: Շնորհալին ներկայացնում է Քրիստոսին որպես մեզնից մեկը. Նա մոտ է յուրաքանչյուր մարդու: Վերադարձը Քրիստոսի հստակ մարդկային կերպարին եւ Ավետարանի բարի լուրին միանգամայն անհրաժեշտ է ժամանակակից հայերին, որոնք բառացիորեն մխրճված են սրբերի անիմիստական պաշտամունքի մեջ: Եվ, նկատի՛ առեք, որ ողորմած Քրիստոսի կերպարում եղած պակասն առկա է Հիսուսի սրտի արեւմտյան պատկերագրության մեջ, առանց որի ոչ մի մատուռ չի կարող լինել: Ուստի Ներսես Շնորհալին պետք է որդեգրվի տեղի աստվածաբանների կողմից՝ Հայաստանում եկեղեցական քրիստոնեությունը վերակենդանացնելու համար:
–Ձեր ասածները մտածելու տեղիք են տալիս: Մտադի՞ր եք շարունակել հայագիտական ուսումնասիրությունները:
-Քանի որ այժմ մեր համալսարանում ունենք հայագիտության հիմնադրամ, որը կարող է ֆինանսավորել գրքերի հրատարակությունը, կարծում եմ, որ հայկական թեմաներով մի քանի հրապարակումներ կիրականացնենք հայագետ Վալդա Սալմինյայի հետ միասին: Առաջին հերթին ես կցանկանայի ինչ-որ բան գրել սրբերի պաշտամունքի մասին, իսկ հետո կտեսնենք: Հայաստանը կրոնական հետազոտությունների անսպառ աղբյուր է:
–Շնորհակալությո՛ւն հետաքրքրական զրույցի համար, Էլիզաբե՛թե: Հուսով եմ՝ մեր հաջորդ զրույցը կլինի հայերեն:
-(Հայերեն) Ես նույնպես հուսով եմ: Շնորհակալությո՛ւն:
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ