Ռուս-ուկրաինական ներկա պատերազմում օգտագործվող սպառազինության հիմնական մասը, մանավանդ՝ ծանր սպառազինության, խորհրդային, ռուսական արտադրության սպառազինություն է: «Ազգ»ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ու հավելում՝ այդ սպառազինության զգալի մասն այլեւս չի արտադրվում:
«Զինատեսակներ կան, որ 60-ականների կամ ավելի վաղ ժամանակների արտադրության են: Դրանք, ճիշտ է, միչեւ ռուս-ուկրաինական պատերազմն աշխարհի տարբեր երկրների պահեստներում (մանավանդ հենց Ռուսաստանում) հսկայական քանակությամբ պահվում էին, բայց այդ ամեն ինչն այժմ արագ սպառվում է»,- ասում է Վրթանեսյանը:
Նրա փոխանցմամբ՝ այժմ ՆԱՏՕ-ն ու մասնավորապես Միացյալ Նահանգներն աշխարհի տարբեր երկրներից փորձում են սպառազինություն գնել Ուկրաինային մատակարարելու համար: Նույնը՝ զենք ձեռք բերելու գործընթաց, նաեւ Ռուսաստանն է անում, որովհետեւ, բացատրում է մեր զրուցակիցը, խորհրդային ժամանակներից մնացած ու անծայրածիր թվացող պահեստներն անգամ սպառվում են: «Ըստ ԱՄՆ հետախուզական ծառայության ներկայացրած տվյալների՝ Ռուսաստանն այժմ մարտի դաշտում ավելի շատ է զինամթերք ծախսում, քան հասցնում է արտադրել: Ու բնական է, որ այս իրավիճակը լուրջ խնդիրներ է ստեղծելու ոչ միայն Ռուսաստանի եւ Ուկրաինայի, այլեւ Հայաստանի համար»,- ներկայացնում է փորձագետը:
Նրա գնահատմամբ՝ 2020-ի նոյեմբերի 10-ից սկսած՝ պարզ էր, որ Հայաստանի թիվ մեկ խնդիրը, սպառված սպառազինությունը վերականգնելու, վերազինելու հարցը պետք է լիներ: Բայց, շարունակում է, ցավոք, Փաշինյանը Հայաստանի համար առաջնահերթ անվտանգային այդ խնդիրները ոչ թե լուծում է, այլ դրանց փոխարեն նոր խնդիրներ է ստեղծում. «Դեռ չասած, որ եղածներն էլ խորացնում է, եւ այն մեկից ավելի տարի է, ինչ բանակի վերազինման համար այդ ուղղությամբ առհասարակ ոչինչ արվել: Հիշենք՝ քանի պաշտպանության նախարար փոխվեց պատերազմից հետո: Մինչեւ հիմա էլ, օրինակ, պաշտպանության նախարարության երրորդ փոխնախարարը նշանակված չէ:
Հիմա էլ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե փող ունենք, բայց մեզ զենք չեն վաճառում, ուշացնում են եւ այլն, եւ այլն: Այն գնումներն էլ, որոնք մեծ շուքով գովազդում է Փաշինյանի թիմը, մասնավորապես՝ հնդկական զենքի գնումների թեման, այդ սպառազինությունը դեռ նույնիսկ արտադրված չէ, ոչ ոք չգիտի, թե երբ եւ ինչպես կհասնի Հայաստան, եթե ընդհանրապես հասնի, որովհետեւ սպառազինության վաճառքն այդքան հեշտ չի տեղի ունենում: Դա խանութ չէ, որտեղ թանկարժեք զենքները շարած են մեծ քանակով, ինչքան ուզում ես, կարող ես գնել: Ո՛չ, այդ գործընթացը տարիներ է տեւում»:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ