Զարմանալի է` այն, ինչ ես գրում եւ ասում եմ շատ երկար ժամանակ, ի վերջո Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արք. Աջապահյանն էլ է ասել, մի փոքր այլ կերպ եւ ավելի կոշտ ձեւակերպմամբ, թե երկրորդ եւ երրորդ նախագահները պետք հեռանան ասպարեզից, որպեսզի իշխանափոխություն տեղի ունենա: Ես միշտ պնդել եմ, որ համակարգի փոփոխություն չի եղել, նոր` արտահամակարգային ուժեր պետք է գան, որ երկրում բան փոխվի: Ընդ որում` մշտապես հայտնված այս տեսակետին մոտիկ ձեւակերպում է արել Աջապահյանը նաեւ մամուլում, նշելով, որ ներկա ընդդիմությունը իշխանությանը ձեռնտու ընդդիմություն է, այն, ինչ ես վաղուց եմ գրում (թերթեք «Ազգ»ի թեկուզ վերջին երկու տարվա համարները): Այս տեսակետը սվիններով է ընդունվում ընդդիմության կողմից, հատկապես Միքայել Սրբազանինը, քանի որ, ըստ Սրբազանի` քաղաքական կուսակցություններ չկան, հավաքվել են` ամեն մեկը մի ձեւի տուն է պահում, ընդդիմություն կոչվածն էլ ոչ թե իշխանության հեռացումն է ուզում, այլ իր վերադարձն իշխանության, որը հայրենիքի փրկության հետ առնչություն չունի:
Իսկ թե ով է Կրեմլի գործակալ ընդդիմության կամ իշխանության մեջ (այս որակումը սովորաբար կպցնում են նրան, ով խմբային մտածողությունից տարբերվող տեսակետ է հայտնում)` դա բացահայտել կամ հերքել առայժմ չի լինի, քանի որ Ռուսական պետությունը Խորհրդային Միություն անվամբ իշխել է Հայաստանում յոթանասուն տարի, ինչո՞ւ պիտի Հայաստանի ԱԱԾ-ում եւ բոլոր մյուս կառույցներում, ընդդիմության մեջ եւ ամենուր դրածոներ չունենար, եւ հետո էլ վերահսկելի իշխանափոխություններին չմասնակցեր` իր շահը հետապնդելով: Հայաստանը լիներ այդպիսի մեծ պետություն, միթե նույնը չէր անի՞:
Քանի որ այսպես սկսեցինք մեր հրապարակումը` միանգամից Միքայել Սրբազանի մատնանշած հարցի էությունից խոսենք: Անընդհատ կարելի է լսել` պահանջում ենք Փաշինյանի հրաժարականը: Սա ասում են շարքային մարդիկ, բայց եւ` ողջ ընդդիմությունը, նրա «Սրբազան» թեւով հանդերձ: Հստակեցնենք. վարչապետին ո՞վ է նշանակել, կամ, ավելի ճշգրիտ լինելու համար իրավական առումով` ընտրել: Ազգային ժոովը, չէ՞: Ասենք` Փաշինյանը հրաժարական տվեց: Ազգային ժողովում ո՞վ է մեծամասնություն` նրա գլխավորած կուսակցության 71 հոգանոց խմբակցսւթյունը, չէ՞: Է` ջա՛ն: Այդ խմբակցությունը նորից կառաջադրի ու նորից կընտրի Փաշինյանին կամ Փաշինյան 2-ին: Ինչո՞ւ ցանկանալ մի բան, որի ելքն ի սկզբանե հայտնի է: Եթե իրոք ուզում եք վարչապետի հրաժարականը, այլ ժամավաճառությամբ չեք զբաղվում, սպասելով ինչ-որ ձեզ հայտնի ծրագրի իրականացմանը, ապա ճիշտ կլինի, որ պահանջեք այս կառավարությունը ձեւավորած Ազգային ժողովի լուծարումը, կարող եք դա պահանջել փողոցային հանրահավաքների ժամանակ, խորհրդարանական գործիքներով եւ այլն, դա՛ է ճիշտ ճանապարհը, քանի որ իսկի խորհրդարանում մեկ երրորդ պատգամավոր չունեք, կես պատգամավոր պակասում է , որ վարչապետի թեկնածու առաջադրեք:
Եթե ինչ-որ մեկին թվում է, որ հրաժարական եւ իշխանափոխություն պարտադրվելու է ժողովրդի ճնշմամբ, եւ ոչ ընտրություններվ, ապա արդեն վեց տարի տեսնում ենք, որ ընդդիմության կողմնակիցները չեն ավելանում ու չեն ավելանա, կուզեք «ստոյկա» տվեք, հրեշտակներ բերեք հրապարակ կամ շուրջօրյա լրատվություն ապահովեք: Ու ինչ էլ կատարվի (օրինակը` Արցախի հանձնումն ու հայաթափումը փաստորեն մարդկանց չբերեցին դեպի ընդդիմություն), մարդիկ ընդդիմության կողմը չեն թեքվելու` բոլորի համար շատ հանրահայտ պատճառներով, անգամ եթե ոչ ոք չմնա ներկա իշխանության կողմնակից: Անգամ բոլորին եւ ամեն ինչին ընդդիմադիր լինելով: Ավելի շուտ` կհեռանան երկրից: Որքան կուզեք էմոցիոնալ ելույթներ ունեցեք, դա ոչինչ չի փոխում, բայց եւ եթե դա իմանալով` շարունակում եք այսպես, ուրեմն` անհնար է չիմանաք, որ ձեր գործելակերպով նպաստում եք ներկա իշխանության դիրքերի պահպանմանը: Կամ էլ վայր դրեք մանդատները, քանի որ իշխանությունը հենց դրանից` առանց ընդդիմություն խորհրդարան ունենալուց եւ ժողովրդավարի կերպարից տիտղոսազուրկ լինելուց է վախենում, սա մեկ, երկրորդ, կողք քաշվելով` նպաստեք իրական, արտահամակարգային ընդդիմության առաջացմանը, քանի ուշ չէ, դա երկրին է պետք: Նորից ու նորից, ցավոտ ու շատերիդ համար անընդունելի այս տեսակետը` այս անգամ Աջապահյանը որպես առիթ: Կեղծ նոր ուժեր մի՛ ստեղծեք` իբր նոր ուժ է, հիմնադիր համագումար է անում, կենտրոնում նստած են հայտնի «զոն» նայողները:
Իսկ թե ինչ է տեղի ունեցել վարչապետ Փաշինյանի մոսկովյան այցի ժամանակ, երբ նա մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, ինչո՞ւ Հայաստանն իր ստորագրությունը չի դրել ԱՊՀ երկրների փոխարտգործնախարարների հանդիպման արդյունքում ընդունված երկու հայտարարությունների տակ` սա միայն հրապարակային տեղեկատվության վերլուծությամբ անել հնարավոր չէ, քանի որ կուլիսներում տեղի են ունենում բաներ, որոնցից մենք անտեղյակ ենք, մեզ լայն բացվածքով չեն ասում` ո՞ր կողմից ի՞նչ է պարտադրվում Հայաստանին, ի՞նչ է դեմ տրվում: Հայաստանի չստորագրած հայտարարություններից մեկը հատկապես վերաբերում էր Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքներին եւ միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիությանը (իմա` Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին):
Փաշինյանը հանդիպման ժամանակ հնչեցրած իր ելույթում հասկացնում էր, որ Սյունիքի միջանցքի վերահսկողությունը երրորդ երկրի հանձնվել չի կարող, եւ ընդհանրապես` ոչ մի փաստաթղթով նախատեսված չէ Նախիջեւանն Ադրբեջանին կապող ճանապարհ, այլ միայն տարածաշրջանի հաղորդուղիների ապաշրջափակման համատեքստ է առկա: Ըստ որոշ լուրերի` հավաքի շրջանակներում նախատեսված Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպումը հենց հայկական կողմի առարկությամբ տեղի չի ունեցել: Միանշանակ պնդելը դժվար է, թե չստորագրելը Ռուսաստանին դուրս մղելու արեւմտյան պարտադրանքի արդյունք է` դեմարշ Ռուսաստանի հանդեպ, ինչպես մեր ընդդիմադիրներց ոմանք են նշում, կամ երկրի ինքնուրույնությունը պնդելու քայլ` երրորդ կողմի հարկադրանքին չենթարկվելու առումով, ինչպես իշխանականներն են ոգեւորված` իրենց «բալանսավորված» քաղաքկանությունը վկայակոչելով:
Էլի ենք ասում, մենք շատ բան չգիտենք ներկուլիսային գործընթացներից, որի արտացոլում էր երեւի Սերգեյ Լավրովի անտակտ դիտարկումը կենդանու կերպարի մեջ մտած երեխաների մասին, չգիտենք` արդյոք կայացե՞լ է եռակողմ գաղտնի հանդիպում, ինչպես տելեգրամյան ալիքներից մեր մամուլում է արտահոսք եղել, եւ այդ բոլորով հանդերձ` Պուտինը Փաշինյանին հրավիրել է հոկտեմբերի երրորդ տասնօրյակում տեղի ունենալիք ԲՌԻԿՍ-ի կազանյան գագաթնաժողովին: Համենայնդեպս` ռուսական կողմը բազմիցս ապացուցել է, որ տնտեսական շահը քաղաքական շահին չի ստորադասում, իսկ Հայաստանն այս պահին նրա լավ տնտեսական գործընկերն է` առեւտրաշրջանառության շատ բարձր ցուցանիշներով: Իսկ թե Ադրբեջանն ու Հայաստանը որքանով են պատրաստ խաղաղության թուղթ կնքելու, ու հնարավո՞ր է դա, թե՞ ոչ (Փաշինյանը հավաստիացնում էր, որ հնարավոր է)` աշխարհաքաղաքական ծավալուն խաղերի մեջ մտած Պուտինի համար երկրորդական է, նա իր շահերն առանձին-առանձին հանդիպելով ու տարբեր ճնշման գործիքներով էլ կարող է առաջ տանել, ասա`մենք մե՛րը չզիջենք:
Իհարկե` Փաշինյանի այցը Մոսկվա պետք է տեղի ունենար, քանի որ Հայաստանն իրավունք չունի այս խառնակ ժամանակներում արտահայտվելու, գործելու ոչ մի հրապարակային հնարավորությունից հրաժարվել, լինի դա եվրասիական հարթակ, թե ՄԱԿ-ի ամբիոն, հարցն այն է, թե ինչպես են օգտագործվում այդ հնարավորությունները, եւ օգտագործողն ունա՞կ է դրանք լիարժեք օգտագործել: Անկախ նրանից` դա գնահատվում է որպես վերադարձ Ռուսաստանի գիրկը, թե՞ Արեւմուտքի հանձնարարությունների կատարում, թե՞ ԱՄՆ-ի դեմ արված քայլ, մենք մեր շահն ունենք: Եւ էլի մի պարտավորություն` վերադառնալուց հետո լիարժեք բացատրություններ տալ հայ հանրությանը, որը սնվում է ենթադրություններով:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի յութուբյան հրապարակումները դիտեք այս հասցեով. https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ