Սկիզբը` նախորդ համարում
Շվեյցարացի բողոքական քարոզիչների գործունեության արգելումից հետո տպարանը գնեց Բաղդասար Հասան-Ջալալյանը՝ այն դարձնելով Արցախի հոգեւոր թեմի սեփականությունը՝ Հայոց հոգեւոր տեսչության տպարան անունով: Տպագրել է կրոնագիտության, տրամաբանության, հայոց պատմության եւ գրաբարի քերականության ձեռնարկներ, այբբենարաններ, ինչպես նաեւ գեղարվեստական գործեր ու թարգմանություններ: Տպարանը, որոշ ընդհատումներով, գործել է մինչեւ 1900 թվականը՝ լույս ընծայելով ավելի քան 50 անուն գիրք:
Սահմանափակ քանակությամբ գրքեր են տպագրել Շուշիի «Սուրբ Էջմիածնի» (1853-1863) եւ Մինաս Տարղլիճյանցի (1854) տպարանները: Հայտնի են նաեւ Հ. Ս. Հովնանյանցի եւ Միքայել Հովսեփյանցի տպարաններում լույս տեսած գրքեր (1870, 1894):
Առավել արդյունավետ գործունեություն է ծավալել Միրզաջան Մահտեսի Հակոբյանցի տպարանը: 1879-1900 թվականների ընթացքում այն տպագրել է հինգ տասնյակից ավելի գրքեր: Դրանց մեջ են նաեւ Րաֆֆու «Խենթը» վեպի առաջին հրատարակությունը, Մ. Աբեղյանի գրի առած «Դավիթ եւ Մհեր» դյուցազնավեպը, բազում ու մեծարժեք թարգմանություններ… Մահտեսի Հակոբյանցի տպարանն այրվել է 1905 թվականին, հայ-թաթարական բախումների հետեւանքով Շուշիում բռնկված հրդեհի ժամանակ:
1901-1917 թվականներին գործել է Բագրատ Տեր-Սահակյանցի տպարանը՝ լույս ընծայելով 20 անուն գիրք: 1910-1919 թվականներին ավելի քան մեկ տասնյակ անուն գրքեր եւ բազմաթիվ պարբերականներ է տպագրել Մելքում Բաբաջանյանի տպարանը:
Այսպիսով, 1827-1919 թվականներին Շուշիում գործել են յոթ տպարաններ, որոնք հրատարակել են շուրջ 170 անուն գիրք: Այստեղ լույս են տեսել նաեւ 28 անուն թերթ եւ հանդես (3-ը՝ ռուսերեն):
19-րդ դարի երկրորդ կեսին Շուշիում ստեղծվել են մի շարք միություններ եւ
ընկերություններ, որոնք մեծապես նպաստել են կրթական եւ մշակութային կյանքի ծավալմանը: Այստեղ մասնաճյուղ է ունեցել Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը: Կանանց եւ աղջիկներին հասարակական, լուսավորական ու մշակութային կյանքի լիարժեք մասնակից դարձնելու համար հայոց առաջադեմ այս քաղաքում կազմակերպվել են նաեւ Դպրոցասեր հայուհյաց եւ Հայուհյաց բարեգործական ընկերությունները: Նշանակալից դեր են կատարել Շուշիի Մշակութային միությունը, Ընթերցասիրաց, Մարդասիրական, Թանգարանային եւ Հնագիտական ընկերությունները: Գործել է նաեւ Թատերական ընկերություն:
Թատերական կյանքն Արցախում սկսվել է 1865 թվականին, երբ թիֆլիսահայ անվանի դերասաններ Գեւորգ Չմշկյանը, Միհրդատ Ամրիկյանը, Սեդրակ Մանդինյանը Շուշիի լսարան-ակումբում, տեղական ինքնագործ ուժերի հետ միասին, իրագործեցին մի շարք բեմադրություններ: Դրանց օրինակով հետագայում, սկսած 1868 թվականից, Շուշիում որոշ խմբեր բեմադրեցին նաեւ Ղարաբաղի բարբառով պիեսներ:
1882 թվականի օգոստոսին Շուշիում հյուրախաղերով հանդես է եկել հայ բեմի մեծ վարպետ Պետրոս Ադամյանը (Համլետի դերում):
1891թվականից քաղաքում սկսել է գործել Խանդամիրյան թատրոնը: Հասարակական եւ թատերական գործիչ Մկրտիչ Խանդամիրյանի միջոցներով կառուցված շենքը, որ ունեցել է 350-տեղանոց դահլիճ, ժամանակի հայ քաղաքային ճարտարապետության նշանակալից նմուշներից էր: Այստեղ բեմադրվել են Մուրացանի, Գաբրիել Սունդուկյանի, Հակոբ Պարոնյանի, Շիրվանզադեի պիեսները, ինչպես նաեւ արեւմտաեվրոպական եւ ռուս թատերագիրների մի շարք գործեր: Տրվել են նաեւ կրկեսային ներկայացումներ:
Շուշիի թատրոնը մեծապես նպաստել է թատերական արվեստի զարգացմանն Արցախում: Գործել է մինչեւ 1905 թվականը, երբ թատրոնի շենքը հրդեհելով՝ կործանել են կովկասյան թաթարները (ադրբեջանցիներ)…
Խանդամիրյան թատրոնում եւ քաղաքի ակումբներում հյուրախաղերով հանդես են եկել հայ թատերարվեստի բազում երախտավորներ 1904 թվականին Հ. Աբելյանն այստեղ բեմադրել է «Օթելլո»: 1915-ին, Օթելլոյի դերով հանդես է եկել հայ բեմի մեկ այլ խոշորագույն վարպետ՝ Վահրամ Փափազյանը:
Շուշիում են ծնվել հայ բեմի ականավոր գործիչներ (Վաղարշ Վաղարշյան, Գուրգեն Գաբրիելյան):
Ծնունդով շուշեցի է հմուտ գեղագրուհի Մարգարիտ Ալեքսանյանը, որի գրչագրած գեղագիր Ավետարանը (1886 թ.) պահպանվում է Էջմիածնի Մայր Աթոռի գանձերի շարքում…
Շուշիում է ծնվել նաեւ նշանավոր գեղանկարիչ Ստեփան Աղաջանյանը: Կրթությունը ստանալով Թեմական հոգեւոր դպրոցում եւ ռեալական ուսումնարանում՝ նա մեկնել է Ֆրանսիա, որտեղ հմտանալով գեղանկարչության մեջ՝ վերադարձել է հայրենիք եւ գործել է նախ իր նվիրական ծննդավայրում:
Ծնունդով շուշեցի է նաեւ հայ կերպարվեստի նշանավոր դեմքերից մեկ ուրիշը՝ քանդակագործ Հակոբ Գյուրջյանը: Նա եւս նախնական կրթությունը ստացել է Շուշիի ռեալական ուսումնարանում: Համաշխարհային հռչակի հասած այս արվեստագետը վաղ մանկությունից հետաքրություն է ցուցաբերել կերպարվեստի հանդեպ եւ ուշադրություն գրավել դպրոցում, որը լավագույնս նպաստել է նրա տաղանդի ծաղկմանը….
Շուշին զգալի դեր է խաղացել նաեւ հայ ժողովրդական եւ պրոֆեսիոնալ երաժշտական արվեստի զարգացման գործում: Խոր արմատներ ունի քաղաքում եւ հարակից շրջաններում լայնորեն տարածված աշուղական արվեստը: Քաղաքի եւ նրա հարուստ ժողովրդական երաժշտական արվեստի մթնոլորտի ծնունդն են ժողովրդական նվագարանների (հատկապես թառի ու քամանչայի) մի շարք վարպետ կատարողներ, որոնց ավանդույթները շարունակվել են մինչեւ նորագույն ժամանակները:
Նշանավոր հայ կոմպոզիտոր, մանկավարժ Քրիստափոր Կարա-Մուրզան 1894 թվականին ուսուցչությամբ է զբաղվել Շուշիում եւ նույն թվականին ստեղծել 100-հոգիանոց քառաձայն երգչախումբ, որի կազմում է եղել պատանի Հակոբ Գյուրջյանը: Կարա-Մուրզայի աշակերտ, երաժշտագետ, ֆոլկլորագետ, կոմպոզիտոր եւ երգիչ Ստեփան Դեմուրյանը երգ-երաժշտություն է դասավանդել Շուշիի Թեմական եւ Մարիամյան դպրոցներում: Նա Թեմական հոգեւոր դպրոցում կազմել է երգչախումբ եւ համերգներ տվել: Բեմադրել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: Երկար տարիներ Դեմուրյանի ստեղծած երգչախումբը մասնակցել է Շուշիի եկեղեցիների պատարագներին:
Մանկությունը Շուշիում է անցկացրել կոմպոզիտոր, խմբավար Գրիգոր Սյունին (Միրզայան): Նա այստեղ 1895 թվականին կազմակերպել է երգչախումբ եւ իր բազմաձայնած ժողովրդական երգերով համերգներ տվել: Ստեփան Դեմուրյանը եւ Գրիգոր Սյունին համերգներով հանդես են եկել նաեւ Խանդամիրյան թատրոնում: Այստեղ ելույթներ են ունեցել նաեւ ճանաչված երգիչներ ու երգահաններ… Շուշի է այցելել նաեւ մեծն Կոմիտասը:
Նշանավոր երգիչ-նվագածուների, երգչախմբերի, նվագախմբերի եւ ստեղծագործող երաժիշտների առատության պատճառով Շուշին կոչել են նաեւ «Կովկասի երաժշտանոց»:
Ծնունդով շուշեցի է հայ գրականության խոշոր դասական Մուրացանը: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի մասնավոր, ապա Թեմական հոգեւոր դպրոցում, որտեղ եւ սկսել է առաջին գրական փորձերը: Դպրոցն ավարտելուց հետո հայոց լեզու եւ պատմություն է դասավանդել Խորեն Ստեփանեի մասնավոր դպրոցում: Հատկանշական է, որ Խանդամիրյան թատրոնը բացվել է Մուրացանի «Ռուզան կամ Հայրենասեր օրիորդ» պիեսի ներկայացումով:
Շուշիի Քարին տակ գյուղում է ծնվել նշանավոր գրող եւ պատմաբան Լեոն: Սովորել է Թեմական հոգեւոր դպրոցում: Հետագայում գրել է այդ դպրոցի պատմությունը: Նրա հեղինակած բազում գործեր լույս են տեսել Շուշիի պարբերական մամուլում:
Շուշիում ծնվել են նաեւ մի շարք այլ գրողներ: Նրանցից հիշատակելի է երգիծաբան Տմբլաչի Խաչանը (Կոստանդին Մելիք-Շահնազարյան), որը ստեղծագործել է Ղարաբաղի բարբառով: Ծնունդով շուշեցիներ են նաեւ անվանի գրականագետներ Արսեն Տերտերյանը, Հայկ Գյուլիքեւխյանը, Խորեն Սարգսյանը:
Շուշիում մանկավարժական գործունեություն ծավալած անվանի գրողներ Ղ. Աղայանը, Պ. Պռոշյանը, Վրթ. Փափազյանն այդտեղ ստեղծել կամ հրատարակել են իրենց որոշ գործեր: Ընդ որում, Վրթ. Փափազյանը 1911-1912 թվականներին նաեւ խմբագրել է Շուշիի «Ղարաբաղ» թերթը:
Մանկավարժությանը զուգահեռ, Հրաչյա Աճառյանը Շուշիում կազմել, խմբագրել եւ հրատարակել է Պետրոս Դուրյանի երկերի ժողովածուն: Զբաղվել է նաեւ Շուշիի բարբառի ուսումնասիրությամբ: Այդ կապակցությամբ նա ֆրանսիացի խոշոր հայագետ Անտուան Մեյեին հրավիրել է Շուշի: Վերջինս այստեղ երկու շաբաթ հյուրընկալվելով, ասել է. «Շուշին իսկապես Կովկասի մարգարիտն է»:
Հիմնականում Շուշիում է ապրել ու ստեղծագործել գրող, հնագետ, ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանը (1823-1906):
Շուշին հայ գիտական մտքի բազում երեւելի դեմքեր է տվել նաեւ մի շարք այլ բնագավառներում…
Շուշին իր փառավոր կրթական-մշակութային կյանքով ապրեց մինչեւ 1920 թվականի մարտի 23-26ը: Այդ օրերին Թուրքիան, շարունակելով Հայոց ցեղասպանությունը, մուսավաթական Ադրբեջանի զինակցությամբ, ավերեց ու ավարեց Արցախը՝ մայր քաղաքով հանդերձ: Ոչնչացվեցին շուշեցի հայերի ստեղծած ազգային ու համամարդկային արժեքները, տասնյակ պատմական-ճարտարապետական հուշարձաններ, շուրջ 7 000 տարաբնույթ շինություններ, այդ թվում՝ Ագուլեցեց Սուրբ Աստվածածին հոյաշեն եկեղեցին: Եղեռնագործ թուրք-թաթարները սրի քաշեցին քաղաքի եւ շրջակա բնակավայրերի շուրջ 20 000 հայերի… Ժամանակի վրացական մամուլը հայությանը պատուհասած այդ ողբերգության առթիվ գրել է. «Կովկասում մի ադամանդ կար. թուրքերը փշրեցին այդ ադամանդը»:
Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական սատարմամբ, ամեն կերպ ձգտում էր նվաճել Արցախը՝ թիրախավորելով հատկապես Շուշին: Թուրքերի ու ադրբեջանցիների կազմակերպած եղեռնից մեկ ամիս անց Արցախահայության 9-րդ համագումարը, նկատի ունենալով հատկապես Շուշիի եւ հարակից գյուղերի բնակչության կոտորածը, Ղարաբաղը հռչակեց Հայաստանի անքակտելի մաս: 1921 թվականի հունիսին, խորհրդային հանրապետություն դարձած Հայաստանը եւս Ղարաբաղն իր անբաժանելի մասը հայտարարեց: Այս իրողությունը հաստատեց 1921 թվականի հուլիսի 4-ին Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն: Սակայն վերջինս, Կրեմլի կարգադրությամբ, կոպտորեն խախտելով իր լիազորությունները, ընդամենը մեկ օր անց, որոշում կայացրեց Արցախը, որպես Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, բռնակցել խորհրդային Ադրբեջանին:
Ինչպես ռուս-թուրքական «բարեկամության» արդյունքում Արեւմտյան Հայաստանի բերդ Կարսը հանձնվեց թուրքին, նույն անբարո հիմքի վրա Արեւելյան Հայաստանի բերդ Շուշին տրվեց Արեւելյան Թուրքիա-Ադրբեջանին…
Արցախի համար Կովկասյան բյուրոյի կայացրած կործանարար որոշումից հետո բարգավաճ Շուշին զրկվեց մայր քաղաքի իր դերից, մնաց կիսավեր եւ չվերականգնվեց:
Ադրբեջանական զավթիչներն սկսեցին Շուշիի թուրքացման դաժան մի գործընթաց: 1925 թվականին հունիսի 12-ին Ադրբեջանի կառավարությունը կայացրեց հատուկ որոշում «Շուշիի շրջանի թուրքացումն արագացնելու մասին»: Այդ թվականին երբեմնի հայահոծ Շուշին ուներ ընդամենը 5000 բնակչություն: «Այդտեղ հայերը,- գրում է Լեոն,- քաղաքի մեծ մասն են գրավում, թուրքերը՝ փոքր մասը: Երկու ազգերը ապրում են զատ-զատ, բոլորովին առանձնացած միմյանցից»:
1920-ական թվականների վերջերին արդեն Բաքվում բացահայտորեն խոսում էին թուրքացված Շուշիի մասին: Ավելի ուշ (1960-ական թթ. կեսերին) Ադրբեջանի կառավարությունը որոշում ընդունեց՝ ադրբեջանցի վերաբնակիչների համար «անհրաժեշտ տարածք ապահովելու» համար քանդել Շուշիի հայոց թաղամասի ավերակները: Այդ ժամանակ, մի շարք հայկական ճարտարապետական կառույցների մնացորդների հետ միասին կործանվեցին քաղաքի Կուսանաց վանքի համալիրը, Մեղրեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին (պահպանվել էր ընդամենը մի խորանը)…
Միաժամանակ զավթիչներն սկսեցին Շուշիի պատմությունը միտումնավոր խեղաթյուրել եւ Հայոց քաղաքը ներկայացնել որպես «Ադրբեջանի մարգարիտ»: Բոլոր միջոցներով փորձեցին հայաթափել նաեւ Շուշիի գյուղերը…
1988 թվականի մայիս-սեպտեմբեր ամիսներին Շուշիից բռնի տեղահանվեց մնացյալ հայ բնակչությունը: Այդուհետեւ խորհրդային զորքերի օգնությամբ իրականացված «Կոլցո» տխրահռչակ ահաբեկչական գործողությամբ (1989-1990 թթ.) բռնի տեղահանվեցին նաեւ Շուշիի գյուղերի հայերը: Միակ գյուղը, որ մնաց անառիկ Քարին տակն էր: 1992-ի հունվարի 26-ին ադրբեջանական հատուկ նշանակության զորքերի իրականացրած ահաբեկչական ռազմական գործողությունն ավարտվեց խայտառակ պարտությամբ: Քարին տակի հերոսամարտը սկիզբ դրեց Լեռնային Ղարաբաղն ադրբեջանցիներից մաքրելու գործընթացին: Մայիսի 9-ին ազատագրվեց հայոց Շուշին:
Ազատագրված հայրենի քաղաքն աստիճանաբար սկսեց վերաբնակեցվել, վերակառուցվել ու բարեկարգվել: Վերակառուցվեցին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթը, Օրիորդաց դպրոցի եւ մի շարք այլ վնասված շինություններ, կառուցվեցին կրթական-մշակութային հաստատությունների նոր շենքեր, հյուրանոցներ: Իրար ետեւից բացվեցին երեք հանրակրթական դպրոցներ, մեկական երաժշտական եւ մարզական դպրոց, հումանիտար քոլեջ, Մշակույթի եւ երիտասարդության, Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնները, Արհեստագործական ուսումնարանը, Տեխնոլոգիական համալսարանը, Հակոբ Գյուրջյան գեղարվեստի ինստիտուտը, Հայաստանի ագրարային համալսարանի մասնաճյուղը, պետական եւ մասնավոր թանգարաններ (Շուշի քաղաքի պատմության, երկրաբանության, կերպարվեստի, գորգերի): Վերաբացվեց Խանդամիրյան թատրոնը, որ թատերական փայլուն անցյալ ունեցող քաղաքի հանդիսականին ներկայացրեց տասնյակ բեմադրություններ:
Շուշիի մշակութային կյանքի վերազարթոնքը, ցավոք, այս անգամ շատ ավելի քիչ տեւեց. ընդամենը 28 տարի: Այն վայրագորեն ընդհատվեց ռուս-թուրքական «վաղեմի եղբայրության» նոր զեղումների հենքի վրա, Թուրքիայի եւ Ադրբեջանի սանձազերծած նոր ռազմական գործողությամբ, ինչն, ըստ էության, Հայոց ցեղասպանության շարունակությունն էր՝ աշխարհի աչքի առաջ…
Ճակատագրի դառը հեգնանքով, 1920 թվականից հարյուր տարի անց, դարձյալ հատկապես թիրախավորվեց բազմաչարչար Արցախի սիրտ եւ Կովկասի մարգարիտ Շուշին եւ վերստին հանձնվեց թուրքին…
Հարկ է ամեն ինչ նորից սկսել եւ, նոր աշխարհակարգի սահմանած օրենքներով, վերստին ազատագրել կորսված հայրենի քաղաքը՝ վերջապես դաս քաղելով անցյալից եւ հիմնական աջակից ու ապավեն ունենալով քաղաքակիրթ Արեւմուտքը…
Սկիզբը նախորդ համարում եւ վերջ
ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆ
ԲԳԴ