Աշխատանքի բերումով հաճախ եմ անցնում Ռուսաստանի դեսպանատան մոտով: Նկատել եմ, որ վերջին տարիներին այնտեղ երկար ու ոլոր-մոլոր հերթեր են գոյանում: Դե, բազմամարդ համայնք ունենք, հազար ու մի հարցեր, արտագաղթ: Երբեմն էլ ցուցարարներ են լինում, իրենց ասելիքն ասում-գնում են: Բայց մարտի 19-ին ականատես եղա բավականին մարդաշատ ցույցի: Մարդիկ եկել էին եւ ձյունն ու ցուրտն արհամարհելով` իրենց զորակցությունն էին հայտնում մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին:
Պատերազմն, իհարկե, լավ բան չէ: Ոչ ոք չի սիրում այն: Ինքս էլ բնույթով խաղաղասեր եմ, արյուն ու պատերազմ մերժող: Նաեւ բավականին խորքային պատկերացում ունեմ մերօրյա ռուս-ուկրաինական պատերզամի մասին ու կարող եմ ասել, որ սխալվում են բոլոր նրանք, ովքեր դա համարում են լոկ ռուս-ուկրաինական: Ավելին, եթե բացառենք դրսի ուժերի փողերն ուտող ու ստիպված նրանց թելադ-րանքները կատարող արեւմտաուկրաինական հատվածի ծայրահեղականներին, ապա ո՛չ ռուս եւ ո՛չ էլ ուկրաինացի ժողովուրդներն իրականում իրար թշնամի չեն եղել երբեք եւ չեն նաեւ այսօր:
Այսօր Ուկրաինայում ուկրաինացիների արյան գնով ու նրանց իսկ ձեռքով Արեւմուտքը նենգաբար հերթական անգամ պայքարում է աշխարհում իր խաթարված մենատիրությունը վերականգնելու եւ դրան արդեն 300 տարի խանգարող Ռուսաստանը ոչնչացնելու համար: Նենգաբար, որովհետեւ մնացյալ բոլոր դեպքերի նման այս անգամ էլ է դա արվում ժողովրդավարության քողի ներքո: Ու որքան էլ Զելենսկին «քաջաբար» հոխորտա ու հայտարարի մոտալուտ հաղթանակների մասին, նրա արցունքակալած աչքերը մատնում են իր երկրի իրական ցավաշատ վիճակը: Հանճարեղ Ֆրիդրիխ Նիցշեն ասում էր, որ քրիստոնեությունը նույնիսկ արիական ցեղի կայուն եւ ուժեղ հետեւորդ հայերին վերածեց ենթակա, խղճուկ եւ թուլամորթ վիճակի, միանգամից կոտրելով, վերացնելով անսահման մշակութային փառքի եւ ազնվական փայլի հասած այդ ցեղը: Նույնը հանգիստ կարելի է տարածել արեւմուտքի թելադրած ժողովրդավարության եւ սեփական արմատներից հեռացած ու դրա հետեւորդ ուկրաինացիների վրա:
Ժամանակակից աշխարհաքաղաքական պայմաններում այսօր չգիտես, վաղն ինչ կլինի, կյանքիդ գնացքը որտեղ կանգ կառնի: Կարեւորն այն է, որ մարդ ուր էլ գնա, ուր էլ լինի, ինչ ճամփաներ էլ հաղթահարի, իջնի ու բարձրանա, հարկավոր է միշտ հիշել` անհրաժեշտ է նախ լավ մարդ լինել եւ երբեք հոգին չաղտոտել: Չգիտես, թե վաղն ինչ է լինելու: Իսկ բոլոր այն մարդիկ ու ժողովուրդները, որոնք կտրվում են իրենց արմատներից, բնականոն ու միայն իրենց հատուկ զարգացման ուղուց եւ դավանում են օտար ու խորթ արժեքներ, հազիվ թե հաջողություններ արձանագրեն: Միանգամայն ճիշտ է ասված եւ ուկրաինացիների ներկա վիճակը բնութագրող է` դժբախտությունը նրանում չէ, որ չհանդիպեցիր երջանկության, այլ նրանում, որ բաց թողեցիր այն:
Այս օրերին ամբողջ Եվրոպան, որ սնվում ու տաքանում է Ռուսաստանի էներգակիրներով, նրա դեմ է: Կռվելուց բացի ամենատարբեր ձեւերով աջակցում են, զենքեր մատակարարում, լիուլի խոստումներ շռայլում: Զելենսկին էլ ոգեւորված մինչեւ վերջ հանուն ազատության կռվի կոչ է անում: Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն օր օրի խստանում են: Դժվար է միանշանակ ասել, թե այս ամենը երբ կվերջանա: Արեւմուտքի ոչ մի երկիր Զելենսկուն չի հորդորում համաձայնել Ռուսաստանի պահանջներին եւ դադարացնել պատերազմը, իսկ վերջինս էլ դրանից ոգեւորված, չգիտես ի՞նչ հույս փայփայելով, չի ընդունում ռուսական վերջնագրերը: Ոչ մեկին չի հետաքրքրում, թե ի՞նչ սարսափներ է կրում քաղաքացիական հասարակությունը: Արեւմուտքը խոստումներով ու զենքեր մատակարարելով՝ ցանկանում է երկարացնել Ուկրաինայի անկման գործընթացը: Նրանց կարծիքով Ռուսաստանն էլ երկար չի կարողանա դիմակայել պատժամիջոցներին, եւ պատերազմի երկարացնելու դեպքում նրա տնտեսությունը եւս լուրջ խնդիրներ կունենա:
Արդեն այն հայեցակարգը, թե ժողովրդավարական Ուկրաինան դառնում է ռուսական ագրեսիայի զոհը, իրեն չի արդարացնում, քանի որ այսօր շատ հաճախ «ժողովրդավարություն եզրույթի» շահարկմամբ փլուզվում են համակարգեր եւ ստեղծվում ազդեցության նոր գոտիներ: Հետխորհրդային տեղատվության շրջանում ժողովրդավարության կարգախոսների ներմուծումը Ռուսաստան՝ հանգեցրեց այդ ուժեղ, զարգանալու համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսներով հարուստ պետության մասնատմանը, ինչ-որ պահի նաեւ` փլուզմանն ու քաոսին: Չդրվատելով Պուտինի պատերազմ սկսելու քայլը, կարծում ենք նաեւ, որ հայտնի ճանաչումներից հետո Ռուսաստանն այդ երկրամասերի անվտանգությունն Ուկրաինայից ապահովելով չէր կարող հասնել լիարժեք խաղաղության: Քանի որ վերջինս դարձյալ կշարունակեր ընդդեմ Ռուսաստանի զինվել: Այդ մասին է վկայում նաեւ այն, որ երբ Ուկրաինայի նախագահը շարունակաբար հայտարարում էր, որ չի գնալու պատերազմի, Արեւմուտքն ու ԱՄՆ-ը նույնիսկ պատերազմի սկբնավորման օրեր էին մատնանշում: Հայտնի է նաեւ, որ Ռուսաստանը Ուկրաինայի անձնատվության ու դրանով պատերազմի ավարտի համար նույնիսկ 96 ժամ ժամանակ տվեց: Այնպիսի տպավորություն է, որ վերջիններս շահագրգռված էին այս պատերազմով:
Պատերազմի ավարտի եւ ժամկետների հետ կապված անհիմն եզրակացու-թյուններից խուսափելով նշենք միայն, որ հստակ է, որ`
1. Այլեւս նախկին տեսքով Ուկրաինա որեւէ պարագայում չի լինելու:
2. Մեծ տերությունների առաջնորդներն այս պահին նրա քաղաքական ապագայի վերաբերյալ միայն տեսություններ են մտմտում:
3. Ռուսատանին պատժելուց բացի նրանց ոչինչ չի հետաքրքում: Հակառակ դեպքում մի փոքր կոչ-հորդոր նրանց կողմից եւ Ուկրաինան կործանման տանող հրեա Զելենսկին անմիջապես կհամաձայնվի զինադադարի:
4. Հերթական անգամ համոզվում ես, որ «ժողովրդավարական արժեքների» պահպանումը ժողովուրդների կյանք է արժենում:
5. Համոզվում ես, որ քիչ չեն նաեւ այնպիսի երկրները, որտեղ համակարգերը ժողովրդավարական չեն, բայց տնտեսապես ձեռնտու են ԱՄՆ-ին ու Արեւմուտքին:
6. «Ժողովրդավարական արժեքների» պահապանները թքած ունեն, թե որքան անմեղ մարդիկ, կանայք ու երեխաներ կզոհվեն կամ կխեղվեն, քանի միլիոն անտուն ու թափառական կդառնան, որքան ճակատագրեր, կառույցներ, արվեստի, կրոնական ու կրթամշակութային օջախներ կփոշիանան:
7. Հանուն միաբեւեռ աշխարհի պահպանման թող վերջնականպես կործանվի անխելք ու անհեռատես Ուկրաինան:
8. Դժվար է հստակ գտնել ժողովրդավարության օգուտների եւ վնասների սահմանները: Սա հեղափոխություններ անելու իրական շարժառիթն է:
9. Ուկրաինայի բախտին կարժանան նաեւ բոլոր նրանք, ովքեր առանց հզորների համապատասխան «դաբրոյի» կփորձեն խաղեր տալ ու սեփական խաղը խաղալ, որպիսիք վերջերս հաճախ անում է օրինակ Թուրքիան:
Այս ամենի հետնախորքում հետաքրքրական գործընթացներ են նկատվում նաեւ մեզանում: Մեզանում մարդիկ հաճախ կուրորեն հետեւում են մի բանի, որի միայն արտաքին փայլն են տեսնում: Օրինակ` հետաքրքրական են Ռուսաստանի կործանման համար աղոթք բարձրացնող հայ արեւմտամետները, որոնք վերջին շրջանում շահարկելով ՌԴ-Ադրբեջան դաշնակցային պայմանագիրը` ՌԴ-ին ներկայացնում դավաճան, իսկ Արեւմուտքին՝ մի փրկիչ, որն, առայժմ չի փրկում Հայաստանն ու հայ ժողովրդին, քանի դեռ կա Ռուսաստանը: Հետաքրքրական է, այդ մարդիկ կարդացե՞լ են ՆԱՏՕ-ի կանոնադրությունը: Եթե այո, ապա ինչո՞ւ են թաքցնում վերջինիս դրույթները: Ինչո՞ւ չեն հայտարարում, որ ՆԱՏՕ-ն ունի միասնական պաշտպանական եւ այլ հզոր համակարգեր: Իսկ եթե խոսենք ռազմական եւ այլ փոխօգնության այնպիսի պարտավորությունների մասին, որոնք ունեն Հայաստանի թշնամի Թուրքիան ու, օրինակ, ԱՄՆ-ն կամ եվրոպական բազմաթիվ երկրներ, ապա դրանց դիմաց ՌԴ – Ադրբեջան դաշնակցային պայմանագիրն ուղղակի անուշածոր մեղր կարող է թվալ: Չնայած նեղվածությանս, իրականում՝ ես երբեք ինձ թույլ չեմ տա հայհոյել, օրինակ, Գերմանիային, Ֆրանսիային, կամ նույն ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրների` այն բանի համար, որ վերջիններս այդքան խորը ռազմական եւ այլ կարգի համագործակցության մեջ են մեր դարավոր թշնամու հետ: Նույնկերպ որպես թշնամի պետություն չեմ ներկայացնում նույն Ֆրանսիային այն բանի համար, որ 1921 թ. դավաճանաբար ծախեց Կիլիկիան Թուրքիային, այժմ էլ նրա հետ նույն ռազմական ճամբարում է:
Այսինքն, կարծում եմ, որ ամեն ինչ չէ, որ պայմանավորված է ՆԱՏՕ-ով: Նույն Ֆրանսիան մի կողմից Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ի շրջանակներում խորը ռազմական համագործակցության մեջ է, մյուս կողմից՝ Հայաստանի բարեկամ երկիր, որտեղ պաշտոնապես ճանաչված է Հայոց ցեղասպանությունը: Նույն ՌԴ-ն կարող է համագործակցություն ունենալ Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, բայց նաեւ ռուսական զորքերն ԱՅՍ ՊԱՀԻՆ ՄԻԱԿՆ ԵՆ, որոնք հանդիսանում են Հայաստանի իսպառ բնաջնջման թուրանական ծրագրերի իրագործման հիմնական արգելքը: Որպես կանոն այս դեպքերում արեւմտամետները կհակադարձեն, թե Արեւմուտքը կզսպի Թուրքիային: Այնինչ 1974 թ. ամռանը Եվրոպայի քթի տակ մեկ ամիս էլ չտեւեց Կիպրոսի 40%-ի օկուպացիան այդ նույն Թուրքիայի կողմից: Նույնկերպ՝ Վրաստանի (այն այսօր տարածաշրջանի ամենաթույլ պետություններից է եւ, հասկանալով իր տնտեսական եւ ռազմավարական շահերը, չմիացավ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին), Ուկրաինայի եւ այլնի օրինակները ճիշտ հակառակի մասին են խոսում: Միանգամայն տեղին կլինի, որ բոլոր լրջախոհ ուժերը, որոնք գիտակցում են Հայաստանի եւ հայ ժողովրդի կենսական շահերը, երբեք միակողմանի չծայրահեղացնեն իրերը, այլ աշխատեն եւ՛ Արեւմուտքի, եւ՛ ՌԴ-ի հետ: Սակայն ցավոք, մի խումբ արեւմտամետ խաղացող խոպանչիներ, որոնք վայելում են իշխանության ուղղակի եւ անուղղակի աջակցությունը, իրենց «գաղափարական» ցանցը գցելով պարզունակ մտածողների եւ ստորաբար շահարկելով այդ մարդկանց հայրենասիրական զգացումները, վերջիններիս հանել են ՌԴ-ի դեմ: Հասել ենք այն մակարդակի, որ մարդիկ արդեն կուրորեն հավասարության նշան են դնում ՌԴ-ի ու… ցեղասպան Թուրքիայի միջեւ…
Այսօր հստակ է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունն այդպես էլ չի դառնում հստակ: Մի կողմից Ադրբեջանի հետ սահմանազատման եւ սահմանագծման պայմանագիր կնքելու վերաբերյալ բանակցություններ ենք վարում, մյուս կողմից` արտգործնախարարը ՄԱԿ-ին է դիմում է եւ բողոքում օկուպացված Շուշիում նրա ներկայացուցիչների հետ կազմակերպված միջոցառման դեմ: Կարծես թե մոռանում ենք եւ ժխտում, որ դա հիմա նրանց ձեռքին է, իսկ մեր իշխանությունները հայտարարել են, որ տարածքների հարց չի դնում եւ հինգ կետերով պահանջների վերաբերյալ իր պատասխանում շեշտել է, որ Արցախի խնդրի հիմքը պետք է լինի ինքնորոշման իրավունքը եւ այն պետք է կարգավորվի Մինսկի խմբի շրջանակներում: Արդյո՞ք սա աբսուրդի տիրույթում չի: Հետաքրքրական է, ինչո՞ւ ենք ինքներս մեզ համար հակասական վիճակ ստեղծում, մի կողմից ջանքեր ենք գործադրում խաղաղության հասնելու համար` առանց տարածքային պահանջների, մյուս կողմից ցույց ենք տալիս, որ ունենք նման պահանջներ: Կարո՞ղ ենք գոնե մեկ անգամ խելացի լինել եւ ձգտել խնդիրը լուծել լուռ՝ պատրաստվելով եւ հարմար պահի սպասելով: Պետք է հասկանանք վերջապես, որ ՄԱԿ-ին դիմելով ոչինչ չենք շահի, քանի որ այն Արցախն համարում է Ադրբեջանի տարածքի անբաժան մաս: Հետո էլ այդ դեպքում Ադրբեջանը դա կդիտարկի միջամտություն իր ներքին գործերին: Իսկ դա արդեն դիվանագիտություն չէ: Հասկանանք վերջապես, որ երբ մեկ ձին է մեր տակից փախչում, հնարավորություն չունենք երկու ձիու վրա խաղալու:
Հարկավոր է վերջապես ըմբռնենք, որ կեղծ է այն հայրենասիրությունը, որը թելադրվում եւ ներկայացվում է օտարի կողմից, օտարի լեզվով: Քանի որ այդպիսի դեպքերում մենք մեր զավակներին կօտարացնենք մեզանից: Սերնդափոխության ընթացքում էլ արդեն նրանց զավակները անունով միայն կլինեն հայեր, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն նույնիսկ այդ անունները կրել: Ուրեմն խելամիտ լինենք, հիշենք այսօրյա Ուկրաինան, դասեր քաղենք ու հետեւություններ անենք, մեր դպրոցներում մայրենին հնչեցնենք, մեր ուղեղով մտածենք ու համազգային շահերով առաջնորդվենք: Ուշադիր լսենք խելացի մարդկանց եւ, ինչպես ռուս քաղաքական գործիչ Ալեքսանդր Շերինը վերջերս բազմախորհուրդ ձեւակերպեց, «Թուրքերը միշտ են եղել Ռուսների եւ Հայերի թշնմին, ժամնակն է հիշեցնել թուրքերին, որ Սուրբ Արրատ լեռը դեռ Թուրքիայում է»…
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պգդ, պրոֆեսոր
22.03.2022