Մերօրյա հայաստանաբնակը, համենայն դեպս նրա որոշ թե որոշակի հատվածը, Աստծո յուրաքանչյուր օրը երկակի տրամադրությամբ է սկսում: Հանկարծ ու աշխատավայրում խնդիրներ չառաջանան, գները հերթական թռիչքը չցուցադրեն, վարձավճարների հարցում նոր անհեթեթություններ չարձանագրվեն, բարեփոխման հայտարարությունների անվան տակ հերթական սակագները չհաստատեն եւ այսպես շարունակ: Ո՞ւմ մտքով անցավ, ասենք, աղբավճարը սահմանել ոչ թե այն ստեղծողի, այլ բնակտարածության արդյունքում: Ասենք, մարդն ընտանյոք, ինքը կնոջ, ծնողների ու երեք փոքրիկների հետ բնակվում է փոքր բիզնեսի շնորհիվ կառուցած մոտ 200 քմ առանձնատանը: Այս պարագայում ամսվա աղբավճարը կազմում է 2600 դրամ, նախորդի դեպքում՝ 9 անձ անգամ 300 դրամ, 2700 դրամի դիմաց: Իսկ ահա հարազատներից մեկը, որն բնակվում է մոտակա 5 հարկանի շենքի 3 սենյականոց 80 քմ բնակարանում, վճարում է 1000 դրամ, նախորդ վճարահաշվարկի 2400 դրամի դիմաց: Թե որտեղ է նորարարություն հռչակվածի տրամաբանությունը, որեւէ մեկը տրամաբանված բացատրություն չունի: Այսպես էլ ապրում ենք:
Միայն ոչ՝ ՀՀ բարձրագույն իշխանական կառույցներում, առաջնահերթը՝ գործադիր մարմնում, որն է՝ ՀՀ կառավարությունում, որի ղեկավարը գրեթե յուրաքանչյուր առավոտ թվերի ու տոկոսների մի իսկական հեղեղ է հռչակում էլ բնակչության դրական հաշվեկշիռ ու ներդրումային հետաքրքրություն, էլ՝ ՀՀ կենտրոնական վիճակագրական ծառայության համաձայն գնաճի կանխում, էլ՝ արտահանման նոր հնարավորությունների բացահայտում ու ստեղծում, մի խոսքով՝ երկիր չենք… այլ դրախտավայր: Միայն չգիտես ինչու մեր մարդիկ չեն ոգեւորվում կիլոգրամի դիմաց մինչեւ 1000 դրամ կազմող երշիկեղենից, քանզի հարեւանությամբ ցուցադրվող հատվածում փափուկ մսի կգ-ի գինը մինչեւ 6000 դրամի է հասնում: Կաթ պարունակող մթերք պիտակով է առաջարկվում հիմնական կաթնամթերը, անգամ ակցիաներ է հայտարարվում, որոնք վերջնական արդյունքում յուրօրինակ աճպարարություններ են:
Գործադիրի ղեկավարը գրեթե չի անդրադառնում այնպիսի խնդիրների, ինչպիսիք են ՀՀ-ում ամուսնությունների ու ծնունդների նվազումը, երբ վերջիններս երբեմնի 70-80-հազարականների դիմաց հիմա հազիվ 30-հազարական է կազմում: Կան չէ՞ պետության կայացման ու զարգացման հանրահայտ ուղղություններ, որոնցից մեկը գյուղական բնակչության հնարավորինս նվազագույն թվի պահպանումն է: Մի պահ չխոսելով գերզարգացած երկրներից, բերենք մեր երբեմնի բախտակից մերձբալթյան երկրների օրինակը: Լատվիայի գյուղոլորտում ընդգրկված է աշխատունակ բնակչության 6 տոկոսը, Լիտվայում՝ 5 տոկոսը, իսկ Էստոնիայում՝ 2,5 տոկոսը, համախառն ներքին արդյունքի համապատասխանաբար 26,000, 33000 եւ 35000 դոլար ցուցանիշով: ՀՀ-ում գյուղական բնակչությունը 30 տոկոսից ավելին է, այն ավելացնելու քաղաքականություն է տարվում, երբ տասնյակ հազարավոր այսպես կոչված աշխատողների արածն ընդամենը ծառերից ու թփերից միրգ-հատապտուղներ հավաքելն է, մոռացության տալով աշխատատեղի հավելյալ արժեքի ստեղծման պահանջը: Արդյունքում ունենք մեկ բնակչի համեմատ 8-9 հազար դոլար, չերազելով անգամ մերձբալթյան երկրներին հասնելու մասին: Մեր համերկրացիների հիմնական մասը թերեւս տեղյակ էլ չէ այս թվերից ու տոկոսներից, այսուհանդերձ ինչ-ինչ միջոցներով ստացված տեղեկատվությունից զգում է, որ ՀՀ տնտեսությունում ինչ-որ բան իրոք այն չէ, որում մեզ փորձում են համոզել օրվա իշխանությունները:
Հենց այս օրերին հետաքրքրական զարգացումներ են ընթանում մեր հարեւան Թուրքիայում, հայ հանրությանը նույնպես մտահոգող կենսաթոշակային խնդրի հետ: Հարցն այն է, որ Թուրքիայի կառավարությունը ցանկանում է կենսաթոշակառուների ներկայիս 16 հազար լիրա կենսաթոշակը բարձրացնել 20 հազար լիրայի, դոլարի կուրսով ներկայիս մոտ 400 դոլարը հասցնել 475 դոլարի, ՀՀ դրամով 150000-ը դարձնել 180000: Առայժմ հեռու մնանք ինչ-ինչ գնահատականներ հնչեցնելուց, որոնք մեզ այլ տեղ կտանեն:
Այսօրինակ տրամադրությունների ազդեցության ներքո օրեր առաջ մի գրություն էի ուղղել ՀՀ վարչապետին, ընդգծելով, որ ներքոհիշյալն ընդամենը ի գիտություն եմ հայտնում, առանց որեւէ հետադարձ պատասխանի ակնկալիքի, քանզի ՀՀ տնտեսության լիարժեք կայացման համաշխարհային զարգացումները մեզանում ընդունված չեն անգամ մասամբ ընդունելի համարել: Ինչքան էլ ՀՀ տնտեսության թիվ 1 պատասխանատու գործադիրի ղեկավարը փորձի համոզել, որ յուրաքանչյուր օր քաղաքացիներից նամակներ է ստանում, դրանք ընթերցում է, համապատասխան ընթացք տալիս, տնտեսագիտական մտքի տասնյակ ու հարյուրավոր ներկայացուցիչներ այլ գնահատականներ են հնչեցնում: Ապացո՞ւյց եք ուզում, նայեք ու հետեւեք այն զարգացումներին ու գործընթացներին, որոնք ծավալվում են միլիոնավոր հայերի թող որ ժամանակավոր հանգրվան հռչակվող երկրներում: Հայաստանցիների որոշակի հատվածը գերադասում է իր ֆինանսական միջոցները ավանդի տեսքով ի պահ տալ մերձակա բանկերում կատակ բան չէ, բանկերի հաշիվներում 20 մլրդ դոլարը, որի 4 մլրդ դոլարն աճել է վերջին երեք տարիներին: Ինչո՞ւ… Այս մասին՝ առաջիկայում, եթե աշխատելու ցանկություն նշմարվի:
Ասենք՝ Ամեն:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ





