Ռուսական « Фонд стратегической культуры » («Ռազմավարական մշակույթի հիմնադրամ») վերլուծական հանգույցի կայքում մեկ ամիս առաջ տպագրված այս հոդվածի հեղինակը հայաստանյան «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ Արման Ղուկասյանն է: Թարգմանաբար ընթերցողին ներկայացվող սույն հրապարակումը, կարծում ենք, պարունակած տեղեկություններով նաեւ լուրջ մտածելու ու հետեւությունների տեղիք է տալիս:
Գ. Մ.
2025 թվականի սկզբին Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մասշտաբային վերանայում է սկսվել: Առաջին եւ ամենանշանակալի քայլերից մեկը արտաքին օգնության ծրագրերի, ամենից առաջ՝ Պետդեպարտամենտի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID- ՄԶԳ) միջոցով իրականացվողների կտրուկ կրճատումը կամ լիակատար դադարեցումն էր: Վերջերս ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE) պաշտոնապես հայտարարել է 215 միլիոն դոլարի ընդհանուր արժողությամբ 139 դրամաշնորհների, այդ թվում՝ Հայաստանին տրամադրվողների չեղարկման մասին: 1991 թվականին անկախություն ձեռք բերելուց ի վեր Հայաստանը Միացյալ Նահանգներից ստացել է ավելի քան 3.3 միլիարդ դոլարի օգնություն, որը ներառում է մարդասիրական, տնտեսական, կրթական եւ ռազմական ոլորտները: Այս գումարից ԱՄՆ ՄԶԳ-ն ներդրել է մոտ 1.3 մլրդ դոլարը:
Ամերիկյան օգնության հիմնական ուղղությունները
Կառավարում եւ ժողովրդավարական բարեփոխումներ. ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրել է ավելի քան 51.4 մլն դոլարի ծրագրեր՝ կառավարության թափանցիկությունը, հաշվետվողականությունը եւ արդյունավետությունը բարելավելու համար, ներառյալ օրենքի գերակայությունը եւ ընտրական բարեփոխումները:
Տնտեսական զարգացում. 2010 թվականից ի վեր գյուղատնտեսության, զբոսաշրջության, էներգետիկայի եւ ջրային ռեսուրսների զարգացման, ինչպես նաեւ նորարարության աջակցության ու բիզնես միջավայրի բարելավման ոլորտներում ներդրվել է 91.8 մլն դոլար
Կրթություն եւ գիտություն. Հայաստանի Ամերիկյան համալսարանը 1.8 մլն դոլար է ստացել կենսաբանության եւ շրջակա միջավայրի գիտությունների առաջադեմ հետազոտական լաբորատորիա հիմնելու համար:
Քաղաքացիական հասարակություն եւ լրատվամիջոցներ. Ֆինանսավորում է տրամադրվել այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են «Հետքը» եւ «ՍիվիլՆեթը»,՝ անկախ լրագրությանն ու քաղաքացիական հասարակության զարգացմանն աջակցելու համար:
Ռազմական համագործակցություն. Կանզասի Ազգային գվարդիայի գործընկերության ծրագրի շրջանակներում միջոցներ են տրամադրվել հայ զինծառայողների վերապատրաստման, բժշկական կարողությունների բարելավման եւ մարդասիրական օգնության համար:
2024 թվականին ստորագրվել է համաձայնագիր՝ հինգ տարվա ընթացքում Հայաստանին 250 մլն դոլար տրամադրելու վերաբերյալ, որից 110 մլն դոլարն արդեն փոխանցվել է: Սակայն, 2025 թվականին Թրամփի վարչակազմը սառեցրել է մնացած միջոցները, այդ թվում՝ ժողովրդավարական անցմանն աջակցելու համար նախատեսված 49 մլն դոլարը:
Այդ որոշումը վտանգ է ստեղծել բազմաթիվ նախագծերի ու կազմակերպությունների համար, որոնք նախկինում հույսը դրել էին ամերիկյան օգնության վրա: ՀԿ-ները, կրթական հաստատությունները եւ պետական ծրագրերը բախվում են ֆինանսավորման պակասի, ինչը կարող է հանգեցնել գործունեության կրճատման եւ որոշ նախաձեռնությունների ընդհատման:
Չոր թվերի ետեւում կան կոնկրետ հետեւանքներ: Տարիներ շարունակ Հայաստանում տասնյակ ծրագրեր են գործել ԱՄՆ ՄԶԳ-ի, ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի, Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI), Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI), Կարնեգի հիմնադրամի, Սորոսի հիմնադրամի (Բաց հասարակության հիմնադրամներ) հովանու ներքո, իսկ դիվանագիտական ուղիներով աջակցություն է ստացվել նաև Պետդեպարտամենտի, ԱՄՆ Կոնգրեսի եւ Երեւանում գտնվող դեսպանատան կողմից:
Այս կառույցներն ակտիվորեն ազդել են երկրի ներսում տեղի ունեցող գործընթացների վրա՝ ձեւավորելով ամերիկամետ մտավոր եւ քաղաքական միջավայր, աջակցելով լրատվամիջոցներին, ստեղծելով ուսումնական կենտրոններ, ներդնելով կրթական բարեփոխումներ եւ, ընդհանուր առմամբ, ձեւավորելով արեւմտյան կողմնորոշմամբ սոցիալական շերտ: Այժմ այս բոլոր նախագծերը սպառնալիքի տակ են կամ արդեն փակվել են: Օրինակ՝ ԱՄՆ ՄԶԳ-ն մինչեւ 2025 թվականը տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարներ է ներդրել Հայաստանում: Ֆինանսավորում է տրամադրվել դատական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, պետական ծառայողների վերապատրաստման, գյուղական զարգացման, կանանց ձեռներեցության, կրթության արդիականացման, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի եւ բնապահպանական նախաձեռնությունների ծրագրերի համար: Հայաստանի կառավարական հաստատությունները, այդ թվում՝ արդարադատության նախարարությունը, առողջապահության նախարարությունը, համայնքները եւ դպրոցները, ստացել են ուղղակի տեխնիկական եւ ֆինանսական օգնություն: Սակայն Թրամփի կողմից առաջնահերթությունների վերանայումից հետո այս ոլորտների ֆինանսավորումը կա՛մ մասամբ, կա՛մ ամբողջությամբ դադարեցվել է:
Ըստ էության, Հայաստանում շահագրգիռ ուժերը զրկվել են աջակցության մի ամբողջ «ստվերային բյուջեից»՝ արեւմտյան ազդեցության զուգահեռ ենթակառուցվածքից, որն օգնում էր ոչ միայն հասարակական կազմակերպություններին, այլ նաեւ իրական պետական ապարատին:
Այժմ տասնյակ ՀԿ-ներ մնացել են առանց աշխատավարձի, քաղաքացիական կրթության կենտրոնները փակվում են, տարածաշրջանային լրատվամիջոցները փող են փնտրում, իսկ կայուն արտասահմանյան դրամաշնորհներին սովոր ակտիվիստները փորձում են վերակողմնորոշվել՝ ոմանք դեպի ԵՄ, ոմանք՝ դեպի… դեպրեսիա:
Ո՞վ էր կանգնած արեւմտյան դրամաշնորհների ետեւում, եւ ո՞վ հիմա գոյատեւելու խնդիր ունի
Կարեւոր է հասկանալ, որ Հայաստանում արեւմտյան դրամաշնորհային համակարգը վերացական բան չէ: Դա կոնկրետ անուններ եւ կառույցներ են, որոնցից շատերն այսօր բախվում են գոյատեւման իրական խնդրի: Դրանց թվում են Իրավական զարգացման կենտրոնը, Թափանցիկության հիմնադրամը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ընկերակցությունը, Ռեսուրսների կենտրոնների կանանց ընկերակցությունը եւ տասնյակ լրատվամիջոցներ, որոնք ամեն տարի աջակցություն են ստացել մարդու իրավունքների խթանման, ընտրությունների դիտարկման, կոռուպցիայի հետաքննման եւ բնակչության կրթման համար: Նրանք կազմում էին այսպես կոչված «ակտիվ քաղաքացիական հասարակության» հիմքը, որը կողմնորոշված էր դեպի արեւմտյան արժեքները:
Այսպիսով, ամերիկյան օգնության դադարեցումը սառը ցնցուղ էր նրանց համար, ովքեր նախկինում անմիջականորեն համագործակցում էին այս կառույցների հետ: Ի դեպ, «Ազգային ժողովրդավարական ինստիտուտ» հիմնադրամը նույնպես վերջերս պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը Հայաստանում:
Հիմա, երբ ԱՄՆ-ն առաջնահերթությունները տեղափոխում է «ներքին օրակարգ» եւ խստացնում իր ֆինանսավորման քաղաքականությունը, Երեւանը հանկարծ սկսել է գիտակցել, որ արեւմտամետ խաղադրույքը ոչ միայն քաղաքականապես անհեռանկարային էր, այլ նաեւ՝ տնտեսապես կարճատեւ: Մեխանիզմը հանկարծակի խափանվել է, իսկ դրա ճարտարապետները՝ դիվանագետները, դրամաշնորհ ստացողները, քաղաքական գործիչներն ու լրագրողները, մնացել են առանց «թթվածնի»:
Այս խորապատկերում ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական թակարդում. իր խաղադրույքը կատարելով Արեւմուտքի վրա՝ այն կորցրել է նաեւ Արեւելքը, իսկ հիմա նաեւ զրկվում է հենց խաղադրույքից: ԵՄ-ն առաջարկում է «փափուկ դիվանագիտություն», սակայն գումարները գալիս են չնչին քանակությամբ եւ հիմնականում խորհրդատվությունների տեսքով: ԱՄՆ-ն լիովին դուրս է գալիս խաղից, իսկ ԵԱՏՄ-ն ու Ռուսաստանը, չնայած բոլոր քաղաքական դժվարություններին, շարունակում են մնալ միակ տնտեսական գործընկերը՝ իրական ֆինանսական ազդեցությամբ:
Ամերիկյան ծրագրերի փակումը Հայաստանում միայն բյուրոկրատական որոշում չէ Թրամփի վարչակազմի կողմից : Սա ազդանշան է: Ազդանշան, որ մեծ աշխարհաքաղաքականության մեջ թույլ դաշնակիցների համար տեղ չկա, եւ եթե դու անհրաժեշտ չես ռազմավարական դասավորության մեջ, ապա քեզ պարզապես դուրս են հանում սխեմայից:
Թարգմանությունը՝ ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻ