Երկու ստեղծագործ մարդկանց բեղուն համագործակցության օրինակ է դաշնակահար, երգահան, Երեւանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի եւ Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի մեներգչուհի Դիանա Հարությունյանի 25-ամյա միատեղ անցած ուղին՝ լի հիշատակելի պահերով, բեմելույթներով, համերգային շրջագայություններով, անվանի կոմպոզիտորներից առած դասերով…

Ահա այդ ուղու մասին համառոտ պատմություններով, հանդիսականների գնահատանքի խոսքերով, հարցուպատասխանով եւ, իհարկե, երգերի ու ռոմանսների կատարումներով անցավ Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում կազմակերպված համերգ-զրույցը: Այն վարեց տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը՝ ցերեկույթի բացման խոսքում ընդգծելով, որ պատահական չէ ընտրված Մարգարիտ Սարգսյանի եւ Դիանա Հարությունյանի հետ նման ձեւաչափով հանդիպման վայրը: Իրենք թանգարանի աշխատակազմի հետ քառորդ դար ձեռք-ձեռքի են քայլում, իրենք են ամենից հաճախ եւ մեծ սիրով ներկայացնում Ալ. Սպենդիարյանի ռոմանսները թանգարանի փոքրիկ համերգասրահում եւ թանգարանից դուրս` մեծ սրահներում, նաեւ համերգային շրջագայություններին. երկուսի անուղղակի մասնակցությունը թանգարանի ստեղծագործական կյանքին հետեւողական է եւ անընդմեջ:
Դիանան ասաց, որ Սպենդիարյանի ռոմանսները երկու տասնամյակ առաջ հենց այս վայրում է իր համար բացահայտել. մինչ այդ դրանցից մեկն էր երգում, եւ միայն այստեղ հիացմամբ տեղեկացավ մեծ կոմպոզիտորի թողած «ռոմանսների» ժառանգության մասին:
Մ. Օթարյանն այս ստեղծագործ երկյակին բնորոշեց՝ որպես Սպենդիարյանի ստեղծագործությունների լավագույն մեկնաբանողների, իրենց արածը՝ նվիրական աշխատանք: Մարգարիտն էր, որ թանգարան բերեց երգիչների մի ողջ «ծաղկաբույլ», հիմնականում՝ երիտասարդների, որոնցից շատերն ուսանել էին իրեն:

Մ. Սարգսյանն այս համերգ-հանդիպումը բնորոշեց՝ իբրեւ նախորդիվ արածի ամփոփում եւ հետագայի համար նախագծումների սկիզբ: Նա հիշեց իր առաջին մուտքը Սպենդիարյանի տուն-թանգարան, նրանում բացված իր գեղանկարչական առաջին ցուցահանդեսը (ինքը նաեւ նկարում է): Հատուկ խոսվեց կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մասին, որից, ինչպես Դիանան խոստովանեց, ինքը սովորել է բանաստեղծական խոսքը խորքայնորեն ընկալելու եւ ներկայացնելու արվեստը: Վլ.Բալյանը նաեւ առաջինն էր, որ ողջունեց, գնահատեց Մարգարիտ Սարգսյանի՝ սեփական երաժշտական փոքր ծավալի երկեր գրելու ձիրքը: Դրան Մարգարիտին մղեց Նիկոլ Գալանտերյանի ստեղծագործությանն իր հիմնավոր անդրադարձը: Ն. Գալանտերյանի երգերը, որքան էլ՝ ժողովրդի կողմից սիրված ու հայտնի, բեմական կատարման համար մշակված չէին, եղած դաշնամուրային նվագակցությունների որակը թույլ էր, եւ Մարգարիտն իր նոր դաշնակումներով թարմ շունչ հաղորդեց գալանտերյանական ռոմանսներին եւ իր շուրջ հավաքված երգիչների խմբի հետ համերգաշարով ներկայացրեց դրանք: Մինչ այդ արդեն քսանհինգ վոկալիզների հեղինակ էր, որոնք տպագրվել էին առանձին գրքերով, բայց Գալանտերյանով իր «այրվելն» այն հիմնական դրդիչն էր, որ մղեց իրեն տարբեր հեղինակների բանաստեղծական տողերի հիման վրա երգեր եւ ռոմանսներ գրելուն: Այդ հեղինակների թվում են Վահան Տերյանը, Ավետիք Իսահակյանը, Խաչիկ Մանուկյանը, Հասմիկ Սարգսյանը, Հակոբ Այնթապլեանը, Բաբկեն Սիմոնյանը, դաշնակահար եւ բանաստեղծուհի Արմինե Գրիգորյանը, այլք: Այդ երգերի եւ ռոմանսների թիվն արդեն համարյա երեսունի է հասնում, եւ գաղափար կա դրանք առանձին համերգով ներկայացնելու: Դրանցից մի քանիսը գրվել են հատուկ Դիանա Հարությունյանի ձայնի համար: Դիանայի հետ է Մարգարիտ Սարգսյանը հայ եւ համաշխարհային երգարվեստի գանձերը, նաեւ իր ստեղծագործությունները քանիցս ներկայացրել արտերկրում՝ Թբիլիսիում, Սանկտ-Պետերբուրգում, Կալինինգրադում, Պոլսում:

Մ. Սարգսյանը նկատեց, որ իրենց համերգներով, ասես, դեսպանորդներ են եղել թե՛ օտարազգիների մոտ եւ թե՛ հայազգի հանդիսականի առջեւ: Սփյուռքը լավ չի ճանաչում հայ արվեստը, հեռանում է իր արմատներից, երաժշտական ճաշակը գնալով աղճատվում է՝ ցավով արձանագրեց նա՝ հավելելով, որ անգամ մեկ-երկու համերգով կարողանում են որոշակի եղանակ փոխել, ճաշակ թելադրել, հիշեցնել մարդկանց իրենց արմատները, պատմությունը: Նման առաքելության զգացումն է ապրել հատկապես Պոլսում, որտեղ մշեցու թոռ Մարգարիտը ոտք է դրել՝ կորսված հայրենիք վերադառնալու զգացումով: Կոմիտասյան երգացանկից գանձերն են կատարել, հեղինակ, որի արվեստն ամենաբարձր նշաձողն է իր համար: Զուր չէ, որ Հայաստանի Հանրային ռադիոյի նախաձեռնությամբ կոմիտասյան երգերի կատարումներով խտասալիկը 2019-ին ձայնագրվել է Մ. Սարգսյանի եւ իր շուրջ համախմբված երգիչների մասնակցությամբ:
Այս խոսքուզրույցը քանիցս ընդմիջվեց Մ. Սարգսյանի դաշնամուրային նվագակցությամբ Դ. Հարությունյանի կատարումներով: Երգչուհու սոպրանոն տաք եւ անկեղծ էր, բանաստեղծական տողերի խորն ընթերցմամբ, հուզական լիցքով: Հնչեցին Կոմիտասի, Ալ. Սպենդիարյանի, Վլ. Բալյանի, Ն. Գալանտերյանի, Մ. Սարգսյանի ստեղծագործությունները: Հանդիպման ավարտին կատարվեց Բ. Սիմոնյանի խոսքով գրված «Աղոթքը»՝ հայրենանվիրության թեմայով. երգը 2023 թվականին Անգլիայում անցկացվող «Գոլդըն թայմ տալանտ» ամենամյա մրցույթին արժանացել է առաջին մրցանակի:
«Սովորական խոսքուզրույցի ժամանակ հաճախ մենք իրարու լավ չենք հասկանում, մեր ասածը սխալ մեկնաբանությունների տեղիք կարող է տալ,- ասում է Մարգարիտ Սարգսյանը,- իսկ երաժշտությունը նման տարընթերցումները բացառում է: Ահա թե ինչու երաժշտությունն այն ունիվերսալ, համապարփակ լեզուն է, որով մարդիկ ինձ ճիշտ են հասկանում»:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ