Պրահայի «Օրեր» ամսագրի հիմնադիր խմբագիր Հակոբ Ասատրյանի համար «Ազգ»ի խմբագրությունը հարազատ տուն է, որովհետեւ նա 1991 թվականից եղել է թերթի հիմնադիր կազմում: Այդ ժամանակներից իր հետաքրքրական, տարբեր իրողություններ բացահայտող, խնդիրներ բարձրաձայնող տարաբնույթ հոդվածներով հարստացրել է պարբերականի էջերը:
Եթե թերթելու լինեք «Ազգի» արխիվային համարները, ապա կհանդիպեք 1990-ականների քաղաքական կյանքի ամենաառանցքային ֆիգուրների հետ նրա հարցազրույցներին:
1997 թվականին Պրահա տեղափոխվելով՝ Հակոբ Ասատրյանը տիկնոջ՝ լրագրող Աննա Կարապետյանի հետ ձեռնամուխ է եղել «Օրեր» ամսագրի հրատարակմանը, որը մինչ օրս յուրօրինակ կամուրջ է ոչ միայն Հայաստանի ու Չեխիայի, այլեւ Սփյուռքի տարբեր գաղթօջախները միմյանց ու Հայրենիքին կապելու առումով:
«Ազգի» հետ հենց խմբագրությունում կայացած հարցազրույցում Հակոբ Ասատրյանն անդրադարձավ «Օրերի» գործունեությանը, հայկական տարբեր գաղթօջախների կյանքին, սփյուռքահայության մտահոգություններին, խնդիրներին եւ ոչ միայն… Զրույցի առաջին հանգրվանն, իհարկե, Չեխիան է, որտեղ ապրում է Հակոբ Ասատրյանը:
Չեխիան, հայ համայնքն ու «Օրերը»
Չեխիայի հայ համայնքը ձեւավորվել է անկախության շրջանում, այսինքն՝ այն դասական համայնք չէ: Համայնքային մեծ կազմակերպություններ չունի, միավորողը Հայ առաքելական եկեղեցին է: Վերջին շրջանում ձեւավորվել է Հայ երիտասարդաց միությունը, որը բավականին ակտիվ գործունեություն ունի: Ունենք շաբաթօրյա հայկական դպրոց:
Կնոջս հետ հիմնեցինք «Կովկաս-Արեւելյան Եվրոպա» լրատվական կենտրոնը, որն էլ 1999 թվականին դարձավ «Օրեր» ամսագրի հրատարակիչը:
Համայնքային հիմնական գործիքներից մեկն էլ «Օրերն» է, որի բազմաթիվ պարգեւներից մեկն էլ Թեքեյան մշակութային միության մրցանակն է:
«Մեր տեսլականն այն էր, որ ամսագիրը ծառայի ոչ միայն չեխահայ համայնքին, այլեւ դառնա Եվրոպայի հայերի լրատվամիջոցը: Եվրոպական բոլոր համայնքների մասին տեղեկատվություն ընդգրկելու համար կապեր հաստատեցինք Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի ու եվրոպական այլ երկրների գաղթօջախների հետ:
1000 օրինակով էր հրատարակվում «Օրերը», մենք ոչ մի կուսակցության կամ քաղաքական ուժի չէինք հարում, հետեւ աբար, ինքներս պետք է հայթայթեինք ամսագիրը տպագրելու միջոցները: Բայց «Օրերը» մեծ տարածում գտավ. այն ձեռքից ձեռք էր անցնում, մեկը բաժանորդագրվում էր, կարդում, հետո փոխանցում ուրիշներին՝ անգամ այլ երկիր ուղարկելով:
2015 թվականից հետո սկսեցի մի մեծ ծրագիր, որը նվիրված էր Եվրոպայի հայկական համայնքներին՝ «Օրերի» ամեն համարում ներկայացնելով մի գաղթօջախի պատմությունը՝ անցյալը, ներկան, ապագան:
Անտակ «օվկիանոս» Երուսաղեմ՝ նաեւ… անվիճելի հայկական
«Օրերի» վերջին համարներից մեկը նվիրված է Իսրայելի հայերին, հատկապես Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը:
Շատ քիչ է գրվել, թե Խորհրդային Միության այլ երկրներից ու Հայաստանից որքան մեծ թվով հայեր են հաստատվել Իսրայելում, որտեղ դասական համայնքին զուգահեռ՝ ստեղծվել է նոր համայնք: Տարբեր քաղաքներում՝ հիմանականում Հայֆայում, բնակություն են հաստատել հայաստանցիներ, որոնք իրենց մշակույթն են բերել: Երուսաղեմում ունենք Հայ երիտասարդաց միություն, որը ՌԱԿ-ի հովանու ներքո է, Հոմենթմենը (ՀՄԸՄ)՝ Դաշնակցության: Իսկ Բարեսիրաց կազմակերպությունը Երուսաղեմի ամենահին կառույցն է:
Պատրիարքությունը հայ համայնքի ամենակարեւոր աջակիցն ու պահապանն է՝ իր դիրքով, հեղինակությամբ, ունեցվածքով: Երուսաղեմի 1/4-ը հայկական թաղամասն է, որտեղ եւ գտնվում է Պատրիարքությունը: Հարության տաճարից մինչեւ Բեթղեհեմ, հայերի, Հայ առաքելական եկեղեցու իրավունքները եվ պատասխանատվությունը շատ մեծ է:
Երուսաղեմի հայ համայնքը տարբերվում է մյուս գաղթօջախներից, որովհետեւ այստեղի հայերը համարում են, որ իրենք բնիկներ են: Միաբանությունը հազարամյակներ շարունակ գործել է, դեպի Երուսաղեմ հայերի շատ մեծ հոսք է եղել հատկապես Հայոց ցեղասպանությունից հետո: Հայությունն այնտեղ բավականին աշխույժ կյանք է վարել: Թարգմանչաց վարժարանը կա, հոգեւորականներ պատրաստող Ժառանգավորաց վարժարան ունենք:
Ցավոք, Իսրայելի հայերի թիվը նոսրանում է, վերջին ճիգերն են գործադրվում հայ համայնքի պահպանման համար, սովորույթները պահպանվում են, տոնակատարություններն առաջվա պես իրականացվում են:
Երուսաղեմի հայության չօգտագործված հնարավորությունները
Ցավոք պետք է նշել, որ անցած 30 տարիների ընթացքումը Հայաստանը չկարողացավ օգտագործել Երուսաղեմի հայության վաստակած դիրքը, մեր ժառանգության նշանակությունը: Մի քանի տարի առաջ է միայն Իսրայելում ՀՀ դեսպան նշանակվել: Հետո էլ զարմանում ենք, թե ինչու Իսրայելն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունի, իսկ Հայաստանի հետ՝ ոչ: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ նշածս երկներն Իսրայելի հետ ակտիվ դիվանագիտական աշխատանք են տարել: Մյուս կողմից էլ մենք չենք կարողացել Երուսաղեմում հայերի ունեցած տարածքն օգտագործել տեղեկատվական քարոզչության, հայանպաստ աշխատանքի համար: Եթե այնտեղ բացվեր զբոսաշրջային, մշակութային կենտրոն, որը օտարերկրյա զբոսաշրջիկներին կտեղեկացներ Հայաստանի, Արցախի մասին, դա շատ օգնած կլիներ մեզ, կբարձրացներ նաեւ տեղի հայ համայնքի նշանակությունը:
Մեր հոգեւորականներն ինձ ասում էին, որ մինչեւ դեսպանության բացումը, իրենց մի տեսակ որբ էին զգում, որովհետեւ հույները եւ կաթոլիկները (լատիններ) ունեին դեսպանատներ, եւ ցանկացած խնդրի դեպքում այդ կառույցները տեր էին կանգնում իրենց, իսկ հայերն այդ աջակցությունից զրկված են եղել:
Երուսաղեմում Հայաստանի նորաբաց դեսպանատունը նրանց մի տեսակ թեւ է տվել, այնտեղի մեր երիտասարդ աբեղաները, քահանաները գործի են լծվել եւ կարողանում են քիչ թե շատ լուծել տեղի իշխանությունների հետ ունեցած խնդիրները: Հայտնի է, որ միաբանության համար հաճախ են խնդիրներ ստեղծվում, հայ համայնքի, հոգեւորականների վրա հարձակումներ են լինում:
Երուսաղեմում ամեն մի հոգեւորական մի զինվոր է
Նրանք ե՛ւ սրբավայրերն են պաշտպանում՝ եկեղեցական բոլոր արարողությունները պարտաճանաչ կերպով կատարելով: Դարերով փոխանցված ավանդույթները նույնությամբ պահպանվել են. եկեղեցական, հոգեւոր թափորներն առաջնորդել են թուրքական թասակներ հիշեցնող գլխարկներով (ֆես) արաբները. նույնիսկ դա է պահպանվում հիմա, որովհետեւ, ըստ նրանց՝ դա իրենց ստատուս-քվոյի բաղկացուցիչներից մեկն է: Նրանք չեն ուզում անգամ այդ ավանդույթը խախտել, որովհետեւ դա կբերի այլ ավանդույթների խախտման, որը կարող է վատ հետեւանքների հանգեցնել:
Մյուս մարտահրավերներից մեկն էլ այն է, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքության տարբեր կալվածքներ վաճառվել կամ վարձակալության են տրվել, բայց հայկական կողմի պայմանն այն է, որ 7 աստղանի հյուրանոցը, որի շուրջ այնքան վեճեր եղան, չկառուցվի, եւ Միաբանության աշխատանքը չխաթարվի:
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը Հայ առաքելական եկեղեցու ամենաինքնաբավ կառույցներից մեկն է, որը որեւէ մեկից աջակցություն չի խնդրում, իր կալվածքները վարձակալության են տրված, ու այդ գումարով կարողանում է պահել Միաբանությունը:
Ունենք մշակութային հսկայական ժառանգություն, իսկ վերաբացված թանգարանը օտարազգի զբոսաշրջիկների համար բավական գրավիչ է:
Սփյուքում ու Հայաստանում ով ուխտագնացության չի գնացել Երուսաղեմ, հստակ պատկերացում չունի, թե ինչ հսկայական ժառանգություն ունենք այնտեղ:
Իսրայելահայերը՝ ոչ հավասար իրավունքով
Ամուսնությունների եւ աշխատանքի խնդիր կա Երուսաղեմում: Հայերի թիվը քիչ է, հայ աղջիկներն ու տղաները հաճախ ամուսնանում են քրիստոնյա արաբների, իսրայելցիների հետ: Հրեաների հետ ամուսնանում են նախկին ԽՍՀՄ-ից գաղթած հրեական արմատներ ունեցող հայերը:
Եթե մայրական կողմից հրեա են, նրանց թույլատրվում է ամուսնանալ հրեայի հետ: Իսկ աշխատանքի առումով բողոքում են, որ տեղի համալսարանն ավարտած հայ երիտասարդի համար աշխատանք գտնելը շատ դժվար է, որովհետեւ Իսրայելում նախապատվությունը տալիս են հրեաներին: Այդ պատճառով էլ կրթություն ստացած հայերը մեկնում են Կանադա, Եվրոպական երկրներ, ԱՄՆ: Հայաստան էլ են գալիս, բայց շատ քիչ:
Թարգմանչաց վարժարանի աշակերտներին հարցրի՝ որտե՞ղ եք ձեր ապագան տեսնում: Զարմացա, երբ պատասխանեցին, որ ոչ թե ուզում են կրթություն ստանալուց հետո գնալ, օրինակ, Եվրոպա, այլ մտադիր են գալ Հայաստան ու այստեղ ապրել:
«Օրեր». Ուկրաինա
Վերջին համարներից մեկն Ուկրաինայի համայնքին է նվիրված: Ցավոք, ես միայն մեկ քաղաքում եղա, պատերազմը սկսվեց, ու ամբողջ համարը ստիպված եղա պատրաստել առցանց տեղեկություններ ստանալով:
Ցավում եմ, որ Եվրոպայի ամենախոշոր, ամենակազմակերպված ու կուռ համայնքներից մեկը, որը հարստացել է Խորհրդային Միության ժամանակներում այնտեղ հաստատված, նաեւ անկախության շրջանում Հայաստանից գնացած հայերով, այս պատերազմի հետեւանքով ոչնչացավ: Ճիշտ է, նրանք պահպանում են իրենց կառույցները, փորձում են պատերազմի պայմաններում օգտակար լինել միմյանց, բայց 500 հազարանոց համայնքից մնացել է ընդամենը 30 հազարը. չնայած կոնկրետ թիվ ասելը հիմա դժվար է:
Սա ողբերգություն է, որովհետեւ հարյուր հազարավոր հայեր զրկվել են տնից եւ ունեցվածքից, սփռվել ամբողջ Եվրոպայով, տեղափոխվել ԱՄՆ, Կանադա: Հայտնի չէ՝ նրանք երբեւէ կվերադառնա՞ն Ուկրաինա:
Հայե՛ր, օտար երկրներում դուք ինչպիսի՞ն եք
Հայաստանից Եվրոպա տեղափոխվածներին առաջին տարիներին չի հետաքրքրում հայապահպանությունը, նրանք այդ խնդիրը չեն տեսնում, 20 տարի առաջ անգամ եկեղեցի հաճախելու, ավանդական կառույցներում ներգրավվելու մշակույթը չունեին:
Անկախության առաջին տարիներին հին համայքնները խանդով էին վերաբերվում Հայաստանից գաղթած հայերին, հատկապես, երբ բարձրագույն կրթությամբ էին ու կարողանում էին արագ ինտեգրվել տվյալ երկրի հասարակական, պաշտոնական ոլորտներում եւ իրենց հասարակական դիրքով առաջ էին անցնում տեղի հնաբնակ հայերից:
Բայց կան երկրներ, որտեղ նորեկ հայերը տեղաբնակ հայերի հետ շատ արագ կարողացել են համագործակցել, եւ դրան նպաստել է եկեղեցին: Օրինակ՝ Ավստրիայում համայնքային կառույցները բնիկ ավստրիահայեր էին ղեկավարում, բայց վերջին տարիներին սկսեցին ղեկավարել Հայաստանից գնացած հայերը: Նույնը՝ Բելգիայում, որտեղ տասնյակ տարիներ հնաբնակ բելգիահայերն են ղեկավարել, իսկ վերջին տարիներին՝ Հայաստանից Բելգիա տեղափոխված հայերը: Նույն պատկերն է Լեհաստանում:
Այն հայերը, որոնք ծնվել են Եվրոպայում, այնտեղ են կրթություն ստացել ու ինտեգրվել միջավայրին, նրանց համար իշխանությունների, տեղական կառույցների հետ աշխատելն ավելի հեշտ է, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում սփյուռքահայ կառույցների համար:
Հայաստանի հետ կապերն ավելի են սերտացել դեսպանատների, հայաստանյան տարբեր պատվիրակությունների միջոցով: Սրանք գործոններ են, որոնք օգնում են հայապահպանությանը: Սա ամենօրյա, անվերջանալի աշխատանք է, որով զբաղվում ենք ու ներկայացնում նաեւ «Օրերի» համարներում:
Հայկական քարոզչությունը պետք է շարունակվի
Պրահայում ամսագրի միջոցով Եվրոպան կապել ենք Հայաստանին եւ Հայաստանը՝ Եվրոպային: Չեխիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հարցազրույցներ ենք վարել, հատուկ համարներ ենք թողարկել հայ-չեխական հարաբերություններին նվիրված: Կինս դոկտորական թեզ է գրում հայ-չեխական հարաբերությունների ամբողջ պատմության վերաբերյալ:
Նոր սերունդը պետք է ստանձնի մեր գործի շարունակականությունը: Թե՛ պատերազմի օրերին, թե՛ դրանից հետո եւ հիմա ակտիվ քարոզչական աշխատանք ենք իրականացնում, որպեսզի օտարազգիները ճշմարտությունն իմանան Արցախի ու Հայաստանի մասին, փորձում ենք սթափ գնահատական տալ այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում, տարածաշրջանում եւ աշխարհում: Եթե սթափ չգնահատենք իրավիճակը, այս ճահճից դուրս գալ չենք կարող:
«Ազգը»՝ դարբնոց ու սկիզբ, «Օրերը»՝ շարունակություն
«Ազգը» մեր տունն էր, մեր ընտանիքն էր, «Ազգում» ստացած փորձառությունն անգնահատելի է, հայկական լրատվական դաշտի շատ խմբագիրներ հենց «Ազգից» են դուրս եկել: «Ազգը» օրինակ է եղել այլ թերթերի համար, որպեսզի չսահմանափակվեն հայաստանյան նեղ հարցերով, այլ դուրս գան միջազգային լրատվական դաշտ ու լուսաբանեն նաեւ աշխարհում կատարվող իրադարձությունները:
Օրվա կարեւոր միջազգային լուրերի լուսաբանումն առաջինը եղել է «Ազգի» էջերում: Միջազգային տարբեր լրատվամիջոցներից թղթակցություն էր իրականացվում, որը մինչ այդ գոյություն չուներ: Իհարկե, մեծ նշանակություն ուներ, որ Հակոբ Ավետիքյանն էր գլխավորում այդ աշխատանքը, եւ թերթի խմբագիրը հենց նա էր: Համլետ Գասպարյանը եւս առաջին տարիներին խմբագրական աշխատանք էր տանում, Վահան Քոչարը՝ որպես գեղարվեստական խմբագիր, Սուքիաս Թորոսյանը՝ երգիծանկարիչ, Հակոբ Չաքրյանը, Գրիգոր Առաքելյանը, Տիգրան Հայրապետյանը, Էմմա Բեկիջանյանը…
«Ազգում» գրողների մի մասը դարձավ դիվանագետ, մյուս մասը քաղաքական աշխատանքի անցավ: Այսօրվա մեր փորձառու դիվանագետներից ոմանք, նախքան արտգործնախարարությունում աշխատանքի անցնելն, իրենց առաջին քաղաքագիտական հոդվածներն «Ազգում» են տպագրել: Ինձ դիվանագետներ են հանդիպում ու հիշեցնում. «Իմ առաջին հարցազրույցը քեզ եմ տվել, «Ազգում»:
«Ազգն» ուրույն ազդեցություն է ունեցել Հայաստանի ոչ միայն տեղեկատվական դաշտի կայացման, զարգացման գործում, այլեւ շատ մարդկանց կարիերայի առաջխաղացման հարցում:
Այնպես որ, ես այս խմբագրությունում ինձ զգում եմ… ինչպես ՏԱՆԸ:
ՆԱԻՐ ՅԱՆ